Արմինե Հայրապետյան. Չեմ վաճառում, նվիրում եմ

…Բարև, այս արևից էլ հույս չկա,

Բարև, արդյոք լսում ես ինձ հիմա…

Բարև, թե դեռ մենակ ես ու անհույս,

Բարև, թե դեռ արթուն ես մինչև լույս, 

Հիշիր` լավ չէ այնտեղ, ուր մենք չկանք,

Ու թող անէանա ամեն պատրանք:

 

Չկա հասցե, չկա անուն, 

Միայն կարոտ, թախիծ անհուն,

Որ ուղարկում եմ դեպի վեր, 

Վերցրու, իմ սիրտը քեզ նվեր…

 

Ինչքան կուտակված բարկություն ու չասված ասելիք կա մեջդ, ուրբաթ օրը հնչում է: Ողջ շաբաթվա ընթացքում չստացած քնքշությունը ստանում ես փոքր, նեղլիկ ակումբային միջավայրից: Ավելի մեծ բեմում քո և հանդիսատեսի միջև անջրպետ կա, որը սկսվում է բեմի լույսերից, իսկ այստեղ տառացիորեն երկխոսություն է, անգամ անխոս: Հստակ երգացանկ երբեք նախապես չի կազմվում: Շատ վտանգավոր տարածք է հոգևոր առումով: Խոսքն անմիջապես հարվածում է նրան ու պեղում այն, ինչն ամենևին էլ չէր ուզում ցույց տալ:

…Թող ձյունառատ ձմեռ լինի, իմ սերը` հին, կարմիր գինի,

Հողի վրա կաթ-կաթ ընկնի, խոր վերքին սպեղանի…

Ինձ հաճախ են համերգների, ռադիոհաղորդումների ժամանակ ասում` որտեղ եք դուք, ինչու մենք չենք կարողանում ձեզ լսել: Մի քանի հայտնի, սիրելի անուններից բացի նրանք ոչ մեկին չէին լսել: Չի գովազդվում երբեք: Ոչ ստեղծագործողը, ոչ հանդիսատեսը իրար միամիտ գտնել չեն կարող, դա պետք է կազմակերպվի: Իմ նպատակը ավել ունկնդիր ունենալը չէ, այլ այն, որ նա, ով ուզում է լսել ավելին, քան սովորաբար մատուցում են, ունենա այդ հնարավորությունը: Նա իմ կարիքն ունի ավելի շատ, քան ես նրա: Ես, միևնույն է, գրելու եմ, կարող են լսել կամ չլսել, ես չեմ վաճառում, նվեր եմ տալիս: Իսկ անկեղծ նվերը միշտ էլ իր արժանի գնահատողին կգտնի: 

Հեղինակային երգի հետաքրքիրն այն է, որ արհեստականորեն վատը ապրեցնելը հնարավոր չէ: Հնչում է կենդանի և ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ հանդիսատեսը պահանջում է:  Է, խեղճ Ռուբեն Հախվերդյան, ինչ անի, ասում է` այ ժողովուրդ, էլ չեմ ուզում էդ երգը երգել, դա եսիմ երբ եմ գրել, հիմա չեմ զգում նույնը: 

Ժամանակին համոզմունք կար, որ հեղինակային երգը մեռնող ժանր է, մարդիկ կան, որ տանել չեն կարողանում այդ ծընգլ-մընգըլը:  Մեր ունկնդիրների մեջ մի կին ունենք, որ երբեք չի կարողանում վճարել տոմսի համար, Աշոտը հենակների վրա է գալիս: Մեկը չէ, երկուսը չէ, որ ունեն դրա կարիքը, շատ են: Հեղինակային երգը գոյություն կունենա անկախ այն բանից` ակումբ կլինի թե ոչ: Հեղինակային երգչի համար ինքն է, իր կիթառը: Մենք ունենք խարույկ, որը կարող ենք վառել տարին մի անգամ կամ տարին 12 ամիս: Անգամ եթե  տարիներ հետո հավաքվենք, մեր հավաքը կկայանա: Մենք միմյանց երգերը լավ գիտենք: Միշտ մի թանկ ասելիք քո ընկերոջ երգում կգտնես: Մեզ անհրաժեշտը մենք ստանում ենք միմյանց միջոցով: Ակումբում ընդամենը մի կիթառ ունենք, որը պտտվում է ձեռքից ձեռք: Իսկ երաժիշտի համար գործիքն այնպիսի թանկ իր է, որ նույնիսկ երեխայիդ թույլ չես տալիս մատով դիպչել: Բայց այս բարդերը, այս խենթերը դա անում են, որովհետև բոլորը պայքարում են նույն չարիքի դեմ, տարածում են լույսը խավարի դեմ: 

Ակումբում ամեն տարի երիտասարդ ստեղծագործողների մեկ-երկու հետաքրքիր նոր անուն ենք ունենում: Վարդանն է, որը շատ հետաքրքիր ձեռագրով է ներկայանում, հիմա զինվորական ծառայության մեջ է, մասնագիտությամբ ռեժիսոր մի տղա կա` Վահեն, աղջիկներ ունենք: Բայց աստված մի արասցե` մեկը հաց վաստակի հեղինակային երգով:

 

Երևակ ամսագիր