Կիրակի, Սեպտեմբեր 24, 2017

 05:26

ԼՐԱՀՈՍ

Գրավիչ բիզնես միջավայր աուդիտի շնորհիվ

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում  այս տարվա փոփոխության համաձայն վերացվեց խոշոր կազմակերպությունների (որոնց ակտիվները կամ տարեկան շրջանառությունը գերազանցում են մեկ միլիարդը) ֆինանսական հաշվետվությունները պարտադիր աուդիտի ենթարկելու պահանջը: Ի՞նչ է փոխում օրենքի այդ մի կետը ամբողջ համակարգում, ինչպե՞ս է ազդում տնտեսության զարգացման ընթացքի վրա, պարզաբանում է մասնագետը` «Թրասթ աուդիտ» ընկերության ղեկավար Հայկ Մարգարյանը:

-Որքանո՞վ է կարևոր աուդիտը բիզնեսի և տնտեսության զարգացման համար: 

-1998 թվականից տեղական ու դոնոր կազմակերպությունների հսկայական ռեսուրսներ, ժամանակ ու գումարներ ծախսվեցին Հայաստանում հաշվապահական հաշվառման և աուդիտորական համակարգի կայացման ու զարգացման ուղղությամբ, իսկ 2009 թ. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվեց աուդիտի շրջանակը, և մեկ միլիարդ դրամ և ավելի հասույթ կամ ակտիվներ ունեցող ընկերությունները (շուրջ 930 ընկերություն) պարտավորվեցին իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ միասին: Աուդիտի կայացումը նախ կարևորվում է նրանով, որ Հայաստանում ստեղծվում է արտաքին ներդրողի համար գրավիչ բիզնես միջավայր, որտեղ ֆինանսական հաշվետվությունները կազմված են միջազգային մեկ լեզվով ու նույն ստանդարտներով, որոնք հասկանալի են ցանկացած օտարերկրացի գործարարի համար: Աուդիտի շնորհիվ բարելավվում է ֆինանսական հաշվառման որակը, այն սկսում է համապատասխանել միջազգային չափանիշներին և նպաստում Հայաստանի տնտեսական ինտեգրմանը աշխարհին: Այդ կարճ ժամանակամիջոցում այստեղ նաև բարձրակարգ մասնագետներ պատրաստվեցին: Ի դեպ, աուդիտի որակով ԱՊՀ երկրներում Հայաստանը սկսեց առաջատար դիրք գրավել: Բացի այդ աուդիտորական պարբերական ստուգումները և բարձրակարգ մասնագետների հետ աշխատանքը նպաստեցին հաշվապահների մասնագիտական աճին ու կատարելագործմանը: Բայց այսօր այս դրական գործընթացը, ցավոք, կասեցվեց: 

-Ինչու՞, չէ՞ որ ընդամենը օրենքով հանվել է խոշոր կազմակերպությունների հանդեպ պարտադիր աուդիտի պահանջը, աուդիտը, որպես այդպիսին մնում է և շարունակում գործել:

-Այո՛: Մի կողմից թվում է` այս մի քանի տարվա ընթացքում պարտադիր աուդիտ անցած խոշոր ընկերությունները պիտի գիտակցած լինեին աուդիտի կարևորությունը և  այսուհետ այն կամավոր պատվիրեին, և օրենքում փոփոխությունը չպետք է ազդեր աուդիտի իրականացման ծավալների վրա, բայց մյուս կողմից էլ շարունակում է գերակշռող մնալ այն կարծիքը, թե աուդիտը կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները ստուգելու և «սխալներ բռնելու» ծառայություն է: Այնպես որ, կամավոր աուդիտի կդիմեն շատ քիչ թվով կազմակերպություններ: Այնինչ, եթե կառավարությունում խոսում են ստվերը կրճատելու մասին, հայտնի է, որ դրա ճանապարհներից մեկն էլ աուդիտն է, համենայն դեպս պարտադիր աուդիտը գոնե չէր խթանում ստվերը: Թե՛ պետության, թե՛ կազմակերպությունների համար աուդիտը շահեկան էր նրանով, որ հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին համապատասխան համակարգ էր ներդրվում, և աուդիտ անցած ֆինանսական հաշվետվությունները արտաքին ներդրողների համար ավելի բարձր հավաստիացման մակարդակ էին ապահովում: Իհարկե կան ընկերություններ, որոնք գիտակցում են  աուդիտի կարևորությունը և կամավոր դիմում են, բայց կան ընկերություններ, որոնց համար իրենց տետրերում արված գրառումներն ավելի կարևոր են, քան աուդիտը: 

-Առաջին խումբը քանի՞ տոկոս է կազմում, երկրորդը` քանի՞:

Հիմնականում միջազգային ներդրումներով կազմակերպություններն են կամավոր աուդիտ պատվիրում: Շատ քիչ դեպքերում դիմում են նաև մեր գործարարները, այն էլ, երբ հիմնադիրների միջև վեճեր են ծագում, ու փորձում են հասկանալ, թե ինչ ունեն և ինչ չունեն: Ինչպես մեր ընկերությունը, այնպես էլ աուդիտորական շատ ընկերություններ, հաճախորդների հետ համագործակցելիս առաջնորդվում ենք  այն սկզբունքով, որ ֆինանսական ցուցանիշների հավաստիությունը ստուգելուց բացի օգնենք տվյալ կազմակերպությանը խուսափել տարբեր սխալներից և ժամանակին շտկել դրանք: Մեր ընկերության աուդիտորները նպատակ չեն հետապնդում մեղադրել հաճախորդ կազմակերպություններին թույլ տրված սխալների համար, այլ օգնում են հայտնաբերել դրանք, նվազեցնել հարկային ռիսկերը, ինչպես նաև նախապատրաստվել հարկային ստուգմանը: Որակավորված աուդիտորի կամ խորհրդատուի հետ շփումը «Թրասթ Աուդիտը» դիտարկում է որպես հաճախորդ ընկերության ֆինանսական աշխատակիցների որակավորման բարձրացման լրացուցիչ միջոց:

-Ի՞նչ խոչընդոտների են հանդիպում աուդիտորական ընկերությունները:

-Աուդիտորական ընկերությունները խստորեն առաջնորդվում են աուդիտի ստանդարտներով: Դրանք խիստ են, շատ մանրամասն նկարագրված, լավ կարգավորում են ոլորտը, մնում է միայն հետևել դրանց, և ցանկացած խնդիր հաղթահարելի կդառնա: Չնայած ժամանակի ընթացքում բիզնեսի շատ օրենքներ փոփոխվել են, սակայն հիմքը նույնն է մնացել: Ներդրողների սպասելիքների արդարացումը պայմանավորված է ազնիվ, ճշգրիտ և ամբողջական ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելով: Մեր ոլորտում կա «պատվիրատուի հաստատում» հասկացությունը, չհաստատված պատվիրատուներին աուդիտորական ծառայություններ չենք մատուցում: Կա հարցաշար, որի համաձայն տեղեկություններ ենք հավաքում հնարավոր պատվիրատուի և նրա գործունեության մասին: Այդ ընթացքում արդեն փորձում ենք հասկանալ մեր համագործակցության ընթացքում խոչընդոտներ հնարավոր են, թե ոչ: Ու եթե պատվիրատուն հաստատվել է, հետագայում հիմնականում խնդիրներ չեն ծագում: 

-Ամփոփենք.  ի՞նչ բացասական հետևանքներ ունեցավ ու դեռ կունենա պարտադիր աուդիտի պահանջի վերացումը : 

-Նախ` կազմակերպություններում հաշվապահական հաշվառման, ներքին վերահսկողության համակարգերի և միջազգային ստանդարտներին համապատասխանող ֆինանսական հաշվետվությունների պատրաստման տեսակետից կսկսի առկա մակարդակի հետընթաց, կընկնի ընդհանուր հաշվետվողականության մակարդակը, կաճի հաշվառման և ֆինանսական տեղեկատվության ներկայացման խեղաթյուրումների ռիսկը, որոնք բացասական կազդեն բիզնեսի կառավարման արդյունավետության, պետական վերահսկողության վրա, նաև կկասեցնեն արտաքին շահագրգիռ կողմերի` ներդրողների  մուտքը հայկական շուկա` ի վնաս մեր տնտեսության և պետական բյուջեի: 

Երևակ ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ