Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

 13:20

ԼՐԱՀՈՍ

Օլիմպիական հերթափոխը պատասխանատու ձեռքերում

 

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը միավորում է սպորտը և կրթությունը: Օլիմպիական սկզբունքների սերմանումն ու սպորտային դաստիարակությունը ծառայում են ոչ միայն չեմպիոնների պատրաստմանը, այլև պարզապես լավ մարդ, լավ քաղաքացի դաստիարակելու գործին: Քոլեջի ուսումնադաստիարակչական խնդիրների ու նպատակների մասին է տնօրեն Արմեն Գաբրիելյանի խոսքը:

Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը գործում է արդեն 45 տարի, 45 տարի շարունակ պատրաստել է հրաշալի մարզիկներ, որոնք Հայաստանին բերել են բազում հաղթանակներ: Հետխորհրդային տարիները` 1990ականները, ճգնաժամային էին նաև քոլեջի համար, մարզադահլիճները ցուրտ ամիսներին չէին ջեռուցվում, մարզումները հնարավոր չէր լինում արդյունավետ կազմակերպել, հետևաբար մարզական արդյունքներն էլ սկսեցին զգալիորեն տեղի տալ: Բայց 2000 թվականից քոլեջը սկսեց աստիճանաբար ոտքի կանգնել: 2005 թ. «Հայաստան» հիմնադրամի կողմից վերանորոգվեցին մարզադահլիճները: Նյութատեխնիկական բազայի զարգացմանն ուղղված աշխատանքները չդադարեցին նաև հաջորդ տարիներին: Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ քոլեջի տարածքում գտնվող մի ընդարձակ չօգտագործվող տարածք վերականգնվեց որպես թենիսի դաշտ, որի հանդիսավոր բացումը մեծ շուքով իրականացվեց անցյալ տարի: Վերանորոգվեց քոլեջի հին կաթսայատունը որպես թաեքվոնդոյի մարզադահլիճ: Կառուցվեց 10 մետրանոց հրաձգարան, որտեղ մարզիկները կարող են դիպուկ կրակել սովորել: Առայժմ շարունակում է հրատապ մնալ քոլեջի հյուրանոցային մասնաշենքի վերանորոգման հարցը:

Յուրաքանչյուր տարեվերջ ամփոփվում են տարվա աշխատանքներն ու ձեռքբերումները: 2016 թվականը բավական հաջող տարի էր. 20ից ավելի մեդալներ ենք ունեցել, երեք մասնակից ՝ օլիմպիական խաղերում: Մեր սաները նաև փայլուն մասնակցություն ունեցան 2016 թ. ձյուդոյի Հայաստանի առաջնությունում. նրանցից 6ը տարբեր քաշային կարգերում հաղթող ճանաչվեցին և 6ն էլ մասնակցելու են Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: Ընդհանուր առմամբ տարեկան 2025 մարզիկներ հաղթող ու մրցանակակիր են դառնում աշխարհի, Եվրոպայի տարիքային տարբեր խմբերում»:

Անցյալ տարվա լավագույն արդյունքներ ցույց տված 10 սաներին ներկայացնենք. Սիմոնյան Սերգեյ` Աշխարհի երիտասարդների առաջնություն` 3 –րդ տեղ, Պողոսյան Սոնա` ծանրամարտ` Եվրոպա` 2րդ տեղ, Աբգարյան Արսեն` բռնցքամարտ` Եվրոպա` 3րդ տեղ, Մնացականյան Տիգրանը` ըմբշամարտիկ, արդեն 3 –րդ մեդալն է բերում, Խումարյան Գևորգ` հունահռոմեական ըմբշամարտ` Եվրոպայի երիտասարդների առաջնություն 3 –րդ տեղ, Դարալյան Արփինե` ծանրամարտ, Աշխարհի պատանիների առաջնություն, Եվրոպայի պատանիների առաջնություն 3րդ և 1 տեղեր, Բաղդասարյան Հակոբ` հունահռոմեական ըմբշամարտ` աշխարհի պատանիների առաջնություն ` 3 –րդ տեղ, Պողոսյան Հրաչյա` հունահռոմեական ըմբշամարտ` աշխարհի պատանիների առաջնություն` 3 –րդ տեղ, Խաչատրյան Շանթ` հունահռոմեական ըմբշամարտ, Եվրոպայի պատանիների առաջնություն 1 –րդ տեղ, Հարությունյան Արսեն` հունահռոմեական ըմբշամարտ` Եվրոպայի պատանիների առաջնություն` 2–րդ տեղ: Այս ցուցանիշները պահպանելու և զարգացնելու ենք, որովհետև մեր քոլեջում կենտրոնացած է մարզչական ու մարզական լավագույն ուժը: Քոլեջի մարզիչներից և ուսուցիչներից շատերը մեր նախկին սաներն են: Մեր 48 մարզիչներից 25ը վաստակավոր մարզիչներ են : Մեր սաներից շատերը աշխատում են ուժային կառույցներում: Պատահական չէ, որ պաշտպանության նախարարության տարբեր զորամասերից որտեղ ծառայել են մեր սաները, բազմաթիվ շնորհակալագրեր են ուղարկվել մեզ` այդպիսի քաջարի ու պատրաստված զինվորներ պատրաստելու համար:

Օլիմպիական հերթափոխի քոլեջ ընդունվում են արդեն սպորտում կողմնորոշված, Հայաստանի Հանրապետության, Արցախի ու Ջավախքի մանկապատանեկան մարզադպրոցներում մարզական որոշակի ուղի անցած պատանիներ, ովքեր ցանկանում են կատարելագործել իրենց մարզական հմտությունները և դուրս գալ մեծ սպորտ: Այստեղ նրանք ստանում են հանրակրթական ուսումնառություն, զուգահեռ մասնագիտանում են ընտրած մարզաձևում: Ընդունելությունը կատարվում է 7րդ և բարձր դասարաններից: Աշակերտները հանձնում են մասնագիտական քննություն: Երկրորդ փուլում ստուգվում է նրանց ֆիզիկական պատրաստվածությունը 4 ուղղությամբ` կարճ տարածության սպիրիտ վազք, երկար տարածության վազք՝ տղաների համար 1000 մ, աղջիկների համար 500 մ, թռիչք տեղից և պտտաձողի վրա ձգումներ դեպի վերև: Հաշվի են առնվում նաև հանրակրթական դպրոցում աշակերտի ունեցած միջին գնահատականները:

Բոլոր սաները սնվում են քոլեջի ճաշարանում, որովհետև դասերն այստեղ սկսվում են առավոտյան, դրանց հաջորդում են մարզումները մինչև ժամը 17:00ն: Այստեղ բավական խիստ կանոնակարգ է գործում, սաները անգամ հեռախոսով դասի նստելու իրավունք չունեն: Չեն լինում կռիվներ ու վիճաբանություններ, որովհետև սա սպորտի աշխարհ է, այստեղ հիմնականում իշխում են առողջ մրցացությունն ու ընկերությունը: Խիստ ենք նաև հաճախումների հանդեպ. չենք հանդուրժում իմիջիայլոց վերաբերմունքը սպորտին:

Քոլեջի հանրակացարանում մնում են մարզերից, Արցախից ու Ջավախքից եկած 150ից ավելի սաներ: Հանրակացարանի սենյակները բարվոք վիճակում են, կա սանհանգույց, մարզադահլիճներին կից գործում են լողասենյակներ, որտեղ սաները լողանում են յուրաքանչյուր մարզումից հետո, իսկ շաբաթական մեկ անգամ նաև օգտվում են շոգեբաղնիքից:

Այստեղ ստեղծվել են բոլոր պայմանները լիարժեք ուսումնական ու մարզական առօրյա կազմակերպելու համար: Քոլեջի սաները որոշ արտոնություններ ունեն նաև Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ ընդունելության ժամանակ. նրանք պետպատվերի շրջանակում կարող են սովորել երկրորդ կուրսի հեռակա բաժնում: Այնինչ նախկինում այդ արտոնությունը գործում էր առկա բաժնի համար, և քոլեջի սաների 20% ը պետպատվերի շրջանակներում ընդունվում էր ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2րդ կուրս՝ հարցազրույցով:

Ուսումնական պրոցեսը ավելի արդյունավետ դարձնելու և իր սաների համար ավելի լայն հեռանկարներ ստեղծելու համար օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը նպատակ ունի սերտ համագործակցություն սկսել պաշտպանության նախարարության և պետական համալսարանի հետ: Իհարկե քոլեջի առաջին գործառույթը օլիմպիական արժանի հերթափոխ պատրաստելն է, որը հայրենիք պիտի բերի նոր հաղթանակներ: Բայց այն ակամայից ստանձնել է նաև հայրենիքի համար լավ քաղաքացի ու մասնագետ պատրաստելու երկրորդ ոչ պակաս կարևոր գործառույթը: Մեր սաները քոլեջն ավարտելուց հետո կարող են նաև աշխատել տարբեր կառույցներում, շատերը վերադառնում են իրենց մարզերում ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատելու: Փաստորեն պատրաստում ենք մարզիչ մանկավարժներ, որոնք իրենք հանդիսանալով օլիմպիական սկզբունքների` առողջ մրցակցության, առողջ կենսակերպի կրողներ, դրական որակներ՝ աշխատասիրություն, հանդուրժողականություն, ազնվություն, ուժ, մտքի ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն են արմատավորում իրենց աշակերտների ու սաների մեջ` դաստիարակելով ճիշտ հոգեվիճակ ու մտածելակեպ ունեցող սերունդ:

 

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ