Ուրբաթ, Հուլիս 21, 2017

 10:38

ԼՐԱՀՈՍ

Կողոպուտ ՝ հաշվարկված , օրինական, կազմակերպված

Չգիտեմ՝ ինչպես բնորոշել՝ ծառայողական թափթփվածություն, թե՞ կազմակերպված թալան պետական մակարդակով: Բայց ինչպես էլ բնորոշենք, արդյունքը մեկն է՝ հեղինակազրկված պետություն, արժեզրկված հայրենիք: Եվ կարծես այս ամենը միտված է մեկ բանի՝ արտագաղթի: 

Հայաստանում ճանապարհային երթևեկության կազմակերպման տրագիկոմեդիան վատ պիեսի վատ սցենար կարող է լինել: Ամեն պայման ստեղծված է, որ դու խախտում անես, հետո վճարես, հետո այնքան վճարես, մինչև քեզ զգաս արդեն ոչ թե պարզապես տուգանք մուծող կարգազանց վարորդ, այլ՝ կազմակերպված թալանի զոհ: 

Մի կողմից արագաչափեր, տեսանկարահանող սարքեր, տեսանկատող ոստիկաններ, մյուս կողմից՝ ղեկի առջև նստած վարորդ: Անհավասար մարտի տեսարան կարելի է սա համարել, քանի որ առաջին 3-ը ամեն կերպ ջանում են վարորդից խախտում պոկել, իսկ վերջինս էլ ամեն կերպ փորձում է խուսափել ծուղակներից ու տուգանքներից: Այս կարծիքին չէինք լինի, եթե, օրինակ, մեր ճանապարհային երթևեկության կազմակերպիչներն առաջին հերթին ունենային կանխարգելիչ ու կարգավորիչ դերակատարում, ոչ թե սոսկ պատժիչ գործառույթ: Շատ հեռու չէ, հարևան Վրաստանում արդեն ձևավորվել է մի մթնոլորտ, որտեղ ճանապարհային ոստիկանի կերպարն ընկալվում է օգնություն հասնողի, աջակից լինողի իմաստով: Կարող եք հարցնել ցանկացածին, ով գոնե մեկ անգամ իր ավտոմեքենայով եղել է Վրաստանում: Նրանք կասեն ձեզ նույնը: Կամ ասենք Իտալիան, որի ճանապարհային ոստիկանությունն աշխարհում լավագույններից է և հայտնի է իր վարորդանպաստ և հետիոտնանպաստ ծառայությամբ: Իրենց կանոնադրության համաձայն՝ ճանապարհային ոստիկանի ամենից գլխավոր պարտականությունը վարորդին օգնելն է, ոչ թե պատժելը: Իսկ մեզ մոտ գլխավորը… արդեն ինքներդ գիտեք պատասխանը: Ակնհայտ է, որ մեզանում առաջին պլան է մղված տուգանելը, ամեն գնով խախտում հայտնաբերելը: Այլապես ինչպե՞ս կարելի է բացատրել օրինակ այն փաստը, որ փողոցի գծանշումների կարևորությունը երթևեկության լայն իմաստից փոքրացվել է մինչև խաչմերուկային նեղ իմաստի: Գծանշումները թարմացվում են միայն խաչմերուկների հատվածներում, կարծես թե խաչմերուկներից հետո կամ առաջ բացարձակ կարևոր չեն: Բայց եթե հաշվի ենք առնում, որ խաչմերուկի աջուձախ կողմերում տեսանկարահանող սարքեր կան, արդեն ցանկացած բանական արարած` հոմոսապիենս, սկսում է տրամաբանել, որ այդ գծանշումները թարմացվում են ոչ թե հանուն վարորդների, այլ հանուն տեսանկարահանող սարքերի, որպեսզի վերջիններիս համար լավ երևան խախտումները, այսպես ասած՝ հոծ գիծ տրորողները: Ու նորից գալիս ենք նույն մտքին, պահանջվում են խախտումներ, վաճառվում են տուգանքներ:

Անգամ տուգանքի նշանակումն ու գանձումն է շատ հաճախ իրականացվում օրենքների խախտումներով: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե օրենքի, այլ օրենքների խախտումներով: Ճանապարհային ոստիկանությունը (ՃՈ) իր հերթին է օրենք խախտում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱԿՀ)՝ իր: Նրանց արանքում մնում է դատարկված գրպաններով, արգելանք դրված բանկային հաշիվներով ՀՀ քաղաքացին՝ որպես հուսալքության աստիճանի տուգանվող հարկատու: Հասկանալու համար, թե մարդուն տուգանք նշանակելու և հարկադրաբար գանձելու պրոցեսը ինչպես ու ինչ խախտումներով է տեղի ունենում, դիմենք փաստաբան Վահե Հովսեփյանին, ով զբաղվում է ոտնահարված իրավունքներով քաղաքացիների շահերի պաշտպանությամբ: 

«Մինչև քաղաքացիների իրավունքի ոտնահարումը, օրենքներ են խախտվում,  ինչն էլ իր հերթին հանգեցնում էմ մարդու իրավունքի խախտմանը,- նկատել է տալիս Վահե Հովսեփյանը: - Ենթադրենք, մարդը բանկից իմանում է, որ իր հաշիվների վրա արգելանք է դրված՝ ԴԱՀԿ-ի ընդունած որոշման հիմքով: Գնում է հարկադիր, պարզվում է, որ ինչ-որ տուգանք է եղել, ՃՈ-ն ակտ է կազմել և ուղարկել ԴԱՀԿ: Բայց այդ ամենը տեղի չի ունեցել օրենքով սահմանված կարգով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88 հոդվածի 1-ին մասով ամրագրված է, որ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջները սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը, այդ ակտի մասին սույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նաև ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները և կատարման վերաբերյալ գրությունե: 

Իսկ ի՞նչ ասել է պատշաճ ծանուցում: Փաստաբանի պարզաբանմամբ՝  պատշաճ ծանուցում ասվածը նշանակում է կամ պիտի ակտը առձեռն հանձնեն հասցեատիրոջը, նա էլ կստորագրի, որ ստացել է, կամ նրան ուղարկեն փոստով՝ ստացման մասին հետադարձ ծանուցմամբ,  որը վերադառնում է ՃՈ՝ ի հավաստումն այն բանի, որ տվյալ ակտի հասցեատերը ստացել է նամակը: Դա համարվում է ապացույց ստացման մասին, քանի որ հասցեատերը ստորագրում է այն: Ակտը ուժի մեջ է մտնում  հասցեատիրոջ ստանալու հաջորդ օրվանից: Իսկ անբողոքարկելի դառնում է այն դեպքում, եթե ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում, տվյալ տուգանքի որոշումը չի բողոքարկվում: Բայց մեզ մոտ ՃՈ-ն ԴԱՀԿ-ին ուղարկում է տուգանքը բռնագանձելու մասին դիմում, որից բացակայում է ակտի հասցեատիրոջ ստորագրած ծանուցագիրը: Սա մեկ խախտում: ԴԱՀԿ-ն էլ իր հերթին շարունակում է օրինախախտումը՝ դարձյալ ի վնաս քաղաքացու: Այդ մարմինը փաստաթղթերի ոչ լիարժեքության պայմաններում հարուցում է կատարողական վարույթ և արգելանք դնում: Մինչդեռ, ըստ փաստաբան Հովսեփյանի, օրենքը պահանջում է, որ եթե հարկադիր կատարողը տեսնում է՝ հասցեատիրոջ ծանուցված լինելը ապացուցող ծանուցագիրը չկա, պիտի կարճի կատարողական վարույթը և հանի արգելանքը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն,- նշում է փաստաբանը,- հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե անբողոքարկելի վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին չեն համապատասխանում»:

Անգամ այն բանից հետո, երբ ԴԱՀԿ-ին նամակ է գրվում, որ, հարգելիներս, օրենքի պահանջներին հակառակ եք գործում, կարճեք վարույթը, պատասխանը լինում է մերժողական և ուղղորդում են դեպի ՃՈ: Նման պարագայում քաղաքացին իր իրավունքները պաշտպանելու համար, ինչպես նշում է Վահե Հովսեփյանը, կարող է վերադասության կարգով բողոք ներկայացնել նույն մարմնին՝ գլխավոր հարկադիր կատարողին: Բացասական արդյունքի դեպքում՝ դիմել վարչական դատարան:

Անկախ այս ամենից փաստաբան Հովսեփյանը կարևորում է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր մարդ նախևառաջ ինքը պիտի իր գործողություններով նպաստի, որ օրենքը գործի:

«Եթե մեկն իմ իրավունքը խախտում է, ու ես ձեռնամուխ չեմ լինում պաշտպանելու, նա անընդհատ կխախտի, ես էլ անընդհատ տուգանք կմուծեմ: Բայց եթե օրինակ, պատկերացրեք, մի քանի հազար հոգի դիմում-բողոք ներկայացնեին, ինչ կլիներ: Վարչական դատարանը մի քանի հազար հայց ստանալու դեպքում արդեն ստիպված կլիներ կարգի հրավիրել ԴԱՀԿ-ին: Վերջինս էլ՝ ՃՈ-ին: Իրոք, շատ կարևոր է, որ հասարակությունը բարձր իրավագիտակցություն ունենա»:

Շատ կարևոր մի իրողություն ևս. օրինապահ մարմինները պիտի նաև օրինակ ծառայեն իրենց կարգապահութամբ և օրինապահությամբ: Վարորդներին տուգանքներ նշանակող, գանձող  օրինապահ մարմինները (ՃՈ, ԴԱՀԿ) թե օրինապես, թե բարոյապես պարտավոր են հետևել օրենքի պահանջներին ու սահմանված կանոններին: Նրանց պետք է ասել, նրանց պետք է հասկացնել, որ հարգելի ոստիկան կամ հարկադիր կատարող, օրենքից բարձր կարող է լինել միայն նոր օրենքը, բայց ոչ երբեք դուք: 

ՀՀ քաղաքացին իր անարժեքությունը զգում է պետական մարմինների խտրական վերաբերմունքից: Չկա՞ ազդեցիկ զանգ, չկա՞ ազդեցիկ միջնորդություն, ուրեմն քո իսկ երկրում դու անօգնական ես, ինչպես, ասենք, կարող էիր լինել օտարության մեջ: Չնայած երբեմն օտարության մեջ ապրող հայն օրենքով շատ ավելի պաշտպանված է, քան՝ սեփական հայրենիքում: 

ՀՀ քաղաքացին իր անարժեքությունը զգում է գրեթե ամենուր՝ դատարաններում, հիվանդանոցներում, տարբեր գերատեսչություններում: Նա չի զգում իրեն որպես գերագույն արժեք, չի զգում իրեն երկրի տեր, որովհետև գրեթե ամենուր նրա համար նյութական ու տեխնիկական անհարմարություններ են ստեղծված: Կարծեք ամեն ինչ կազմակերպված է՝ ի վնաս քաղաքացու և ի օգուտ իշխանությունների ու նրանց մերձավոր շրջապատի: Գուցե սրանում քաղաքացու մեղքն էլ կա, նրա համբերության, նրա համակերպվածության հետևանքն է, բայց դա այլ զրույցի թեմա է:  

Այս ամենի արդյունքում մեծ հաշվով ու վերջին հաշվով հեղինակազրկվում է պետությունը իր քաղաքացու աչքում ու սրտում: Պետականաշինությունը այլևս չի դառնում այդ քաղաքացու գործունեության մոտիվացիան: Նա արդեն ստիպված է լինում հացի խնդիր լուծել ու արդարություն փնտրել: Պետությունը կորցնում է իր քաղաքացիների սիրո և վստահության պաշարը, պետությունը դառնում է սոսկ քաղաքագիտական տերմին, որի մեջ այլևս չի լինում քաղաքացիների դրած հոգին: Վերոնշյալում «պետություն» բառը փոխարինեք «Հայաստան» բառով ու կտեսնեք, որ խոսքը հենց մեր երկրի մասին է:

 

«Երևակ» ամսագիր

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ