Ինչ չի անում մեր եկեղեցին. Հրանուշ Խառատյան

Հայաստանի տարածքում եկեղեցին` որպես ինստիտուտ շատ տևական ժամանակ հասարակության հետ պրակտիկ կապի խնդիր է ունեցել: Եվ ժողովուրդն է օտարվել եկեղեցուց, և եկեղեցին որպես ինստիտուտ ավանդույթ չունի: Ամեն համայնքում քահանան հոտ ունի: Բայց դա պայմանական է, մարդիկ չունեն, ասենք, տնօրհնեքի ավանդույթը, չունեն հոգևորականի հետ կապի պարբերականությունը, չունեն դրա ներքին մղումը: Մենք չունենք խոստովանության ինստիտուտը, մեղքի իրական զգոցողությունը բացակայում է անձի մեջ և դրանից ազատվելու հոգեբանական պատրաստվածությունը: Սրանք լուրջ պայմաններ են, որոնք խոչընդոտում են հոգևորական-անհատ և հոգևորական-հասարակություն կապերին: Իմ հետազոտությունները, հոգևորականների հետ զրույցները ցույց են տվել, որ նա պասիվ սպասում է, որ մարդիկ գան եկեղեցի: Եվ եկեղեցին կարծեք միակ վայրն է, որտեղ հոգևորական և մարդ հանդիպումը կայանում է: Քիչ դեպքեր կան, որ հոգևորականը իր շուրջը մարդիկ է խմբում: Ես նման բան տեսել եմ Դսեղ գյուղում: Անհավատ լոռեցիները իրենց քահանայի հետ շատ կապված են, նա երիտասարների հետ էքսկուրսիաների է մեկնում, ակտիվ մասնակցում է տոնահանդեսների կազմակերպմանը:

Եկեղեցին որպես ինստիտուտ չեմ կարծում, թե պետության կայացման գործում չկա, կարծում եմ, հակառակը, այն բավական ներգրավված է պետական ինստիտուտների աշխատանքին, և իշխանության համակարգին: Կարողանում է ազդել օրենքների ձևավորման վրա, կարողանում է պետությունից որոշ տարածքներ ստանալ, կարողանում է իր նյութատեխնիկական բազայի ապահովման և շարունակականության համար համաձայնություններ ձեռք բերել, կարողանում է լռել ա յնտեղ, որտեղ իշխանությունը գտնում է, որ եկեղեցին պետք է լռի և խոսել այնտեղ, որտեղ պետք է խոսի: Այսինքն` ներգրավված է պետականաշինության գործում: Բայց եկեղեցին ունի իր առանձին խնդիրները: Դրանք Հայաստանի այսօրվա քաղաքական ռազմավարությանը չեն համապատասխանում: Հայաստանի քաղաքական ռազմավարության կարևոր խնդիրներից մեկը աշխարհիկ պետություն կառուցելն է: Բայց եկեղեցին ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները նպաստեն կրոնական զարգացումներին: Սա եկեղեցի-իշխանություն հարաբերություններում հակասություն չի առաջացնում, բայց հակասում է Հայաստանի որդեգրած ռազմավարության, իրվական փաստաթղթերում, օրենքներում ձևակերծված իրավունքի նորմերին, եվրոպական ինտեգրման գործընթացին: Հակասելով սրան, իշխանության հետ հարաբերությունները ձևավորվում են, իմ կարծիքով, հայ առաքելական եկեղեցու` որպես ինստիտուտի, պատկերացրած ծրագրով, քան թե Հայաստանի որդեգրած քաղաքական, ռազմավարական ծրագրով: 

Մյուս կողմից կարծում եմ,` եկեղեցին չի կարողանում հասարակության համակրանքը շահել: Մարդիկ եկեղեցուց ունեն իրենց ակնկալիքները, բայց չգիտեն, թե եկեղեցին իրականում ինչ առաջարկ ունի հասարակությանը: Մի շարք կրոնական կազմակերպություններ Հայաստանում իրենց հետևորդների շրջանում ինտենսիվ տարածում են իրենց սոցիալական հայեցակարգերը: Խոսքը միայն նյութականի մասին չէ: Եկեղեցին չի դառնում շնչող միջավայր,  որտեղ մարդը շատ լուրջ աստվածային-կրոնական, հոգեբանական կամ սոցիալ-մարդկային խնդիր լուծի: Մեր հոգևորականը իրեն չի զգում Հայաստանի բնակչության ձևավորման մասնակից, նա լավագույյն դեպքում կարող է եկեղեցական ծես կատարել: Դրանով նրա խնդիրը կարծեք ավարտված է: Մեր հասարակության մեջ էլ չի ձևավորվում եկեղեցու հետ իրական կապի դրսևորման ձևերը: Իմ կարծիքով դա պետք է եկեղեցին անի, բայց նա չի դառնում նախաձեռնողը: Հոգևորականը մնում է առանձին ինքն իր հետ: Առաքելությունը մնում է կրոնական ծես մատուցելը: Հասարակության կրոնական ակնկալիքն ու պահանջները շատ մեծ չեն: Այդ կրոնական կազմակերպությունները իրենց աշխատանքը զուգորդում են սոցիալական ծրագրով, դա պարտադիր չէ, որ լինի բարեգործություն: Դրանք ուսուցողական ծրագրեր են, ժամանցի կազմակերպումն է, ճգնաժամի մեջ գտնվող մարդուն դուրս բերելու ավանդական առաջարկներն են: Բայց իմ հետազոտությունների արդյունքում ունացած տվյալներով դրանց հետևորդների շրջանում հետաքրքրությունը բավական նվազել է, որովհետև իրական լուծումներ իրենց խնդիրներին չգտան: Եթե որոշ խմբեր հաջողություն ունեն, ապա որոշ խանդավառ մարդկանց շնորհիվ…

Մեր ժողովուրդն իր էթնիկ միասնության մեջ միշտ էլ կրոնական տարրը մտցրել է` հայ-քրիստոնյա: Կրոնական որոշ բազմազանությունը կարող է ազդել էթնիկ միասնության վրա: 21-րդ դարում, ինչպես և կարելի էր սպասել, ազգային պատկանելության մեջ կրոնական բաղադրիչը սկսում է նվազել: Ազգապահպանման երկու կարևոր գործոններից` լեզվից ու հավատքից, մարդիկ շատ հաճախ ընտրում են լեզուն: Եվ եկեղեցին էլ այստեղ կարծեք ասելիք չունի, նա իր ճանապարհը գնում է ինքնուրույն, նա` որպես ինստիտուտ, իրթիկունքում հասարակական աջակցություն չունի:

 

Անահիտ Ասատրյան

 

Երևակ ամսագիր