Ուրբաթ, Նոյեմբեր 17, 2017

 23:44

ԼՐԱՀՈՍ

Հարկային բարեփոխումներ ` հօգուտ ում. Մանվել Ղազարյան


«ՍՕՍ-Աուդիտ» ընկերության տնօրեն
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ անցած տարվա վերջում՝ հարկային օրենսդրության փաթեթային փոփոխություններից հետո, երկակի զգացողություններ են ծնվում: Իսկ դա արդյունք է այն բանի, որ այդ փոփոխություններում տեղ են գտնում ինչպես սպասված և դրական, այնպես էլ անհասկանալի և անցանկալի երևույթներ:
Իհարկե, հարկային օրենսդրության որոշակի փոփոխություններ օբյեկտիվորեն անխուսափելի են, հատկապես նոր զարգացող տնտեսություններում:
1. Նախ՝ հարկային քաղաքականությունը և հարկման մեխանիզմները, որոնք ստեղծվել են և արդյունավետ են գործում տնտեսական հարաբերությունների զարգացման որոշակի փուլում, անշուշտ, պետք է համահունչ և ճկուն արձագանքեն այդ հարաբերությունների զարգացմանը, նոր ծագած պահանջներին և համապատասխանաբար փոփոխվեն՝ իրագործելու համար պետության տնտեսական քաղաքականության նոր գերակայությունները: Սակայն այս գործոնով պայմանավորված փոփոխությունները պետք է կատարվեն ծրագրավորված՝ նրանց կատարման անհրաժեշտության լիակատար հասունանալու պայմաններում և, որ ամենակարևորն է, նախօրոք  հայտարարված և առնվազն 5-6 տարուց ոչ հաճախ: Այլապես ակնհայտ է, որ հարկման դաշտում այսպես կոչված «խաղի կանոնների» հաճախակի և անակնկալ փոփոխությունները ոչ միայն չեն նպաստի տնտեսվարողների զարգացմանը, այլև կարող են խափանել նրանց զարգացման ծրագրերը և ուղղակի դադարեցնել նրանց գործունեությունը: 
2. Բացի այդ, հարկային օրենքների գործողության ընթացքում ծագում են որոշ խնդիրներ, և ստեղծվում  են իրավիճակներ, որոնց կարգավորումները ի սկզբանե նախատեսված չեն եղել այդ օրենքներում, և որոնց լուծման համար օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջանում օրենսդրական որոշակի փոփոխությունների:
3. Ի վերջո, գործող օրենքներում ոչ հազվադեպ տեղ են գտնում որոշակի անհստակություններ կամ հակասություններ, որոնց հստակեցման համար տարբեր պարզաբանումների և մեկնաբանությունների անհրաժեշտություն է ծագում:
Կարծում եմ, որ հարկային օրենսդրության որևէ փոփոխություն պետք է պայմանավորված լինի վերը նշված հանգամանքներից որևէ մեկով և ծառայի նշված խնդիրների լուծմանը:
Կարելի է ըստ նշված հանգամանքների քննարկել, թե վերջին հարկային փոփոխությունները որքանով են ծառայում նշված նպատակներին:
1. Հարկային օրենսդրության վերջին փոփոխությունների մեջ առանձնանում է նոր հարկատեսակի՝ շրջանառության հարկի ընդունումը: Շրջանառության հարկը  փոխարինում է ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին, և նրա դրույքաչափերի համեմատումը այդ երկու հարկատեսակների դրույքաչափերի հետ առաջին հայացքից տպավորիչ է հարկային բեռի նվազեցման առումով:
Գնահատելու համար այս հարկատեսակի ընդունման ազդեցությունը պետք է ուշադրություն դարձնել, թե ովքեր են այս տարվանից հայտնվելու այս հարկատեսակով հարկվողների ցանկում: Ըստ էության, այս դաշտում կհայտնվեն հիմնականում այն հարկատուները, ովքեր նախորդ տարի աշխատում էին ընդհանուր հարկման դաշտում՝ օգտվելով 58,35 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկով չհարկվող շեմից, այսինքն՝ փոքր և միջին բիզնեսի սուբյեկտները: Հետևաբար այս հարկատուների համար, որոնք գործնականում ավելացված արժեքի  հարկ չէին էլ վճարում, շրջանառության հարկը  կփոխարինի միայն շահութահարկին:  Այս դեպքում արդեն նոր հարկի գնահատականը միանշանակ չէ, քանի որ այն տարբեր ձևով է ազդում իր դաշտում հայտնված հարկատուների տարբեր խմբերի վրա.
հարկատուներ, որոնք աշխատում էին բարձր շահութաբերությամբ և, ելնելով իրենց շահութաբերության մակարդակից, վճարում ավելի շատ շահութահարկ, քան կվճարեն շրջանառության հարկ,
հարկատուներ, որոնք աշխատում էին ցածր շահութաբերությամբ և վճարում ավելի քիչ շահութահարկ, քան կվճարեն շրջանառության հարկ,
հարկատուներ, որոնց գործունեությունը նոր է սկսվել կամ տարբեր պատճառներով դեռևս վնասաբեր է, և առկա վնասի պայմաններում նրանք ստիպված պետք է լինեն վճարել շրջանառության հարկ: 
Ակնհայտ է, որ նոր հարկատեսակը այս խմբերից միայն մեկի համար է թեթևացնում հարկային բեռը, և հասկանալու համար, թե ընդհանուր առմամբ այն կոնկրետ մեր տնտեսությունում՝ նրա զարգացման ներկայիս վիճակում, թեթևացնում, թե ծանրացնում է հարկային բեռը (հաշվի առնելով այն հանգամանքները, որ շրջանառության հարկը գանձվում է ոչ միայն իրացման շրջանառությունից, այլ նաև այլ եկամուտներից, հետագայում շրջանառության հարկով հարկման կարգից ընդհանուր կարգին անցնելիս շրջանառության հարկով հարկման ժամանակաշրջանում ստացված վնասը համախառն եկամտից չի նվազեցվում և այլն), լուրջ վերլուծություն է անհրաժեշտ ըստ խմբերի և նրանց կշիռների՝ հիմնվելով նրանց նախորդ տարիների ցուցանիշներին և իրատեսական կանխատեսումներին:
Պետք է հուսալ, որ նմանատիպ վերլուծություններ արվել են, և այդ վերլուծությունների արդյունքները հիմնականում հօգուտ տնտեսվարող սուբյեկտների են (ինչու հիմնականում, որովհետև մեզ խորհրդատվության համար դիմող ընկերություններից մեծ մասի դեպքում, ցավոք, հակառակն է): Դա շատ կարևոր է, քանի որ հարկատուն այս դեպքում առանձնապես ընտրության հնարավորություն չունի. նա պետք է հարկվի կա՛մ շրջանառության հարկով, կա՛մ սեփական դիմումի համաձայն՝ միանգամից դառնա ԱԱՀ վճարող (ԱԱՀ-ի շեմից կարող են օգտվել, ըստ էության, միայն գյուղատնտեսական արտադրանք արտադրողները, ինչն իհարկե ողջունելի է, սակայն, կարծում եմ, դեռևս նվազագույն արտոնությունն է, որ տրվել է նրանց): Ի վերջո, խոսքը վերաբերում է փոքր և միջին բիզնեսի սուբյեկտներին, որոնց գործունեության խթանման հիմնական գործոնը (իհարկե, այլ գործոնների հետ համատեղ, այն է՝ հաշվառման պարզեցում, ավելի քիչ ստուգումներ և այլն) եղել և մնում է ավելի թեթև հարկման դաշտը:
Պետք է նշել, որ շրջանառության հարկ վճարողների համար կատարվել են որոշակի պարզեցումներ՝ հաշվառման, հաշվետվությունների ներկայացման, ստուգումների առումով, սակայն որքանո՞վ դրանք կփոխհատուցեն հարկատուների որոշ մասի հարկային բեռի ավելացումը, արդյունավետ կդարձնե՞ն նոր հարկատեսակի կիրառումը և կխթանե՞ն   փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ժամանակը ցույց կտա: Ընդ որում, կարծում եմ, շատ կարճ ժամանակը:
Ուզում եմ անդրադառնալ նաև այդ պարզեցումներից մեկին: Կա ոչ ճիշտ պատկերացում, որ շրջանառության հարկ վճարողները կարող են հաշվապահական հաշվառում չվարել: Նույն իրավիճակը ստեղծվեց նախորդ տարիներին՝ կապված պարզեցված հարկի կիրառման հետ, և դա լուրջ դժվարություններ ստեղծեց շատ ընկերությունների համար պարզեցված հարկից ընդհանուր հարկման դաշտ անցնելիս: Կուզեի, որ բոլորը գիտակցեին, որ նախ՝ համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի՝ նրանք պարտավոր են վարել հաշվապահական հաշվառում, և հետո՝ այդ հաշվառման տվյալներն անհրաժեշտ են հենց իրենց՝ շրջանառության հարկի գործողության դադարեցման դեպքում մնացորդների, ակտիվների և պարտավորությունների հստակ հաշվառման նպատակով (սա՝ միայն հարկային նպատակներով, իսկ ընդհանրապես հաշվապահական հաշվառման անհրաժեշտությունը և կարևորությունը, կարծում եմ, այլ թեմա է և ավելի ծավալուն ներկայացման կարիք ունի):
Այսպիսով, պետք է ենթադրել, որ շրջանառության հարկի ընդունումը և դրա հետ կապված մյուս փոփոխությունները թելադրված են մեր տնտեսության զարգացումներով, միտված են իրականացնելու փոքր և միջին բիզնեսի նկատմամբ պետության տնտեսական քաղաքականության որոշակի գերակայությունները և չեն հետապնդում զուտ ֆիսկալ նպատակներ: Ինչպես նշեցի, ժամանակը ցույց կտա:
2. Նախկինում չնախատեսված խնդիրների և իրավիճակների շտկման առումով, իհարկե, բավականին դրական փոփոխություններ են կատարվել. հստակեցվել են որոշակի մոտեցումներ՝ կապված կորուստների, ապօրինի ձեռնարկատիրության, մաքսային օրենսդրության, փոխկապակցված անձանց համատեղ գործունեության և այլ շատ հարցերի հետ: Սա բավական կօգնի նախկինում ոչ հստակ իրավիճակների կարգավորմանը: Սակայն, ցավալի է, որ դրա հետ մեկտեղ առաջադրվել են նոր նմանատիպ խնդիրներ, որոնք  լրացուցիչ սահմանման և հստակեցման կարիք ունեն՝ կապված համատեղ գործունեության պայմանագրի, հաշվապահական հաշվառման ծրագրի, նրա էլեկտրոնային ֆայլերի, չհիմնավորված շրջանառության և այլ հարցերի հետ: Երբեմն փորձ է արվել հարկային օրենսդրությամբ կարգավորել նաև հաշվապահական հաշվառման նորմերը, ինչը կիրառական տեսակետից կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:
Ընդհանուր առմամբ կատարված փոփոխություններով ուժեղացվել է հարկային վարչարարությունը, և խստացվել են հարկման մեխանիզմներն ու կիրառվող պատժամիջոցները, երբեմն նաև ոչ այնքան հասկանալի կամ արդարացի:
3. Ի վերջո, օրենքներում տեղ գտած որոշակի անհստակությունների կամ հակասությունների վերաբերյալ, ցավոք, կատարված փոփոխությունները չեն վերացրել այն հարցերի թիվը, որոնց հստակեցման համար տարբեր պարզաբանումների և մեկնաբանությունների անհրաժեշտություն է ծագում: Պարբերաբար տրվող պարզաբանումները հենց դրա վկայությունն են: Իսկ տնտեսվարողի համար շատ ավելի հեշտ և արդյունավետ է իր հարցերի պատասխանը գտնել բուն օրենսդրությունում, քան փորձել տեղյակ լինել տարբեր ժամանակներում և տարբեր մակարդակներում տրված բազմապիսի պարզաբանումներին և մեկնաբանություններին: Լավ կլիներ, որ հարկային օրենսդրության փոփոխությունները, առավել ևս տարեվերջյան փաթեթային փոփոխությունները ներառեին և սպառիչ ներկայացնեին մինչ այդ եղած բոլոր պարզաբանումները և մեկնաբանությունները:
Իսկ օրենքների արդյունավետությունն, իմ կարծիքով, ոչ այնքան դրանց պարունակած դրույթների մեջ է, որքան հետևողական և համապարտադիր կատարման: Իսկ դա արդեն ոչ միայն օրենսդիր մարմնի, այլ նաև մեր բոլորի խնդիրն է:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ