Հինգշաբթի, Հուլիս 27, 2017

 18:47

ԼՐԱՀՈՍ

Արտադրական հեռանկարներ հայկական մետալուրգիայում


Պատմություն

«Մամլիչ ՆԿ»  ընկերությունը ստեղծվել է 1997 թ. «Փոշեմետալուրգիայի»  գիտաարտադրական միավորման կադրային բազայի հիման վրա: Խորհրդային Միության տարիներին «Փոշեմետալուրգիայի»  գիտաարտադրական միավորումը ոլորտի առաջատարն էր համարվում: ԽՄ փլուզումից հետո չունենալով նախկին հոսքերը՝ միավորումը սկսեց անկում ապրել, նրա կադրային հիմնական կորիզը տեղափոխվեց  նորաստեղծ «Մամլիչ ՆԿ», որտեղ առաջատար մասնագետներն ու գիտաշխատողները շարունակեցին իրենց գիտական և արտադրական գործունեությունը: Իր արդյունավետ աշխատանքով  և փորձով «Մամլիչ ՆԿ»-ի կայացմանը նպաստեց նաև  ԽՄ փոշեմետալուրգիայի հիմնադիր, գիտությունների թեկնածու Արմեն Խաչատրյանը: «Մամլիչ ՆԿ» -ն այս ընթացքում ընդլայնեց արտադրության տեսականին, փոշեմետալուրգիական արտադրությանը զուգահեռ զարգացրեց նաև այլ ուղղություններ: 

Փոշեմետալուրգիական տեխնոլոգիայի առավելությունները

«Մամլիչ ՆԿ»-ն այսօր միակն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, որը մետաղական դետալներ է պատրաստում  փոշեմետալուրգիական եղանակով: Փոշեմետալուրգիական տեխնոլոգիան իրենից ներկայացնում է մետաղների մեխանիկական մանրում, մետաղական մամլակաղապարներում փոշիների սառը մամլում, եռակալում օքսիդապաշտպանիչ միջավայրում: Մետաղների մշակման արդի եղանակների համեմատ այս տեխնոլոգիան ունի շատ առավելություններ: Փոշեմետալուրգիան հնարավորություն է տալիս ստանալ այնպիսի նյութեր, ինչը դժվար կամ անհնարին է այլ մեթոդներով: Այն համատեղում է անհամատեղելի նյութերը, հնարավորություն է տալիս ստանալ ոչ միայն տարբեր նշանակության ու ձևի դետալներ, այլև ստեղծել սկզբունքայնորեն նոր մետաղներ, թույլ տալիս ստանալ ամրության բարձր հատկանիշներ ունեցող դետալներ՝ հումքի մինիմալ կորուստներով, բարձրացնել արտադրության տնտեսական ցուցանիշները: Այս տեխնոլոգիայի շնորհիվ հումքը օգտագործվում է 97 տոկոսով՝ բացառելով արտադրական պրոցեսում նյութի թափոնները, որոնք ավանդական արտադրության ժամանակ կազմում են 35-40 տոկոս: Ի դեպ, փոշեմետալուրգիական եղանակով արտադրության ժամանակ ստացված այդ 3 տոկոս թափոնն էլ է վերամշակվում: 

Գործընկերները

«Հովհարային անջատումների ժամանակ մեծացավ Հայաստանի բարձրավոլտ  էլեկտրացանցերում 110- 220.000 վոլտ հզորությամբ անջատիչների պահանջարկը: Այդ անջատիչները օգտագործում են վոլֆրամ - արծաթի համաձուլվածքով, որի պատրաստումը հնարավոր է միայն փոշեմետալուրգիական եղանակով. վոլֆրամի հալման ջերմաստիճանը մոտ 2800 է, իսկ արծաթինը՝ 1200 աստիճան»,- պատմում է Գևորգ Կեսոյանը: Իր գործունեության ընթացքում «Մամլիչ ՆԿ»-ն ընդլայնել է արտադրատեսականին. արտադրում է բարձրավոլտ բաշխիչ սարքավորումներ ու համալրող սարքեր, ցածրավոլտ էլեկտրոնային վահանակներ, բռնակավոր անջատիչներ, դետալներ, որոնք կիրառվում են տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, քիմիա, նավթաքիմիա, լեռնարդյունաբերություն, քաղաքային և երկաթուղային տրանսպորտ:  «Մամլիչ ՆԿ»-ն հանդիսանում է Հայկական ատոմային էլեկտրակայանի և էլեկտրացանցերի գլխավոր մատակարարը նշված արտադրատեսականիով: 

«Մամլիչ ՆԿ»-ն իր արտադրանքը, մասնավորապես մետաղակերամիկական ամրակայուն դետալները, արտահանում է  նաև ՌԴ և Ուկրաինա: Դրանք հերմետիկացնող հանգույցի կերամիկական օղակներ են, որոնք պրակտիկորեն չեն քայքայվում և օգտագործվում են գազարդյունաբերության, նավթարդյունաբերության մեջ, այնտեղ, որտեղ ագրեսիվ միջավայրեր են տիրում: «Մամլիչ ՆԿ» -ն նաև Երևանի տրոլեյբուսային պարկի միակ մատակարարն է: Այս գործընկերոջ մասին տնօրենը առանձին շեշտադրումով է խոսում. «Մեր արած գործը թվում է այնքան մեծ չի, ընդամենը արտադրում ենք տրոլեյբուսի էլեկտրահաղորդիչ գլխիկներ, բայց անհրաժեշտն է ու միակը, որովհետև Ռուսաստանից նույն դետալը ավելի թանկ ու երկար ժամկետներում է ստացվում: Ճիշտ է՝ դրանից մենք եկամուտ չունենք,  բայց հաշվի առնելով, որ Երևանի էժան ու հարմար փոխադրամիջոցն է ու պահանջարկ ունի ազգաբնակչության շրջանում՝ շարունակում ենք արտադրել: Առանց դրանց պրակտիկորեն տրոլեյբուսային  պարկը չի աշխատի, իսկ մենք այդ դետալի միակ արտադրողն ենք»: 

Գիտահենք արտադրություն 

Արտադրական թափոնի վերամշակումը համաշխարհային տնտեսության հիմնախնդիրներից մեկն է: Այս ոլորտում հատուկ տեղ են գրավում այն արտադրական թափոնները, որոնք մեծ տեղ են զբաղեցնում և ենթակա չեն վերամշակման: Այդպիսի արտադրական թափոն է թղթի կամ պոլիէթիլենի հիմքի վրա ալյումինե փայլաթիթեղը: «Մամլիչ ՆԿ»  ընկերությունը մշակել է այնպիսի տեխնոլոգիական պրոցեսներ, որոնց արդյունքում այդ փայլաթիթեղը վերածվում է այլումինային փոշու՝ ստեղծելով էկոլոգիապես մաքուր և  բարձրորակ  հումք: «Մամլիչ ՆԿ»-ի ստեղծած տեխնոլոգիան բացառիկ է նրանով, որ չի կիրառում թունավոր  ֆտորաջրածնային թթու:  Այս տեխնոլոգիան լայն կիրառություն կարող է ունենալ արտերկրում՝ հատկապես Ռուսաստանում, Ուկրաինայում, ընդհանրապես այն երկրներում, որտեղ արտադրվում է թղթի կամ պոլիէթիլենի հիմքի վրա ալյումինե փայլաթիթեղ: Մինչ այս գոյություն ունեցող տեխնոլոգիաների աննպատակահարմարության պատճառով այդ գործարաններում  գոյացել են հսկայական քանակի թափոններ, որոնց պատճառով արտադրողները մեծ վնասներ են կրում: «Մամլիչ ՆԿ»-ի գիտական բաժանմունքի այս նորարարական տեխնոլոգիան արդեն դրական արձագանքներ է ունեցել Բելառուսում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում և համագործակցելու նախադրյալներ ստեղծել: 

Հայկական արտադրության խոչընդոտները

 

«Մամլիչ ՆԿ»-ն, չնայած իր արտադրական հզոր պոտենցիալին, դրա ընդամենը 5-7 տոկոսն է օգտագործում: Ավելի լայնածավալ արտադրություն իրականացնելու համար նոր ներդրումներ են պետք, որը անհնար է Հայաստանի բանկերի վարած վարկային քաղաքականության պայմաններում:  Բազմաթիվ երկրներում արտադրողներին վարկերը տրամադրվում են շատ ցածր տոկոսադրույքներով՝ հաշվի առնելով արտադրության զարգացման կարևորությունը երկրի տնտեսության զարգացման գործում: Հայաստանում բանկերը առաջնորդվում են գերշահույթ ստանալու կանխադրույթով: Հենց վարկային ներկայիս պարտավորություններն են սահմանափակում «Մամլիչ ՆԿ» -ի հնարավորությունները՝ թույլ չտալով ընդլայնել արտադրատեսականին: Այդ է պատճառը, որ Ռուսաստանից ներկրվող  արտադրանքը տեղական շուկայից դուրս մղեց հայկականը: «Մամլիչ ՆԿ» -ի արտադրանքը անմրցունակ ճանաչվեց, այնինչ թե՛ որակով, թե՛ արտադրության տեմպերով  ոչ միայն չէր զիջում, այլև գերազանցում էր ռուսական արտադրանքին: Գ. Կեսոյանը խնդիրը հետևյալ կերպ է ներկայացնում. «Բանկային համակարգը խոշոր ու մանր ձեռնարկությունների ոչ պաշտոնական վաշխառուն է, դա է խեղդում արտադրող ձեռնարկություններին: Հնարավոր չէ ցածր տոկոսով վարկեր ստանալ: Մեր կենտրոնական բանկի քաղաքականությունը ոչ մի կերպ չի նպաստում արտադրության զարգացմանը,  այլ ընդհակառակը՝ խթանում է միայն  առևտրի զարգացմանը (արագ շրջանառություն և մեծ եկամուտներ ակնկալելով), իսկ վեջինիս մեծ քայլերով առաջընթացը  կասեցնում է նույն տեսակի արտադրության կազմակերպումն ու զարգացումը Հայաստանում»:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ