ԲԻԳԲՐԵՅՆ. Իննովացիոն գաղափարների նախագծում

21-րդ դարում կայանալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակում է մշտապես լինել նորարար, հենց օդից որսալ դարի պահանջներից բխող հետաքրքիր ու գործնական անհրաժեշտ կիրառություն ունեցող գաղափարները: Իր գործունեությունը  որպես թիմ մեկնարկած "ԲԻԳԲՐԵՅՆ" ընկերությունը 2011 թ.  ‘’Հեքըթոն Երևան” նորարար գաղափարների և նախագծերի մրցույթում հաղթանակ տարավ Մայքրոսոֆթ հենքով ստեղծված լավագույն նախագիծ անվանակարգում՝ ներկայացնելով հենց սեփական մտքի և գաղափարի հիման վրա ստեղծված Microsoft Kinect-ի հիմքով ինտերակտիվ հարթակը: Այն հնարավորություն է տալիս գովազդ, և ընդհանրապես ցանկացած տեղեկատվություն մատուցել ինտերակտիվ ձևով, 4 մետր հեռավորությունից ձեռքերի և ոտքերի շարժումներով ղեկավարել հարթակը, կարդալ այն, թերթել, բացել կամ փակել:

Նորարարական տեխնոլոգիաների ներդրման առումով 2013  թ. խոստանում է ավելի հետաքրքիր լինել: “ԲԻԳԲՐԵՅՆ” “Զանգակ-97” ընկերության հետ մշակել է աշխատակիցների գիտելիքի գնահատման համակարգ, որը վեբ տարբերակով է, մատուցվելու է անվճար, կիրառելի է հատկապես այն կազմակերպություններում, ուր գրանցված է աշխատակիցների մեծ թվաքանակ:  Համակարգի ներդրմամբ ղեկավարությունը կկարողանա ռեյտինգավորել իր աշխատակիցներին, ստանալ աշխատողների լավագույն տասնյակը, ունենալ աշխատակիցների ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ ու ռեալ գնահատականը, մշակել աշխատանքի արդյունավետ բաշխվածություն, վարել ճիշտ կադրային քաղականություն: Սեփական կադրային քաղաքականությունում  “ԲԻԳԲՐԵՅՆ” առաջնորդվում է միայն բարձրակարգ աշխատուժ ներգրավելու գաղափարով: Պահանջների բարձրագույն նիշին համապատասխանող արդյունք, ՏՏ լեզվով “պրոդուկտ”, այն էլ սեփական պրոդուկտ, տալու համար պետք է նախ ունենալ համապատասխան մասնագիտական ցուցանիշներով աշխատակիցներ: Ինչը հաճախ խնդիր է, քանի որ ոլորտում բարձրակարգ մասնագիտական ռեսուրսը սահմանափակ է ու հիմնականում զբաղված: Ներքին շուկան անհրաժեշտ մասնագետներով համալրելու համար “ԲԻԳԲՐԵՅՆ” կազմակերպությունը իր գործընկերների հետ ամռանը նախատեսում է կոնֆերանսներ երկու հիմնական ուղղություններով. նախ՝ կողմնորոշել երիտասարդներին դեպի ՏՏ ոլորտը, ավելի խորքային պատկերացում տալ ՏՏ-ի մասին, երկրորդ՝ անդրադառնալ ազգային անվտանգությանը վերաբերող խիստ հրատապ մի խնդրի: Այսօր ՀՀ-ում պատրաստվում են հազարավոր կայքեր ու համակարգեր, որոնք անվտանգության հարցեր չեն լուծում: Այնինչ կա  համացանցային լուրջ պատերազմ. Ադրբեջանից օրական տասնյակ վիրտուալ հարվածներ են գրանցվում, արդյունքում կոտրվում են տասնյակ հայկական կայքեր:

Ինչու՞… որովետև չի գործում ազգային անվտանգության տեխնոլոգիան, չկա ազգային անվտանգության կարևորության գիտակցում անգամ պետական մարմինների մակարդակում, ու արդյունքում էլ անհրաժեշտ դիմակայություն ու հակագրոհ այդ մարտահրավերները չեն ստանում: Բացի այդ մասնագետներն իրենք պիտի խորապես գիտակցեն իրենց գործի կարևորությունը, հասկանան, որ ծրագրավորումը պարզապես գիտելիքների մի ամբողջություն չէ, այլ լուրջ մոտեցում, որը նախևառաջ պիտի պատասխանի ազգային անվտանգության հարցերին: ՏՏ պրոդուկտը միայն այն չէ, ինչ տեսնում ենք էկրանին,  այն իրենից ներկայացնում է շատ ավելի մեծ ներուժ, որը անտեսանելի է user-ի համար, բայց շատ ավելի լավ է մշակված, հաշվի է առնում մի շարք հանգամանքներ. առաջին հերթին անվտանգություն, բազայի ապահովություն, օպտիմալ մշակվածություն, արագ ու հեշտ կիրառություն, հետագայում փոփոխություններ կատարելու, մոդուլներ ավելացնելու հնարավորություն և այլն: “Բիգ բրեյն”  կազմակերպությունը" որպես պատվերներ իրականացնող կազմակերպություն բարձր է պահում իր պահանջների նշաձողը՝ տալիս  միայն  բարձրակարգ արդյունք: 

 Այսօր կազմակերպությունը համագործակցում է ԱՄՆ-ի Թեննեսի նահանգի իր գործընկերների հետ հեռուստաբժշկություն համակարգի մշակման աշխատանքներում, սա իհարկե վկայում է “ԲԻԳԲՐԵՅՆ” պատրաստվածության ու անհրաժեշտ ներուժի մասին: Ու հենց այդ ստեղծագործ ներուժի առկայությունն է, որ կազմակերպությանը մղում է նոր գաղափարների մշակման ու իրականացման: Ինչպես օրինակ նրանց մշակած վերջին փոքրիկ Tool -ը, որը հնարավորություն է տալիս  էկրանին բացված ինֆորմացիաները կոճակի մի  սեղմումով պահպանել որպես  ինտերնետային լինք, ու անհրաժեշտության դեպքում 7 օրվա ընթացքում այն կիրառել և ուղարկել անհրաժեշտ էլ. հասցեներով: Իհարկե սա մեծ փրոջեքթ չէ, բայց նման փոքր ու մեծ նորարարություններով “Բիգ բրեյնը” սկսելու է ավելի ու ավելի հաճախ աչքի ընկնել, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաները այս կազմակերպության համար զուտ շահույթ ստանալու բիզնես միջոց չեն, այլ սեփական բազում նորարարական մտքերն ու գաղափարները կյանքի կոչելու ռեալ հնարավորություն:

 "Եթե դու ծնվել ես ՀՀ-ում, ու եթե քո  ուղեղը մի քիչ աշխատում է, պիտի ընտրես ծրագրավորողի մասնագիտությունը",-համոզված է "ԲԻԳԲՐԵՅՆ" ընկերության տնօրեն Լևոն Մանուկյանը:  Համոզված, որ տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում դեռ շատ հետաքրքիր ձեռքբերումներ են գրանցելու: 

 

Լուսինե Գաբրիելյան