Չորեքշաբթի, Սեպտեմբեր 27, 2017

 23:50

ԼՐԱՀՈՍ

Մաքուր և անվտանգ ջուր բարձրորակ սարքերով

Ընդունված է կարծել, որ Հայաստանը բարձրորակ և մաքուր ջրի պաշարներով հարուստ սակավաթիվ երկրներից է: Սպառողների քիմքին հաճելի մաքուր ջուրը, սակայն, ոչ միշտ կարող է իր որակական չափորոշիչներով գոհացնել ոլորտի մասնագետներին և կիրառելի լինել արդյունաբերական և արտադրական տարբեր ճյուղերում:

Հայաստանում ջրի որակի, ընդունված ստանդարտների և այս ամենի նկատմամբ առկա մոտեցումների մասին զրուցեցինք ջրի ֆիլտրացիոն սարքեր արտադրող և համակարգող բելգիական Pallet Water Group ընկերության (այն բաղկացած է 20 համաշխարհային ջրամշակմամբ զբաղվող ընկերություններից) հայաստանյան ներկայացուցիչ Աքվա Ստանդարտ ՍՊԸ գլխոր տնօրեն Շահե Քասիսի հետ:

- Ինչպիսի՞ նշանակություն ունի ջրի ֆիլտրացիան Հայաստանում արտադրության մեջ և կենցաղում:

- Մեր ընկերությունն արդեն 5 տարի է, ինչ գործում է Հայաստանում, և այդ ամբողջ ընթացքում ես նույն բանն եմ լսում, թե` մենք ջրի ֆիլտրացիայի կարիք չունենք, մեր ջուրը շատ լավն է: Իհարկե, մեր ջուրը լավն է, բայց արտահանման ժամանակ բացահայտվում է, որ այն ֆիլտրացման կարիք ունի: Եթե ջուրը ունի համ ու հոտ, արդեն իսկ լավ չէ, քանի որ դա հիմք է կարծելու, որ ջրի մեջ կան տարրեր: 

Արտադրության յուրաքանչյուր բնագավառ ջրի նկատմամբ առանձնահատուկ պահանջներ ունի: Թե′ Հայաստանում, թե′ աշխարհի ցանկացած զարգացած երկրում չպետք է լինի որևէ խոշոր ընկերություն, որը կօգտագործի ջուրն այնպես, ինչպես հասնում է իրեն: Դա կարող է ունենալ ամենատարբեր սպասելի և անկանխատեսելի բացասական հետևանքներ: Ինչ վերաբերում է կենցաղին, ապա Հայաստանում  ընդունված է անընդհատ բողոքել, թե մեր ջուրը երբեմն աղտոտված է, խողովակաշարը հին է և այլն: Նմանատիպ խնդիրներ կարող են լինել աշխարհի ցանկացած երկրում, դրա համար մարդիկ իրենց տանն ունեն ջրի մաքրման սարքեր, որովհետև որքան էլ ջուր մատակարարող ընկերություններն իդեալական ջուր ստանան, միևնույնն է, մինչև բնակչին հասնելն այն կաղտոտվի: Կարող է աղտոտվել բնական կամ վթարային, կանխատեսելի և ոչ կանխատեսելի պատճառներով, ջրի կեղտը կարող է լինել մեխանիկական, օրգանական, սնկային, բակտերիալ, ծանր մետաղներ և այլն: Ամեն դեպքում ապահովության համար անհրաժեշտ է ֆիլտր օգտագործել. Դա նույնն է, ինչ պետք է տանդ դուռը միշտ փակ պահես, որ գողեր չմտնեն: 

-Ջրի մաքրման և մշակման սարքերի արտադրության ինչպիսի՞ ընդունված ստանդարտներ կան:

- Այդպիսի ստանդարտներ չկան, և կարիք էլ չկա, որ լինեն: Պատճառն այն է, որ յուրաքանչյուր առանձին դեպքում ջրի նկատմամբ պահանջները յուրահատուկ են և չեն կարող բավարարվել մեկ ստանդարտով պատրաստվող սարքերով: Ջրի մշակումը կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքներով` որտեղ է կիրառվելու այդ ջուրը, ինչպիսի պայմաններում, ինչ նպատակով, ծավալներով և այլն: Յուրաքանչյուր դեպքում մենք առանձին սխեմա ենք նախագծում, ըստ այդ սխեմայի պատրաստում սարքը: Աշխատանքի միայն մեկ ստանդարտ կա` պատրաստել որակյալ սարքավորումներ: Մենք արտադրության մեջ կիրառվող ամենափոքր դետալն անգամ ներմուծում ենք Եվրոպայից, աշխատում են որակյալ մասնագետներ, և դա էլ համարում ենք հիմնական սկզբունքը:

- Իսկ ինչպե՞ս եք որոշում՝ գնորդին տվյալ դեպքում ինչպիսի՞ սարքավորում է անհրաժեշտ և ի՞նչ պահանջների այն պետք է բավարարի:

-Եթե, օրինակ, մեզ դիմում է կաթնամթերք արտադրող որևէ խոշոր ընկերություն, ապա մենք պետք է ստեղծենք սարք, որը մաքրում է ջուրը` ելնելով կաթնամթերքի արտադրության համար անհրաժեշտ չափորոշիչներից: Արտադրողը գիտե, թե բաղադրության մեջ որքան ջուր պետք է օգտագործի, բայց ի՞նչ ջուր` Աբովյանի՞, Ապարանի՞, մաքրության և փափկության ինչպիսի՞ աստիճան այն պետք է ունենա: Այստեղ կան բազմաթիվ հարցեր: Այս ամենը պարզ է դառնում հետազոտությունների արդյունքում: Խորը հետազոտություններ սովորաբար մենք չենք իրականացնում, մեզ տալիս են ջրի վերջնական որակական չափանիշները, իսկ մենք կոմպլեկտավորում, հավաքագրում ենք սարք` հենց այդ պահանջներին համապատասխան: Յուրաքանչյուր օգտվողի համար կան նյութեր, պահեստամասեր և լցոններ, ցանկացած դեպքում մենք կարող ենք հավուր պատշաճի սպասարկում իրականացնել հենց այստեղ՝ Հայաստանում:

- Հայաստանում ջրի որակի հետ կապված ի՞նչ խնդիրներ կան, և որքանո՞վ են այս սարքերը լուծում դրանք:

- Ջրի որակն, իհարկե, բարձր է` համեմատած այլ երկրների հետ: Բայց լինում են դեպքեր, որ ջրի մեջ որևէ տարրի ավելցուկ կա, և մեզ պետք է հանել միայն այդ տարրը: Երևանում, օրինակ, երբեմն կարիք է լինում հանել միայն սիլիցիումը: Ընդհանուր առմամբ` մեր ջրերը լինում են շատ բարձր և շատ ցածր կոշտության: 

- Իսկ չկա՞ն խմելու ջրի կոշտությունը կարգավորող չափորոշիչներ:

- Իհարկե կան, տարբեր երկրներում դրանք տարբեր են, որոշ երկրներում խիստ, որոշ երկրներում ոչ խիստ: 

- Խոշոր ընկերությունները հաճա՞խ են դիմում ձեզ սարքավորումներ ձեռք բերելու համար:

- Ցավոք, ոչ այնքան հաճախ: Սա իհարկե չի նշանակում, որ բոլոր նրանք, ովքեր մեզ հետ չեն աշխատում, ֆիլտրացիոն սարքեր չունեն: Ոչ: Միգուցե նրանք այդ սարքավորումները բերել են արտասահմանից: Բայց այդ խոշոր ընկերությունները երբեմն դիմում են մեզ այն ժամանակ, երբ արդեն խնդիրներ են ծագել` ստուգումներ են եղել, տուգանքներ են նշանակվել և այլն: Այնինչ, նրանք առաջին հերթին պետք է մտահոգվեն մարդկանց առողջությամբ, տան արտադրանք, որը բարձրորակ է և անվնաս բոլորի համար: Մյուս կողմից`  ջրի մաքրման սարք գնելիս անհրաժեշտ է մտածել՝ արժե՞ դա ձեռք բերել արտասահմանից, թե՞ ոչ: Երևանում ամերիկյան ընկերության պատկանող մի լաբորատորիա կա, որն իր բոլոր սարքավորումները բերել է ԱՄՆ-ից՝ բացի ջրի մաքրման սարքից և օդորակիչներից: Դրանք մշտական սպասարկման կարիք ունեն: Եվ եթե սարքը բերված է դրսից, ապա սպասարկման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ անսարքությունների դեպքում, հնարավոր է, ոչ ոք չկարողանա վերականգնել աշխատանքը: Իսկ մի բան կարևոր է. ջուրը հումք է, հնարավոր չէ աշխատել առանց ջրի, ուստի պետք է հաշվի առնել դրա նկատմամբ բոլոր պահանջները՝ որակյալ և անվտանգ արտադրանք ստանալու համար:

Երևակ ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ