Հինգշաբթի, Հուլիս 27, 2017

 18:36

ԼՐԱՀՈՍ

Մեծ հավակնությունների ու մեծ ոճիրների տեր Թուրքիան

Ունի աշխարհի 16-րդ խոշոր տնտեսությունը, պահում է թվաքանակով 6-րդ բանակն աշխարհում, կազմում է աշխարհի բնակչության 1.1 տոկոսը, զբաղեցրած տարածքով մոլորակի պետությունների մեջ 37-րդն է ու միակն է, որին ավելի քան 50 տարի սպասեցնում են «եվրաանդամակցության դարպասների» մոտ: Սա օսմանական կայսերական անցյալով ներկայիս հանրապետական Թուրքիան է: Սա այն երկիրն է, որը հիմա ուժային կենտրոնների կողմից համարվում է  Կենտրոնական Եվրասիայի և տարածաշրջանի անվտանգության գլխավոր բաղադրիչներից մեկը։ Սա այն երկիրն է, որը նախկին հակախորհրդային ժանդարմն էր, հետո` սառը պատերազմից հետո, փորձեց դիրքեր զբաղեցնել որպես տարածաշրջանային տերություն: Վերջին շրջանում էլ ջանում է մուսուլմանական աշխարհի համար լինել իսլամի ու ժողովրդավարության համակեցության մոդել, որը ժողովրդավարություն «կարտահանի» հարևան երկրներ:

Անկարային արդեն չի բավարարում ազդեցիկության իր ներկա կարգավիճակը, և հավակնությունները մեծացնելու նշաններ է տալիս: Նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն իր հրապարակային ելույթներից մեկում հստակ նշել է, որ Թուրքիան չի սահմանափակվելու մեկ գաղափարի իրականացմամբ, այլ հաջորդաբար պետք է կյանքի կոչի ծավալապաշտական այլ գաղափարախոսություններ. 

«Օսմանյան կայսրությունը մեր պատմության մի մասն է, իսլամը՝ մեր մշակույթի տարրերից մեկը։ Արևմտաեվրոպական ուղղվածությունը մեր պատմական փորձն է, թյուրքիզմը՝ գլխավոր շարժումը»,- ձևակերպել է Դավութօղլուն: 

Արևմուտքում այսօր շատերն են գալիս այն համոզման, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է մտածել մասշտաբային պատմական կատեգորիաներով և երազում է Օսմանյան կայսրության մասին: Ընդ որում, Էրդողանը չի թաքցնում Անկարայի հավակնությունները և ի լուր աշխարհի բազմիցս պարզորոշ հայտարարել է. «Մեզ առաջնորդում է օսմանների կայսրությունը ստեղծողների ոգին: Մենք գնալու ենք այնտեղ, որտեղ մեր պապերն են եղել»:

Ի՞նչ է սա նշանակում: Մի՞թե նշանակում է, որ Թուրքիայի պետական սահմանները պետք է հասցնել Սերբիայից մինչև Կասպից ծով կամ Եմենից մինչև Ալժիր: Թե՞ նպատակը տարածքային ընդլայնումը չէ, այլ տնտեսական, քաղաքական ու մշակութային ազդեցության գոտու մեծացումը: Համենայնդեպս, ապագային միտված Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմքում և օրակարգում ուրվագծվում են էլեմենտներ մի շարք գաղափարախոսություններից:

Դրանք են` նեոօսմանիզմ, նեոպանթյուրքիզմ և թուրքական եվրասիականություն: 

Սրանցից առայժմ միայն նեոօսմանիզմն է, որ ներքին և արտաքին քաղաքական ռազմավարության առանցքն է կազմում: 


ՆՈՐ ՕՍՄԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  - ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄ

Թուրքիայի քաղաքական էլիտան հաճախ է աչքի ընկնում նեոօսմանիզմի հռետորաբանությամբ: Այս կոնցեպցիայի գլխավոր ճարտարապետը Դավութօղլուն է: Ոչ վաղ անցյալում վերջինս բացեիբաց հայտարարել էր. «Մեզ անվանում են «նեոօսմաններ»։ Այո, մենք «նեոօսմաններ» ենք։ Հարկադրված ենք զբաղվել հարևան երկրներով և գնում ենք նույնիսկ Աֆրիկա: Մեծ տերությունները շփոթված հետևում են դրան»:

Նեոօսմանիզմի հիմնական դրույթները պահանջում են, որ Թուրքիան ունենա քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, մշակութային և հոգևոր խոշոր դերակատարում Օսմանյան կայսրության նախկին մի շարք տարածաշրջաններում: Առաջնահերթությունը տրվում է կոնկրետ Մերձավոր Արևելքին, Բալկաններին, Հյուսիսային Աֆրիկային և Կովկասին: Իսկ տարածաշրջանային կոնֆլիկտներում Թուրքիան պիտի ձգտի դառնալ առանցքային խաղացող` յուրահատուկ դատավորի կամ հաշտարարի կեցվածքով:

Անկարայում կարծում են, թե նոր օսմանականությունը թուրքերին հնարավորություն կտա Արևմուտքից խլել այն ամենը, ինչը մուսուլմանական է` Ալբանիա, Բոսնիա, Կոսովո: Բացի այդ, ըստ թուրքական փորձագիտական հանրության, Անկարան պլանավորում է ձեռք բերել տարածաշրջանի էներգետիկ պաշարներն ու ենթակառուցվածքները, տրանսպորտային հանգույցները, բանկային և հեռահաղորդակցության ցանցերը, ինչը երկիրը կվերածի աշխարհաքաղաքական լուրջ գործոնի։


ՆԵՈՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄ

Եթե Սովետական տարիներին պանթյուրքիզմը գործիք էր ԱՄՆ-ի ձեռքին` ուղղված Խորհրդային Միության դեմ, ապա հիմա վերածնվող նեոպանթյուրքիզմը հզոր գործիք է դարձյալ ԱՄՆ-ի ձեռքին, բայց այս անգամ նոր մրցակցի` Չինաստանի դեմ: Իսկ Թուրքիայի համար այս գաղափարախոսության բաղձալի պտուղը Թուրքիայի լիդերությամբ բոլոր թյուրքախոս ժողովուրդներին մեկ պետական հարկի տակ միավորելն է: Աշխարհաքաղաքական կարևորությունից բացի այստեղ գայթակղիչ է նաև տնտեսական հեռանկարի գրավչությունը. թուրանական նավթը (միջինասիական նավթային պաշարներ) կարող է լիուլի ծառայեցվել Թուրքիայի էներգետիկ խնդիրների լուծմանը: Էլեկտրաէներգիայի սպառման պահանջարկի աճով Թուրքիան Եվրոպայում համարվում է առաջինը, իսկ աշխարհում` երկրորդը Չինաստանից հետո: Այսօր Թուրքիան իր էներգասպառման պահանջները բավարարում է` ունենալով 72 տոկոսանոց էներգետիկ կախվածություն արտաքին աշխարհից: Նեոպանթյուրքիզմը կարող է լուծել այդ խնդիրը: Նոր օսմանականության և նեոպանթյուրքիզմի միջև թեև կան տարբերություններ, բայց թուրքական իշխանությունները փորձում են համատեղության որոշակի եզրեր գտնել երկուսի միջև:


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքատնտեսական այս կողմնորոշումն ավելի է ամրապնդվում, քանի դեռ շոշափելի արդյունքներ չեն տալիս Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները: Թուրքիայի առաջ Եվրամիութան դեռևս փակ դռները ըստ էության ճանապարհ են բացում թուրքական եվրասիականության առաջ: Եվրասիական միության ստեղծումը բացահայտ մարտահրավեր է Եվրամիությանը։  Սրա ճարտարապետը ևս Դավութօղլուն է: Եվրասիականության գաղափարը ենթադրում է ստեղծել սլավոնական և թյուրքական ժողովուրդներից բաղկացած մի միավորում, որը հավանաբար պետք է հակակշռի արևմտյան գերիշխանությանը: Ընդհանուր առմամբ եվրասիականության նախագիծը գնահատվում է որպես Արևմուտքի դեմ ուղղված Թուրքիայի և Ռուսաստանի պայքար կամ նախկին երկու թուրքական ու ռուսական կայսրությունների հաշտեցման փորձ: Անկարան, դանդաղ, բայց հաստատուն տեմպերով զարգացնելով այս նախագիծը, Թուրքիայի եվրաինտեգրման հավանական ձախողման ֆոնին այն պահեստավորում է իբրև այլընտրանքային տարբերակ:

Արտաքին քաղաքատնտեսական կողմնորոշումների մեջ իր ապագայի հեռանկարը գաղափարապես մշակող Թուրքիան միևնույն ժամանակ ծանր անցյալի և բավական բարդ ներկայի բեռ ունի իր ուսերին: Անցյալի ծանրությունը մասնավորապես պայմանավորված է քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված բնաջնջումների, ցեղասպան գործողությունների հետ, իսկ ներկայի բարդությունը` քրդական օրեցօր ահագնացող գործոնի և գյուլենականների հետ առճակատվելու հետ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին բնականաբար ավելի է միջազգայնացվելու Թուրքիայի` հանցագործ պետություն լինելու համբավը, քրդերը սպառնում են դեմոգրաֆիական պայթյուն առաջացնել հենց Թուրքիայի ներսում, իսկ գյուլենականները շարունակում են լուրջ վտանգի տակ պահել գործող իշխանություններին: Այս ամենը և ներհասարակական ու ներքաղաքական մնացյալ խնդիրները լուծելու համար Անկարան ցույց է տալիս, թե հենվում է ժողովրդավարության ու սահմանադրական բարեփոխումների վրա: Բայց նույնիսկ դեմոկրատիան խմբագրվում է Էրդողանի կողմից: 

Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը ունեցել է անսովոր մեծ քիթ: Այդ պատճառով էլ կարգադրել է, որ «քիթ» բառը չհայտնվի թերթերի ու լրագրերի էջերում: Էրդողանը հրահանգեց փակել «Twitter»-ը և «YouTube»-ը, քանի որ իր համար տհաճ հրապարակումներ եղան այդ սոցկայքերում: Տարբերությունը, ինչպես տեսնում եք, զուտ տեխնիկական է, նմանությունը` սուլթանական:

Ոճրագործ անցյալի չլուծված խոշոր հարցերի, ներկայի սպառնալիք դարձած խնդիրների ու ապագայի մեծ հավակնությունների քաոսից Թուրքիան կա՛մ դուրս կգա խոշոր շահումով, կա՛մ խոշոր կորստով: Ոսկե միջինն այս շրջափուլում Թուրքիայի համար գրեթե զրոյացված հավանականություն ունի:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ