Ուրբաթ, Հուլիս 21, 2017

 10:46

ԼՐԱՀՈՍ

70 տարի սպորտի թիկունքին.ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը ազգային և տարածաշրջանային նշանակության կրթական և գիտամշակութային հաստատություն է,  որը մեծ դերակատարություն է ունեցել երիտասարդ սերնդի  ֆիզիկական դաստիարակության գործում: 70 տարի շարունակ  այս բուհը նպաստել է հանրապետությունում Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգը որակական նոր, առավել բարձր մակարդակի հասցնելու գործընթացին: 70 տարի շարունակ այս բուհը կրթել ու միջազգային հեղինակավոր սպորտային հարթակներ է ուղարկել բազմաթիվ մարզիկների, ովքեր պատվով են ներկայացրել իրենց երկիրը: 

Հին ու նոր ձեռքբերումների և բուհի 70-ամյակի հետ կապված միջոցառումների մասին է բուհի ռեկտոր, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն (1967-1974), ԽՍՀՄ սպորտի վարպետ և ՀՀ վաստակավոր մարզիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ  Առաքելյանի խոսքը:   

-Ի՞նչ նշանակություն ունեցավ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը Հայաստանում սպորտի զարգացման մեջ:

-Ֆիզկուլտինստիտուտը կենսական պահանջ էր մեր հանրապետության համար: Այն ստեղծվեց 1945 թվականի հուլիսի 21-ին ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ:  Իհարկե դժվար ժամանակներ էին, դեռ չէին սպիացել Երկրորդ համաշխարհայինի վերքերը, հանրապետությունը ուներ բազմաթիվ առաջնահերթություններ:  Սակայն ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի հիմնումն այդ տարիներին համարվեց կարևոր` ազգաբնակչության առողջության ամրապնդման և ֆիզիկապես կոփման, երիտասարդների ֆիզիկական դաստիարակության կազմակերպման առումով:  Առաջին ուսումնական տարում ինստիտուտը գործել է մի քանի լսարաններում, ունեցել մինչև 25 դասախոս և մոտ 100 ուսանող: Այսօր արդեն ունենք 3000-ից ավելի ուսանող, 213 դասախոս, իսկ օժանդակ անձնակազմը դասախոսների հետ միասին կազմում է 500-ից ավելի: Այս տարիների ընթացքում ինստիտուտը հիրավի խոշոր ներդրում  ունեցավ հայկական սպորտի զարգացման մեջ և ազգաբնակչության ֆիզիկական դաստիարակության ասպարեզում: Մեր ինստիտուտը մեծ ներդրում ունի Օլիմպիական շարժման և օլիմպիզմի քարոզչության բնագավառում: Այստեղ բարձրագույն կրթություն են ստացել շատ բարձրակարգ մարզիկներ, ովքեր բազմաթիվ հաղթանակներ են ունեցել սպորտային հեղինակավոր հարթակներում՝ Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, Օլիմպիական խաղերում, համաշխարհային ուսանողական խաղերում: Միայն օլիմպիական խաղերում մեր ինստիտուտի ուսանողները և շրջանավարտները նվաճել են 12 ոսկե, 10 արծաթե և 14 բրոնզե մեդալ: Օլիմպիական չեմպիոն են դարձել մարմնամարզիկներ Հ.Շահինյանը, Ա.Ազարյանը, Է.Ազարյանը, հնգամարտիկ Ի.Նովիկովը, ծանրամարտիկներ Յու.Վարդանյանը, Յու.Սարգսյանը, Օ.Միրզոյանը, ըմբիշ Ա.Նազարյանը, հրաձիգ Հ.Պետիկյանը և ուրիշներ: Դրան գումարած՝ մեր ինստիտուտի շրջանավարտ շախմատիստները ազգային հավաքականի կազմում 3 անգամ դարձել են օլիմպիական խաղերի չեմպիոն: 

-Ի՞նչ արդյունքներով է ինստիտուտը նշում իր 70աամյա հոբելյանը: 

 -Իհարկե մեր հաջողության առաջին ցուցիչը մեր չեմպիոններն են, որոնց մասին արդեն խոսեցի: Նրանք ոչ միայն ինստիտուտի, այլ ամբողջ հայության պարծանքն են: Ինչ վերաբերում է մեր ինստիտուտի 70-ամյա հոբելյանին, այն դարձավ մեր գործունեության, մեր ձեռքբերումների ու իրական արդյունքների հանրագումարի և ներկայացման հրաշալի հնարավորություն: Պատահական չէր, որ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարանների միջազգային ասոցիացիան, որի անդամ ենք հանդիսանում մենք, գաղտնի քվեարկությամբ որոշեց հենց մեր երկրում անցկացնել «Օլիմպիական սպորտ և սպորտ բոլորի համար» XIX միջազգային գիտական կոնգրեսը, որը համընկավ մեր ինստիտուտի հոբելյանի հետ: Կոնգրեսի անցկացումը երկրում կարևոր էր մի շարք առումներով: Նախ դա նշանակում է, որ մեր բուհը բարձր վարկանիշ ունի ԱՊՀ տարածքում, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարանների միջազգային ասոցիացիայում, երկրորդ՝  հայտնի և շոշափելի են մեր սպորտային նվաճումները, ինչը նույնպես հիմք է հանդիսացել նման բարձր մակարդակի վեհաժողովը մեր ինստիտուտում անցկացնելու համար: Կոնգրեսի շրջանակներում  մեր  ինստիտուտը հյուրընկալեց սպորտային աշխարհի հայտնի անձանց ու կառույցների ղեկավարների 16 պետություններից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից, եվրոպական երկրներից, մերձբալթյան և միջինասիական հանրապետություններից: Կոնգրեսը նոր խթան դարձավ համաշխարհային ընկերակցության երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ մեր ինստիտուտի հետագա համագործակցության համար: Մենք 5 բուհերի հետ համագործակցության պայամանագրեր կնքեցինք, որի հիման վրա կիրականացնենք փորձի փոխանակմանը, որակավորման բարձրացմանն ու վերապատրաստումներին միտված միջազգային ծրագրեր: 

-Որակական ի՞նչ փուլերով է անցել ինստիտուտը և այսօր ի՞նչ փուլում է՝ և մասնագիտական, կադրային, և ծրագրային առումներով:

-Ես ինստիտուտի ռեկտորն եմ 1998 թ-ից: Այն ժամանակ դեռ չկային ուսումնական նոր չափանիշներին համապատասխան հայերեն ուսումնական, մեթոդական ձեռնարկներ: Իսկ այսօր, փառք մեր ամբիոններին ու աշխատակիցներին, 23 մասնագիտությունների գծով ունենք ուսումնական ձեռնարկներ: Հրատարակել ենք նաև հայկական սպորտին, ֆիզիկական կուլտուրային, սպորտի փիլիսոփայությանը, կառավարմանն ու մշտադիտարկմանը նվիրված աշխատություններ: Արդեն մինչև 2012 թ. հրատարակել էինք 300-ից ավելի անուն գիրք` ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր, մենագրություններ և այլն: Ասեմ ավելին՝ մենք առաջինն էինք մեր տարածաշրջանում, որ ստեղծեցինք դպրոցական դասագրքեր տարրական դասարանների «ֆիզիկական կուլտուրա» առարկայի համար: Այսօր այդ դասագրքերը օրինակ են և մեծ պահանջարկ ունեն արտասահմանում: Ի դեպ, մեր այս ձեռքբերումների մեջ չեմ կարող չնշել ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանի ներդրումը: Նա, 10 տարի լինելով այդ պաշտոնում, բարեփոխման լայնածավալ աշխատանք իրականացրեց բուհում՝ սկսած համակարգչային սենյակների, տեխնիկական միջոցների, մարզադահլիճների ստեղծումից և վերանորոգումից մինչև մարզիկների պարգևատրում, սոցիալապես անապահով ուսանողների օժանդակություն: Այսօր  ՖԿՀՊԻ խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, ով նույն պատասխանատվությամբ է վերաբերվում իր գործին: Ամեն ինչ արվում է մեր ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու համար: 

Վերադառնալով մեր կադրային ռազմավարությանը՝ ասեմ, որ աշխատում ենք երիտասարդացնել մեր կոլեկտիվը: Ունեմ երիտասարդ աշխատակիցների հուսալի թիմ: Բայց նրանց կողքին ունեմ 80-ն անց տարիքի աշխատակիցներ նաև, որոնց պարզապես չեմ կարող ուղարկել վաստակած հանգստի, որովհետև ունեմ նրանց բազմափորձ,  կազմակերպված ու նվիրված աշխատանքի պահանջը: Ուրախ եմ, որ նրանք կան իրենց ահռելի փորձով ու հարմարվել են ներկա պահանջներին: 

Ինչ վերաբերում է մասնագիտական որակներին, ասեմ, որ վերջին շրջանում մեր դասախոսները բարձրացրել են իրենց գիտական կարգավիճակը: Ինստիտուտի բոլոր ամբիոնները և գիտահետազոտական կենտրոնը զբաղվում են նախապես հաստատված գիտահետազոտական թեմաներով, որոնց արդյունքները հրատարակվում են մենագրություններում, դասագրքերում, ուսումնական ձեռնարկներում, գիտական հոդվածներում: Յուրաքանչյուր տարի ինստիտուտի դասախոսները հրատարակում են 100-ից ավելի գիտական հոդվածներ և աշխատանքներ: Համամիութենական և միջազգային գիտաժողովներում սպորտային գիտությունը բազմիցս ներկայացրել են պրոֆեսորներ Ա.Կոստանյանը, Ֆ.Ղազարյանը, Կ.Աթոյանը, Գ.Բուտաևը, Վ.Առաքելյանը, Մ. Իսպիրյանը, Է.Սահակյանը, Ռ.Մելիքսեթյանը, Հ.Բաբայանը, Ա.Հարությունյանը, Մ.Աղաջանյանը, Ս.Գրիգորյանը և ուրիշներ: Ինստիտուտի դասախոսների մեծ մասն ունի գիտական կոչումներ և աստիճաններ. 8 գիտությունների  դոկտոր պրոֆեսորներ, 31 պրոֆեսորներ, 20 գիտությունների թեկնածու դոցենտներ, 16 դոցենտներ, 7 հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր  գործիչներ, 26 վաստակավոր աշխատողներ, 32  ԽՍՀՄ և հանրապետության վաստակավոր  մարզիչներ: Նրանցից շատերը հայտնի են եղել դեռ ԽՄ տարիներից: Նրանք  գիտական աշխատանք են իրականացրել ԽՄ հավաքական թիմերի հետ, ինչպես Ա. Կոստանյանը, Եղիազարյանը, Ֆ. Ղազարյանը և ուրիշներ: Վստահ կարող եմ ասել, որ գիտական լուրջ պոտենցիալ ունենք, որի ուսերին դրված է  հանրապետությունում գրագետ, առողջ և ուժեղ սերունդ պատրաստելու պատասխանատվությունը: 

Մասնագիտական հագեցվածության առումով միակ թերությունն այն է, որ ունենք սպորտային բժիշկների և սպորտային հոգեբանների կարիք: Սրանք շատ կարևոր մասնագիտացումներ են, առանց որոնց ժամանակակից սպորտաշխարհում դժվար է լուրջ արդյունքների հասնել: Ու պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն նաև այս բացը լրացնելու համար: 

Ինչ վերաբերում է ծրագրերին, 2005թ. միացել ենք Բոլոնյան գործընթացին և մեր ծրագրերը համապատասխանեցրել այդ չափանիշներին: Մոտ 4000 ծրագրեր են առաջարկվել մեր աշխատակիցների կողմից, որոնք միտված են Հայաստանում սպորտային կրթությունը և սպորտային միջոցառումներին մասնակցությունը հասցնել համաշխարհային բարձր մակարդակի: Մենք ենք կազմում նաև հանրապետության ազգային հավաքական թիմերի օլիմպիական խաղերի նախապատրաստման օրինակելի համալիր ծրագրերը, որոնց հիման վրա մարզչական խորհուրդները կազմում են իրենց գործունեության պլանները: Կրթական ծրագրերի կազմման ընթացքում նաև ուսումնասիրում ենք զարգացած երկրների ծրագրերն ու փորձը, դրանք համապատասխանեցնում մեր պայմաններին ու հնարավորություններին:

Նաև նոր մասնագիտությունների գծով ամբիոններ ենք ստեղծում: Օրինակ՝ 2008թ. ստեղծել ենք ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը, որտեղ պատրաստվում են ներառական և հատուկ դպրոցներում, հաշմանդամային սպորտում և հասարակական կազմակերպություններում ֆիզիկական ու մտավոր սահմանափակ կարողություններով անձանց և հաշմանդամների հետ աշխատող մասնագետներ: Ապագայում  նախատեսում ենք սպորտային մենեջմենթի ամբիոնը հիմնել: Ավելի ամփոփ՝ փորձում ենք ստեղծել այնպիսի մակարդակ, որ մեր շրջանավարտները կարողանան իրենց որակավորումը բարձրացնել ու աշխատել նաև արտերկրում: Այսօր ունենք 18.000-ից ավելի շրջանավարտներ, որոնցից շատերը գիտական ու մարզչական հաջող կարիերա են ստեղծել աշխարհի տարբեր ծայրերում՝ ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Արգենտինայում, եվրոպական երկրներում. այդ պետություններում տարբեր մարզաձևերի հավաքականների ավագ մարզիչներ են:

-Ֆիզիկական դաստիարակության մշակույթը այնքան էլ տարածված չէ մեր մեջ, մենք դա որպես կենսաձև չունենք: Ինստիտուտը իր դերը, անելիքը չի՞ տեսնում այստեղ: Արդյո՞ք նրա դերը սահմանափակվում է ինստիտուտի ներսում ուսանողների հետ աշխատանքով, թե՞ ավելի լայնածավալ գործունեություն է անհրաժեշտ՝ պրոպագանդելու և սպորտային մշակույթը տարածելու առումով:

-Ինստիտուտը անում է իր հնարավորությունների առավելագույնը՝ հասարակությանը տալով սպորտային առողջ մտածելակերպ ու կենսակերպ ունեցող երիտասարդներ: Երրորդ կուրսից մեր ուսանողները մանկավարժական պրակտիկա են անցկացնում հանրակրթական դպրոցներում, մարզադպրոցներում, նաև առողջարարական և վերականգնողական կենտրոններում: Ի դեպ, այդ պրակտիկաները շատ արդյունավետ են անցնում, մարզական աշխուժություն է սկսվում դպրոցներում, տնօրենները միշտ գոհ են մնում մեր պրակտիկանտներից, ավելին՝ խնդրում, որ նրանք ուսումը համատեղեն աշխատանքի հետ: Մեր ուսանողները կազմակերպում են նաև դպրոցականների այցելությունները ինստիտուտ: Երեխաները շրջում են ինստիտուտի լսարաններում, թանգարանում, ծանոթանում մեր սպորտային նվաճումների ու աշխարհահռչակ մարզիկների հաջողությունների պատմությանը: Բացի այդ մեր բուհն ունի իր կամավորական ջոկատը, որը պատրաստակամորեն ներգրավվում է հասարակական տարբեր միջոցառումներում, նրանք մասնակցում են ամառային ճամբարների աշխատանքներին, լինում դպրոցներում ու բանակում, կազմակերպում տարբեր սպորտային մրցումներ: Ամեն տարի մեր բուհն ունենում է 500 և ավելի շրջանավարտ. նրանցից յուրաքանչյուրն իր կենսակերպով, իր աշխատանքով արդեն իսկ ֆիզիկական դաստիարակության մշակույթի պրոպագանդողն է: Նրանցից շատերը՝ որպես առողջ և կամային բարձր հատկություններով օժտված անձինք, ունեն իրենց երկրի, հայրենիքի ու ընտանիքի համար պատասխանատվության բարձր զգացում: Պատահական չէ, որ 1990-1994թթ. մեր ինստիտուտի ուսանողները և շրջանավարտները, կատարելով իրենց քաղաքացիական պարտքը, մարտնչեցին կամավորական ջոկատներում Արցախի անկախության և ազատության համար: Նրանցից 32-ը չվերադարձան մարտի դաշտից: Սպորտային դաստիարակությունը սովորեցնում է հարգանք դիմացինի հանդեպ՝ լինի նա հակառակորդ թե ոչ, ստիպում է լինել աշխատասեր, դաստիարակում է բարձր որակներ: Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը եղել և մնում է հանրապետությունում սպորտային արժեքների տարածման, առողջ կենսակերպի, սպորտային կրթության և դաստիարակության զարգացման, հայրենասիրության, օլիմպիզմի գաղափարների և արժեքների տարածման կարևոր կենտրոններից մեկը: 

 

«Երևակ» ամսագիր

 

 

 

 

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ