Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

 13:06

ԼՐԱՀՈՍ

Գլոբալ տեղաշարժեր. տարածաշրջան. Ստեփան Գրիգորյան

Շատերի կարծիքով Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առաջացած բարդությունները սկսվել են վերջին ժամանակներս, բայց ես կասեի, որ դրանք ավելի վաղ շրջանից են գալիս՝ 2007 թվականից: Այդ ժամանակ Մյունխենում գումարված անվտանգության ֆորումում Պուտինն իր ելույթում առաջին անգամ հնչեցրեց, որ ՆԱՏՕ-ն իրենց համար վտանգավոր կազմակերպություն է: Ռուսաստանը կասեցրեց իր անդամակցությունը եվրոպական սովորական սպառազինության մասին պայմանագրին: Շատերի համար գուցե դա աննկատ անցավ, բայց փորձագիտական շրջանակները շատ լավ հասկացան, թե դա ինչ է նշանակում, երբ ՌԴ-ն կասեցնում իր անդամակցությունը նման կարևորության զսպիչ մեխանիզմում: Օրինակ՝ հենց այդ պայմանագրի համաձայն հարավկովկասյան 3 հանրապետությունները ստանձնեցին պարտավորություն՝ չունենալ ասենք 200 տանկից ավելի կամ 200 կործանիչից ավելի: Այսինքն՝ այդ ակնհայտ կասեցումը ցույց էր տալիս, որ ՌԴ-ն ուզում է ավելացնել իր զինուժը եվրոպական ուղղությամբ կամ թեկուզ Կովկասի ուղղությամբ: Հիմա ուղղակի 2007-ից սկսված բարդությունների զարգացումն է տեղի ունենում: Ինչո՞ւ Պուտինը նման բարդացման գնաց: Ըստ իս՝ դա կապված է ներքին քաղաքականության հետ: Պուտինն ուզում էր երկարեցնել իր պաշտոնավարումը, բայց դա շատ դժվար է ժողովրդավարական համակարգի դեպքում, քանի որ անպայման համակարգը պահանջում է նոր ընտրություններ, թարմացում և այլն: Այսինքն՝ եթե ուզում ես պահել իշխանությունը, անցնում ես կոշտ ավտորիտարիզմին, նույնիսկ չեմ խոսում տոտալիտարիզմի մասին, անհրաժեշտ է սահմանափակումներ մտցնել, արտաքին թշնամի գտնել: Դա դասական է ուղի է: Պուտինը հենց այդ ճանապարհով գնաց՝ պահելու համար իշխանությունը: Մանավանդ որ ռուս հասարակության մեջ բավական ուժեղ է հակաամերիկանիզմը և հակաեվրոպականությունը: Քանի որ Ռուսաստանի տնտեսությունը կոռումպացված է, ժամանակակից չէ,  գիտությունը հետամնաց է, պարզ է, որ Պուտինը արտաքին թշնամի պետք է գտներ: Իշխանությունը մոնոպոլիզացնելու և հավերժ պահելու համար արտաքին թշնամիներ գտնելու, դավադրության տեսություններ տարածելու նույն այդ քայլերը նկատում ենք նաև Հիտլերի իշխանության տարիներին՝ մինչև 2-րդ աշխարհամարտը: Եվ այդ տեսանկյունից շատ մտահոգիչ է, որ Ռուսաստանը այդ գիծը բռնեց: 

Ռուսաստանը մերժեց ԵԱՀԿ-ի շրջանակներում ռազմական ինսպեկցիաները, որի նկատմամբ բոլոր երկրներն ունեն պարտավորություններ: Ռուսաստանն այդ ամենը բացատրում է իր ընկալումներով, թե Արևմուտքն իրենից ուզում է անջատել Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը, Կովկասը: Բայց ես համարում եմ, որ աշխարհում մրցակցություն է: Դու ներկայացրու զարգացման ավելի լավ մոդել, քո հետևից կգնան, նորմալ է դա: Հիմա ռուսներն ասում են՝ չէ, դա մեր ազդեցության գոտին է, դուք մտել եք այնտեղ, դրա համար ձեզ ճնշում ենք: Բայց մտահոգիչը այն է, որ երկու քաղաքակրթություններն իրար դեմ պայքարելով՝ վերջին հաշվով թուլացնում են իրար: Պարզ է, որ արանքում օգտվում են քաղաքական, կրոնական ծայրահեղական խմբերը: ՌԴ-ն և Արևմուտքն իրար դեմ են ուղղում իրենց ուժերն ու հնարավորությունները, արդյունքում ուժեղանում են այլ խաղացողները: Իսկ դրանք ովքե՞ր են. Չինաստանը, որը, չեմ կարծում, որպես երկիր վտանգավոր է, բայց կան ուրիշ խաղացողներ, օրինակ՝ ԻՊ, Թալիբան, կամ այլ ծայրահեղական խմբեր: Այդ հակամարտությունը դժբախտաբար խորանում է:

Հայաստանը 2 խոշոր խաղացողների այդ դիմակայության հետևանքով կորցնում է մանևրելու հնարավորությունը նրանց միջև: Երբ երկու կողմերը հակամարտում են, քո առաջ խնդիր են դնում՝ կամ մեզ հետ ես, կամ չէ: Օրինակ, այն, որ ՀՀ-ն չստորագրեց ասոցացման պայմանագիրը, հենց այդ խնդիրն էր, «կամ-կամ »-ի հարց դրվեց: Ու քանի որ ԵՄ-ն չէր լուծում մեր ռազմական անվտանգության հարցը, մերոնք հրաժարվեցին ստորագրել ու գնացին դեպի Եվրասիական միություն: Բայց դա ապագա չէ մեզ համար: Ռուսաստանի վիճակը ծանր է, նույնիսկ առանց այդ պատժամիջոցների էլ այսպես թե այնպես ծանր էր: Կոռուպցիան ահավոր բարձր է, ժամանակակից ոչ մի տեխնոլոգիա չունեն: Այդքանից հետո եթե միանում ես նրանց, ուրեմն՝ անկասկած հետընթաց ես ունենալու, ինչն արդեն այս տարվա ընթացքում տեսանք: Փաստեմ թվերով. ներդրումների ծավալը կրճատվել է 2 անգամ: Առևտրաշրջանառության մեջ արտահանման և ներմուծման ծավալները նվազել են միջինը 14-15 տոկոսով: Դա սարսափելի ցուցանիշ է: Ռուսաստանի հետ չկա տնտեսական զարգացում:

Ես համարում, որ աշխարհում լուրջ զարգացող բևեռներից է Չինաստանը: Նա չի դրել խնդիրներ՝ կապված անվտանգության հետ, տարածքների հետ: Ռեալ ասում է՝ մենք ուզում ենք զարգանալ, ուժեղանալ տնտեսապես, զարգացնել մետաքսի ճանապարհը, ուզում ենք, որ քաղաքակրթությունները շփվեն: Այսինքն իրենց էքսպանսիան իրականացնում են փոխադարձ շահագրգռվածությամբ. գտեք ձեր շահը մեր ծրագրերում և անելիքներում, ու մենք ձեզ հետ կաշխատենք: Չե՞ք ուզում, չենք աշխատի: Չինաստանի դիրքորոշումն իմ կարծիքով բավական խելամիտ է և գրավիչ աշխարհի համար: Դրա համար նրա դերն անընդհատ աճում է: Մոտ տարիներին չեմ տեսնում, որ կանցնի ԱՄՆ բևեռին, բայց տենդենցը գնում է դեպի այն բանին, որ կվերածվի շատ կարևոր բևեռի: Շատերի մոտ մտավախություններ կան, որ ապագայում Չինաստանը կարող է Ռուսաստանի հետ միանալ և կազմել ալյանս՝ իբրև Արևելքն ընդդեմ Արևմուտքի: Բայց ես դրա հավանականությունը չեմ տեսնում, քանի որ Չինաստանի մտածելակերպը, ավանդույթները որակապես տարբեր են ռուսականից: Նրանք ուղղակի իրար չեն հասկանա մենթալիտետով: Թեկուզ Չինաստանում ֆորմալ կոմունիստական ռեժիմ է, բայց այնտեղ մարդու նկատմամբ հարգանք կա: Այսինքն չինական փիլիսոփայության մեջ մարդն արժեք է, մարդակենտրոնություն կա: Իսկ Ռուսաստանի փիլիսոփայության մեջ բան չի փոխվել. ինչպես ցարական կարգերի ժամանակ, ինչպես խորհրդային կարգերի ժամանակ, այնպես էլ այսօր մարդը դիտվում է որպես գործիք պետությունը ուժեղացնելու, պահելու համար: Այսինքն գլխավորը ոչ թե մարդն է, այլ պետությունը: Ես չեմ կարծում, որ երկարաժամկետ տեսանկյունից իրենք կարող են լինել լուրջ գործընկերներ: Չինաստանը չի գնա վերոնշյալ պրիմտիվ ալյանսի, ինչ է թե քանդի աշխարհի արևմտյան բևեռը: Հիշում ե՞ք, երբ Պուտինը շանտաժ էր անում եվրոպացիներին՝ ասելով, թե գազը չի տա Արևմուտքին, այլ կուղարկի չինացիներին: Վերջիններս պարզապես ասացին՝ շատ լավ, ուղարկեք, մենք կգնենք 200 դոլար սակագնով: Ռուսները շոկի մեջ էին. չէ՞ որ միջին գինն աշխարհում 400 դոլար է: Դա նշանակում էր, որ Չինաստանը ոգևորված չէր ՌԴ-ի հետ ալյանսով՝ ուղղված Եվրոպային: Բացի այդ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Չինաստանի առևտրատնտեսական կապերը շատ են խորացել: Համատեղ առևտրի թվերը հասել են հարյուրավոր միլիարդների, իսկ նման թվերի ժամանակ պետությունները ավանտյուրայի չեն գնում:

Կան իհարկե դավադրության տեսությունների կողմնակիցներ, ովքեր կարծում են, թե արաբական գարնան բոլոր հեղափոխությունները դավադրություններ են, ապակայունացում մտցնելու հատուկ նպատակներ են եղել: Ըստ իս՝ իրողությունն այլ է: Եգիպտոսում, Թունիսում, Լիբիայում, Սիրիայում լոզունգները սկզբում միայն քաղաքական էին: Մարդիկ, իրոք, հոգնել էին տասնամյակներով ղեկավարող նույն դեմքերից. դա հասկանալի է: Նրանց երիտասարդությունն Արևմուտքում էր կրթություն ստացել, վերադարձել և ուզում էր նորմալ երկիր կառուցել: Ու սկսված շարժման ժամանակ բոլորը ոտքի կանգնեցին: Օրինակ՝ ղարաբաղյան շարժման ժամանակ ոտքի կանգնեցին և խելոք մարդիկ, և մարդիկ որոնք ուղղակի պրիմիտիվ հայրենասերներ էին, և անկախականները, և ԽՍՀՄ-ի նկատմամբ կոշտ դիրքորոշում ունեցողները: Այսինքն շարժումը միավորվել էր մեկ նպատակի շուրջ, բայց նույն այդ շարժման մեջ կային տարբեր հոսանքներ: Նույն էլ՝ արաբական աշխարհում: Ու երբ պետական իշխանությունները շարժման մասնակիցներին պատասխանեցին ուժով, բնականաբար, առաջին պլան դուրս եկան ծայրահեղականները: Երբ դու կրակում ես ժողովրդի վրա, ժողովուրդն արդեն աջակցում է ոչ թե քաղաքական գործչին, այլ այն մարդուն, ով զենք է վերցնում: Արաբական երկրներում իշխանությունները չգնացին ռեֆորմների, փորձեցին ուժով ճնշել, ինչի հետևանքով էլ ի հայտ եկան ծայրահեղական ուժեր: Իսկ երբ արդեն սկսվում պատերազմ, այստեղ արդեն սկսվում են խաղեր, ամեն մեկը իր խաղն է տանում ու իր շահին հետամտում, ԱՄՆ-ն՝ իր հերթին, ՌԴ-ն՝ իր հերթին, Թուրքիան՝ իր հերթին և այլն: 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը չեզոքացնելու լավագույն մեթոդը կլիներ այն, եթե այս հարցում ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Արևմուտքը ջանքերը համադրեին, ինչը չեմ տեսնում այսօր: ՌԴ-ն վետո է դնում ՄԱԿ-ի ԱԽ-ում, որպեսզի ՄԱԿ-ի մակարդակով հարվածներ հասցվեն ԻՊ-ին: Կամ համագործակցություն լինի Իրանի հետ: Եթե ջանքեր համատեղվեն, ես հավատում եմ, որ արդյունք կտա: ԻՊ-ը թերևս կնմանվի Թալիբան շարժմանը՝ դանդաղ ու երկարատև: Բայց, ի զարմանս ինձ, ԻՊ-ը նաև Թալիբանին է հարվածում: Օրինակ՝ Թալիբանը չի ասում, թե բոլոր քրիստոնյաներին պետք է վերացնել, իսկ ԻՊ-ը ասում է՝ ոչ, պետք է վերացնել: ԻՊ-ի դիրքորոշումը ավելի կոշտ է, քան Թալիբանինը. դա արդեն իսկ վտանգավոր է: 

 

«Երևակ» ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ