Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

 13:20

ԼՐԱՀՈՍ

Գիտական բազա տեղեկատվական տեխնոլոգիաների համար

Մեր գործունեության ցանկացած ոլորտ այսօր կախված է տեղեկատվական տեխնոլոգիաներից ու դրանց անընդհատ կատարելագործումից: Իրականում մենք Հայաստանում ունենք բավական լուրջ գիտական միտք և բազա դրանց ստեղծման համար: Այլ հարց է, թե ինչպես ենք օգտագործում մեր ուղեղներն այդ ոլորտում և ինչ հնարավորություններ ենք կարողանում ստեղծել գիտության այդ ճյուղի զարգացման ու արդյունքների կիրառման համար: Զրուցում ենք ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ) տնօրեն Վլադիմիր Սահակյանի հետ:

-  Ե՞րբ է հիմնադրվել ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը:

-Ինստիտուտը հիմնադրվել է 1957 թվականին որպես Գիտությունների ազգային ակադեմիայի և պետական համալսարանի համատեղ հաշվիչ կենտրոն: Այն ստեղծվեց Սերգեյ Մերգելյանի նախաձեռնությամբ, ով ընդամենը մեկ տարի առաջ մասնակցել էր Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի հիմնադրմանը: Այստեղ են աշխատել ու աշխատում հզոր մասնագետներ (Թեոդոր Տեր-Միքայելյան, Ռաֆայել Ալեքսանդրյան, Աշոտ Պետրոսյան, Ռոմ Վարշամով, Յուրի Շուքուրյան, Իգոր Զասլավսկի, Հրանտ Մարանջյան, և ուրիշներ), ովքեր իրենց  շուրջն են համախմբել խանդավառ երիտասարդների: Այստեղ աշխատող մոտ 300 հոգանոց աշխատակազմը երկրի լավագույն ուղեղներից էր կազմված: Իհարկե 1991 թվականից հետո շատ բան փոխվեց: Դժվար տարիներին ինստիտուտի տնօրեն Յուրի Շուքուրյանը արեց ամեն ինչ, որ պահպանվի գիտական ներուժը։ Հաշվիչ կենտրոնը վերանվանվեց Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի: Վերանվանումն ու վերակազմավորումը ինստիտուտի զարգացման նոր փուլի սկիզբը դարձան: Այսօր մենք Գիտությունների ազգային ակադեմիայի՝ ինֆորմատիկայի ոլորտում միակ գիտահետազոտական ինստիտուտն ենք:

- Ի՞նչ խնդիրներով է զբաղվում Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, ո՞րն է հետազոտությունների և ուսումնասիրությունների շրջանակը:

-Մենք հիմնականում իրականացնում ենք այն տեսական հետազոտությունները, որոնք կազմում են ինֆորմատիկայի հիմքը. մաթեմատիկական տրամաբանություն, ալգորիթմների տեսություն, ավտոմատների տեսություն, հանրահաշվական կոդավորման տեսություն, արհեստական բանականության և իմացական մոդելներ, դիսկրետ մաթեմատիկա, մաթեմատիկական վիճակագրության թվային մեթոդներ, նաև շատ արդիական համարվող պատկերների մշակում: Հենց տեսական հենքի վրա են ստեղծվում նոր տեղեկատվական տեխնոլոգիաները: Հայաստանում հիմնական մոտեցումը. վերցնել պատրաստի տեխնոլոգիան, ինչ-որ բան ավելացնել և անվանել նոր տեխնոլոգիա, բայց դա եղած տեխնոլոգիայի նոր կիրառությունն է ընդամենը: Նոր տեխնոլոգիան պետք է ունենա գիտական հիմք, որի արմատները տեսական հետազոտություններում են:

- Որպես ինստիտուտ ձեր առաքելությունը, գործառույթը ո՞րն է:  

 

Ծրագրային մշակումների և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում  ստեղծել ենք մեծ քանակությամբ ծրագրային համակարգեր` ԷՀՄ-ների մաթեմատիկական ապահովման համար: Այստեղ կարևորվում են մաթ. սպասարկման ինչպես համակարգային, այնպես էլ կիրառական ծրագրային փաթեթների մշակումները:    

1990-ական թթ-ին սկսվել են ակադեմիական գիտահետազոտական համակարգչային ցանցի ստեղծման աշխատանքները: Մշակվել և ներդրվել է Հայաստանում առաջին ռադիոմոդեմային ցանցը: Ցանցային միջավայրում ընդգրկվել են ՀՀ ԳԱԱ համակարգի բոլոր ինստիտուտները: Ստեղծված ցանցը ինֆորմացիոն շրջափակման դժվարին տարիներին Երևանի ֆիզիկայի ինստիտուտում տեղադրված արբանյակային  ալեհավաքի միջոցով   ապահովեց հայ գիտնականների կապը աշխարհի գիտական կենտրոնների հետ: Այսօր էլ այդ ցանցի սպասարկումը և զարգացումը իրականացնում է ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ–ն։ Ցանցը ASNET-AM անվան տակ ներկայացնում է Համաեվրոպական GEANT ցանցում Հայաստանի ազգային գիտակրթական ցանցը։ ASNET-AM-ը միավորում է գիտական  և  կրթական  65 կազմակերպություններ, ունի բազմաթիվ ծառայություններ և ռեսուրսներ, սեփական ելք դեպի  ինտերնետ և միջազգային գիտական կենտրոններ։

 

Այնուհետ, ինստիտուտում սկսվել էր բաշխված հաշվարկումների տեսական խնդիրների և կիրառական համակարգերի մշակման հետազոտությունների նոր փուլ:

Միջազգային տարբեր կենտրոնների հետ լայն համագործակցությամբ իրականացվել են մի շարք միջազգային նախագծեր: 1997-ին տեղի  ունեցավ համակարգչագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային գիտաժողով,  որը ստացավ մասնագիտական ճանաչում և նպաստեց  ժամանակակից  հետազոտությունների զարգացմանը: Երկու տարին մեկ այդ գիտաժողովը անց է կացվում Հայաստանում և հավաքում 200–ից ավելի գիտնականների։ Այս տարի սեպտեմբերին կկայանա  11–րդ գիտաժողովը։

2002-ից Հայաստանում սկսվել են բարձրարտադրողական հաշվողական համակարգեր ստեղծելու աշխատանքներ: Միջազգային գիտական տեխնոլոգիական կենտրոնի մի շարք դրամաշնորհների և ՀՀ Կառավարության աջակցությամբ 2004-ին ԻԱՊԻ–ում ստեղծվել է առաջին բարձրարտադրողականությամբ Արմկլաստեր հաշվողական համակարգը:  Հաջորդ 5 տարիների ընթացկում ԻԱՊԻ մասնագետները ԵՊՀ-ի, ՀՊՃՀ, ՀՀ ԳԱԱ ՌՖԷ ինստ-ի, ԵՖԻ-ի,  Թբիլիսիի պետական համալսարանի աշխատողների հետ համատեղ ստեղծեցին այդ հիմնարկներում ևս 6 հաշվողական կլաստերներ, որոնց   հիման վրա 2009-ին մշակվել  և  զարգացել է հաշվարկների և տվալների հենքերի բախշված համակարգչային  միջավայրը:

 2010-ին ԻԱՊԻ ջանքերով հիմնվել է ազգային գրիդ-նախաձեռնությունը, որի նպատակն է

բարձրարտադրողականության համատեղ օգտագործման հաշվողական միջավայրի հասանելիության ապահովումը բարձր էներգիաների ֆիզիկայում, մոլեկուլյար կենսաբանության, աստղաֆիզիկայի   և  այլ բնագավառներում աշխատող գիտնականների համար:

Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ Կառավարության  համատեղ դրամաշնորհների օգնությամբ   Հայական գրիդ կառուցվածքը մուտք ստացավ համաեվրոպական գիտական GEANT ցանց և եվրոպական գրիդ-միջավայր:

 Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շահագրգռված կազմակերպությունների հետ զարգացնում է ազգային գրիդ-ենթակառուցվածքներ` գործնական կիրառությունների, օրինակ, եղանակի կանխատեսման և սեյսմիկ գործընթացների ուսումնասիրման, միջավայրի մոնիտորինգի  համար: Ստեղծվել է լայն կիրառվող ամպային միջավայր և բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ գիտական, տեխնիկական և սոցիալական խնդիրների լուծման համար։     

 

-2004 թվականից իրականացնում եք նաև մագիստրոսական ուսուցում: Ի՞նչ հաջողություններ ունեք այդ ուղղությամբ: 

 

Մագիստրոսական ուսուցումը իրականացնում ենք ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ինֆորմատիկայի ամբիոնի միջոցով: Ամբիոնը գտնվում է մեր ինստիտուտում։ ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ և արտասահմանյան կազմակերպությունների համագործակցության շրջանակում  վերջին տարվա ընթացքում մեր 8 մագիստրանտներ գործուղվելեն ուսուցանվելու 6 ամսով /մեկ կիսամյակ/ Ֆրանսիա Թուլուզի Համալսարան համապատռասխան։ Ամեն տարի 3–4 լավագույն մագիստրոսներ  ընդունում էնք ասպիրանտուրա։  Ասպիրանտուրայի ավարտից հետո նրանք աշխատաում են մեզ մոտ։

Բայց կադրային հիմնական խնդիրն այն է, որ երիտասարդներին չենք կարողանում երկար պահել ինստիտուտում,  գիտության մեջ: Արդյունքում ունենք մի կողմից՝ շատ երիտասարդ, մյուս կողմից` 60-ն անց գիտնականներ. միջին տարիքային խումբը, որը համարվում է գիտությամբ ակտիվ զբաղվող ու արդյունք տվող, բացակայում է: Երիտասարդը գիտության մեջ իր ապագան չի տեսնում, չի տեսնում իր ու իր ընտանիքի բարեկեցությունը, ու կամ արտասահմանում շարունակում իրենց գիտական կարիերան կամ թողնում գիտությունը` աշխատանքի անցնելով որևէ կազմակերպությունում: Փաստորեն այդ մասնավոր ընկերությունները պատրաստի կադր են «նվեր ստանում» պետությունից: Կարծում եմ` այդ ընկերությունները կամ պետք է որոշակի գումար վճարեն պետությանը, և այդ գումարները կներդրվեն ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքներում, կամ մասնակցեն   համապատասխան  մասնագիտացմամբ դասընթացների կազմակերպմանը:

- Իսկ ինչպես եք գնահատում ինստիտուտի ներկան:

 

Այսօր մենք ֆինանսավորվում ենք մի շարք պետական ծրագրերի շրջանակում՝ բազային, նպատակային, թեմատիկ և այլ: Ունենք նաև միջազգային գրանտեր։  Համագործակցում էնք արտակարգ իրավիճակների, պաշտպանության, բնապահպանության նախարարությունների հետ։ Հետաքրքիր աշխատանքներ ենք անում որոշ ֆիրմաների հետ։Վերջին 5 տարիների ընթացքում  20-ից ավելի միջազգային նախագծեր ենք իրականացրել: Բայց այս ձեռքբերումները զարգացնելու համար պետական աջակցության կարիք ունենք ունենք՝ ստեղծել  ազգային  սուպերհամակարգչային  կենտրոն:

 

-Ի՞նչ կենտրոնի մասին է խոսքը:

Սուպերկոմպյուտերային տեխնոլոգիաները այսօր աշխարհում համարվում են կարևորագույն զարգացման ուղություններից մեկը։

Սուպերկոմպյուտերային տեխնոլոգիաները հնարավորություն է տալիս լուծել բազմաթիվ ռազմավարական և կիրառական խնդիրներ, որոնց մոդելավորումը պահանջում են հսկայական հաշվարկներ, ակտիվ  օգտագործման դեպքում կբերեն արմատական փոփոխությունների տնտեսությունում, բարձր արտադրողականության հաշվողական միջոցները  օգտագործման շնորհիվ նոր  հնարավորություններ կտրամադրեն գիտական և կրթական համայնքին  հետազոտությունների, հեռահար ուսուցման և մեծ տվյալների պեղման  բնագավառներում: ՀՀ ռազմական և տնտեսական անվտանգությունը այն  կարևորագույն ոլորտներից է, որը պահանջում է սուպերկոմպյուտերային միջոցներ:

Այս տիրույթում հատուկ տեղ են գրավում մշտադիտարկման (մոնիտորինգի) խնդիրները: Դրանք այսօր աշխարհում լուծում են՝ կատարելով արբանյակային բազմասպեկտրալ նկարների  վերլուծությունը: Այդ վերլուծության միջոցով, օգտագործելով մեր գիտական կազմակերպություններում ստացած արդյունքները հնարավոր է ճանաչել տարբեր օբյեկտները, ստուգել օդի, ջրի, ճանապարհների, բնական պաշարների և շատ այլ ռեսուրսների վիճակը։ Ավտոմատացված համակարգերի միջոցով հնարավոր է իրականացնել մշտադիտարկումը և անհրաժեշտության դեպքում նախաձեռնել համապատասխան քայլերը։

Կարևոր խնդիրներ. սուպերկոմպյուտերային տեխնոլոգիաների օգտագործմամբ կարելի է լուծել  տեղեկատվական անվտանգության, այլըտրանքային և բնական էներգետիկայի, նոր նյութերի ստացման, առողջապահության, դեղագործության, արտակարգ իրավիճակների մոդելավորման և շատ այլ խնդիրներ՝ համակարգային մոդելավորման և տվյալների մշակման միջոցով։

Այսպիսով վերոնշված խնդիրների լուծման մեջ առաջխաղացումը անհրաժեշտաբար պահանջում է  ապահովել Հայաստանում հզոր հաշվողական ռեսուրսների միջավայր։

 

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

                                                                                 

      

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ