Ադրբեջանցի հալածվող գրողի հանդեպ հայերի հոգատար վերաբերմունքը

Գերմանական journalistenwatch.com ինտերնետային կայքն իր էջում զետեղած «Գրքերի այրումը Բաքվում. Հայերը հոգ են տանում ադրբեջանցի գրողի հանդեպ» վերնագրով հոդվածում անդրադառնում է Ադրբեջանում հայկական ջարդերի մասին «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլիի հանդեպ սեփական հայրենիքում կիրառվող ծանր պատժամիջոցներին եւ ընդհանրապես այդ երկրում ստեղծված իրավիճակին: Արմենպրեսի փոխանցմամբ` տեղեկատվական կայքը զետեղել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի հայտարարությունը` ընդգծելով դրանով փոխանցված մտքերի կարեւորությունը:

«Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը կոչ է անում Բաքվի իշխանություններին եւ աշխարհի գրական հանրությանը` օժանդակել գրողին եւ նպաստել կարծիքի ու արվեստի ազատության պաշտպանությանը: Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում քննադատաբար է մոտենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում հայերի հանդեպ իր հայրենակիցների քայլերին եւ այդպիսով զուգահեռներ անցկացնում 1915 թվականի Հայոց Ցեղասպանության հետ: Մարդու իրավունքների միջազգային պաշտպանության կոմիտեի տեղեկատվության համաձայն` Բաքվում հրապարակայնորեն այրվել են հեղինակի բոլոր գրքերը, որոնք ժամանակին Ալիեւի կառավարության կողմից գնահատվել են որպես «Ադրբեջանի մեծ գրողի» ստեղծագործություններ», նրա տան առջեւ մեծ ամբոխ է հավաքվել, որը սպառնում է նրա կյանքին»,- ԳԿԽ-ի հայտարարությունն
 է մեջբերել ինտերնետային պարբերականը:  

 Journalistenwatch.com ինտերնետային կայք-ը փոխանցում է նաեւ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ղեկավար Ազատ Օրդուխանյանի հայտարարությունն այն մասին, որ Սփյուռքում բնակվող հայերն ամենայն ուշադրությամբ են հետեւում  հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի փոքրիկ հանրապետության շուրջ Բաքվի գնալով ավելացող եւ ընդգծված ագրեսիվ պահվածքին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից սահմանին հրադադարի խախտումներին:

Գերմանական կայքը, մեջբերելով Օրդուխանյանի խոսքը, հիշեցնում է, որ ընդամենը ամիսներ առաջ Հունգարիայում հայ սպայի սպանած ադրբեջանցի մարդասպանը ետ գնվեց ու հերոսացվեց սեփական երկրում: «Այժմ էլ` պատժամիջոցներ խելամիտ մի գրողի դեմ, ով փորձում է կոտրել իր երկրի պաշտոնական գաղափարախոսության տաբուն: Մենք հոգ ենք տանում տարածաշրջանում անվտանգության մասին»,-Օրդուխանյանի խոսքերով ամփոփում է իր հոդվածը գերմանական journalistenwatch.com ինտերնետային կայքը: 

Վեպի հրապարակումից երկու ամիս անց Ադրբեջանի իշխանություններն Այլիսլիի դեմ զանգվածային ժողովրդական հիսթերիա են հրահրել: Իշխանամետ երիտասարդությունն Այլիսլիի տան առաջ այրել է վրան խաչ նկարված նրա լուսանկարները եւ «թշնամի», «դավաճան» վանկարկել: Խորհրդարանի պատգամավորները պահանջել են այրել նրա բոլոր գրքերը, զրկել քաղաքացիությունից, բոլոր պետական պարգեւներից եւ արտաքսել Ադրբեջանից: 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Աքրամ Այլիսլիին «Ժողովրդական գրող» կոչումից, նախագահական թոշակից եւ ամառանոցից զրկելու մասին: Աշխատանքից հեռացվել են նրա կինն ու որդին: Իսկ 
«Ժամանակակից Մուսավաթ» իշխանամետ կուսակցության առաջնորդը կուսակցության երիտասարդական թեւի անդամներին 10 հազար մանաթի պարգեւի դիմաց հանձնարարել է կտրել Այլիսլիի ականջը:

Աքրամ Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների իրական պատճառն այն է, որ նա վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիեւի կողմից հրահրված լինելու մասին: