Երեքշաբթի, Հոկտեմբեր 24, 2017

 00:49

ԼՐԱՀՈՍ

Հայ կերպարվեստի ավանդույթներով

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տարիներ առաջ շատ էին նկարիչների արվեստանոցները: Դրանք պակասեցին, բայց, մթնոլորտը, միևնույնն է, չփոխվեց: Այն պահողն ու ավանդույթները շարունակողը դարձավ Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցը: Արվեստի այս ինքնատիպ հաստատությունը գործում է 2006 թվականից: 

Կերպարվեստի դպրոցում հենց մուտքից տիրապետող է  արվեստի շունչը. փոքրիկ նախասրահում խնամքով դասավորված մոլբերտներ, կիսաավարտ քանդակներ, ներկերի տուփեր…եւ այստեղ արվեստի գործեր են ստեղծում երեխաները: Դպրոցն այսօր 5-16 տարեկան 125 աշակերտ ունի.  5-10 տարեկաններն այցելում են կրտսեր, իսկ 11-15 տարեկաններն՝  ավագ դպրոց, որտեղ, ի դեպ, ուսումն անվճար է: 

«Քանի որ մեր շենքային պայմաններն ընդարձակ չեն, որոշեցինք խորանալ հենց կերպարվեստի մեջ՝ կոչվելով կերպարվեստի դպրոց: Դպրոցն այն եզակի հաստատությունն է, որտեղ կերպարվեստի մյուս առարկաներից զատ(գծանկար, գունանկար,կոմպոզիցիա) ուսուցանվում է նաեւ մանրանկարչություն, քանի որ դա հայ կերպարվեստի հիմքն է: Հատկանշական է, որ երեխաների համար մանրանկարչությունը հենց սկզբից ընկալելի է եւ հետաքրքիր»,-ասում է դպրոցի տնօրեն, գեղանկարիչ, քանդակագործ Հովհաննես Մեծ-Գևորգյանը: Նրա ղեկավարած դպրոցի դասարանները համարակալված չեն, դրանք կրում են Սուրենյանցի, Ռոսլինի, Մոմիկի,Արշիլ Գորկու, Մինաս Ավետիսյանի, Սարյանի անունները: Տնօրենի խոսքով՝ դպրոց ոտք դնելուն պես սաները ծանոթանում են մեծանուն վարպետների ստեղծագործությանը. «Աշակերտները կարծես նրանց հետեւորդները լինեն: Անգամ ծնողն է հետաքրքրվում, թե ինչ անուններ են դրանք: Երեխաներն այստեղ սովորում են «Արվեստի պատմություն» առարկան, որի դասերն անցկացվում են  թանգարաններում, ցուցասրահներում: Այդ այցելություններն ավելի օգտակար են: Դիմում ենք մշակութային հաստատություններին, որպեսզի մեր այցելությունները լինեն անվճար կամ զեղչով, որը շատ հաճախ չի մերժվում: Երբեմն դժգոհում ենք, որ մեր երկիրը չեն սիրում, իսկ գուցե պետք է երկիրը ճանաչելի՞ դարձնել երեխաներին, որպեսզի սիրեն այն»: 

Ասում են՝ արվեստագետի տաղանդը բնատուր է: Հովհաննես Մեծ-Գևորգյանի  համոզմամբ էլ՝ շատ բան կախված է ուսուցչի կարողություններից. «Ուսուցիչ կա, որը պարզապես սովորեցնում է, ուսուցիչ էլ կա, որը ոգեւորում եւ թեւեր է տալիս երեխային: Մենք պետք է ապահովենք այդ թռիչքը, որպեսզի բացահայտենք երեխաների տաղանդը: Այսպես, ուսուցանում ենք, թե ինչպես են հարաբերվում գույնը, գիծը, լույսն ու ստվերը, թե ինչ երանգներ են ստացվում երկու գույնի խառնուրդից: Այդ ամենը երեխայի համար ստեղծագործելու անսպառ հնարավորություն է: Սաների հետ աշխատելը հետաքրքիր է եւ չափազանց պատասխանատու: Չի կարելի նրանց սահմանափակել սեփական իմացությամբ, որպեսզի չկրկնօրինակեն քեզ եւ կախվածություն չունենան, որովհետեւ երբ այլեւս նրանց կողքին չլինես, չեն ստեղծագործի: Արվեստ ուսուցանելիս առաջնահերթ դա պետք է հաշվի առնել»:

Դպրոցում դասավանդում են գեղանկար, գունանկար, գծանկար, կոմպոզիցիա: Երեխաները նկարում են նաեւ ապակու եւ կերամիկայի վրա, իսկ գեղանկարներն աչքի են ընկնում գունային վառ լուծումներով: «Հաճախ են ասում, որ մեր աշակերտների աշխատանքները բավականին աչքի ընկնող են: Ամեն ինչ սկսվում է պահանջկոտությունից: Երբ երեխան ունի 3-4 մաշված ջրաներկ կամ «պրծած» գուաշ, դրանցով չի կարող նկարել: Երբ ծնողը հարցնում է՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի երեխան լավ նկարի, պատասխանում ենք՝ պետք է ունենալ լավ մատիտ, վրձին, ռետին, թուղթ եւ ներկեր: Այս հարցում չպետք է խնայել: Երբ նկարը լավ է ստացվում, երեխան ոգեւորվում է եւ ավելի լավ նկարում: Իսկ եթե վատ է ստացվում, բարկանում է եւ սկսում անընդհատ նկարել, այնպես որ՝ երեխային անսպառ նյութեր են պետք: Եթե չունեցավ, կընկճվի եւ այլեւս չի ցանկանա ստեղծագործել»,-համոզված է Հ. Մեծ-Գևորգյանը: Նա փաստում է, որ դպրոցում փորձում են հնարավորինս աջակցել սաներին՝  նյութեր տրամադրելու, համալսարան ընդունվելու, ցուցադրություններ կազմակերպելու հարցերում. «Ցուցահանդեսում երեխան տեսնում է եւ իր, եւ մյուսների աշխատանքը: Կազմակերպում ենք ավանդական ցուցադրություններ, օրինակ՝ Թարգմանչաց տոնի եւ Նոր տարվա առթիվ: Ցուցահանդես ենք նախաձեռնում նաեւ գարնանը, իսկ Հունիսի 1-ին բացվում է հաշվետու ցուցահանդեսը: Առավել տաղանդավոր աշակերտների համար էլ անհատական ցուցահանդես ենք կազմակերպում: Ի դեպ, մեր դպրոցն անցկացնում է նաեւ Մինաս Ավետիսյանի անվան նկարչական փառատոն, որը ֆինանսի բացակայության պատճառով վերջին երկու տարիներին կյանքի չկոչվեց»: 

Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոց մտնելիս առաջինը, որ նկատում ես՝ տարածքը բավականին փոքր է. երեխաները սովորում են 3 փոքրիկ սրահներում, որտեղ միաժամանակ տեղավորվում են նկարչական նյութերը: «Եթե տարածքն ավելի ընդարձակ լիներ, եւս երկու կարեւոր դասասենյակ կբացեինք: Միշտ ցանկացել ենք դասավանդել քանդակ, ինչը չափազանց կարեւոր է հատկապես փոքր երեխաների համար, որոնք 4-5 անկյունից տեսնում եւ պատկերացնում են քանդակը: Մյուս առարկան, որը կցանկանայինք դասավանդել, գրաֆիկան է՝ լինոփորագրությունը, որը երեւակայության լայն դաշտ է ապահովում: Այս երկու մասնագիտությունները կերպարվեստի կարեւոր ուղղություններից են, բայց, ցավոք, այսօր մոռացվում են»,-ասում է կրթօջախի ղեկավարը: 

Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի դպրոցում հիմնանորոգման աշխատանքներ իրականացվեցին: 1960-ականներից ի վեր շենքը չէր նորոգվել, միայն մեկ անգամ կոսմետիկ նորոգում էր արվել: Դպրոցն ապահովվել է նաեւ ջեռուցման համակարգով: «Հարմարավետ պայմանների շնորհիվ բոլորիս տրամադրությունը բարձրացավ, մթնոլորտն ուրախ է եւ զվարթ»,-ասում է արվեստագետ-տնօրենը: 

Արվեստի դպրոցների ուսուցիչների աշխատանքը պակաս պատասխանատու չէ հանրակրթական դպրոցի ուսուցչի աշխատանքից: Սակայն ինչպես Հովհաննես Մեծ-Գևորգյանն  է նշում,  նրանք հավասարապես գնահատված չեն. «Որպես օրինակ նշեմ, որ ես ավարտել եմ նույն բուհի նկարչագծագրական, իսկ ընկերս՝ մաթեմատիկայի ֆակուլտետը: Նա աշխատում է հանրակրթական դպրոցում եւ ստանում բարձր աշխատավարձ, ունի սոցիալական փաթեթ, իսկ իմ ուսուցիչները ստանում են երկու անգամ ցածր աշխատավարձ, նշված փաթեթից չեն օգտվում, իսկ նրանց աշխատանքային գրքույկում անգամ չի գրվում «մանկավարժ»: Սա խնդիր է, որին, կարծում եմ, Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի»: 

Դպրոցի տնօրենը հաճախ է լինում մարզերի մշակութային հաստատություններում. ցավով նշում է, որ մշակութային կյանքը հիմնականում ակտիվ է Երեւանում, իսկ մարզերի տաղանդավոր երեխաները դրսեւորվելու հնարավորություն գրեթե չունեն. «Մարզերում աշխատավարձ չկա: Կամ, ասենք, ինչ-որ մեծ շենքում 10 աշակերտից բաղկացած դասարան է գործում եւ դա կոչվում է արվեստի դպրոց: Գյուղապետարանները չեն կարողանում արվեստի դպրոցներ պահել, պետական հոգածության կարիք կա: Երեւանի դպրոցները կարողանում են հոգալ երեխաների զբաղվածության խնդիրը: Պարտադիր չէ, որ հազարավոր երեխաներ նկարիչներ դառնան, բայց չէ՞ որ նրանք զբաղմունք են ունենում, կտրվում փողոցից ու համակարգչից, մոտենում արվեստին»: 

Ամեն տարի՝ հուլիսին, Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցի սաներին սպասում են նկարչի հայրենի՝ Ջաջուռ գյուղում, որտեղ գտնվում է նրա տուն-թանգարանը: Ի դեպ, 20-րդ դարի հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցչի ժառանգները պարբերաբար այցելում են դպրոց, շփվում սաների հետ, ծանոթանում նրանց գունագեղ եւ յուրօրինակ աշխատանքներին:

«Երևակ» ամսագիր

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ