Երկուշաբթի, Նոյեմբեր 20, 2017

 23:06

ԼՐԱՀՈՍ

Հաջող հերթափոխ օլիմպիական դաշտում

Օլիմպիզմը կենսափիլիսոփայություն է, որը վերհանում և միավորում է մարմնի, կամքի և մտքի ամբողջ ներուժը: Օլիմպիզմը, միահյուսելով սպորտը մշակույթի և կրթության հետ, ձգտում է մարդու  ներդաշնակ զարգացմանը, նպաստում խաղաղ հասարակության ստեղծմանը և պահպանում մարդկային բարձր արժանապատվությունը: 

Հայաստանում օլիմպիզմի սկզբունքների տարածման և օլիմպիական չեմպիոններ պատրաստելու գործում խոշոր ներդրում ունի  Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը: Այն գործում է 1971 թ., ունեցել է 6000-ից ավելի շրջանավարտներ, նրանց թվում օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: Եվ հենց այս՝ օլիմպիական դաստիարակության բազմամյա փորձով հարուստ ուսումնական հաստատությունում էլ փորձեցինք պարզել, թե ինչպես է արտահայտվում համաշխարհային օլիմպիզմը «հայերեն»: «Երևակի» զրուցակիցը օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն Արմեն Գաբրիելյանն է: 

 

-Օլիմպիզմի փիլիսոփայությունը սպորտային շատ կարծրատիպեր է կոտրում:  Մի՞թե սպորտը անզիջում և դաժան մրցակցություն չի ենթադրում: 

-Օլիմպիզմը, ինչպես նաև սպորտը մարզվողի մեջ արմատավորում են դրական որակներ՝ աշխատասիրություն, հանդուրժողականություն, ազնվություն, ընկերասիրություն, ինչպես նաև կամքի ուժ, մտքի ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն: Օլիմպիզմում ընդգծվում է սպորտի մարդասիրական, սոցիալ-մշակութային պոտենցիալը, կարևորվում է բարոյական, գեղագիտական, հաղորդակցական, մշակութային դաշտերում նրա դրական ազդեցությունը: Որպես օլիմպիական հերթափոխի քոլեջ՝ սպորտը մեր առաջնային դաստիարակիչ գործիքն է: Բայց սպորտային անկոտրում օրենքները օլիմպիական աշխարհում Ձեր նշած դաժան մրցակցությանը չեն ծառայում: Այստեղ առաջին տեղում են  առողջ մրցակցությունը և համերաշխ խաղը, որոնցում չկան հաղթողներ ու պարտվողներ: Օլիմպիական մարզիկները պետք է ֆիզիկական լավ պատրաստությունից զատ լինեն ազգային ու համամարդկային արժեքների կրողներ: 

-Իսկ ի՞նչ դեր է օլիմպիզմը խաղում ազգային մակարդակում:

-Օլիմպիզմի հումանիստական և խաղաղասեր բնույթը չի հակադրվում ազգային սկզբունքներին: Մանավանդ հաշվի առնելով մեր հանրապետության բարդ աշխարհաքաղաքական դիրքը՝ քոլեջի կրթական ծրագրերում էական տեղ են զբաղեցնում հայրենիքի պատմության, նրա մեծերի ճանաչմանն ուղղված դասընթացները, այցելությունները Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր, թատրոններ, թանգարաններ, քոլեջի մարզիկների հանդիպումները ազգային բանակի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ, նախազինակոչային մարզական միջոցառումները: Բացի այդ օլիմպիական և ազգային սկզբունքների համադրության լավագույն օրինակը  հենց քոլեջի մարզիչ-մանկավարժներն են, որոնցից 26-ը ՀՀ վաստակավոր  մարզիչներ են: Հենց նրանք են` որպես ազգային և օլիմպիական արժեքների կրող, իրենց սաների կենտրոնական օրինակն ու չափորոշիչը ինչպես սպորտում, այնպես էլ հայրենասիրության մեջ: Մարզիչներից շատերը մասնակցել են Արցախի ազատագրման գործին: Քոլեջի մարզիչներից ՀՀ վաստակավոր մարզիչ Արթուր Խաչատրյանը կազմակերպել է «Սուրմալու», իսկ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վահան Զատիկյանը «Մալաթիա» ջոկատները, որոնցում հավաքագրվել են նաև քոլեջի մարզիկները: 

-Ովքե՞ր կարող են դառնալ քոլեջի սան, և ինչպե՞ս է ընթանում նրանց ուսումնառությունը:  

-Քոլեջում հիմնական և միջին մասնագիտական ծրագրով ուսանում են մոտ 600 խոստումնալից մարզիկ-սաներ: Նրանք արդեն սպորտում կողմնորոշված, ՀՀ, Արցախի ու Ջավախքի մանկապատանեկան մարզադպրոցներում մարզական որոշակի ուղի անցած պատանիներ են, ովքեր  ցանկանում են կատարելագործել իրենց մարզական հաջողությունները և դուրս գալ մեծ սպորտ: Մեր սաները ստանում են հանրակրթական ուսումնառություն, զուգահեռ մասնագիտանում օլիմպիական 13 մարզաձևերից որևէ մեկում, մարզվում մի վայրում: Մեր քոլեջում շատ են նաև մարզերի մարզադպրոցներից եկած սաները: Նրանք, ի դեպ, ապրում են քոլեջի տարածքում գտնվող հանրակացարանում և սնվում անվճար: Մասնագիտական կուրսերի բարձր առաջադիմություն ցուցաբերած և մարզական բարձր արդյունքների հասած շրջանավարտները հարցազրույցի կարգով ուսումը շարունակում են Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2-րդ կուրսում: Եվ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ԿԳ նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ հաջող համագործակցության արդյունքում շարունակում ենք ապահովել հայ օլիմպիական չեմպիոնների հերթափոխ:

 

«Երևակ» ամսագիր

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ