Եղիշե Հարությունյան. Չկա զարգացում , եթե չկա ծրագիր

Տարեցտարի երկնիշ թվերով աճող ՀՀ տնտեսությունն իրականում օդով լցված փուչիկ է: Զարգացման մասին փաստող պաշտոնական այդ թվերը դառնում են անիմաստ և անհետաքրքիր, թե գյուղացու, թե բանվորի համար, որոնց ակնկալիքները առանց այդ էլ մեծ բան չեն, իսկ մտավորականը և ծառայողը քաջ գիտակցում են, որ դա ընդամենը որոշակի թվերի արդյունք է, որը խիստ անհրաժեշտ է, որ տեղադրված լինի գեղեցիկ զեկույցներում: Իսկ գործարանները սեփական կաշվի վրա են զգում ծանր իրավիճակը, բիզնեսի անկումը, ապրանքների և ծառայությունների պահանջարկի  ամենօրյա նվազումը:

  Այս պատկերը մեր զրուցակցի` ՙԳարի Գրուպ՚ ՍՊԸ հիմնադիր տնօրեն` Եղիշե Հարությունյանի  փորձի ու վերլուծության պրիզմայով:

 -Ներկայացրեք խնդրեմ Հայաստանի տնտեսական ներկա պատկերը` դրա մեջ գործող գործարարի աչքով:

   Իմ կարծիքով Հայաստանի տնտեսությունը այսօր շարունակում է մնալ խիստ ծանր վիճակում շարունակելով անկումը: Չեմ պատկերացնում, թե ինչիվրա կարող է հիմնված լինել մեր հույսը կամ լավատեսությունը, եթե Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում, անգամ ճգնաժամից առաջ որևէ կարևոր ծրագիր չի իրականացրել կամ անգամ դրա սկիզբը դրվել: Ինչիհաշվին պետք էր զարգանալ տնտեսությունը, մեծանալ պետական եկամուտները, ինչեր ենք փորձել անել, որ չի ստացվել: Երբեմն ինձ թվում է,  թե որպես հին Քրիստոնյա ազգի, այս դեպքում էլ ապրում ենք Աստծո հույսով, չնայած տնտեսությունը պետք է կառավարել կառավարության միջոցով:

 -Այս պարագայում ինչով է բացատրվում կառավարության ամփոփագրերում  արձանագրվող տնտեսական աճը:

    Կառավարության լավատեսությունը միշտ էլ հիմնված է եղել աշխատասեր և համբերատար ժողովրդի, հայ մարդու բնավորության` մշտապես բարիք ստեղծելու, ինքնակամ պարտավորություն ստանձնելու, ընտանիքի առջև  պատասխանատվության, հայրենիքի և ժողովրդի հանդեպ սիրո և ցանկացած խնդիր ամեն գնով` անգամ առողջության և կյանքի հաշվին, լուծելու վրա: Հայաստանում մարդու վաստակած գումարը բոլորովին էլ համապատասխան չէ նրա  աշխատանքին  լինի բանվոր, թե գործարար: Տնտեսության աճը, որպես դրական բնութագիր պետության համար և կարևոր ցուցանիշ, միշտ էլ եղել է կառավարության ուշադրության կենտրոնում: Անգամ անկախության առաջին տարիներին, պատերազմի ժամանակ, նույնպես արձանագրվում էր աճ: Օրինակ, եթե նախորդ տարում արտահանվում էր մեկ մեքենա հանքային ջուր, իսկ տվյալ տարում երկու, ապա տնտեսական աճը կազմում էր 100%, իսկ բացարձակ թվով` ոչինչ:  Այսինքն թվային տվյալներով մենք առաջատարներից մեկն ենք աշխարհում, որպես դինամիկ զարգացող երկիր, իսկ իրականում ամենա աղքատներից: Եթե 3 կամ 4 տարի առաջ Հայաստանում պրոբլեմ էր որակյալ աշխատուժը, ապա այսօր իմ ընկերության նման հարյուրավոր ընկերություններում 500 մարդու փոխարեն աշխատում են 100 մարդ, ապա դա  էլ կարելի է համարել աճ, սակայն գործազրկության: Իրականում չեմ հասկանում թե ինչպիսիաճի մասին է խոսքը և որտեղ է այն կատարվում:

 -Հայաստանի տնտեսության ծայրահեղ վատ իրադրության մեջ ինչ սուբյեկտիվ պատճառներ եք տեսնում:

     Ավելի լավ է պատասխանեմ, թե ինչպիսի օբյեկտիվ պատճառներ եմ տեսնում այդ վիճակին հասնելու համար: Ինչպես կարող էր զարգանալ կամ չքայքայվել տնտեսությունը, եթե այդ երկրում չկա`

  . տնտեսական զարգացման որևէ ծրագիր որոշակի ժամանակահատվածի համար

  .  եթե հայտնի չէ տնտեսության զարգացման գերակա ճյուղերը

  .  եթե բացակայում է պետական որակյալ մենենջմենտը, պետության շահի ամենօրյա պաշտպանը

  .  արդյոք  կարող է միաժամանակ զարգանալ տնտեսությունը, կոռուպցիան և կաշառքը: Անգամ ամենահարուստ  նավթային երկրում, եթե կա կոռուպցիա, ապա կա աղքատ պետություն

   .  ինչուպետք է զարգանա պետությունը, եթե տվյալ երկրում խառնված են տնտեսությունների խոշորացման և մոնոպոլ իրավունքների գաղափարը

    .  ով է հորինել, որ անհավասար մրցակցությունը ամենալավն է տնտեսական աճի կամ զարգացող պետության համար

    .  ով կարող է պնդել, որ ամեն ինչ կարող է լինել բիզնեսի առարկա և ամեն ուր պետք է միայն փող աշխատել

Նմանատիպ հայրուրավոր հարցեր կարող են հանդիսանալ ամենաօբյեկտիվ պատճառները այսօրվա իրավիճակին

 -Որոնք են Հայաստանում գործող բիզնեսմենի գործունեությունը խոչընդոտող առաջնային գործոնները:

    Կարծում եմ Ձեր հարցին արդեն պատասխանել եմ: Սակայն կցանկանաի ասել, թե ինչն է մշտապես շատ հայ գործարարներին ստիպում ապրել և աշխատել իր երկրում: Որքան էլ լինի զարմանալի  կան բազմաթիվ մարդիկ, որոնք սիրում են Հայաստանը և հասկանում են, որ այն չի կարող լինել մի քանիսի կամ մեկի սեփականությունը, որը այն չի գնել, վարձակալել կամ ժառանգել հորից: Հայրենիքում ապրելն ու աշխատելը դա հայի համար մեծ հարմարավետություն է և վստահ գործելու առաջին պատճառը: Կցանկանայի, որ մեր երկրում ամեն մի մարդուն վերաբեվեն շատ խնամքով, հոգատարությամբ և սիրով, որպես քաղաքացու, և չստեղծեն պատճառ հայրենիքը լքելով և հայրեիքի կարոտով ապրելու: Օտար երկրում հայը կարող է լինել հարուստ, բայց չի լինի ուրախ:

 -Ինչ  անմիջական ազդեցություն ունի վերոնշյալ իրադրությունը հայ գործարարի, իսկ ավելի կոնկրետ` երկրի տնտեսության վրա:

    Իմ լիրիկական մեկնաբանությունը կարելի է վերագրել նաև այս հարցին: Եթե առանց ժողովրդի չի լինում պետություն, պետությունը չի կարող գոյատևել առանց տնտեսության: Եթե մարդը` քաղաքացին, ստիպված է ապրում տվյալ երկրում, ապա նրա գործելակերպը կամ վերաբերմունքը լինում է համապատասխան: Մարդը ստիպված լավ տնտեսություն չի կարող ստեղծել կամ կառավարել:

 -Ինչ կարող է ու պետք է անի կառավարությունն իր տնտեսվարող սուբյեկտին սեփական հայրենիքում պահելու համար: Որն է Հայաստանի զարգացման Ձեր առաջադրած ծրագիրը:

   Ցանկացած գործարար, որևէ տեղ գործ նախաձեռնելու համար ունի որոշակի պայմաններ, իսկ եթե դա հայրենիքն է , ապա պահանջը ավելի մեծ է: Երջանիկ է այն գործարարը, որը կարող է ապրել և աշխատել նույն երկրում, նա մանավանդ հայրենիքում: Ապրելու համար մեր երկիրը դրախտային է, աշխատելու համար` դժոխային: Չնայած, որ Հայաստանը համարվում է զարգացող երկիր և հազարավոր գործարարներ կարող են գտնել իրենց տեղը մեր տնտեսության մեջ: Պետության կողմից պետք է ընդամենը ապահովել բիզնեսին անհրաժեշտ ամենասովորական պայմանները` ազատ շուկա, հավասար մրցակցություն, պարզ հարկային և այլ օրենքներ: Եվ բոլորովինել պետք չէ Եվրոպայից ավելի շուտ ընդունել իրենց կողմից քննարկվող օրենքները: Հայաստանի փրկությունը Եվրոմիությանն անդամագրվելը չէ, առավել ևս եվրոպական հասարակությանն ինտեգրվելը: Մենք առանցին ազգ ենք, կարող ենք լինել նաև  լիարժեք անկախ պետություն մեր յուրահատուկ տնտեսությամբ:

 -Եթե խոսենք ավելի կոնկրետ` որ ոլորտին զարկ տալ տնտեսությունը պարալիզացումից  հանելու համար:

   Ես արդեն հայտնել եմ կարծիք  տնտեսության հնարավոր գերակա ճյուղերի մասին ինչպիսին է օրինակ գյուղատնտեսությունը, եթե մշակվեն բոլոր հողատարածքները, մի քանի անգամ բարձրացվի բերքատվությունը և զարգացվի գյուղ մթերքների վերամշակումը, ոչ միայն արտահանումը: Բայց դա նորից հատուկ ծրագիր է , որը կպահանջի 5 տարի ժամանակ: Չնայած դա միակը չէ , բայց միաժամանակ չի կարող լինել տասնյակ ոլորտներ, որովհետև բոլորը միասին նախ հնարավոր չէ ֆինանսավորել և ապա կառավարել:

 -Եթե  ամեն ինչ ընթանա զարգացման Ձեր ծրագրով, ինչ ընդհանուր արդյուն եք ակնկալում Հայաստանի համար:

  Եթե ամեն ինչ ընթանա ոչ թե զարգացման իմ ծրագրով, այլ նորմալ զարգացող պետությանը բնորոշ  և  գրագետ կառավարվող տնտեսության, ապա Հայաստանը մոտակա 5 տարիներում կունենա 3 և ավելի անգամ բյուջե, որը բոլորովին էլ դժվար չէ: Վերջ ի վերջո այդպիսի բյուջեներ ունեն Հայաստանի նման շատ երկրներ չգտնվելով որևէ արտոնյալ պայմաններում:

 

 Երևակ ամսագիր