Հինգշաբթի, Սեպտեմբեր 21, 2017

 23:56

ԼՐԱՀՈՍ

Որտե՞ղ կրթել...Ինչպե՞ս. Հովհաննես Թադևոսյան


ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Տարոն» գեղագիտական կենտրոնի ղեկավար


Ինչպիսի՞ հասարակությունում ենք ուզում, որ վաղն ապրեն ու մեծանան մեր երեխաները: Առաջին հերթին հենց այս մասին է պետք մտածել: Այսօրվա հասարակությունը զարգացման հսկայական պոտենցիալ ունի, բայց նույն այդ հասարակությունը կանգնել է բարու, գեղեցիկի, ճշմարիտի չափանիշների, ազգային ավանդույթների կորուստի առաջ: Եվ մենք արվեստի ուժով դրանք վերականգնելու փոխարեն հեռուստատեսությամբ մատուցում ենք աստված գիտե, թե ինչ: Գաղտնիք չէ, որ հասարակական լայն զանգվածների վրա ազդեցության ամենամեծ ուժը հենց հեռուստատեսությունն ունի: Ես երեք տարի՝ 1997-1999թթ., գեղագիտական կենտրոնի աշխատանքներին զուգահեռ՝ աշխատել եմ որպես «Երևան» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն: Այդ ընթացքում մշակութային տարբեր նախագծեր եմ իրականացրել, և իմ մտքով չէր էլ անցնում, որ երբևէ հեռուստատեսությամբ կցուցադրվեն այսպիսի սերիալներ: Վատն այն է, որ դրանք նկարահանողները և դրանցում նկարահանվողները այն ներկայացնում են որպես իրական կյանք: Դաժան, ագրեսիվ տեսարանների շարք, խաղատներ, շքեղ, հեշտ կյանքի պրոպագանդա. սա՞ է մեր իրական կյանքը, կրկնում եմ, այսպիսի՞ միջավայրում ենք ուզում, որ մեծանան մեր երեխաները: Այսօր «Տարոն» գեղագիտական կենտրոն են հաճախում հազարից ավելի երեխաներ: Մենք նրանց դեռ ամիսներ առաջ ենք հերթագրում, որպեսզի տեղ լինելուն պես ընգրկենք: Սա է իրական կյանքը: Պետք չէ խաթարել երեխաների, երիտասարդության հոգեբանությունը, բարոյական նկարագիրը արհեստական «կյանքերով»: Բարու, ճշմարիտի, գեղեցիկի սերմը երեխայի մեջ դրված է ի բնե, իսկ արվեստի ճանաչողությունը, զբաղվածությունը արվեստի այս կամ այն տեսակում նրա գեղագիտական դաստիարակությունն են ապահովում: «Տարոն» գեղագիտական կենտրոնում գործում են երեք դպրոցներ. պարարվեստի դպրոց՝ երեք բաժիններով, երաժշտական և գեղանկարչական դպրոցներ: Ուսուցումն իրականացվում է բազմակողմանիորեն մշակված ծրագրերով, որոնք համապատասխանում են պետական բուհերի համապատասխան բաժինների ընդունելության պահանջներին, ու պատահական չէ, որ մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի հաջողակ ուսանողների թվում շատ են հենց մեր կենտրոնի շրջանավարտները:
Մենք` մշակույթի գործիչներս, պետք է կարողանանք բարենպաստ պայմաններ ստեղծել ապագա սերնդի ճիշտ զարգացման ու կայացման համար: Այս ոլորտում ես հարուստ փորձ ունեմ ու շատ լավ եմ հասկանում խնդրի կարևորությունը: 1970 թ-ից աշխատել եմ երեխաների հետ դեռևս Շահումյանի շրջանի պիոներ պալատում, 1979 թ-ից աշխատել եմ որպես քաղաքապետարանի մշակույթի վարչության մշակույթի տների տնօրեն, ինչպես նաև աշխարհահռչակ, 35 տարվա պատմություն ունեցող «Սեբաստիա» պարային համույթի գեղարվեստական ղեկավարն եմ եղել: Այսօր էլ ղեկավարում եմ «Տարոն» գեղագիտական կենտրոնը: Ու մի բան գիտեմ. շատ է պետք աշխատել, մանավանդ երբ զբաղվում ես մանկավարժական գործունեությամբ, առավել ևս արվեստի ոլորտում, պետք է լավագույններից մեկը լինես:   Արվեստում այդպես չէ` սովորեցիր, սովորեցրիր, հասար ինչ-որ աստիճանի և վերջ՝ կարող ես կանգ առնել: Արվեստը կանգառ չունի. ինչքան աշխատում ես, այնքան նոր հաջողություններ, նվաճումներ, նոր ձեռքբերումներ ես ունենում, և նոր անելիքներ են բացվում: Այդ անելիքների համեմատ այսօր իմ գործունեության դաշտը շատ փոքր է: Ես շատ կցանկանայի «Տարոն» գեղագիտական կենտրոնի մասնաճյուղերը հիմնել Երևանում և մարզերում: Բայց մասնաճյուղ բացելու դեպքում ստիպված կլինենք աշխատել այլ հարկատեսակով՝ավելացված արժեքի հարկով: Օրենքում այդ հարցն էլ պետք է կարգավորել, այսինքն՝ տարբերել առևտուրը մշակութային գործունեությունից: Պետք է գիտակցել գեղագիտական ու հատկապես ազգային  դաստիարակության կարևոր դերը լավ մարդ, լավ մասնագետ, քաղաքացի ու ազգային ինքնագիտակցությունն արթուն պահող հայ կերտելու հարցում: Մեր  կենտրոնի սաները, ինչպես նաև «Սեբաստիա» պարային համույթը 30 տարիների ընթացքում մասնակցել են 42 միջազգային ֆոլկ փառատոնների և միշտ հաղթանակով վերադարձել: Մեր նպատակը մեկն է. եթե ոչ այսօրվա սերնդին ամբողջությամբ, գոնե մեր կենտրոն հաճախող երեխաներին, նրանց միջոցով էլ՝ նրանց բարեկամներին ու ընկերներին մոտեցնել ազգային արվեստի ակունքներին, ներկայացնել մեր հազարամյա մշակույթն իր պատմական ելևէջներով, սովորեցնել լավ հայերեն խոսելու նման նաև լավ հայերեն երգել, հայերեն պարել ու հայերեն նկարել: Պետք է գիտակցել, որ ազգապահպանությունը, ազգի ուժն ու զինվորը առաջին հերթին լեզուն ու մշակույթն են: Ծանոթ պետք է լինել տարբեր ազգերի արվեստին ու մշակույթին, բայց առաջնորդվել պետք է ազգային մշակույթի սկզբունքներով: Դա է  գենոֆոնդի պահպանման հիմնաքարը: Պատահական չէ նաև կենտրոնի «Տարոն» (որը դրվել է երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի խորհրդով) և համույթի «Սեբաստիա» անունների ընտրությունը: Դա ընդգծում է մեր գործունեության հիմնական առաքելությունը. մոռացվող ու կորուսյալ ազգային ակունքների վերհանում, պահպանում ու տարածում:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ