Երկուշաբթի, Հուլիս 24, 2017

 00:53

ԼՐԱՀՈՍ

Ինչպես է գործարարը զգում իրեն Հայաստանում. Սամվել Կարապետյան


«Սենտրակո» ընկերության նախագահ
Մեզանում բիզնես-գործունեության խոցելի կողմերից մեկը մեր երկրի շրջափակվածությունն է: Թեև ինչքան էլ շրջափակեն, հայկական պրպտող միտքը ելքը գտնում է: Ուղղակի եթե ճանապարհի հարցն էլ լուծված լիներ, ահագին ապրանքներ էժան կլինեին, ու մարդկանց համար ապրելը հեշտ կլիներ: Իհարկե դեմ եմ, որ սահմանը բացվի ի վնաս ազգային շահին: Ոչինչ, թող փակ մնա: Ազգային շահերն առաջնահերթ են՝ գրպանի շահերի համեմատ: Փորի ու փողի մասին մտածողները կարող են կարծել, թե ում էր պետք այս ամենը, որ հիմա սոված-նստած ենք: Բայց դե, դա այնքան էլ այդպես չէ: Ճիշտ է, հանրապետությունում աղքատությունը 30% է կազմում, բայց եթե լիներ այնպես, ինչպես 5-6 տարի առաջ, 50% էլ կկազմեր: Տեսեք՝ ինչքան թանկարժեք մեքենա կա քաղաքում. արտասահմանից որ գալիս են, զարմանում են, թե այդ մե՞նք ենք շրջափակման մեջ: Իհարկե, արտագաղթողներ էլ կան, ավելի լավ կյանքի հնարավորություններ փնտրողներ, փախչողներ էլ կան. եթե այստեղ չեն կարողանում լավ ապրել, հնարավորություն չեն գտնում, արտերկրում են փորձում դրան հասնել: Օրինակ` իտալացի ազգը ժամանակին մի բուռ էր մնացել այդ ամբողջ տարածքում, Ամերիկան ամբողջը զավթել էր, բայց իտալացիները կարողացան նորից վերականգնվել:
Առաջ հեշտ էր Հայաստանում ձեռներեցություն կազմակերպել, իսկ հիմա շատ է դժվարացել: Փոքր հանրապետություն, փոքր շուկա՝ ու բոլոր տեղերը կարծես թե զբաղված են: Օրինակ` Վրաստանում եթե կարելի է տվյալ գործը սկսել 20.000 դոլար գրպանում ունենալով, ապա մեզ մոտ 200.000 դոլար պիտի ունենաս, որովհետև ամեն տեղ զբաղված է: Այսպես` մեր գործունեության ոլորտում հիմնական ձեռնարկությունները 14 հատ են, բայց տարվա ընթացքում հայտնվում են շուրջ 3 տասնյակ նորեկներ: Իսկ շուկան փոքր է. մենք կարծես փորձում ենք 3 լիտրանոց տարայի մեջ 5 լիտր ջուր տեղավորել: Չի ստացվի, ինչքան էլ լցնես, ավելորդը թափվելու է: Միայն նոր տեխնոլոգիաների շնորհիվ է հնարավոր տեղ գրավել: Բոլոր հարցնողներին ասում եմ` մի աչքներդ դրեք այն ոլորտի վրա, որն արդեն զբաղված է: Նոր բան մտածեք: Ժամանակին, երբ ոլորտները դատարկ էին, համեմատաբար հեշտ էր գործ սկսելն ու զարգացնելը: Հիմա նորեկները ուզում են 15 տարվա ընթացքում ունեցած իմ ձեռքբերումների չափ ձեռքբերում ունենալ մեկ տարում: Բայց այդպես չի լինում: Հայկական մենթալիտետ է, ազգային բնավորություն է:


Մեր օլիգարխներն արդեն գրավել են այն, ինչ իրենց պետք է: Նոր բան նրանց պետք չէ: Հիմա աշխատում են իրենց ֆինանսները Հայաստանից դուրս տանել, մասնավորապես` Վրաստան, որովհետև այնտեղ հարկային բեռը ծանր չէ: Ես, օրինակ, շատ վատ եմ զգում այն բանից, որ երկար ժամանակ է՝ հարկերը բարեխղճորեն մուծում եմ, բայց հարկային տեսուչը գալիս և սկսում է ինձ նայել որպես պոտենցիալ հանցագործի: Ես պահպանում եմ օրենքը, նրանցից էլ նույնն եմ պահանջում: Այնպես որ, եկեք բոլորս նախ օրինապահ լինենք, հետո նոր դժգոհենք վարչարարությունից:
Մենաշնորհներից ազատվել չկա: Հայաստանի համար դա հավերժ պրոցես է. մենաշնորհը կարծես ազգային հիվանդության պես բան լինի: Համոզված եմ, որ ընդդիմությունը գա իշխանության, հին օլիգարխները վերանալու են, ի հայտ են գալու նորերը: Ղարաբաղյան շարժումը սկսվեց այն գաղափարից, որ՝ կգանք կփոխենք ամեն ինչ, կբերենք դեմոկրատիա: Հետո ազգային հարցը մեջտեղ եկավ: Համախմբվեցինք, ազատագրական պայքարում հաղթեցինք, բայց դեմոկրատիայի հարցում թերացանք: Էությունը չփոխվեց. ով այն ժամանակ էր օլիգարխ, հիմա կռիվ է անում, որ սրանց գցի և էլի ինքը գա:
Ես միշտ եղել եմ լավատես, դժվար տարիներին նույնպես: Մենք պիտի ճիշտ օգտագործենք մեր ինտելեկտուալ ռեսուրսը: Հիմա պիտի կրեատիվ մի բան մտածենք, ստեղծենք, վաճառենք: Դրա համար մեր օլիգարխները պիտի երիտասարդ, լավ ինժեներներին սատար կանգնեն: Օրինակ՝ Հիմա մենք ունենք անօդաչու ինքնաթիռներ, որոնք աշխարհը Իսրայելից է գնում: Մինչդեռ մերն ավելի էժան է ու ավելի լավը. ցուցահանդեսի ժամանակ լեհերն ուղղակի ապշած էին մնացել: Ես հիմա օլիգարխներին եմ դիմում` մի հատ լավ քեֆի փողը կարող է մի հատ լավ արդյունաբերություն բացել Հայաստանում:


Մխիթար Նազարյան




ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ