Ստամբուլի հայերը` Թուրքիայի պատանդներ

Անցած երկու ամիսներին Ստամբուլի կենտրոնում և պատմականորեն հայերով բնակեցված Սամաթիա շրջանում չորս հարձակում է կատարվել հայ կանանց՝ Թուրքիայի քաղաքացիների դեմ… Սա ի՞նչ է  նշանակում, որտե՞ղ պետք է փնտրել այդ ամենի պատճառը:

- Նման դեպքեր Թուրքիայում միշտ էլ եղել են, հատկապես 40-80-ական թվականներին: Պարզապես այն ժամանակ ոստիկանությունը կարողանում էր դրանք կոծկել, թերթերն ու հեռուստատեսությունը միայն պետական էին՝ չէին հայտնում, տեղեկությունները կառավարական շրջանակներից դուրս չէին գալիս: Հիմա այնտեղ լրատվությունը համեմատաբար ազատ է, և դեպքերը հայտնի են դառնում: Թուրքիայի հասարակությունը հիմա էլ ժամանակ առ ժամանակ ունենում է նման հակահայկական, հակաքրիստոնեական ալիքներ: Հիմա այդ ալիքի մեջ ենք: 
Դա մի շարք գործոններով է պայմանավորված. նախևառաջ` կարծես 2015-ի նախերգանքն է: Այսինքն զգալով Հայոց ցեղասպանության հարցում եղած հետաքրքրությունը, ճանաչման ընթացքը՝ թուրքական հասարակության մի հատվածը պոռթկումներ է ունենում` սեփական անկարողությունը կոծկելու համար և տեղի հայությանն է թիրախ ընտրում: Դրանից բացի՝ Թուրքիայում ազգայնականության դրսևորումները վերջին տարիներին ավելացել են, և քանի որ թուրքական կառավարությունը փորձում է քրդական հարցում համաձայնության հասնել,   հիմնական նետն ուղղում են ոչ թե քրդերի ու հայերի դեմ առանձին-առանձին, այլ դեպի քրիստոնեականը` ազգայնական հույզերը փորձելով դարձնել կրոնական հույզեր, մանավանդ որ իսլամիստներն են իշխանության գլուխ: Ճնշումները ոչ միայն հայերի, նաև հույների հանդեպ են:  
- Ադրբեջանցիների ազդեցությունն այս ամենում ի՞նչ դեր ունի:  
- Դա ամենակարևոր գործոններից է: Թուրքիայում նրանց ազդեցությունը մեծանում է, կարող ենք թեկուզ հիշել նախորդ տարվա փետրվարին Խոջալուի հետ կապված մեծ ցույցը` «բոլորդ հայ եք, բոլորդ բիջ եք» կարգախոսով, որը թեև կազմակերպվել էր ադրբեջանական փողով, հավանություն ու թույլտվություն էր ստացել Թուրքիայի կողմից: Խոջալուի պաստառները մետրոյում էին փակցված, որը միայն Ստամբուլի քաղաքապետարանի մենաշնորհն է: Այսինքն իշխանությունների թույլտվությամբ է հակահայկական ալիքն ահագնացել, ինչի հետևանքն այդ հարձակումներն են, հայուհու սպանությունը:  
- Այսինքն անհանդուրժողականություն թելադրողն իշխանությո՞ւնն է:  
- Չենք կարող ասել, թե հարձակումներն իշխանությունն է պատվիրել, դա ավելի շուտ երիտասարդական ազգայնական խմբերի ձեռքի գործն են: Բայց իհարկե՝ Թուրքիայի իշխանությունն անպայման տեղյակ է: Պետությունը, կարծում եմ, վերահսկում է այդ ընթացքը: Ի դեպ թուրքական  հասարակությունը միատարր չէ, նրանք 75 միլիոն են, և չենք կարող ասել, թե նույն ձևով են մտածում: Կան մարդասպան թուրքեր, ազգայնական թուրքեր, նաև թուրքեր, ովքեր ի պաշտպանություն հայերի՝ դուրս եկան խաղաղ ցույցերի, ովքեր զեկույցներ, վերլուծություններ գրեցին: Որքան էլ Հայաստանից միջազգային կազմակերպություններին բողոք գնա՝ այնքան հավաստի չի լինի, ինչպես եթե դա անի թուրքը: Նրանց գրած բողոքի զեկույցն ավելի էական է այդ կազմակերպությունների համար: Իհարկե՝ թուրքին դպրոցից հայատյացություն են ներարկում, սկսած պատմության դասագրքերից՝ նրանց ներշնչում են, թե հայերը խաբել են, դավաճանել, ցեղասպանությունը ոչ թե իրենք են արել, այլ հայերը: Նրանք ԱՍԱԼԱ-ի գործողությունները նկատ առնելով՝ հայերիս մեղադրում են ահաբեկչության` անմեղ թուրք դիվանագետների սպանության համար: Ապա մեզ մեղադրում են Ղարաբաղյան պատերազմի ժամանակ իրենց ադրբեջանցի եղբայրներին կոտորելու համար: Այսինքն սերունդը դաստիարակվում է հակահայ քարոզչությամբ: Այո, գաղտնիք չէ՝ այսօր ևս Թուրքիայում հայատյացություն կա:  
- Եվ դա ոչ թե խոսքերով է արտահայտվում, այլ հենց բռնի գործողություններով:   
- Մենք միշտ պետք է հիշենք, որ ստամբուլահայությունը Թուրքիայում պատանդ է, և հայ-թուրքական հարաբերությունների ցանկացած դրսևորում անմիջապես զգում են տեղի հայկական դպրոցները, հիվանդանոցները, ընդհանրապես՝ բոլոր հայերը: Հիշենք նախորդ դարի 50-ականների դեպքերը, երբ գազազած թուրքերը հայերի ու հույների խանութները ջարդեցին, թալանեցին, մարդկանց սպանեցին: Այսօր արդեն ի հայտ են եկել փաստեր, որոնք ապացուցում են, որ թեև ի սկզբանե այն ժողովրդական ալիք է կոչվել՝ իրականում ուղղորդվել է պետության կողմից:  
- Բռնության վերջին դեպքերից հետո Ստամբուլում բողոքի ցույց և խաղաղ երթ էին անցկացնում` ի պաշտպանություն հայերի: Դրանք և՞ս իշխանություններն էին պատվիրել:   
- Ես կասեի՝ իշխանությունը ոչ թե կազմակերպել էր, այլ չէր արգելել: Բացի դրանից՝ այդ ցույցերը ոչ թե ի պաշտպանություն հայերի էին, այլ կառավարության դեմ: Թե Հրանտ Դինքին նվիրված, թե այս ցույցերը հիմնականում ձախերն են կազմակերպում, որոնք այս կառավարության գաղափարական ընդդիմադիրներն են: Նրանք Էրդողանին ու ազգայնականներին համարում են ֆաշիստներ, ծայրահեղ ազգայնականներ և նրանց դեմ բողոքում են, ուստի հայկական ու քրդական հարցերն իրենց համար դարձրել են դրոշակ: Խնդիրն այն է, որ նրանց թիվը շատ փոքր է: Եթե վաղը Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ լինեն՝ նրանք 3-4 տոկոսից ավելի չեն հավաքի: Չնայած նրանք մտավորականներ են, թերթերում հոդվածներ են գրում և քիչ թե շատ ազդում մարդկանց վրա, բայց 3-4 տոկոսը Թուրքիայում բավական փոքր թիվ է՝ մեծ ազդեցություն ունենալու համար: Իսկ ազգայնականների ընտրազանգվածը 20-25 տոկոս է:  


- Թուրքական իշխանության արձագանքն ինչպիսի՞ն է, նրանք ընդունո՞ւմ են, որ իրենց երկրի քաղաքացի է սպանվել:
- Չնայած ասում են, որ Սամաթիա թաղամասում արդեն ոստիկանական խմբեր կան,  տեղադրվել են տեսախցիկներ, բայց պետության արձագանքներն ուշադրությունը շեղելու միտում ունեն: Սկզբում հայտարարում էին, թե դա մի խելագարի գործողություններ են, հետո պարզվեց, որ չորսով են եղել: Այնուհետև փորձում էին այնպես ներկայացնել, թե դեշքերն իրարից անկախ են, կապ չունեն, հասարակ քաղաքացու սպանություն է: Այսինքն պետությունը փորձում է անտեսել: Օսմանյան կայսրությունում քրիստոնյայի սպանությունը պարզապես սպանություն էր, մահմեդականի սպանությունը` մահացու հանցանք: Ցավոք այդ դատապարտելի մտածելակերպը դեռ շարունակվում է: Այսինքն որքան էլ Թուրքիան իրեն եվրոպական երկիր համարի և ձգտի դեպի արևմտյան արժեքներ, նրա համար թուրքն ավելի բարձր է, քան մյուսները:  
- Նախորդ տարիների համեմատ այժմ բռնությունների վիճակագրությունը փոխվե՞լ է:  
- Նման վիճակագրություն չկա, պարզապես պետք է նշենք, որ 2011 թ. Ապրիլի 24-ին Սևակի սպանությունից հետո դեպքերը գնալով շատացել են: Դա ես կապում եմ թե ցեղասպանության 100-ամյակի հետ, թե ադրբեջանական լոբինգի ուժգնացման: Ադրբեջանին ձեռնտու են Թուրքիայում հակահայկական տրամադրությունների արմատավորումը, հայ-թուրքական հարաբերությունների սրումը: Իսկ Ադրբեջանի ռազմավարական թիվ մեկ խնդիրն է Հայաստանը պահել մեկուսացման մեջ: Հիմա էլ աբխազական երկաթուղու համար են մեծ վայնասուն բարձրացրել:  
- Հայերի նկատմամբ ոտնձգությունները միջազգային ատյաններում ի՞նչ գնահատականներ են ստանում, Թուրքիայի միջազգային հեղինակության վրա դրանք ազդո՞ւմ են:   
- Ամենանշանակալի արձագանքը «Միջազգային համաներում» (Amnesty International) իրավապաշտպանկազմակերպության բողոքն էր: Իսկ ի՞նչ կարող ենք անել մենք՝ Երևանում. ազդեցության տարբեր լծակներ օգտագործելով` հայտնի ԶԼՄ-ներում իրականությունը բացահայտող հրապարակումներ տարածել: 
Էրդողանի համար ամենակարևորը 2014-ին նախագահ ընտրվելն է, այսինքն իր ներքին քաղաքականությունը, ներքին ձայներն ու խաղերը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի միջազգային մամուլն ու կազմակերպությունները հակահայ դեպքերը բացահայտեն, դրանք համադրեն 1915-ի հետ` ցույց տալու համար, որ վիճակը շատ տխուր է: Երբ մենք ուսումնասիրում ենք Հայոց ցեղասպանությանը նախորդող դեպքերը, տեսնում ենք, որ այն ժամանակ էլ հակահայկականության ալիք  էր բարձրացվում, սկսվում էր առաջին հայացքից սովորական սպանությունների շարքը, որը հետագայում վերածվեց ամբողջ հայության բնաջնջմանը: Պետք է փորձենք աշխարհին ցույց տալ Թուրքիայում ահագնացող հակահայ տրամադրություններն ու գործողությունները:  
- Թուրքիայում հայերի մեծ մասն ապրում է Ստամբուլում, ուր որոշ զգուշավորություն կա ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Բայց եթե Ստամբուլում է հակահայ ալիք բարձրանում, գյուղերում ի՞նչ է կատարվում:   
- Նայած գյուղ, նայած վայր: Օրինակ Էրզրումում, որ հայտնի է որպես հակահայկականության դրոշակակիր, ամեն մարտ ամսի «հայերից Էրզրումի ազատագրման օրը» ցուցադրվում է ներկայացում, որտեղ հայ են սպանում: Վարձում են երկու քուրդ կամ աղքատ թուրքեր, որոնք դիմակներով խաղում են հայի դեր, և բեմում նրանց սպանում են: Այսինքն մինչև հիմա հայի հանդեպ ատելություն է սերմանվում, որը բնականաբար խոր արմատներ է ձգում:  
- Ամենուր նույն վերաբերմո՞ւնքն է իշխում:  
- Ոչ, կան քրդաբնակ վայրեր, օրինակ` Դիարբեքիրում, որտեղ հայերի հանդեպ առավել մեղմ են: Հայտնի են Դիարբեքիրի քաղաքապետի հայանպաստ  հայտարարությունները: Քրդերի դեպքում հարցն այլ է, քրդաշատ վայրերում նրանք առավել հզոր են, բացի այդ՝ նրանք հայերին փորձում են օգտագործել թուրքերի հետ իրենց հակամարտության մեջ:   
- Այժմ հայկական համայնքում իրավիճակը շարունակում է լարվա՞ծ մնալ:  
- Լարվածությունն զգացվում է ամբողջ համայքում, զեկույցներում էլ նշվում է, որ հայերը վախվորած են: Տարեց հայուհիները վստահ են, որ հարվածն իրենց է ուղղված և շատ վախեցած են: Փողոց դուրս գալը խնդրահարույց է, երեխաների դպրոց գնալը՝ նույնպես, հայերը երեկոյան ժամերին խմբերով են դուրս գալիս: Բայց ես կուզենայի ընդգծել Ստամբուլում աշխատող հայերի խնդիրը, որն ամենախոցելին է, որովհետև նրանց ներկայությունն այդ երկրում ապօրինի է, անձնագրերը ժամկետանց են: Պատահական չէ, որ ազգայնական խմբերի հիմնական հարվածը աշխատանքային միգրանտների ուղղությամբ է: 

Հայաստանի զրուցակից