Կիրակի, Նոյեմբեր 19, 2017

 07:15

ԼՐԱՀՈՍ

Ավելի լավ Ամերիկա, ավելի հաջողակ Եվրոպա, ավելի հզոր Ճապոնիա

 

      Շատ անգամ նույնիսկ կատակով է խոսվում այն մասին, որ մինչ աշխարհը պայքարում է, որպեսզի հնարավորինս կրճատի բացասական տնտեսական աճը, Չինաստանում մտահոգվում են 7%-անոց աճի համար: Կատակ թե լուրջ՝ այսօրվա թվերը հենց այդպիսի դրություն են ցուցադրում:
       Չինաստանի պետական վիճակագրական Բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն՝ 2013թ. առաջին եռամսյակում չինական տնտեսությունը գրանցել է 7,7% տնտեսական աճ: Նշված ցուցանիշը չի արդարացրել   

վերլուծաբանների սպասումները՝ 8%-անոց աճը: 
      Նախորդ եռամսյակի տվյալներով (2012 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր)՝ այդ երկրի տնտեսության աճը կազմել է ՀՆԱ–ի 7,9%, իսկ ողջ 2012թ.–ի կտրվածքով չինական տնտեսությունն աճել է 7,8%-ով, ինչը 1999թ.-ից հետո մինչ օրս գրանցած վատագույն ցուցանիշն է:
      Այն, որ չինական տնտեսությունը կգրանցի սպասվածից փոքր տնտեսական աճ, քննարկվում էր դեռևս նախորդ տարվա ընթացքում: Փոքր տնտեսական աճը մեծ թռիչքներ ցուցադրող այս երկրի համար տնտեսական վատթարացման մասին խոսուն փաստ է, ինչը, սակայն, բազմիցս հերքվել է չին պաշտոնյաների կողմից: Կարծիք է հնչել նաև, որ Չինաստանն իր տնտեսական հզորությունները խնայում է հետագա՝ ավելի մեծ նպատակների համար: Ու եթե նախորդ տարի այս հիմնավորումներն ընկալվում էին որպես իրավիճակը վերահսկողության տակ պահելուն ուղղված դատարկ խոսքեր, այսօր արդեն երևում է՝ ինչ նկատի ունեին նման հայտարարություններով հանդես եկողները: Մասնավորապես խոսքը վերաբերում է Չինաստանի իշխող՝ Կոմունիստական կուսակցության հանդիպման ընթացքում հնչեցրած մոտեցումներին, համաձայն որոնց՝ մոտակա տասը տարիների ընթացքում այդ երկրին կհաջողվի կրկնապատկել ՀՆԱ-ն: Չինական իշխանությանը նույնիսկ հայտնի են այն առանցքային ուղիները, որոնցով էլ պետք է շարժվի երկիրը առաջիկա տասնամյակում: 

         Նպատակին հասնելու համար Չինաստանն առաջին հերթին "կակցենտավորի" ներքին պահանջարկի խթանումը, որով չին սպառողի ակտիվությունը կարևորագույն խթան կհանդիսանա ոչ միայն չինական, այլև համաշխարհային տնտեսության համար:
      Չինաստանի ներկրման ծավալների աճն արդեն իսկ որոշակի աշխուժություն է մտցրել

համաշխարհային առևտրաշրջանառությունում: HSBC բանկի տվյալների համաձայն՝ Միացյալ Նահանգներից Չինաստան ներկրման տարեկան միջին աճը առաջիկա երեք տարիների ընթացքում կկազմի 10,4%, ինչը 2016-2020 թթ. ընկած ժամանակահատվածում կհասնի 12%-ի: Նույն ժամանակահատվածների համար դեպի Չինաստան բրիտանական արտահանման ծավալները կկազմեն համապատասխանաբար 9,9% և 11,1%:
      Ստացվում է՝ ամբողջ աշխարհում ապրանքների արտահանման ամենամեծ ծավալներն ունեցող երկիրը հետզհետե դառնում է ներկրող երկրի: Ասենք ավելին՝ շուտով Չինաստանը ապրանքներ արտահանող և մտքեր ներկրող երկրից կվերածվի ապրանքներ ներկրող և մտքեր արտահանող երկրի, իսկ թե հատկապես ինչ եղանակով, պարզաբանում են հենց չինական իշխանությունները՝ ներկայացնելով տնտեսության զարգացման երկու հիմնական ուղիներ:
      Աշխատանքային ռեսուրսների թանկացման, յուանի փոխարժեքի բարձրացման ու շրջակա միջավայրի նկատմամբ առավել մեծ ուշադրության պահանջը չին գործարարներին կստիպի վարվել, ինչպես ժամանակին վարվեցին Միացյալ Նահանգները, Եվրոպան ու Ճապոնիան: Մասնավորապես խոսքը վերաբերում է արտադրական հզորությունների՝ Չինաստանի տարածքից դեպի Հարավարևելյան Ասիա ու Աֆրիկյան երկրներ դուրսբերմանը: Դրանով իսկ Չինաստանն անցում է կատարում նոր տնտեսահամակարգի, որում գաղափարը ներկայացվում և մշակվում է հայրենական երկրում, իսկ բուն արտադրությունն ու մարքեթինգը՝ սահմաններից դուրս:

       Մյուս կողմից՝ Չինաստանը ձգտում է արտադրող-գերտերությունից վերածվել գերարտադրող-գերտերության: Այս նպատակին հասնելու համար այդ երկրի իշխանությունները մտադիր են խրախուսել կապիտալի, արտադրության և ծառայությունների առավել առաձգական ոլորտների զարգացումը, որտեղ ավելի մեծ   

կլինի գին-որակ հարաբերակցությունը: Սա իր հերթին նշանակում է, որ "Made in China"-ն այլևս չի ենթադրի ցածր գին ու որակ: Եվ այս ամենի հետ մեկտեղ, հասկանալով, որ արտադրության ներկայիս դարաշրջանը մոտ է սպառման, Չինաստանը մեղմորեն անցում է կատարում նորարար հետինդուստրիալ ժամանակաշրջան:
      Երկար ժամանակ տնտեսական մեծ հզորություններ կուտակելով շնորհիվ ցածրարժեք ապրանքների արտադրության, որով գրավեց ամբողջ աշխարհը՝ Չինաստանն այսօր ի զորու է պայքարի մեջ մտնել զարգացած երկրների տնտեսությունների հետ: Վերցնելով այնպիսի ռազմավարություն, որով նախկինում առաջնորդվել են ԱՄՆ-ն, Եվրոպան ու Ճապոնիան, այդ երկիրը հավակնում է դառնալու ավելի լավ Ամերիկա, ավելի հաջողակ Եվրոպա, ավելի հզոր Ճապոնիա: Բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ ամբողջապես փոխելով սեփական տնտեսահամակարգը, սկիզբ է դրվում համաշխարհային տնտեսության առանցքային փոփոխությանը, որտեղ միջազգային առևտրաշրջանառությունը մեծապես կախված կլինի ինչպես Չինաստանի առաջարկից, այնպես էլ պահանջարկից: Այս երևույթը միառժամանակ կթուլացնի համաշխարհային գերտերությունների ազդեցությունը միջազգային տնտեսական հարաբերությունների վրա՝ հետագայում դրանք կախվածության մեջ դնելով Չինաստանից:
      Այնպես որ, այլևս պետք չէ թերահավատորեն մոտենալ չինական ձգտումներին, որոնց հասնելու գործողությունների մեկնարկն արդեն դրված է:


Լիլիա Ամիրխանյան  
Armedia


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ