Կիրակի, Սեպտեմբեր 24, 2017

 05:20

ԼՐԱՀՈՍ

«Բարեկամություն» ընդդեմ Իրանի՞

 

Օրերս վրացական լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, թե Վրաստանի և Իսրայելի միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվում, որոնց շրջանակներում կողմերը քննարկում են «երկկողմանի հարաբերությունների կարևոր մանրամասներ, այդ թվում և տնտեսական համագործակցության հարցեր»։ Ընդ որում՝ լռության է մատնվում ամենահետաքրքիրը։ Այն, որ այդ մանրամասներում էլ հենց, ինչպես հայտնի է, սատանան է թաքնված...

Սակայն մինչ «մանրամասների» մասին կռահումները կհասցնեին ձև ստանալ, իսրայելական ԶԼՄ-ները շտապել են լույս սփռել դրանց վրա։ Պարզվել է, որ, նախ, վերոհիշյալ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի զարգացման և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների կիրառման խնդիրը, երկրորդ՝ այս երկխոսության շարունակման համար եկող ամիս ծրագրված է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու այցն Իսրայել (http://www.cursorinfo.co.il/

Այնուհետև պարբերականն ուշադրությունը սրել է այն բանի վրա, որ «Վրաստանը հատուկ նշանակություն ունի այս հարցում, առաջին հերթին, Իրանին աշխարհագրորեն մոտ լինելու պատճառով։ Իրանին ցամաքով մատակարարվող բեռների զգալի մասն անցնում է Ադրբեջանի կամ Հայաստանի տարածքով՝ Վրաստանի նավահանգիստներում բեռնաթափվելուց հետո»։

Ըստ էության, Վրաստանը միշտ էլ «բարեկամություն է արել» Իրանի հետ՝ Արևմուտքին նայելով, այստեղից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։ Անգամ ԻԻՀ հոգևոր առաջնորդ, այաթոլա Խամենեին է իր հրապարակային ելույթներից մեկի շրջանակներում բավական անբարեհաճ ձևով արտահայտվել վրաց պետության մասին. ըստ նրա՝ ամերիկացիները չպետք է սխալվեն և Իրանը չշփոթեն «այնպիսի» երկրների հետ, ինչպիսին է Վրաստանը, որը հլու-հնազանդ լսում է Վաշինգտոնին ամեն հարցում։

Բայցևայնպես, վերջին տարիներին աշխուժության միտում էր նկատվում իրանա-վրացական հարաբերություններում, ընդ որում՝ «մերձեցման» արագությունն ուղիղ համեմատական էր ամերիկա-վրացական հարաբերությունների «սառեցման» արագությանը։ Մասնավորապես, երկկողմանի հարաբերությունների ձեռքբերումներից կարելի է համարել վիզային ռեժիմի վերացումը, Վրաստանի և Ւրանի միջև օդային հաղորդակցության վերականգնումը և տուրիզմի աջակցման մասին պայմանավորվածությունը, Բաթումում իրանական հյուպատոսության բացումը...

Թե ինչպես կազդեն ակնկալվող «պատժամիջոցները» իրանա-վրացական հարաբերությունների վրա, կարծում եմ՝ դժվար չէ կռահել։ Միևնույն ժամանակ, Իսրայելն Իրանի դեմ «բարեկամության» գործում չի պատրաստվում բավարարվել ձեռք բերվածով։

Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը պատրաստվում է ապրիլի 21-ին պաշտոնական այցով մեկնել Իսրայել։ Պատմական այցի ընթացքում (ձևակերպումն իսրայելական ԶԼՄ-ներինն է) կքննարկվեն ոչ միայն երկկողմանի կապերի ամրապնդման հարցերը, այլ նաև իրանական և թուրքական թեմատիկան։

Ի դեպ, հանդիպումը դեռ չէր կայացել, երբ The Washington institute Improving the Quality of U.S. Middle East Policy կայքն արդեն հրապարակել էր Հայֆայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Բրենդա Շաֆերի վերլուծական հոդվածն Ադրբեջանի և Իսրայելի փոխհարաբերությունների մասին։ Ինչո՞վ է հետաքրքիր այս վերլուծական աշխատանքը։ Նրանով, որ ամերիկացի վերլուծաբանը շտապել է հավաստիացնել, որ «Ադրբեջանն Իսրայելի հետ համագործակցության բավական անկախ ռազմավարական պատճառներ և վատ հարաբերություններ ունի Թեհրանի հետ» (http://www.washingtoninstitute.org/policy-analysis/view/azerbaijans-cooperation-with-israel-goes-beyond-iran-tensions

Որո՞նք են այդ պատճառները։ «...Ադրբեջանը դարձել է իսրայելական սպառազինության ամենախոշոր սպառողը։

2012թ. փետրվարին երկու երկրների միջև ստորագրվել է $1,6 մլրդ-ի սպառազինություն, ներառյալ՝ իսրայելական անօդաչու սարքեր և հակահրթիռային պաշտպանության զենիթային համակարգեր մատակարարելու պայմանագիր։ Իսրայելական ընկերությունները մասնակցում են նաև տեխնոլոգիաներ տրամադրելուն՝ Ադրբեջանի կողմից տեղական պաշտպանական արդյունաբերություն հիմնելու ջանքերի շրջանակներում։ Իրանցի պաշտոնական անձինք և զանգվածային լրատվամիջոցները փորձել են Ադրբեջանի հանդեպ թշնամանքը ներկայացնել որպես Իսրայելի հետ Բաքվի սերտ կապերի պատասխան՝ ԻԻՀ-ն ներկայացնելով իբրև երկու պետությունների համագործակցության զոհ»,- գրում է Շաֆերը։

Հեղինակը նշել է ևս մեկ բավական հետաքրքիր պատճառ (առանց Հայաստանի յոլա գնալ չէր հաջողվել), թե ինչու պետք է Ադրբեջանը բարեկամանա Իսրայելի հետ։ «Թեհրանն արդեն վաղուց սպառնում է իր հարևանի անվտանգությանը՝ աջակցություն ցուցաբերելով Հայաստանին 1990-ական թթ. սկզբին ղարաբաղյան պատերազմում և փորձելով խափանել էներկագիրների արտահանման Ադրբեջանի նախագծերը։ Ջոն Հոփկինսի համալսարանում վերջերս անցկացված կոնֆերանսում հայ դիվանագետները բացահայտորեն ընդունել են իրանական օգնության փաստը պատերազմի ժամանակ»։ Կարծում եմ, որ «հայ դիվանագետները» պետք է բացատրություն պահանջեն հեղինակից, մանավանդ որ ԻԻՀ-ն ղարաբաղյան պատերազմում օգնել է ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին... Ի դեպ, այս մասին քանիցս հայտարարել են իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները։

Ինչևէ, հասկանալի է, որ Իրանի դեմ «բարեկամության» հետևից դուրս են ցցված ԱՄՆ ականջները։ Իսկ թե ինչի կարող է վերածվել դա Հայաստանի համար՝ դժվար է ասել, միևնույն ժամանակ պարզ է մեկ այլ բան. Հարավային Կովկասում միայն Հայաստանն է, որ թույլ չի տալիս փակել օղակն Իրանի դեմ...      

՛՛Ազգային գաղափար՛՛ 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ