Հինգշաբթի, Հուլիս 27, 2017

 18:33

ԼՐԱՀՈՍ

Հայկական հարց.Սպառված ռազմավարություն. Արագած Ախոյան


ՀՀ ԱԺ պատգամավոր,
Արևմտահայոց համագումարի պատվիրակ և հայաստանյան գրասենյակի համանախագահ
Մենք պետք է պատրաստվենք գալիք մարտահրավերներին: Ցեղասպանության 100 տարին կգա կանցնի, եթե մենք այսպես ձեռքներս ծալած նստենք: Չեմ կարծում, որ արժե լուրջ ակնկալիքներ ունենալ 100-րդ տարելիցը նշելուց: Մեզ կկարեկցեն, կցավակցեն, հետո էլի ամեն պետություն կգնա իր բանուգործին, իր տնտեսական, արտաքին քաղաքական ու ներքաղաքական խնդիրներին, և մենք էլի կմնանք մեր կոտրած տաշտակի առաջ: Կոնկրետ պետք է գործի անցնել, իմաստ չունի անընդհատ աշխարհին հիշեցնել, թե ցեղասպանություն է եղել, աշխարհը գիտի դա: Եկել է ժամանակը Թուրքիայի քաղաքացիական հասարակության հետ երկխոսություն սկսելու: Աստիճանաբար բերենք, հանգեցնենք խնդիրների լուծմանը: ՀՀ նախագահը կուսակցության համագումարի ելույթում ևս նշել էր, որ նման պատմական խնդիրները լուծելու համար հարկավոր է սկսել երկխոսություն և բացատրական աշխատանքներ թուրք քաղաքացիական հասարակության հետ:
Պատմության մարտահրավերներին դիմագրավելու համար հարկավոր է տարածաշրջանում ձևավորել հայկական ինքնության պլատֆորմ, որի վրա պետք է կառուցվի ապագա Արևմտյան Հայաստանը: Խոսքը ծպտյալ հայեր մասին է, որոնց թիվը միլիոնների է հասնում: Այդ մարդիկ 100 տարի է՝ սպասում են մեր վերադարձին ու ամրապնդմանը: Հողը պատկանում է նրան, ով վրան ապրում է: Ոչ մեկը թող չմտածի, թե մեր հողերը կորուսյալ են, և չկան հայեր այնտեղ: Պարզապես հայկական ինքնության վերականգման խնդիր կա: Կան հայկական գերդաստաններ, որոնք իրար աղջիկ են տալիս: Օրինակ` Աղթամարում պատարագի ժամանակ ինձ մոտեցավ մի տղա, հեռախոսը մեկնեց ինձ: Լսափողից մի կին ասաց, որ այդ երիտասարդը հայ է, հայերեն չգիտի, վերջերս է կնքվել, ինքն էլ կնքամայրն է: Ծպտյալ հայերի այդ շերտը լավ ձևավորված է Դերսիմում (Թունջելի), Վանում, Մուշում և Դիարբեքիրում: Նշյալ տեղերում տեղական իշխանությունները (քրդեր) հայամետ քաղաքականություն են վարում:  Հնարավորություն են տալիս հայերին իրենց գիրն ու գրականությունը օգտագործելու: Օրինակ` ես պատմական Տիգրանակերտում (Դիարբեքիր) ես տեսա հայկական հեքիաթների տպագրված գրքեր հայերեն-քրդերեն լեզուներով: Ծրագիր ունենք Դիարբեքիրում հիմնել հայկական մշակութային ժառանգությունների կենտրոն:


Հիմա Թուրքիայի տարածքում աշխատանքային խումբ ենք ձևավորել, շուտով նաև գրասենյակ ենք բացելու Ստամբուլում և սկսելու ենք աշխատել: Բացի մարդկային կորուստներից մենք ունեցել ենք նաև նյութական կորուստներ: Մոտ 7 մլն հայ, ովքեր կոչվում են արևմտահայեր, այսօր սփռված են աշխարհով մեկ: Եթե նրանք համարվում են Օսմանյան կայսրության քաղաքացիների ժառանգներ,ապա նաև իրավահաջորդներ ողջ բռնագրավված ունեցվածքի: Պետք է հաշվել այդ կորուստները և հատուցում պահանջել թուրքական իշխանություններից: Հայրենազրկված, տեղահանված մարդկանց խնդիրները պետք է իրավաբանորեն ճիշտ կերպով դնել թուրքակաան իշխանությունների սեղանին: Արևմտահայոց համագումարը դրան է միտվել: Վերցնելու ենք կադաստրի թղթերը և դիմելու ենք թուրքական դատարան: Եթե հաջողության չհասնենք, իսկ մենք համոզված ենք, որ չենք հասնի, կվերցնենք մերժման վճիռը ու կգնանք Եվրոպական դատարան: Կասենք` հարգելի եվրոպացիներ, մենք ընդամենը մեզնից բռնագրավված ունեցվածքն ենք հետ ուզում, ահա փաստաթղթերը: Երբ ասում ես` հող տուր ինձ, աշխարհը դա չի հասկանում, իսկ երբ ասում ես, որ թուրքերը հերիք չի իրենց քաղաքացուն մորթել են, մի բան էլ բռնագրավել են գույքը, դա արդեն ուրիշ է:
Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիան շահարկում է Ղարաբաղի հարցը, երկխոսություն չի ստացվում: Հենց այստեղ  է, որ որպես երրորդ ուժ պետք է ասպարեզ իջնի Արևմտահայերի համագումարը, որն իրավունք ունի գնալ լեգիտիմ բանակցությունների թուրքական իշխանությունների հետ: Մենք պետք է շտապենք այդ հարցում, եթե մեր սերունդն էլ անցնի առանց արդյունքի հասնելու, հաջորդ սերնդի դեպքում արդեն ավելի դժվար կլինի: Ընդ որում՝ մենք ասում  ենք, որ դուք` թուրքերդ, ջարդել եք ոչ թե 3-րդ երկրի քաղաքացիներին, այլ հենց ձեր օսմանահպատակ քաղաքացիներին: Եվ պատկերացրեք, որ դա շատ բան է փոխում: Ես Հայաստանի տեղը լինեի, դատի կտայի` ասելով՝ ձեր գաղթած քաղաքացիներին 100 տարի ես եմ պահում, հետո՞ ինչ, որ հայ են, ձեր քաղաքացիներն են:
Թուրքերն ու քրդերը հասկացել են, որ հայերին տեղահանելով ու կոտորելով՝ իրենք զրկվել են քաղաքակրթությունից և զարգանալու հնարավորությունից: Դա իրենք են խոստովանում: Իրոք, տարածաշրջանում տեղի է ունեցել էթնիկ բալանսի խախտում: Թուրքերը հասկանում են, որ 2 մլն հայ մորթելով՝ ստեղծել են 20 մլն քուրդ: Նրանք կարծում են, որ եթե հայերը մնային, քրդերն այսքան մեծ պրոբլեմ չէին դառնա Թուրքիայի գլխին: Քրդերն էլ համոզված են, որ եթե գործիք չդառնային թուրքերի ձեռքին ու չբնաջնջեին հայերին, այսօր ավելի զարգացած ու բարեկեցիկ միջավայրում կապրեին հայեր հետ: Քուրդ պաշտոնյա ընկեր ունեմ, որի մայրը ասել է, թե այսօր այն, ինչ կատարվում է քրդերի հետ, հայերի անեծքն է: Հայերը պետք է վերադառնան, նրանց պետք է փայփայել: Հայերի ժամանակ այդ ռեգիոնը զարգացած էր, իսկ հիմա ամենահետամնացներից մեկն է: Այսօր շատ բարենպաստ դրություն է ստեղծվել մեզ համար, մենք պետք  է օգտվենք դրանից. մենք ցանկալի ենք և թուրքերի, և քրդերի համար: Թուրքերը մեր միջոցով ձգտում են հակակշռել քրդերին: Պատմական այս պահն իրավունք չունենք բաց թողնելու: Մենք միշտ տուժել ենք պատմական մարտահրավերներին պատրաստ չլինելու պատճառով: Հայը մտածել է այսպես` ընտանիքս լավ է ապրում, խնդիր չկա, մի բան կլինի: Սխալ է դա:
Մինչև հիմա գնում ենք Արևմտյան Հայաստան, հուզվում, լացում, երգում, պարում, դրոշ պարզում ու գալիս: Դրանք արդեն մանկան կերակուր են: Այսօր պետք է նաև նրանց բերել այստեղ, մասնավորապես ծպտյալ հայերի զավակներին: Օրինակ` 100 երեխա եմ բերելու Մշից և բաժանելու գյուղի տների մեջ: Թող մի ամիս ապրեն հայրենակիցների հետ, տեսնեն, թե ինչ բան է հայկական օջախը, կշփվեն, ավելի կհարազատանան: Դերսիմ որ գնում ես, քեզ թվում է, թե Հայաստանի շրջաններից մեկում ես: Մարդկանց դեմքերից երևում է, որ հայ են:
Մենք պետք է փուլային լուծումներով հասնենք վերջնարդյունքի: Տարածքային խնդիրների հարց կարող ենք բարձրացնել միայն այն ժամանակ, երբ այնտեղ կունենանք հայկական ինքնության դաշտ, երբ խորհրդարանում կունենանք պատգամավորներ, երբ կձևավորվեն հայկական համայքներ, կգործեն եկեղեցիները, դպրոցները: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Բազմաթիվ մշակութային ծրագրեր ենք իրականացնում, որպեսզի մեր ազգակիցները կամաց-կամաց սկսեն գիտակցել իրենց ազգային պատկանելության կարևորությունը:


Մխիթար Նազարյան



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ