Կիրակի, Սեպտեմբեր 24, 2017

 05:17

ԼՐԱՀՈՍ

Գրագետ աուդիտը առաջընթացի պայման

Աուդիտորական հետազոտությամբ զբաղվող ընկերությունների կարևորությունը միշտ չէ, որ գնահատվում է ըստ արժանվույն: Երբեմն որոշ կազմակերպություններ ավելորդ են համարում աուդիտը, թեպետ այն մեծապես կարող է նպաստել ֆինանսական բազմաթիվ խնդիրների բացահայտմանն ու լուծմանը:

Աուդիտորական ընկերությունների հիմնական գործառույթի, դերի ու նշանակության մասին խոսեցինք ‹‹Աուդիտ սերվիս›› աուդիտորական-խորհրդատվական ընկերության տնօրեն Գոռ Դավթյանի հետ:

-Որքանո՞վ է Հայաստանում կարևորվում աուդիտի դերը, ո՞ր կազմակերպություններն են դիմում աուդիտորական ծառայության համար:

-Կան կազմակերպություններ, որոնց ֆինանասական հաշվետվությունները տարբեր օրենքներով պարտադիր ենթակա են տարեկան աուդիտի: Դրանք են բանկերը, վարկային և ներդրումային ընկերությունները, ինչպես նաև խոշոր առևտրային կազմակերպությունները: Բացի այդ կան կազմակերպություններ, որոնց համար աուդիտը օրենքով պարտադիր չէ, սակայն բաժնետերերի կամ հիմնադիրների նախաձեռնությամբ իրականացվում են աուդիտորական ստուգումներ: Աուդիտի են ենթակա նաև միջազգային դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական հաշվետվությունները: Սա ոչ թե տարեկան ֆինանսական հաշվետվությունների, այլ բյուջեի կատարման հաշվետվությունների աուդիտ է: 

-Իրականացված ուսումնասիրությունները ինչպե՞ս կարող են նպաստել տվյալ կազմակերպության հետագա գործունեության բարելավմանը: 

-Այս ստուգումները մշտապես դրական հետևանք են կանխատեսում, քանի որ շատ հաճախ ընկերություններում անակնալի են գալիս` իմանալով այնպիսի խնդիրների մասին, որոնց տեղյակ չէին: Առկա խնդիրները կարող են խանգարել բիզնեսի առաջընթացին, և, ինչ խոսք, աուդիտից հետո դրանց լուծումը չի ուշանում: Փորձը ցույց է տալիս, որ մեկ անգամ աուդիտ անցկացնելուց հետո ընկերություններն ավելի հաճախ են սեփական նախաձեռնությամբ դիմում աուդիտ անցկացնելու համար:

-Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ մասնագետներին որակյալ աուդիտ իրականացնելու համար:

-Երբ մենք դեռ նոր էինք սկսում մեր գործունեությունը, կար ընդամենը կառավարության որոշում, որով կարգավորվում էր աուդիտորական ամբողջ դաշտը, այսինքն՝ օրենքում մեծ բաց կար: Հետո ուժի մեջ մտան օրենքները, միջազգային ստանդարտները, որոնք մենք կիրառեցինք նաև Հայաստանում: Հետագայում, իհարկե, միջազգային դաշտում էլ սահմանվեցին նոր ստանդարտներ, և մեր կառավարությունը բավականին օպերատիվ արձագանքեց այդ փոփոխություններին: Մենք շարունակեցինք մեր աշխատանքը` հիմնվելով հենց այդ ստանդարտների վրա: Այս բոլոր տարիների ընթացքում, կարծում եմ, լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք, իհարկե, ստեղծում են անհրաժեշտ պայմաններ որակյալ աշխատանքի համար: 

-Պահպանվու՞մ են արդյոք այդ բոլոր ստանդարտները:

-Խնդիրներ կան, իհարկե, մասնավորապես մատուցվող ծառայությունների որակի առումով: Բայց պետք է ասել, որ վերջին շրջանում ֆինանսների նախարարությունը բավականին աչալուրջ է այս հարցի նկատմամբ, և ստեղծվել է անգամ առանձին աուդիտորական գործունեության վերահսկողության տեսչություն, որը բավականին լուրջ քայլեր է իրականացնում դաշտը կարգավորելու ուղղությամբ:

-Ինչպիսի՞ մրցակցային առավելություններ են անհրաժեշտ, որպեսզի ընկերությունը արժանանա վստահության:

-Գլխավորը փորձն է և կազմակերպության թողած դրական պատմությունը: Մենք, օրինակ, աշխատում ենք արդեն 16 տարի, և կարևորը հենց այն հեղինակությունն է, որը ձեռք ենք բերել այս ամբողջ ընթացքում: 

Յուրաքանչյուր աուդիտորական ընկերության ղեկավար պետք է հստակ գիտակցի, որ սա առևտրային կազմակերպություն չէ, և գլխավորը ոչ թե մեծ թվով պատվիրատուներ ունենալն է, այլ որակյալ ծառայություն մատուցելը:

<Երևակ> ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ