Երկուշաբթի, Նոյեմբեր 20, 2017

 23:05

ԼՐԱՀՈՍ

Մարդկային գործոնը մեր աշխատանքում մեծ դեր է խաղում

Ասում են՝ բիզնեսում հաջողությունը պատահական չի լինում, իսկ գործարար դաշտում մնայուն տեղ ապահովելու համար միայն շատ աշխատելը բավարար չէ, հարկավոր է արդյունավետ ու ճիշտ մոտեցում: Հաջողության հասնելու ուղիները տարբեր են, սակայն նպատակը նույնն է՝ ունենալ լավ անուն, բարձր որակավորում ունեցող մասնագետներ և զարգացման հնարավորություն: Այս բնագավառում իր կայուն տեղն է ապահովել շուկայում բարի համբավ վաստակած «Ազիա սնաբ» ընկերությունը, որը զբաղվում է արդյունաբերական, տնտեսական, տրիկոտաժե ապրանքների ներմուծմամբ, բեռնափոխադրումներով, զբոսաշրջությամբ, շինարարությամբ և արտադրական գործունեությամբ: «Ազիա սնաբ»-ի հիմնադիր-տնօրեն Աշոտ Ազիզյան հետ զրուցում ենք ոլորտում իրենց գործունեության մասին և պարզում, թե ընկերությունն ավելի ընդլայնելու համար ինչ նպատակներ կան:


- Մինչ գործունեության մի քանի ոլորտ ղեկավարելը, ինչպե՞ս սկսվեց բիզնես տանող ուղին:  
- Ընկերության գործունեությունը սկսվել է 2006թ. բեռնափոխադրումներից: Այնուհետև սկսեցինք ապրանքների ներկրմամբ ու վաճառքով զբաղվել, հետո էլ մտածեցինք, որ կարելի է հումք ներկրել և արտադրություն ծավալել: Այս տարվա մայիս-հունիս ամիսներից սկսել ենք կարի արտադրությամբ զբաղվել: Այստեղ շեշտը դրված է արտահագուստի և անկողնային պարագաների վրա, բացի դրանից՝ ցանկանում ենք տղամարդու և կանացի կոստյումներ արտադրել: Սկզբնական շրջանում նախատեսված է Հայաստանում սպառել: Երբ տեսնենք, թե ինչ որակի ապրանք է ստացվում, կկարողանանք առաջարկել նաև արտերկրում:
- Գործարարների հիմնական մտավախությունը կապված է շուկայի լճացված կամ փոքր լինելու հետ: Ի՞նչ հնարավորություններ կարելի է օգտագործել:    
Համաձայն եմ, որ շուկան փոքր է, այդ իսկ պատճառով մեր տրիկոտաժե արտադրանքից նմուշներ ենք ուղարկել Ռուսաստան` հիմնականում Մոսկվա, որ տեսնենք, թե ինչ պահանջարկ կա: Այնտեղի ապրանքների հետ համեմատելու դեպքում, կարծում եմ, որ մրցունակ կլինենք, որովհետև գինը մատչելի է:
- Իսկ ցածր գինը որակի վրա չի՞ազդում:  
- Որակի վրա չի ազդում, այն քանակությունը չէ, որ վատն արտադրենք: Լավն արտադրենք՝ թող քիչ վաճառվի: Եթե հարկավոր լինի, կարելի է արտադրամասը մեծացնել և այդ ճանապարհով քանակությունն ավելացնել:
- Տուրիզմ և շինարարություն. երկու տարբեր բնագավառ, բայց կրկին միևնույն ընկերությունն է միավորում: Այստեղ ի՞նչ ձեռքբերումներ կան:
- Տուրիստական ընկերությունն առաջ բեռնափոխադրումների հետ միասին էր աշխատում, հիմա առանձնացրել ենք: Արդեն գրեթե բոլոր ուղղություններով աշխատում ենք, միաժամանակ իրականացվում է ավիատոմսերի վաճառք, նոր մասնագետներ ենք աշխատանքի ընդունել, ովքեր բարձր որակավորում ունեն:
Շինարարությունը ևս նոր է: Զբաղվում ենք կապիտալ աշխատանքներով, նույնիսկ գեսեր ենք կառուցում: Երկուսն արդեն շահագործվում են: Ես ավելի շուտ էի ցանկանում զբաղվել շինարարությամբ, սակայն լավ մասնագետներ չէի գտնում, թեև միայն լավ մասնագետը քիչ է, նաև լավ մարդ պիտի լինի, որ կարողանաս վստահել ու հավատալ: Մարդկային գործոնը մեր աշխատանքում մեծ դեր է խաղում: Պատահական մարդիկ մեզ մոտ չեն աշխատում:
- Այլ գործունեությամբ զբաղվելու նպատակ կա՞:
- Շատ բաներ կարելի է մտածել ու իրականացնել: Ես կոշիկի արտադրությունում եմ աշխատել: Առաջին կոշիկների զույգը սեղանիս էի դրել, ասես իմ երեխան լիներ: Չեք պատկերացնի, թե որքան հաճելի զգացողություն է, երբ աշխատանքիդ արդյունքն արդեն տեսնում ես: Հայաստանում կոշիկի արտադրությունն ավանդական է, կարելի է դրանով զբաղվել, բայց միայն բարձրորակ արտադրանքով: Ինձ հարազատ բնագավառ է, արտադրություն շատ եմ սիրում: Երբ նայում ենք կոշիկին, մտածում ենք, թե իրենից ինչ է ներկայացնում` տակացու է և կաշի, բայց մոտ 30 տեսակի նյութեր են օգտագործվում: Հաճույքով կզբաղվեմ այլ արտադրություններով, եթե հետաքրքրի և ֆինանսական միջոցները ներեն: 
- Այսօր մենք լավագույն հարկ վճարողների ցանկում ենք, տարեկան մոտ 800 մլն դրամ պետական բյուջե հարկեր ենք վճարում: Շնորհիվ նրա, որ հարկային դաշտում ենք, խուսափելու բան չունենք, բոլորն էլ գիտեն, թե ինչպես ենք աշխատում: Նաև՝ մեր լավ մասնագետների շնորհիվ: Մենք վաճառողների համար աշխատանքային պայմանագրում կետ ենք ավելացրել, ըստ որի, եթե վաճառողի մեղքով հարկային տեսչության կամ որևէ կազմակերպության կողմից խախտում արձանագրվի, ուրեմն այդ խախտման հետևանքով առաջացած տույժն ու տուգանքը վճարելու է վաճառողը: Բացատրել ենք, որ ճիշտ աշխատեն, ապրանքի հետ հարկավոր է ՀԴՄ կտրոնը տալ:  

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ