Չորեքշաբթի, Սեպտեմբեր 27, 2017

 23:51

ԼՐԱՀՈՍ

Չափագիտության մակարդակը երկրի զարգացման ցուցիչ

«Ճշգրտություն ամեն ինչում». այս կարգախոսը Չափագիտության ազգային ինստիտուտի գործունեության կարևորագույն բնութագրիչ հատկանիշն է, ինչը թելադրում է նաև կայունություն և որակ:

Չափագիտության ազգային ինստիտուտը, որը կառավարության որոշումով սահմանվել է Չափագիտության ազգային մարմին, զբաղվում է գազի և հեղուկների հաշվիչների, բժշկական նշանակության սարքավորումների, ուժի, ամրության և ճնշման չափման միջոցների, կշեռք-կշռաքարերի, ԱԳԼՃԿ-ների, ժամանակի հաճախականության և ռադիոէլեկտրոնային սարքավորումների, ֆիզիկաքիմիական, ջերմային և իոնիզացիոն և այլ չափումների տեսակի սարքավորումների չափագիտական սպասարկմամբ: Չափագիտության ազգային ինստիտուտում կատարվում են չափման միջոցների ստուգաչափման աշխատանքներ, այսինքն` այն չափման միջոցները, որոնք օգտագործվում են տնտեսվարող կամ այլ սուբյեկտների կողմից, ստուգվում են ճշգրտության ավելի բարձր դաս ունեցող սարքավորումների կողմից և այդ ստուգաչափման պրոցեսի արդյունքում հավաստում, որ տվյալ սարքը չափում է այն մեծությունը, որը չափելու համար այն նախատեսված է, և չափում է այն ճշտությամբ, որ սահմանված է իր անձնագրով: Ոլորտի հիմնական գործառույթը, ըստ Չափագիտության ազգային ինստիտուտի տնօրեն Վահան Սահակյանի, չափումների միասնականության ապահովումն է hանրապետությունում: «Որպեսզի աշխարհի մյուս երկրների հետ առևտրից չկտրվենք, պետք է համապատասխանեն ոչ միայն մեր չափման միավորները այլ երկրների միավորների հետ, այլև չափումների ճշտությունը լինի պատշաճ մակարդակի, հետևելի և ճանաչելի: Կան տարբեր միջազգային կառույցներ, որոնք ապահովում են այդ գործառույթը, որպեսզի բոլոր երկրներում չափման միավորները լինեն նույնը, և չափումները լինեն միասնական»: 

Անչափ կարևոր է համագործակցությունը միջազգային դաշտում, ինչին և մասնակցում է Չափագիտության ազգային ինստիտուտը: «Մենք 2007 թվականից եվրասիական երկրների չափագիտական ինստիտուտների համագործակցության ԿՈՈՄԵՏ-ի անդամ ենք: Այստեղ համագործակցությունը իրագործվում է բազմակողմանի աշխատանքներով, տեխնիկական կոմիտեների աշխատանքներին մասնակցությամբ, կատարում ենք համատեղ չափագիտական հետազոտական աշխատանքներ, մասնակցում ենք ուսումնական սեմինարներին, գիտական կոնֆերանսներին, ԿՈՈՄԵՏ-ի գլխավոր կառավարման օրգանի՝ կոմիտեի նիստերին: Երևանում մի քանի անգամ կազմակերպել ենք տեխնիկական կոմիտեների աշխատանքները, ԿՈՈՄԵՏ-ի կոմիտեի նիստ է եղել Երևանում: ԿՈՈՄԵՏ-ի անդամ են չափագիտության ոլորտում այնպիսի հայտնի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Ռուսաստանը, ՈՒկրաինան, Բելառուսը, Սլովակիան և այլն: Համագործակցում ենք նաև ԱՊՀ երկրների հետ՝ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի շրջանակներում: Այստեղ ևս ակտիվ մասնակցություն ենք ունենում բազմապիսի աշխատանքներին ու ծրագրերին: Այս շրջանակներում ունենք գործառույթներ, ըստ որոնց՝ մեր ունեցած ելակետային չափման միջոցները պայմանագրերով կամ համագործակցության միջոցով տանում ենք այլ երկրներ: Եթե այնտեղ չափման ելակետային միջոցի դասն ավելի բարձր է, ապա մեր ազգայինը համեմատում ենք այլ երկրների էտալոնների հետ և մեր երկրի չափագիտական սպասարկումը պահում ենք այդ մակարդակի վրա, որպեսզի կարողանանք նաև, այսպես կոչված, առևտրի տեխնիկական խոչընդոտներ չստեղծել»: 

Չափագիտության մեջ տարբերակում ենք գիտական, արդյունաբերական և օրենսդրական ուղղությունները, որոնք պահանջում են տարբեր մոտեցումներ: Գիտական չափագիտությունը զբաղվում է չափումների նորագույն մեթոդներով և մեթոդիկաներով, ֆիզիկական մեծություններով, չափման միավորներով, չափանմուշների ստեղծմամբ, կատարելագործմամբ և այլն: 

Արդյունաբերական չափագիտությունը հիմնականում կապված է արդյունաբերության մեջ կիրառվող չափումներով: Տեխնիկական զարգացում ունեցող երկրներում արդյունաբերական արտադրանքի որակը բարձր է ՝ կախված նաև չափագիտական սարքերի ճշգրտությունից: Չափագիտության մակարդակը շատ կարևոր է տվյալ երկրի զարգացման համար: 

Օրենսդրական չափագիտությունը չափագիտության այն ոլորտն է, որտեղ չափումների ճշգրտությունն ունի հանրային հետաքրքրություն, որտեղ կանոնները, փոխհարաբերությունները և սարքերին տրվող պահանջները սահմանում է պետությունը: Դրանք գնորդի և վաճառողի միջև առևտրային գործողությունների, արտադրողի և իրացնողի միջև հաշվարկների, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության, աշխատավայրում անվտանգության ապահովման և պատահարների կանխման, ճանապարհային երթևեկության վերահսկման և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի գնահատման, պետական կառավարման մարմինների, արբիտրաժի, դատախազության, դատական մարմինների հանձնարարությամբ կիրառվող և համապատասխանության գնահատման նշանակված մարմիններում չափումների ոլորտներն են, այսինքն` այնտեղ, որտեղ պետությունն ինքը պատասխանատվություն է կրում իր բնակչության համար: 

Վահան Սահակյանը կարևորում է ոչ միայն ճշգրտությունը չափագիտության ոլորտում, այլ նաև նշում, թե իրենց աշխատանքը որքան պարտավորեցնող է օրենսդրական չափագիտության ոլորտներում: «Ստուգաչափում ասվածը օրենսդրական չափագիտության գործառույթ է: Պետությունն ասում է` եթե քո չափիչ սարքն օգտագործում ես իմ կողմից սահմանված ոլորտներում, պարտավոր ես, որքան որ այդ չափիչ սարքի համար սահմանված է ժամանակը, տանել ստուգման և տեսնել, թե չափագիտական բնութագրերը արդյո՞ք մնացել են նույնը, թե՞ փոխվել են: Չափման սարքերի համար կարող են սահմանվել ստուգաչափման տարբեր պարբերականություններ՝ կախված նրանց չափագիտական բնութագրերից և տեխնիկակակն կառուցվածքից, ինչպես նաև՝ թե դրանք ինչ կարևորություն ունեն և դրանց սխալ աշխատանքի դեպքում ինչպիսի վնասներ կլինեն»: 

Ինստիտուտի գործառույթների մեջ է մտնում նաև նոր չափիչ համակարգերի ու սարքերի տեսակի հաստատումը: Չափագիտության ազգային ինստիտուտը ստուգում է դրանց չափագիտական, տեխնիկական բնութագրերի և ներկայացվող փաստաթղթերի համապատասխանելիությանը: Փորձարկումներից հետո տվյալ տիպի չափման միջոցների հաստատման դեպքում տրվում է հավաստագիր, որ սարքն իրոք ունի այդ չափագիտական ու տեխնիկական բնութագրերը:

Չափագիտության ազգային ինստիտուտը զբաղվում է նաև չափագիտության մեթոդների մշակմամբ, փորձաքննությամբ ու ատեստավորմամբ, որոնք օգտագործվում են տարբեր լաբորատորիաներում. «Մենք մեթոդիկայի մասնագիտական գնահատականն ենք տալիս և ասում, թե այն ինչ հնարավորություն ունի,- նշում է Չափագիտության ազգային ինստիտուտի տնօրենը,- ունենք լավ գիտական կադրեր և գիտատեխնիկական պոտենցիալ: 2012թ. վերամիավորման ճանապարհով 3 ինստիտուտներ՝ «Չափագիտության ազգային ինստիտուտը», «Ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտը», «Օպտիկաֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտը», միավորվեցին և դարձան Չափագիտության ազգային ինստիտուտ, որից հետո մենք կարողացանք ողջ գիտական պոտենցիալը մեկտեղ օգտագործել»: 

Չափագիտության ոլորտում դժվարությունները հիմնականում ֆինանսական միջոցների սղության հետ են կապված, ուստի Չափագիտության ազգային ինստիտուտը մասնակցում է ծրագրերի, որոնք հնարավորություն կտան իրականացնել իրենց առջև դրված բարեփոխումների ու զարգացման խնդիրները: «Եվրամիության «Նոր հարևաններ» ծրագրի համապարփակ և ընդհանուր առևտրի համաձայնագրի շրջանակներում որակի ենթակառուցվածքի բարեփոխումների ծրագրերում մենք ունենք զարգացման որոշակի օգնության ակնկալիք: Մեզ կտրամադրեն սարքավորում, որոշակի ֆինանսական աջակցություն, ինստիտուտի լաբորատոր միջավայրի ստեղծման հնարավորություն, մասնագետների վերապատրաստում և այլն: Հույս ունենք, որ նոր քաղաքական իրողությունների առկայության դեպքում էլ մենք կունենանք մեր զարգացման ծրագրերը, մանավանդ որ գերմանացի գործնկերների հետ մշակվել է չափագիտության զարգացման հայեցակարգ և ռազմավարություն: Կառավարության կողմից ևս զգացվում են օգնությունն ու ուշադրությունը ոլորտի զարգացմանը: Կան զարգացման և պահպանման համար տարբեր ծրագրեր: Շուտով կունենանք լիարժեք դոզիմետրական ժամանակակից լաբորատորիա: Անցած տարվանից ՄԱԳԱՏԷ-ի հետ սկսված համագործակցությունը արդեն ավարտական փուլում է: Պատրաստել ենք լաբորատոր հարմարությունները, ներքին կարգավորման համակարգը և արդեն ստացել ենք սարքավորումների առաջին խմբաքանակը: Մեր համապատասխան երիտասարդ մասնագետները տարբեր երկրներում անցել են վերապատրաստման դասընթացներ»:

<Երևակ> ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ