Չորեքշաբթի, Սեպտեմբեր 27, 2017

 23:55

ԼՐԱՀՈՍ

Հայ-վրացական հարաբերություններ.Ջավախք

Արտյուշ Գրիգորյան     «Ջավախք» բարեգործական հիմնադրամի ղեկավար

-Հայ-վրացական հարաբերությունները ներկայում ի՞նչ մակարդակի վրա են:

-Չեմ կարող ասել, թե հայ-վրացական հարաբերություններն այս փուլում շատ բարձր մակարդակի վրա են: Չնայած երկու պետություններն էլ ունեն ռեալ հնարավորություններ, որպեսզի իրենց համագործակցությունը լինի բարձր մակարդակի վրա: Մանավանդ երկու կողմերի միջև չկան այնպիսի կնճռոտ հարցեր, որոնք անհնար լինի լուծել: Հայ-վրացական հարաբերություններում պոտենցիալը այնքան շատ է, որ համագործակցության մակարդակը և հնարավորութունները ընդհանրապես չեն համապատասխանում իրար: Հայ-վրացական հարաբերությունների ոչ պատշաճ մակարդակն ունի սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ Հայաստանն ու Վրաստանն արտաքին տնտեսական հարաբերություններում տարբեր կողմնորոշումներ ունեն. մենք ձգտում ենք դեպի Եվրասիական միություն, իսկ Վրաստանը՝ դեպի Արևմուտք: Սա կարող է որոշակի խոչընդոտներ առաջացնել տնտեսական համագործակցության հարցերում: Իսկ ահա սուբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ 2 երկրների ղեկավարությունները կարծես թե չեն ուզում համապատասխան կամք դրսևորել, որպեսզի հայ-վրացական հարաբերությունները զարգանան:

- Իսկ ի՞նչ պիտի արվի, որ չի արվում, ո՞րն է անհրաժեշտ անելիքը:

- Հայ-վրացական հարաբերությունների հիմքում պիտի լինի Ջավախքը: Այն Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Սակայն այսօր Ջավախքում շարունակվում է հայաթափումը, բազմաթիվ խնդիրներ իրենց լուծմանն են սպասում: Եվ չեմ տեսնում առանձնակի ցանկություն այդ խնդիրները լուծելու: Թեև հայ տարբեր պաշտոնյաների հետ մասնավոր զրույցներում բոլորը հստակ նշում են, որ հասկանում են Վրաստանի հայ համայնքի կարևորությունը, Ջավախքի նշանակությունը ՀՀ-ի համար, բայց փաստորեն չի դրսևորվում այդ խնդիրներին պատշաճ ուշադրություն դարձնելու լիարժեք կամքը: Այսօրվա Վրաստանը վարում է այնպիսի քաղաքականություն, որի հիմքերը դրել է նախկին նախագահ Սահակաշվիլին: Դրա հետևանքով ադրբեջանաթուրքական տանդեմը տնտեսական շրջափակման է ենթարկել Վրաստանին: Օրինակ՝ 2014-ին Թուրքիայի հետ Վրաստանի ապրանքաշրջանառությունը  կազմել էր 1.5 մլրդ դոլար, Ադրբեջանի հետ՝  շուրջ 1 մլրդ դոլար, իսկ Հայաստանի հետ՝ մոտավորապես 200-220 մլն դոլար: Թուրքական կապիտալով բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ (ՀԷԿ) են կառուցվում Վրաստանում: Մենք ունենք Աջարիայի օրինակը, երբ թուրքական կապիտալը ներխուժեց այնտեղ, և տնտեսությունը այնքան կենտրոնացվեց թուրքերի ձեռքը, որ մտավախություն կար, թե այդ տնտեսական գործոնն այսպես շարունակվելու դեպքում մի օր կվերածվի քաղաքական գործոնի: Բարեբախտաբար, այս մտահոգությունը սկսել են կիսել նաև վրացի գործիչները: Հիմա տեսեք՝ թուրքերը բնավ դեմ չէին լինի, եթե ադրբեջանցիների հետ միասին նույն քաղաքականությունը կիրառեին նաև Ջավախքի պարագայում: Եթե Ջավախքում սկսվի թուրքական կապիտալի մեծ հոսք, չի բացառվում, որ շատ մոտ ապագայում այնտեղ քաղաքական ինչ-որ զարգացումներ լինեն ի նպաստ Թուրքիայի և Ադրբեջանի: Վերջերս Կարզախ գյուղի մոտ բացվեց ևս մեկ վրաց-թուրքական մաքսակետ: Նույն օրը Ջավախքում հարյուրավոր մեքենաներով թուրքեր էին հայտնվել: Այդ սահմանային անցակետն իհարկե կարող է տնտեսական աշխուժություն առաջացնել Ջավախքում: Անցյալ տարի Ջավախքում բացվել էր թուրքական կապիտալով կառուցված ՀԷԿ: Ջավախքը եթե թուրքանա, ապա դա կարող է իր համար կործանարար լինի, որն էլ անմիջականորեն կազդի Հայաստանի վրա: Հայաստանի խնդիրն այս պարագայում այն է, որ հնարավորինս ապահովի Ջավախքում հայկական կապիտալի ներգրավում՝ սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար:

-  Հայաստանի համար ի՞նչ վտանգ է ներկայացնում Ջավախքի անկումը:

- Ակնհայտ է, որ Թուրքիան չի հրաժարվել Մեծ Թուրանի ծրագրից, ըստ որի՝ մահմեդական երկրները պետք է կապել իրար հետ: Դե քանի որ ՀՀ-ից ու Արցախից հույսը կտրել է, հիմա փորձում է այդ քաղաքականությունն իրականացնել Վրաստանի տարածքով: Աջարիան համարյա թուրքական է, հիմա եթե կարողանա Ջավախքն էլ թուրքական տարրերի ներգրավմամբ մեկուսացնել Հայաստանից, ապա Հայաստանը կհայտնվի լիարժեք շրջափակման  մեջ: Այդժամ Վրաստանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում ոչինչ չի կարողանա անել: Թուրք-ադրբեջանական տանդեմը հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր կազմելիս, նպատակ ունի Հայաստանին մեկուսացնել: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումը Հայաստանին մեկուսացնելու քաղաքականության վառ օրինակներից է, կամ ասենք Կարս-Ախալքալաք երկաթգիծը: Թեպետ կար ժամանակին գործող Կարս-Գյումրի երկաթգիծը, և տնտեսապես ավելի նպատակահարմար կլիներ այն վերանորոգել ու վերագործարկել, քան թե կառուցել լրիվ նորը, բայց փաստորեն ընտրվեց 2-րդ տարբերակը: Հիմա ևս մի քաղաքականություն է տարվում. Վրաստանը փորձում է էներգակիրների մատակարարման այլ աղբյուրներ փնտրել: Որպես լրացուցիչ աղբյուր դիտարկում են Իրանից գազ ներկրելը: Վրաստանը հիմա փորձում է դառնալ իրանական գազը դեպի Եվրոպա արտահանող հանգույցներից մեկը: Բայց թե ինչպես կզարգանան դեպքերը, կախված է նաև հայկական կողմի դիրքորոշումից և տարվող աշխատանքներից: Ինչքան տեսնում եմ այս իրողությունների մեջ հայկական կողմից ոչ մի արձագանք չի լինում: Կգա պահ, որ Վրաստանը պիտի որոշի ՀՀ-ի թե Ադրբեջանի տարածքով իրանական գազը հասցնել Վրաստան: Սա մի իրողություն է, որից հայկական կողմը չպիտի անմասն մնա: Չգիտեմ՝ կուլիսային ինչ պայմանավորվածություններ կան, որոնց մասին մենք չգիտենք, բայց առերևույթ ադրբեջանական կողմն իր քայլերն անում է, իսկ հայկական կողմից բացարձակ տեղեկություն չկա: Երբ Վրաստանում իշխանափոխություն եղավ, մենք ուրախացանք, որ կարող է վերագործարկվել աբխազական երկաթգիծը դեպի Ռուսաստան ելքի համար,  բայց դա տեղի չունեցավ: Մոտ ապագայում էլ հույս չկա, որ տեղի կունենա: Ադրբեջանաթուրքական տնտեսական ճնշումն այնքան մեծ է, որ Վրաստանը նույնիսկ ցանկության դեպքում չի կարող ՀՀ-ին ներգրավել տարածաշրջանային տնտեսական ծրագրերում: Այնպես որ, եթե Հայաստանը համապատասխան և լուրջ քայլեր չանի, մոտ ապագայում վերջնական տնտեսական շրջափակման կենթարկվի:

- Ջավախքն ի՞նչ ներուժ ունի հակակշռելու ադրբեջանաթուրքական գործընթացներին:

- Ցավոք, Ջավախքի սոցիալ-տնտեսական իրավիճակը բարվոք չէ, արտագաղթը շարունակվում է, մարդկանց մի մասը մեկնում է արտագնա աշխատանքի հիմնականում Ռուսաստան, մի մասն էլ արտագաղթում է անվերադարձ: Այդուհանդերձ Ջավախքն ունի իր որոշակի ներուժը: Այսօր կան բազմաթիվ ջավախահայեր, որ արտերկրում մեծ հաջողությունների են հասել և կարող են ներդրումներ կատարել Ջավախքում: Բայց այս հարցում էլ  արդեն հարկավոր է լինում վրացական իշխանությունների բարեհաճ վերաբերմունքը, որը մեծապես կարող է կախված լինել հայ-վրացական  համագործակցության մակարդակից, Հայաստանի մոտեցումներից: Օրինակ՝ այսօր շատերը, հասկանալով տնտեսական զարգացման համար ենթակառուցվածքների ունեցած կարևորությունը, ցանկություն են հայտնում ասֆալտապատել Ջավախքի միջգյուղային ճանապարհները: Բայց Վրաստանում կարգն այնպիսին է, որ ոչ ոք առանց պետության թույլտվության չի կարող ճանապարհ ասֆալտապատել, անպայման պիտի գումարը ներմուծի բյուջե, 20% հարկ վճարի պետությանը և նոր ասֆալտապատի այդ ճանապարհը: Բիզնեսի տեսակետից դա արդեն նպատակահարմար չէ, մարդը բարեգործություն է ուզում անել, բայց չի ուզում 20 տոկոս վճարել այդ բարեգործության համար:  Տեսեք՝ կրթական համագործակցության ոլորտում խնդիրներ կան. 1 տարուց ավելի է՝ հայկական դասագրքերը Վրաստանի հայկական դպրոցներում չեն տեղաբաշխվում: Վրացական կողմը դեռ ուսումնասիրում է դասագրքերի բովանդակությունը: Բայց նմանատիպ հարցերը հանդիպումների արդյունքում կարելի է լուծել: Կամ օրինակ՝ հայկական դպրոցներում Հայոց պատմություն առարկան չի դասավանդվում: Այո, վրացական կողմի համար նպատակահարմար չէ, որ հայ աշակերտները հայոց պատմություն սովորեն, բայց մենք էլ հո չպետք է համակերպվենք: Պետք է անընդհատ զարգացնել համագործակցությունը և հասնել նրան, որ այդ առարկան դասավանդվի: Եվ այս ամենը կախված է նրանից, թե մենք ինչպես կներկայացնենք խնդիրը:

-    Ջավախք հիմնադրամն ի՞նչ գործունեություն է ծավալում:

- Ջավախք բարեգործական հիմնադրամը ստեղծվել է՝ ծառայելու Ջավախքի հայապահպանության գործին: Բայց նաև զբաղվում է հայաստանաբնակ ջավախահայերի խնդիրներով՝ հիմնականում առողջապահական ծրագրեր իրականացնելով: Ջավախքից բուժման նպատակով եկողները ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում կարողանում են բուժում ստանալ: Այդ ծրագիրն իրականացնում ենք ՀՀ-ի կառավարության հետ համատեղ: Կյանքի ենք կոչում նաև կրթամշակութային ծրագրեր, կազմակերպում միջոցառումներ: Հույս ունենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի հետագայում ևս: Բայց մեզ համար հիմա առաջնային է Ջավախքի տնտեսական վիճակի բարելավումը, որովհետև դրա վատթարացման հետևանքով տեղի ունեցող հայաթափումը, արտագաղթը գնալով մեծ չափերի է հասնում: Հիմա բանակցում ենք տարբեր գործարարների հետ (նաև ջավախքցի), որ որոշակի բիզնես ծրագրեր կյանքի կոչվեն Ջավախքում, աշխատատեղեր բացվեն, սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվի: Դա հնարավոր է, անլուծելի չի: Բայց հայ գործարարների ներդրումների համար տնտեսական բարենպաստության միջավայրի ստեղծումը կախված է հենց Հայաստան-Վրաստան հարաբերություններից:

 

 

 

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ