Ուրբաթ, Նոյեմբեր 17, 2017

 23:47

ԼՐԱՀՈՍ

Հայկական հարց.Սպառված ռազմավարություն. Սևակ Արծրունի


Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության խորհրդի նախագահ
Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության ուղղությամբ տարվող մեր պայքարը, իմ համոզմամբ, սխալ ճանապարհով է ընթանում: Այն տանում է դեպի պատ: Ուր որ է բախվելու ենք պատին ու մնանք առանց ելքի: Չէի ասի, թե Ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարն անարդյունավետ է: Բայց այդ արդյունքները մեզ չեն պատկանում: Այսինքն՝ դա մի ծառ է, որը մենք ենք մշակում, բայց պտուղն ուտում են ուրիշները: Ճիշտ է, դա Թուրքիայի համար սարսափելի մեծ գլխացավ է, բայց այդ գլխացավի լուծման նախագծերը ոչ ամենևին մեր, այլ ուրիշների  օգտին են կազմվում, որովհետև մենք ընդամենը լծակ ենք այդ ողջ գործընթացում: Ֆրանսիան կընդունի՞ այդ օրինագիծը, թե՞ ոչ, իրականում դա միայն Ֆրանսիային է ծառայում: Ենթադրենք՝ ընդունեց: Այդ դեպքում թող մեկն ինձ բացատրի, թե դա ինչով կլինի մեզ օգտակար: Սրտի հանգստությո՞ւն, որ թուրքերը Ֆրանսիայի տարածքում չեն կարող հերքել Ցեղասպանությունը: Հետո՞ ինչ: 20-30 տարի հետո հասնենք ընդամենը այն արդյունքին, որ թուրքերը Թուրքիայից դուրս չկարողանան ժխտել գենոցիդը, ու վերջ:
Սփյուռքն իր ամբողջ մարդկային և ֆինանսական ռեսուրսները նպատակաուղղել է Ցեղասպանության ճանաչման գործընթացին: Թուրքիայի ներսում պիտի օղակը սեղմվի, մինչդեռ Թուրքիայից դուրս ենք փորձում սեղմել օղակը:
Խնդիրը հայ-թուրքական է, և պետք է լուծումը լինի հայ-թուրքական: Հայաստանն ու հայությունը պետք է խոսեն Թուրքիայի հետ ինչ-որ մի լեզվով: Դա կլինի հաշտության լեզու, պատերազմի լեզու, թե այդ երկու ծայրահեղ տարբերակների արանքում մնացած մյուս տարբերակների լեզուն, այնուամենայնիվ, պետք է խոսել: Ճիշտ է, երկխոսության մի փորձը չստացվեց, բայց պետք է հասկանալ, թե ինչու չստացվեց: Թող պետական այրերն ուսումնասիրեն պատճառները, եզրակացությունների գան ու նոր տարբերակներ մշակեն: Թուրքիան, օրինակ, շատ լուրջ ծրագիր է սկսել կյանքի կոչել:  Նա որոշել է ցեղասպանության հարցը ոչ թե մերժել, այլ լուծել` թեկուզ ճանաչման գնով, բայց հասնել այնպիսի արդյունքի, որ ինքն ազատավի այդ վերքից, վնաս չկրի ու մեզ էլ ոչ մի բան չզիջի: Քանի որ մեզ հետ չի ստացվում, հարցի լուծումը Թուրքիան կգտնի ուրիշների հետ: Թուրքերը հասկացել են, որ մենք չենք ձուլվում, չենք վերանում ու չենք մոռանում, որ մենք իր պոչը չենք թողնելու, և ինքը դրժելու տարբերակ չունի: Բայց կդրժի այնքան ժամանակ, քանի դեռ չի վերահսկում ոճրագործության ճանաչման հետևանքները: Հիմա իրերը դասավորում է այնպես, որ ճանաչման հետևանքներն իր համար վերահսկելի լինեն: Այս է միտումը. Թուրքիան նպատակադրվել է ստեղծել երկխոսության դաշտեր, որտեղ ինքը կխոսի միջազգային հանրության հետ, կխոսի Ցեղասպանության հարցը շահարկող պետութունների հետ և կխոսի, այսպես ասած, հայկական շրջանակների հետ, որոնք իր համար վերահսկելի են: Եթե անգամ չլինեն այդպիսի դաշտեր, ինքը կստեղծի այդպիսիք: Այսօր ակնհայտ է, որ Թուրքիան գնում է դեպի ճանաչման, նախապատրաստվում է:  Երբ այսօր Թուրքիայի գրատներում տեսնում ենք, որ Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր են վաճառում, դա նշանակում է, որ այս մարդիկ բացում են խնդիրները իրենց համար, հասկացել են ժխտողականության անհեռանկարությունը:
Քեմալիզմի արդյունքում 90 տարի մենք Թուրքիայում գոյություն չենք ունեցել: Քեմալիզմը գնում էր այս ճանապարհով. քանի դեռ Հայոց ցեղասպանության խնդիրը երկրի ներսում չի մարսվել, պետք է լինի բռնապետություն: Այսօր արդեն քեմալիզմից Թուրքիան ավելի շատ տուժում է, քան շահում: Իրեն այսօր դա այլևս պետք չէ: Կարիք կա համակարգ փոխելու: Թուրքիան տեսավ, որ կարողացել է իր ներսում որոշ հարցեր լուծել Ցեղասպանությունից հետո, այսինքն՝ հայկական չորսհազարամյա տնտեսական ձեռքբերումները վերածել է թուրքական կամ քրդական պետական և մասնավոր միջոցների: Հիմա երկրորդ խնդիրն է ծառացել, որը հետևյալն է` ազգային ու կրոնական փոքրամասնությունների խնդիրները լուծել ժողովրդավարության ճանապարհով: Բացի այդ, Թուրքիան իր համար փորձում է ձեռք բերել միջազգային առաքելություն` դառնալ սուննիզմի վերահսկելի օջախ Միջին Արևելքում:
Այսօր վերանում է արևմտահայություն հասկացությունը: Ո՞ւր է արևմտահայությունը. Սփյուռքի նախարարությո՞ւնն է ներկայացնում նրանց, Դաշնակցությո՞ւնը: Իրականության մեջ արևմտահայությունը՝ որպես քաղաքական գործընթաց, գոյություն չունի: Գոյություն ունի միայն Ցեղասպանության ճանաչման գործընթաց, որը կարող է առաջ մղել ՀՀ նախագահը հանուն  հայ ժողովրդի, բայց ոչ թե քաղաքական իրավունքով, այլ բարոյական: Հողային պահանջ ներկայացնելը միայն արևմտահայերի իրավասությունն է: Բայց արևմտահայերը Ցեղասպանության միջազգային ճանաչումն են միայն խնդիր դրել և ուրիշ բան չեն անում, ռեսուրսներ են վատնում: Օրինակ` վերջին տարիներին ապահովագրական ընկերութունների դեմ դատը շահեցինք, բայց ո՞ւր են ստացված գումարները.փոշիացել են: Հիմա էլ ԱՄՆ-ի հայ փաստաբաններն են դատի տալիս իրար այդ գումարի համար: Այսինքն՝ այդ փողը մեզ չուժեղացրեց, դեռ մի բան էլ պառակտեց: Կոպեկ-կոպեկ այստեղ-այնտեղ ուղարկվեց, մեծ բաժինը տրամադրվեց մեծ հիմնադրամներին, որոնք իրականում Հայոց ցեղասպանության խնդրին ոչ մի օգուտ չեն տվել, ու այդպես հօդս ցնդեց: Թուրքը դրանից չտուժեց, հայության պայքարը չզորեղացավ:
Թուրքիան խնդիրը կլուծի հետևյալ ձևով. Ցեղասպանությունը կճանաչի, հայությունը դրանից չի օգտվի, հայությունը կմնա թշնամի: Ահա այս է նկատվում: Ստամբուլ գնացեք ու նայեք՝ հայության մի հատվածը միլիոններ է կուտակում, նրանց է վերադարձվում ջարդի տարիներին բռնազավթված անշարժ գույքը: Համայնքի ներկայացուցիչները սկսում են կշիռ ձեռք բերել: Բայց այդ ամենը լրիվ վերահսկելի է թուրքական իշխանությունների կողմից: Ճիշտ է, դրա շնորհիվ որոշակիորեն կայանում է պոլսահայ գաղութը, բայց Հայկական հարցի տեսանկյունից ոչինչ չի ավելանում: Դպրոցներում հայոց պատմությունը շարունակում է չդասավանդվել, հայոց լեզվի դասաժամերը մնում են նույնը, նոր սերունդը թրքախոս է, քաղաքական կազմակերպություններում հայերը չեն ընդգրկվում, իրենց  քաղաքական ներկայացվածությունը չունեն: Այս նույն գործընթացը տեղի է ունենալու ամբողջ աշխարհի մակարդակով, այսինքն՝ 75 միլիոնանոց Թուրքիան իր հզոր վարչամեքենայով, իր լուրջ դաշնակիցներով, աշխարհաքաղաքական հզոր կարողություններով ի վնաս մեզ է փորձելու լուծել հայոց հարցը:
Մենք այսօր չգիտենք, թե ինչ է նշանակում Թուրքիա, բացարձակ անհասկանալի տարածք է այն մեզ համար: Ի՞նչեր են տեղի ունենում մեր չորսհազարամյա հայրենիքում, ովքե՞ր են ապրում մեր տներում, ի՞նչ են խոսում, ինչպե՞ս են մտածում, ի՞նչ աստծու են աղոթում՝ ոչինչ չգիտենք, մեզ համար բացարձակ մութ է մեր պատմական հայրենիքը, որովհետև 100 տարի թամբալությամբ ենք ապրել, չենք զբաղվել մեր հարցերով, չգիտենք, չկանք, գոյություն չունենք այդ գործընթացներում: Ու անունը դրել ենք անզիջողություն. մենք չենք զիջում, մենք չենք խոսում, մենք չենք գործում Թուրքիայի հետ: Դա գործելաոճ չէ, դա քաղաքական միջոց չէ, դա պարզապես հրաժարում է: Մինչդեռ մենք պետք է լինենք Թուրքիայի ներսում, պայքարը տանենք ներսից: Ցեղասպանության ճանաչման համար մեր նախագիծը, մեր համապարփակ ծրագիրն ունենանք: Անցած 100 տարվա մեջ մենք կարող էինք և՛ ծրագիր ունենալ, և՛ պատրաստվել Սովետական Հայաստանի անկախությանը, և՛ մասնկացել Թուրքիայի թուլացմանը և այլն: Միջազգային նախագծեր պատրաստելիս փոքր կամ իրավազարկված ազգերին հարց են տալիս. «Դու ի՞նչ կարող ես անել այս պատերազմում, կարո՞ղ ես, ենթադրենք, 10.000 զոհ տալ այս ճակատում, կամ կարո՞ղ ես այսքան միլիարդ ներդրում կատարել... հիմա մենք Արևմտյան Հայաստանի համար ի՞նչ ենք պատրաստ տալ, զոհ տալու հնարավորություն ունե՞նք, ֆինանսատնտեսական առումով ի՞նչ կարող ենք անել մեր հայրենիքի համար. էլի պարզ չէ: Տեսեք, թե քրդերն ինչքան զոհ են տալիս գրեթե ամեն օր: Նշանակում է նրանք գիտեն, թե ինչքան զոհ պիտի տան, որ հասնեն արդյունքի:
Մենք հերոս ազգ ենք, որ մնացել ենք հայ, բայց դրանից այն կողմ ոչինչ չենք արել: Մենք Թուրքիայի ներսում գործ ունենք անելու, ու ինչ էլ լինի նրա ճակատագիրը, մենք կարող ենք օգտվել: Կգնա՞ ժողովրդավարության ճանապարհով՝ կարող ենք օգտվել, կգնա՞ բռնապետության ճանապարհով ու կտրոհվի՝ կարող ենք օգտվել, Քուրդիստան կստեղծվի՞ մեր տարածաշրջանում՝ կարող ենք օգտվել` պայմանով, որ այսօր նախապատրաստվենք բոլոր սցենարներին: Մենք այս տարածաշրջանի զավակներն ենք: 100 տարին ազգի պատմության մեջ մի պահ է, այդ պահը անցավ: Մենք վերադառնում ենք մեր գործերը շարունակելու: Պիտի վերականգնենք մեր ինքնությունն այս երկրամասում: Թուրքիայի ներսում պիտի Ցեղասպանության հարցը բարձրացնենք, ոչ թե Ամերիկայում: Այսօր Թուրքիայի՝ Ցեղասպանության ճանաչման խնդիրը որոշվում է արտաքին քաղաքականությամբ, մինչդեռ պետք է ներքին քաղաքականությամբ որոշվեր: Այ, սրան է պետք հասնել: Ես հրապարակայնորեն հարց եմ տվել՝ ենթադրենք, Ցեղասպանությունը վաղը՝ ժամը 10-ին, ճանաչեցին, ի՞նչ ենք անելու ժամը 10:10: Գիտե՞նք արդյոք՝ ումից ինչ ենք պահանջելու, գործողությունների ծրագիր ունե՞նք: Ի վերջո, հասկանանք, որ թուրքերն ու քրդերն իրենց մեջ կիսել են մեր ազգային հարստությունը, մեր հայրենիքը, մեր հողերը, տները, ունեցվածքը, հիմա էլ փորձում են մարսել, իսկ մենք դաշտում չկանք: Պետք է կշիռ ձեռք բերենք, ներգրավվենք թուրք-քրդական հարցերի մեջ, ցույց տանք, որ իրենց չպատկանող բաներ են կիսել. և այս ամենը 21-րդ դարին հարիր գործընթացների միջոցով: Մեկ խոսքով՝ լինենք գործոն, ոչ թե լծակ:

Մխիթար Նազարյան




ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ