Կիրակի, Սեպտեմբեր 24, 2017

 05:27

ԼՐԱՀՈՍ

Աուդիտը ֆինանսական կառավարման անփոխարինելի գործիք

Շուկայական հարաբերությունների զարգացումը, հարկային նոր համակարգի և նոր ֆինանսական շուկայի ձևավորումը, արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը մեծացրին տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական դրության օբյեկտիվ և վստահելի գնահատման անհրաժեշտությունը: Ու 1990-ական թթ. վերջերին Հայաստան ներմուծվեց մի երևույթ, որը կոչվում  էր աուդիտ: Իսկ ի՞նչ զարգացում ստացավ այս երևույթը մեր երկրում, ինչ «ազգային գունավորումներ» ստացավ, ու որքանով է կարևորվում անաչառ աուդիտի զարգացումը: Պարզաբանում է մասնագետը. «ԱՅ-ԷՖ-ՓԻ» աուդիտորական ընկերության համահիմնադիր  Աշոտ Բարսեղյան:

Պարտադիր աուդիտի հայկական պաստառը

 Աուդիտը անկախ հավաստիացման և խորհրդատվական վերահսկողական գործառույթ է, որն իրական պատկերացում է տալիս կազմակերպության ֆինանսական ցուցանիշների մասին, օգնում կառավարել ռիսկերը, համակարգել ու օբյեկտիվ գնահատել գործունեությունն ու արդյունքը: Դրա անհրաժեշտությունն ի հայտ է եկել դրամական հարաբերությունների և ապրանքափոխանակման առաջացմանը և զարգացմանը զուգահեռ. Չինաստանում հայտնի է եղել դեռ մեր թվարկությունից առաջ, Եվրոպա ներմուծվել է միջնադարում:  Հայաստանում աուդիտորական գործունեություն սկսել է վարվել 1990-ականների վերջերից` օրենսդրական կարգավորում ստանալուց հետո: Սակայն աուդիտորական գործը սկսեց «ծաղկել» 2009 թվականից, երբ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվեց պարտադիր աուդիտի շրջանակը, և մեկ միլիարդ դրամ հասույթը գերազանցող ընկերությունները (361 ընկերություն), ֆինանսական հաստատությունները պարտավորվեցին իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ միասին: Սակայն հայաստանյան իրականության մեջ պարտադիր աուդիտ իրականացնողները հայտնվեցին երկու քարի արանքում. կա՛մ պետք է դրական, բայց ոչ հավաստի եզրակացություն տային, կա՛մ հայտնվեին հարվածի տակ: Ու պարտադիր աուդիտի և շուկայի անհամապատասխանությունն էլ հանգեցրեց անորակ աուդիտների հոսքին: Ճիշտ է` մյուս կողմից էլ այդ օրենքը նպաստեց աուդիտորական գործունեության ընդլայնմանը և մեծացրեց եկամուտների հոսքը դեպի աուդիտորական ընկերությունները: Իսկ պարտադիր աուդիտի պահանջը հանելու դեպքում կամավոր աուդիտի կդիմեն հաշված ընկերություններ, և աուդիտորական շատ ընկերություններ պարզապես կփակվեն, շատ մասնագետներ կարտագաղթեն: Օրինակ` եթե ԱՊՊԱ-ն կամավոր լիներ, քանի՞սը կդիմեին: Այնինչ դրա անհրաժեշտությունն ու օգտակարությունը ակնհայտ են: Նույնն է աուդիտի դեպքում: Թեև իհարկե, ճիշտ է կամավոր սկզբունքը, որպեսզի գիտակցվի աուդիտ անցկացնելու անհրաժեշտությունն ու կարևորությունը: 

Այնինչ, մեր տնտեսվարողների հիմնական մասը չի գիտակցում աուդիտի կարևորությունը ընկերության արդյունավետ կառավարման ու ֆինանսական շրջանառության կառավարման հարցում: Իսկ ֆինանսական շուկան զարգացնելու և ավելի թափանցիկ դարձնելու համար, նաև կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարում աուդիտը անփոխարինելի գործիք և լրացուցիչ օղակ է: 

Կամավոր աուդիտի առավելությունները

Արևմուտքի երկրներում կամավոր աուդիտորական ստուգումները լայն տարածում ունեն: Կոմերցիոն կազմակերպությունների ղեկավարները պարբերաբար նման ստուգումներ են պատվիրում, քանի որ աուդիտորական դրական եզրակացությունը բարձրացնում է ընկերության վարկանիշն ու մրցունակությունը: Հայաստանի շուկան «եվրոպականացման ճանապարհին» է, ու թե երբ կարմատավորվի աուդիտորական մշակույթը, և երբ այս ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը կկայունանա, հայտնի չէ: Այնինչ աուդիտորական գործունեության զարգացումը նպաստավոր է մի շարք առումներով: Աուդիտի թիրախում այն սխալների հայտնաբերումն է, որոնք կարող են հանգեցնել թե՛ ֆինանսական, թե՛ հարկային մեծ արտահոսքերի: Այն արդյունավետ գործիք է բիզնեսի կառավարման ու վերահսկման գործում, խթանում է կազմակերպությունների ֆինանսական տեղեկատվության արժանահավատությունը: Մեր ընկերության առանցքային աշխատակազմը աշխատել է միջազգային աուդիտորական ընկերությունում, և «ԱՅ-ԷՖ-ՓԻ»-ի աշխատանքային սկզբունքները հիմնվում են համապատասխան չափանիշների ու պահանջների վրա: Պահանջներն են` անհատական մոտեցում, պրոֆեսիոնալիզմ և անկախություն: Դրանք օգնում են ճիշտ գնահատել ռիսկերը` հաշվի առնելով Ձեր բիզնեսի ոլորտը և կարգավորման վերջին ստանդարտները: Հաճախորդի ընտրության հարցում էլ սկզբունք ունենք. նա պետք է համապատասխանի որոշ պահանջներին: Աուդիտորական ընկերության համար կարևոր է բարձր վարկանիշը, որ նրա տված եզրակացությունն էլ արժեք ունենա և հավաստի ու վստահելի լինի: Եթե բոլոր աուդիտորական ընկերությունները առաջնորդվեն այդ սկզբունքներով և օրենքում էլ համապատասխան շտկումներ լինեն, աուդիտը կվերածվի ֆինանսական ոլորտի կառավարման ու հսկողության լրջագույն գործիքի:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ