Հինգշաբթի, Հուլիս 27, 2017

 18:33

ԼՐԱՀՈՍ

Չեմպիոններ պատրաստելու ավանդույթներով

«Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ» (լատ. Citius, Altius, Fortius) օլիմպիական կարգախոսը չի կորցրել իր արդիականությունը: Այն շարունակում է արտահայտել մարդու մշտական ձգտումը դեպի հոգևոր ու ֆիզիկական կատարելություն, ներդաշնակ զարգացում, իրական գեղեցկություն: Այդ կարգախոսը նաև Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի գործունեությունը խթանող ազդակ է: Այս քոլեջը Հայաստանում օլիմպիզմի սկզբունքները տարածող, օլիմպիական դաստիարակությամբ զբաղվող և ապագա չեմպիոններ պատրաստող ուսումնամարզական միակ հաստատությունն է:   

Օլիմպիզմը նաև կենսաձև է, որի ընթացքում ձևավորում ու արմատավորում են նորմալ մարդուն հատուկ բազմաթիվ դրական որակներ՝ համարձակություն, դիմացկունություն, ճարպկություն, ազնվություն, ընկերասիրություն, ինչպես նաև կամքի ուժ, մտքի ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն:  Այն միավորում է սպորտն ու կրթությունը, սպորտն ու արվեստը` ներդաշնակ զարգացման մեջ ձևավորելով առողջ կենսակերպ: Այստեղ սպորտը դաստիարակիչ հզոր գործիք է դառնում, ստեղծում այնպիսի միջավայր, որտեղ գերիշխող են փոխըմբռնումը, առողջ մրցակցությունը և համերաշխ խաղը, որոնցում չկան հաղթողներ ու պարտվողներ: Հենց այդ միջավայրով է առանձնանում Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը:  Քոլեջի տնօրեն Արմեն Գաբրիելյանը նշում է. «Մեր խնդիրը միայն ֆիզիկական դաստիարակությունը չէ: Օլիմպիական կրթությունը նախ և առաջ ենթադրում է անձի ներդաշնակ զարգացում, մարզիկի մեջ սպորտային-հումանիստական մշակույթի ձևավորում: Այսինքն՝ մենք պարտավոր ենք այնպիսի պայմաններ ստեղծել մեր սաների համար, որոնք կնպաստեն ոչ միայն բարձրակարգ մարզիկ դառնալուն, այլ նաև ազգային ու համամարդկային արժեքների արմատավորմանը»: 

Քոլեջում  հիմնական և միջին մասնագիտական   ծրագրով ուսանում են մոտ 600 խոստումնալից մարզիկ-սաներ, որոնք անցել են մեր հանրապետության, Արցախի ու Ջավախքի մանկապատանեկան մարզադպրոցների բովով:

«Քոլեջ ընդունվում են այն դիմորդները, - հավաստում է Արմեն Գաբրիելյանը, - ովքեր մարզադպրոցներում անցել են մարզական որոշակի ուղի և ցանկանում են կատարելագործել իրենց մարզական հաջողությունները և դուրս գալ դեպի մեծ սպորտ: Մենք կարևորում ենք երկրի տարբեր տարածաշրջաններից խոստումնալից մարզիկների ընտրությունը: Այդ նպատակով քոլեջի մարզիկները, սերտ կապերի մեջ լինելով տեղում աշխատող մարզիչների հետ, աշխատում են կատարել ընտրություն՝ մարզումները և կրթությունը շարունակելու քոլեջում, քանի որ քոլեջն ունի սովորելու և մարզվելու համար անհրաժեշտ պայմաններ: Ավելին՝ հեռավոր վայրերից եկած մեր սաները ապրում են հանրակացարանում (180 ուսանող) սնվում են  պետական միջոցների հաշվին, hամապատասխանաբար մարզվում շուրջամյա՝ օրական երկու անգամ: Փաստորեն իր առաքելությամբ մեր քոլեջը հանրապետությունում եզակի մարզական կրթօջախներից է, որտեղ մեր մարզիկ սաները համատեղում են սպորտը և ուսումնառությունը:

Քոլեջի մասնագիտական կուրսերի բարձր առաջադիմություն ցուցաբերած և մարզական բարձր արդյունքների հասած շրջանավարտները  հարցազրույցի կարգով ուսումը շարունակում են Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2-րդ կուրսում: 

Այսպես. խիստ ռեժիմի, կարգապահության ու բարձր գաղափարա-քաղաքական  դաստիարակության մթնոլորտում մեր երկիրը  13 մարզաձևերից պատրաստում է  օլիմպիական աշխարհում  ներկայացնող պատանիների հերթափոխը: Քոլեջի  լավագույն ավանդույթների, մեր  չեմպիոնների, հմուտ ու գործիմաց մարզիչ-մանկավարժների օրինակով մեր սաներին հասանելի ենք դարձնում ազնիվ մրցակցության, հակառակորդի նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերելու և օլիմպիական այլ սկզբունքներն ու արժեքները»: 

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը գործում է 1971 թ.: Այս ընթացքում ունեցել է 6000-ից ավելի շրջանավարտներ, նրանց թվում օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ (Օ. Միրզոյան, Ա. Նազարյան, Ս. Էմիրզյան, Ա. Մկրտչյան, Խ. Հովհաննիսյան, Ա. Մելիքյան, Ա. Հակոբյանը, Ա. Գևորգյանը, Ա. Մարգարյանը, Գ. Մեջլումյանը, Վ. Գալուստյանը, Օ. Կլևցովը, Մ. Շաբոյանը, Մ. Կարապետյանը, Կ. Մնացականյանը, Ա. Վարդանյանը, Ա. Դանիելյանը, Հ. Խուրշուդյան, Ա. Ավարտակյան, Պ. Կիրակոսյան, Ա. Սահակյան, Է. Համբարձումյան, Ա. Բաղդատյան, Ա. Սիմոնյան, Ց. Անանյան, Է.    Դարբինյան, Վ. Եղիազարյան, Կ. Ասլանյան, Հ. Արությունով, Ն. Խաչատրյան, Ա. Պապիկյան, Մ. Մկրտչյան, Վ. Ֆրանգուլյան, Ա. Հովհաննիսյան և ուրիշներ): 2013 թ. քոլեջի սովորողները մասնակցել են աշխարհի, Եվրոպայի բոլոր տարիքային խմբերի առաջնություններին և գավաթներին, համաշխարհային ուսանողական խաղերին, ՀՀ առաջնություններին, միջազգային և հանրապետական մրցաշարերին և նվաճել 288 ոսկե, 230 արծաթե և 358 բրոնզե մեդալներ: Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջի այս հաջողությունները ճիշտ կազմակերպված աշխատանքի, արդյունավետ ուսումնական մեթոդիկայի և բարձրակարգ մարզչական-դասախոսական կազմի ընտրության, ինչպես նաև քոլեջին մշտապես օգնող վերադաս կազմակերպությունների՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ԿԳ նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի, մարզական կազմակերպությունների տևական ու սիստեմատիկ օգնության արդյունք են: Տարբեր տարիների քոլեջը ղեկավարել են ՀՀ վաստակավոր մարզիչ «Ժողովրդական բարեկամության» և «Պատվո նշան» շքանշանակիր Էդուարդ Գրիգորյանը և ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մանկավարժ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային օլիմպիական կոմիտեի շքանշանակիր, Մովսես Խորենացու մեդալակիր և պատվո նշանի շքանշանակիր, այսօր նաև Օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի խորհրդի նիստի նախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

 Քոլեջի մարզիչ-մանկավարժներից 26-ը ՀՀ վաստակավոր  մարզիչներ են: Հենց նրանք են` որպես ազգային և օլիմպիական արժեքների կրող, իրենց սաների կենտրոնական օրինակն ու չափորոշիչը ինչպես սպորտում այնպես էլ հայրենասիրության մեջ: Մարզիչներից շատերը մասնակցել են Արցախի ազատագրման գործին: Քոլեջի մարզիչներից ՀՀ վաստակավոր մարզիչ Արթուր Խաչատրյանը կազմակերպել է «Սուրմալու», իսկ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վահան Զատիկյանը «Մալաթիա» ջոկատները, որոնցում հավաքագրվել են նաև քոլեջի մարզիկները: «Իհարկե, որպես օլիմպիզմի սկզբունքների հետևորդ հաստատություն, մեր սաների դաստիարակության մեջ կարևոր տեղ է հատկացվում հումանիստական գաղափարներին, բարոյական բարձր արժեքներին: Բայց առաջնայինը եղել ու մնում են հայրենիքի ու հավատքի գաղափարները: Հաշվի առնելով մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը` հայրենիքի հանդեպ սերն ու այդ հայրենիքի ճանաչումը կազմում է մեր կրթության հիմնաքարերից մեկը: Երկրի համար պատասխանատվության զգացումը հենց այս տարիքից պետք է սերմանել»,-համոզված է Արմեն Գաբրիելյանը: Այդ նպատակով են իրականացվում ազգային բանակի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ քոլեջի մարզիկների պարբերական հանդիպումները, նախազինակոչային մարզական միջոցառումները: Սակայն լավ մարզիկ ու հայրենասեր լինելով` Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացնողը պետք է լինի նաև բազմակողմանի զարգացած մարդ: Օլիմպիական հերթափոխի քոլեջի սաների առօրյայի անբաժան մասն են կազմում մշտական այցելությունները Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր, գիտական օջախներ ու արվեստի կենտրոններ, նաև վանական համալիրներ: 

Անհատի ֆիզիկական ու հոգևոր կատարելագործում, լիարժեք, առողջ ու ակտիվ կենսակերպ, բարոյակամային բարձր որակների ձեռքբերում. օլիմպիական քոլեջում ինտեգրվում է այդ ամենը` հիմք ունենալով  հումանիզմի և հայրենիքի բարձր բարոյաէթիկական արժեքները: Սպորտը այդ բարձր արժեքները երիտասարդ սերնդի մեջ արմատավորելու անփոխարինելի միջոց է:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ