Ուրբաթ, Նոյեմբեր 17, 2017

 23:49

ԼՐԱՀՈՍ

Արդարադատության գնահատականը տարիների փորձով

Հայաստանում վերջին տարիներին իրականացվում է դատաիրավական բարեփոխումների ծրագիրը: Ի՞նչ է այն տալիս այս ոլորտին ու հասարակությանը, արդյո՞ք դրանց իրականացման արդյունքը կլինեն միայն նորոգված շենքեր, ներքին կառուցվածքային փոփոխություններ, թե՞ նաև հասարակության վերաբերմունքի փոփոխություն այս համակարգի ու դրա աշխատակիցների նկատմամբ: Արդարադատության համակարգի խնդիրների ու զարգացման ճանապարհների մասին խոսել ենք LEGITIMUS իրավաբանական գրասենյակի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Սահակյանի հետ:


-Պարոն Սահակյան, ավելի քան 30 տարի արդարադատության համակարգում եք: Աշխատելով այս համակարգի գրեթե բոլոր օղակներում՝ թերևս կարող եք օբյեկտիվ գնահատական տալ: Արդարադատությունը Հայաստանում ի՞նչ մակարդակի վրա է: 

 -Գուցե խոսքս շատերի համար լավ չհնչի, սակայն, իմ խորին համոզմամբ, դատական համակարգն իր ամբողջ թերություններով ամենաբաց, ամենաթափանցիկ ու ամենապետական մարմինն է: Խոչընդոտներ շատ կան, դա ոչ ոք չի թաքցնում, խնդիրներ՝ ևս: Սակայն արդարադատություն մեր երկրում կա: Այլ բան է հասարակության ընկալումը, արդարադատության իրականացման արդյունքի ընկալումը: Իմ բազմամյա աշխատանքային փորձի ընթացքում մի օրինաչափություն եմ հստակեցրել: Թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական ոլորտում աշխատելիս երբեք չեմ տեսել մի դեպք, երբ դատապարտյալի հարազատն ընդունի, որ դատավճիռը կամ վճիռը ճիշտ էր, նույնիսկ ամենաակնհայտ դեպքերում: Դատավարությունից հետո միշտ մի կողմը դժգոհ է դատական ատյանից, իսկ դա նշանակում է, որ տոկոսային առումով դատարան դիմած գործերի գրեթե բացարձակ ճշգրտությամբ 50 տոկոսը դժգոհ է դատարանից. այստեղից էլ գալիս է գնահատման հարցը՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ:

-Մենք վերջին տարիներին ականատես ենք լինում դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Սակայն, այդուհանդերձ, հասարակության վերաբերմունքը դեռևս վերականգնված չէ այս ոլորտի ու նրա աշխատակիցների հանդեպ: Իրականում ի՞նչ են տալիս համակարգին այդ փոփոխությունները: 

-Առանց բարեփոխումների անհնար կլինի անցնել այն ճանապարհը, որն անցնում ենք հիմա: Սակայն այն, որ այդ բարեփոխումների ծրագրում նաև արհեստական երևույթներ ու կրկնօրինակումներ կային, ևս ակնհայտ էր: Բարեփոխումների այն փուլը, որի ընթացքում դատավարություններն ավելի թափանցիկ դարձան, տեղեկատվությունը դարձավ ավելի մատչելի, իհարկե, շատ գնահատելի է: Դատաքննությունները բաց են, ընթանում են դռնբաց նիստերով, նաև կա էլեկտրոնային «Դատալեքս» համակարգը, որի միջոցով 5 րոպեի ընթացքում կարող ես ցանկացած գործի մասին տեղյալ լինել: Վստահեցնում եմ՝ չկա մի ոլորտ, որ այդքան թափանցիկ լինի: Բոլորը քարկոծում են արդարադատությանը: Մոդայիկ բառ է դարձել, անընդհատ ասում են՝ կոռուպցիա կա: Իսկ ես ձեզ ասում եմ՝ այստեղ կոռուպցիա չկա: Կան կաշառակերության դեպքեր, ինչը դեռևս կոռուպցիա չէ: Ցավով եմ ասում, որ կան այդպիսի դեպքեր: Ասեմ ավելին, դատարանը միակ մարմինն է, որտեղ կոռուպցիա կոչվող հանցատեսակը չկա: 

-Նաև դատավորների աշխատավարձերն ավելացան… 

-Շատ կարևոր հարց է: Առանց վարձատրելու 3-րդ իշխանության աշխատակցին՝ պետությունը չի կարող ստանալ իր ուզածը՝ իսկապես արդար համակարգ: Պետությունը պետք է լավ վճարի դատավորին: Եթե պետությունը չվճարեց, միշտ էլ վճարողներ կգտնվեն, կլինեն նաև վերցնողներ: Եթե դատավորը ստանա պատկառելի աշխատավարձ, նա չի վտանգի իր աշխատանքը, իսկ քաղաքացին վստահ կլինի, որ իր ցանկացած վեճ դատարանում լուծվելու է արդար: Եվ ես չէ, որ դա ասում եմ. Մխիթար Գոշն էր գրում «Դատաստանագրքում». «Եվ արդ, նախ այն մասին խոսենք, որ պարտավորություն է, որ դատավորները գովեստ ու պարգևներ ստանան թագավորից, որպեսզի չլինի թե ձանձրանան դատ վարելուց, նույնը լինի եկեղեցու դատավորների համար, որ են եպիսկոպոսները. նրանք մեծամեծ պարգևներ ստանան կաթողիկոսից, և լիությամբ, որպեսզի չլինի թե աղքատության պատճառով Աստծո ուղիղ դատաստանը թյուրեն»:

- Արդարադատության կայացմանը խանգարող ի՞նչ այլ հանգամանքեր կան:

 -Հաջորդ խնդիրը «փոքր երկրի» խնդիրն է: Որտեղ շրջվես, հարազատ-բարեկամ-հարևան-ընկեր են: Երկար տարիներ իմ սկզբունքը եղել է մեկը՝ դատավորը պետք է կարողանա ասել «ոչ»: Այլապես նա իրավունք չունի աշխատելու: Կան նաև լուրջ սուբյեկտիվ պատճառներ, հանգամանքներ, որոնք վարկաբեկում են այս համակարգը: Ու ստացվում է այնպես, որ բոլորը քարկոծում են ոլորտը, մինչդեռ դրանով հարցերը չես լուծի: 

-Իսկ ի՞նչ քայլեր եք առաջարկում այս ճանապարհին: Ի՞նչն է պակասում համակարգում: 

-Հարցերի լուծման բանալին միայն այս համակարգում չէ: Պետք է փոփոխությունները լինեն շղթայական՝ մարդկանց հոգեբանությունում, մտածելակերպում, բոլոր ոլորտներում: Խնդիրը միայն դատարանները չեն: Միայն դատական համակարգով ոչինչ չի փոխվի: Զարգացման մի ամբողջ օղակ է դա՝ սկսած գործարարից, որ մաքսակետում հրաժարվում է տուրքերից, տնտեսության զարգացումից, մարդկանց հոգեբանությունից: Ամեն մեկն իր աշխատանքը պետք է լավ կատարի ու իր տեղում լինի: 

-Դատարանների անկախությունն ինչպե՞ս եք գնահատում:

-Անկախությունը հոգեվիճակ է: Ես միշտ անկախ եմ եղել: 

-Իսկ դատարանը՝ որպես կառույց, իսկապե՞ս անկախ է: Չէ՞ որ դատավորները նշանակովի են: 

-Իրականում մեր երկրում չկա մի պաշտոնյա, պետական գործիչ, օլիգարխ, որ գա ու ասի՝ այս դատարանն իմն է ու ինչպես ցանկանամ, այնպես էլ կանեմ առանց որևէ խնդրի: Չկա այնպիսի մի անձ, որ ասի, թե իր համար դատարանում «խնդիր չկա»: Այդպիսի անձ չկա ու չի կարող լինել: Երբ ես ասում եմ, որ դատավորը պետք է կարողանա ոչ ասել, դրան պետք է ավելացնել նաև այն, որ դատավորը չպետք է ստրուկ լինի: Ինչ օրենք ուզում ես գրի, եթե նա ստրկամիտ է, անկախ լինել չի կարող: Ես դատավոր եմ եղել բոլոր ատյաններում՝ առաջինից մինչև վերաքննիչ, վերջինում՝ բավականին երկար տարիներ: Ու արդեն այդ ամենին այլ աչքով նայելով՝ կարող եմ հանգիստ խղճով ասել, որ որևէ մարմին կամ պաշտոնյա ինձ վրա ազդեցություն չի ունեցել: Չեմ հերքում՝ դժվար է պահպանել անկախությունը, հնարավոր է՝ ինչ-որ կամայականություն փորձեն թելադրել, սակայն չպիտի ընկնել ազդեցության տակ: 

-Պրակտիկ դատավորից իրավաբանական գրասենյակի ղեկավար: Հիմա կարելի է ասել համակարգի այլ թևում եք, այստեղ խնդիրները որո՞նք են: 

- Երկար տարիներ որպես դատավոր պաշտոնավարման ընթացքում գնահատում էի և, ըստ էության, եզրակացություն էի տալիս (վճիռ, դատավճիռ) դատավարության կողմերի ներկայացրած փաստերին և ապացույցներին: Այժմ որպես դատավարության կողմ փորձում եմ ներկայացնել հիմնավոր և անառարկելի փաստարկներ ու ապացույցներ, որոնք կհիմնավորեն մեր ներկայացրած դիրքորոշումը իրավական խնդիրներում: Որ թևում էլ որ լինի, իրականացվում է գործընթաց, որը կոչվում է արդարադատություն: Այժմ իմ գործունեության ոլորտը ևս ունի իր խնդիրները, որոնց բազմաթիվ անդրադարձեր են եղել, այդ թվում` ՀՀ փաստաբանների պալատի նախագահի և մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր հայտնի զեկույցում: Ցավոք, կան անբարեխիղճ, անազնիվ, խարդախ, «միջնորդ» փաստաբաններ ևս, որպիսիք չարիք են արդարադատության համակարգի համար, և որոնցից որքան շուտ ազատվենք, այնքան հաստատուն քայլերով կառողջանա արդարադատությունը:

 -Ի՞նչը ստիպեց Ձեզ նման փոփոխություն կատարել գործում: Հիմնադրել եք Legitimus իրավաբանական գրասենյակը, զբաղվում եք այլ աշխատանքով: Գրասենյակն այսօր ինչ տեղ ունի գրասենյակների բազմազանության մեջ, և արդյո՞ք դժվար չէ մրցակցությանը դիմակայել: 

«Legitimus»-ը իրավաբանական նոր գրասենյակ է, սակայն կարողացել ենք ապահովել մեր կայուն դիրքը: Իրականացնում ենք իրավաբանական լայնածավալ ծառայություններ: Աշխատում ենք լուրջ պրոֆեսիոնալների թիմով: Թեև մեր կազմակերպությունը դեռ երկար կյանք չունի, սակայն բավականին լուրջ գործեր ունենք վարույթում, ու դրանք ավարտին ենք հասցնում պատվով: Իմ երկար տարիների փորձն է նաև ինձ օգնել գրասենյակի շուրջ համախմբել միայն պրոֆեսիոնալների, որոնցից յուրաքանչյուրն իր մասով լավագույններից է հանրապետությունում: Հենց սա է գրավականը, որ մենք գործերը ավարտում ենք լուրջ հաջողություններով: Ուստի մրցակցության խնդիր ես չեմ տեսնում: Նորից գալիս ենք այն փաստին, որ ամեն մեկն իր աշխատանքը պետք է լավ կատարի:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ