Հինգշաբթի, Սեպտեմբեր 21, 2017

 00:06

ԼՐԱՀՈՍ

Ինչպես է գործարարը զգում իրեն Հայաստանում. Կարեն Խաչիկյան

«Արարատի աբրիկոն» ընկերության տնօրեն
Ինձ երբեմն հարցնում են` ի՞նչ է հարկավոր Հայաստանում բիզնես սկսելու համար: Իմ կարծիքով` գաղափար, հավատ և վստահություն: Եթե մարդն ինքը չի հավատում իր գաղափարին ու սեփական ուժերին, շրջապատող մարդկանց և աշխատակիցներին էլ չի կարող վստահեցնել գործի հաջողությանը: Իսկ եթե նրանք չհավատան` այդ գործը չի կայանա:
Այդ պայմանների առկայությունը չի կարող իր պտուղները չտալ, անկախ նրանից Հայաստանի գործարար միջավայրում եք աշխատելու, Աֆղանստանի, թե ԱՄՆ-ի:  Սա իմ կարծիքն է, որը ձևավորվել է դրանք գործնականում կիրառելով:
Վստահորեն կարող եմ ասել, որ ներկայումս մեր երկրի գործարար միջավայրում գործելը շատ ավելի հեշտ է, քան նախկինում: Իհարկե, չի կարելի ասել, որ դրական փոփոխությունները շրջադարձային են և կտրուկ, սակայն դրանք տեսանելի են:  Տարիներ առաջ փոքր և միջին ձեռնարկության ղեկավարի համար գործնականում անհնար էր գնալ-հասնել նախարարի աշխատասենյակ և պատմել նրան գործարարի խնդիրների մասին: Հիմա շատ ավելի հեշտ է այդ դռներին հասնելը, դրանք թակելն ու բացելը: Ավելին, շփվելով համապատասխան գերատեչությունների ղեկավարների հետ,  զգում ես, որ աջակցելու ցանկությունն իսկապես մեծ է:
 Նվազել է նաև վարչական վազվզոցի անհրաժեշտությունը: Դրան նպաստող քայլերից մեկն էլ  հարկային հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ուղարկելու, մշակելու և օգտագործելու եղանակն է: Սակայն պետություն-գործարար հարաբերությունները կարգավորելու և միջավայրը բարելավելու ուղղությամբ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Այնուամենայնիվ, սրանք լուծելի խնդիրներ են:
Առավել բարդ են բոլորիս անհանգստացնող գլոբալ խնդիրները: Կարծում եմ, ցանկացած գործարար հայաստանյան շուկայում իր ընկերության զարգացման հիմնական խոչընդոտների թվին կդասի երեք հանգամանք` շուկայի փոքրությունը, մեր երկրի ժողովրդագրական ցուցանիշները և սոցիալական վիճակը:   
Այն կազմակերպությունը, որի միակ «թիրախը» հայաստանյան շուկան է, չի կարող խնդիրներ չունենալ: Ներքին շուկայի փոքր լինելու պատճառով մենք սպառման խնդիր ունենք: Խմիչք արտադրող այլ հեղինակավոր ընկերություններն էլ նույն պատճառով չեն բավարարվում հայաստանյան շուկայով: Անշուշտ, դեր է խաղում նաև ժողովրդի անվճարունակությունը: Մեր խմիչքը թանկ է և ժողովրդի լայն անգվածնե-րին անհասանելի: (Աբրիկոնը մեծ հետաքրքրություն է առաջացրել Չինաստանում, որտեղ միայն Հայաստանի բնակչության չափ միլիոնատեր կա): Խնդիր է նաև մրցակցությունը ալկոհոլային խմիչքի ոլորտում` որտեղ վաղուց գործում են իրենց ավանդույթներն ունեցող բրենդները, բացի այդ, իր քիմքի խմիչքը գտած մարդուն դժվար է համոզել փոխել այն և ուշադրություն դարձնել մեկ այլ բրենդին: Դրա համար ժամանակ է պետք: Ամեն դեպքում, այս դժվարին պայմաններում ընկերությունը գործում է և դեռ զարգացման հեռանկարներ էլ ունի…  
Ինչ վերաբերում է ավելի մասնավոր խնդիրներին և շուկայի զարգացման առաջիկա միտումներին, ես չեմ սիրում «ամեն ինչ վատ է» արտահայտությունը, ինձ համար ավելի ընդունելի է «եթե այսպես անենք, ամեն ինչ ավելի լավ կլինի» մոտեցումը: Կարելի է սկսել գործարարին աջակցելու առավել արդյունավետ տարբերակներ մտածելուց: Իհարկե, գործարարներն էլ հրեշտակներ չեն, նրանք էլ իրենց սխալներն ու թերություններն ունեն, սակայն շատ պետություններ իրենց տնտեսության հենքը կայացրել են հենց նրանց վստահելով, խրախուսելով: Ինչու չէ, նաև ժամանակի ընթացքում կրթելով:
Քանի որ գործարարությամբ զբաղվում եմ ոչ միայն մեր երկրում, հնարավորություն եմ ունեցել սեփական աչքերով ականատես լինելու չինովնիկ-գործարար հարաբերություններին  արտերկրներում: Ֆրանսիայում մի չինովնիկի պատճառով ձեռնարկատիրոջ գործը դանդաղել էր: Վերջինս, մտնելով  պաշտոնյայի մոտ, ասել էր. «Ներողություն, բայց դուք աշխատավարձ եք ստանում իմ վճարած հարկերից և դեռ իմ գործերն էլ կանգնեցնում եք»: Ու եթե այդ գործարարը բողոք գրեր և ապացուցեր, որ ինքը ճիշտ է,  չինովնիկը հրաժեշտ կտար իր պաշտոնին:   
Այն, որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ մինչ նման հարաբերությունների ձևավորումը, ամեն ինչի արդարացում չէ: Եթե չինովնիկը շրջում է թանկարժեք ավտոմեքենայով, ունի անհատական վարորդ և պետությունը նրա համար շատ հարցեր է հոգում, նա էլ իր հերթին պետք է գիտակցի, որ այդ ամենն իրեն տրված է ոչ թե իշխանության, այլ երկրին ծառայելու նպատակով: Եվ այնպե՛ս ծառայելու, որ երկի՛րը ծաղկի, երկի՛րը մեծարվի, ոչ` ինքը:
Այսօր «Աբրիկոնն» առաջին քայլերն է անում նաև դրսի շուկայում` արտահանվելով ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան և այլն: Դա էլ իր դժվարություններն ունի. այսօր ցանկացած կայացած, իրեն հարգող երկիր վարում է ավելի շատ արտահանելու, քան ներմուծելու   քաղաքականություն: Սա ավելի զգալի է ալկոհոլային խմիչքների` աշխարհի ամենաշահութաբեր բիզնեսներից մեկի բնագավառում: Հասկանալի է այդ երկրների` իրենց ներքին շուկայում տեղական արտադրողին աջակցելու քաղաքականությունը, որն ուղեկցվում է դրսի ներդրողների համար զանազան պատնեշներ կառուցելով: Եթե դրանց գումարվում են ինչ-ինչ դժվարություններ նաև մեր երկրում` տեղի գործարարի համար ստացվում է մի գլուխկոտրուկ, որը շատ  դժվար է լուծել:     
Առաջին հայացքից փոքր խնդիր է թվում մեր երկրից արտերկիր նմուշ ուղարկելն ու ստանալը, սակայն այդպես չէ: Ցուցադրության և վերլուծության համար արտասահմանցի փորձագետներին ուղարկվող նմուշները պետք է անցնեն մաքսային ձևակերպումներ: Իսկ դա գործարարի համար փոքր գումար չէ, առավել ևս, երբ հարկ է լինում  նմուշներ ուղարկել տարբեր երկրներում գործող տարբեր կազմակերպություններին:
Իր ոդիսականն ունի նաև հակառակ` արտերկրից որևէ նմուշ ստանալու գործընթացը: Ստացվում է, որ օտարերկրացի գործընկերն իմ արտադրությունը զարգացնելու համար ինձ ընդառաջում է՝ անվճար նմուշ ուղարկելով, բայց նրա լավությունն ինձ վրա շատ «թանկ է նստում»: Ես պարտավոր եմ մաքսազերծել նմուշները, ինչի համար պետք է մաքսային գործակալ վարձել, նրան վճարել, շշերին մաքսային ձևակերպումներ տալ և այլն: Սա այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում նմուշ ուղարկելն ու ստանալը գործի կորիզն է, այդ գործընթացը չի վերահսկվում մաքսային մարմինների կողմից, որովհետև հասկանալի է, որ մեկ-երկու շշի վրա արտադրություն կազմակերպելն անհնար է:
Շվեյցարիայում` Ժնևում, մի գեղեցիկ պուրակ կա, որի ճանապարհները կառուցված են փոքր քարերից, դրանցից մեկը շատ անհարմար էր, և մարդիկ, քաղաքակիրթ լինելով հանդերձ, նախընտրում էին կանաչ ծածկույթի վրա բացված արահետը: Քաղաքապետարանի ներկայացուցիչները մեկ անգամ զգուշացրին անցորդներին, երկրորդ անգամ զգուշացրեցին, իսկ  երրորդ անգամ… հարմարավետ ճանապարհ անցկացրին այն տեղով, որը հարմար էր քաղաքացիներին: Սա միայն պարզունակ օրինակ չէ: Սա երկրի վերաբերմունքն է իր քաղաքացիների հանդեպ, ինչի կարիքն ունենք նաև մենք:

Մխիթար Նազարյան



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ