Անտեղյակության զոհերը

Կոռուպցիայի, սեփական իրավունքների անտեղյակության և դրա արդյունքում  զոհի կարգավիճակում հայտնված մարդկանց մասին է զրույցը իրավաբան Ալեքսանդր Ամարյանի հետ:

-Ինչո՞վ են առաջին հերթին պայմանավորված կոռուպցիոն դրսևորումները:

-Առաջին հերթին սեփական իրավունքների չիմացությամբ: Մեր ժողովուրդը չգիտի և չի էլ  գիտակցում իր իրավունքների մասին իմանալու անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում այն երևույթը, որը կոչում ենք կոռուպցիոն ռիսկ,  80%-ով կվերանար: Այսինքն՝ մենք ինքներս ենք նպաստում կաշառակերության զարգացմանը, իսկ կաշառակեր հասկացությունը գալիս է հնուց և մտած է բոլոր ոլորտներում: 

-Ո՞ր ոլորտներում են ամենահաճախ արտահայտվում կոռուպցիոն երևույթներ: Բերեք 1 դասական օրինակ ավելի հստակ պատկերացում կազմելու համար:

-Կոռուպցիոն դրսևորումները արմատացած են գրեթե բոլոր ոլորտներում՝ դատական, փաստաբանական, պետական, ապահովագրական… ԱՊՊԱ-ի դասական դեպք վերցնենք: Վթար է եղել, և եթե տուժողը վթարից քիչ գումար է ուզում, ապա ապահովագրական ընկերությունը պատրաստ է գալ և տեղում վճարել, բայց եթե վնասը  մեծ  է, ապահովագրական ընկերությունը սկսում է ձգձգել՝ առաջարկելով դիմել ոստիկանությանը: Ոստիկանությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է եզրակացություն, որ կարող էր տրամադրել հենց նույն օրը՝ վթարի ժամանակ: Դրանից հետո պետք է գնալ ապահովագրական ընկերություն, գրանցվել, բերել մյուս կողմին… Ջարդված ավտոմեքենան գալիս են նկարելու 5 աշխատանքային օրվա ընթացքում, 2 շաբաթվա ընթացքում փորձագետը գնահատում է անում, դրանից հետո 21 օրվա ընթացքում կատարվում է վճարումը: Արդյունքում այս ամենը տևում է  45 օր: Այսինքն, եթե ավտոմեքենան այդ մարդու օրվա վաստակի աղբյուրն էր, ապա նա ինքնաբերաբար կրում է 45 օրվա վնաս: Վարորդը ստիպված պետք է 4 օղակի ֆինանսապես աջակցի, որպեսզի այդ ամենը 45 օր չտևի: Ահա մի վառ օրինակ այն մասին, որ  մենք ինքներս ենք ստեղծում այս ամբողջ մեխանիզմը:

-Փաստորեն առաջարկ-պահանջարկի պարզ կանոնն է գործում կոռուպցիոն ռիսկեր պարունակող բոլոր ոլորտներում: 

-Այո: Օրինակ, եթե ամեն մի փաստաբան լինի իր տեղում, ապա դատավորը չի կարող օրենքը խախտել: Եթե առաջարկող կա, ապա ինչո՞ւ չվերցնել. առաջարկող չլինի, դատարաններն էլ ուզած-չուզած օրենքով կաշխատեն: Բայց մեր երկրում, այսպես կոչված, «հեռախոսային իրավունքն» ակտիվորեն գործում է՝ ալո, սա իմ գործն ա ու պետք ա արվի:

-Տիրող իրավիճակը բնութագրական է միայն Հայաստանի՞ն, թե՞ ընդհանուր հաշվով այն նույնն է նաև ամբողջ աշխարհում:

-Բերեմ մի օրինակ բանկային համակարգի վերաբերյալ: Եթե Հայաստանում որևէ մեկին շտապ փող է պետք, ապա նա կամ գնում է բանկ՝ կեղծ փաստաթղթերով (որովհետև մեր իրական աշխատավարձով ոչ մի բանկ մեզ գումար չի տա) գումար ձևակերպելու, կամ գնում է վաշխառուի մոտ և գումար է վերցնում 5-10%-ով ու գաղտնի ձայնագրում է խոսակցությունը: Իսկ հետո, երբ պետք է վճարի, հրաժարվում է՝ ասելով թե՝  դու տոկոսով գումար ես տվել, դու հանցագործ ես: Այսինքն՝ այստեղ արդեն «քցոցիի» տարբերակն է սկսում գործել: Մեր ազգն ինքն է ընտրում այդ ճանապարհը, որովհետև եթե մեր բանկային համակարգը թույլ տար քաղաքացուն իր չնչին աշխատավարձով վարկ վերցնել, ապա այդ նույն քաղաքացին, բնականաբար, այլևս վաշխառուի մոտ չէր գնա... Հիմա բանկերում ամեն ինչ դարձել է սև ցուցակ: Մարդն ինչ-ինչ պատճառով մի անգամ ուշացնում է վարկի վճարումը, և բանկը նրան սև ցուցակ է գցում: Ամբողջ աշխարհում արվում է այնպես, որ հասարակ մարդն ամբողջ կյանքում դառնա զոմբի, կատարող կամ հանցագործ: Խմիչք, նարկոտիկ, կախվածություն. մենք կամաց-կամաց սրան ենք մոտենում, որովհետև եթե մարդը կախվածություն ունեցավ որևէ բանից, ապա նրան ավեի հեշտ է կառավարելը: Այսինքն՝ մենք մոտենում ենք նրան, որ մարդը դառնում է կառավարելի էլեկտրոնային էակ ու մարդը ոչինչ չի կարող անել, նա արդեն դառնում է սիստեմի ծառա՝ բիոանձնագրերը, ID-ն՝ մատնահետքերով, դրա վառ ապացույցներն են:

-Կարելի՞ է հուսալ, որ հոգևոր ոլորտում կրքերն ավելի հանդարտ են: 

-Բացարձակ: Այսօր Հայաստանում կա 550.000 ոչ հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որից մոտ 250.000-ը քայքայիչ աղանդների հետևորդներ են և այսօր բռնապետական կարգավիճակում են՝ տներն են վաճառում, փողերը, ոսկեղենն են ձեռքներից խլում, աշխատեցնում՝ գումարի կեսն են տրամադրում, իսկ մյուս կեսը տալիս են իրենց եկեղեցուն: Պատկերացրեք՝ մարդը միջինը ստանում է 60.000 դրամ աշխատավարձ, որից 15.000 պետության հարկերն են, 6000-ը տանում է եկեղեցին՝ որպես տասանորդ, ամեն շաբաթ ժողովներին նրանք նվիրատվություն են անում եկեղեցուն, որը նվազագույնը 5000 դրամ է կազմում: Տակը գրեթե ոչինչ չմնաց: Բայց եթե մարդն իմանա իր իրավունքները, չի ընկնի այդ թակարդը: Ավետարանչական ընկերությունը հայտարարում է, որ իրենք ամեն տարի 7 մլն դոլար բարեգործություն են անում Հայաստանում և Ղարաբաղում, բայց երբ ստուգում ես, տեսնում ես, որ 800.000 դրամից ավելի պետականորեն գրանցված գումար չկա: Այսինքն՝ շղթայաբար, մարդկանց խաբելով լվացվում են այդ փողերը: 

Աղանդավորները ակտիվորեն օգտագործում են ցանցային մարկետինգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոգեորսության մեխանիզմները նույնն են, որոնց արդյունքում մարդկանց գցում են կախվածության մեջ:

-Կրոնական կազմակերպություններից թերևս ամենաակտիվը Եհովայի վկաներն են: Ազգային անվտանգությունը որքանո՞վ է միջամտում նրանց գործունեությանը, քանի որ նրանք լուրջ վտանգ են ներկայացնում նաև պետականաշինության համար:

-Եհովայի վկաները բանակում չեն ծառայում: Անկեղծ ասած, ես կողմնակից եմ նրանց չծառայելուն, որովհետև եթե մենք գտնվում ենք պատերազմական դաշտում և ունենք Եհովայի վկա զինվորական, ապա պատերազմի ժամանակ չգիտես ինչ ակնկալել նրանից: Իսկ եթե նրանց վրա հույս դնել չի կարելի, ուրեմն ավելի լավ է նրանք բանակում չծառայեն: Բայց այսօր շատ երիտասարդներ առանց գիտակցելու ասում են՝ ես ավելի լավ է դառնամ Եհովայի վկա, քան թե բանակում ծառայեմ: Ավելին, հիմա նույնիսկ ոմանք մոտենում են Զինկոմի աշխատակցին և ասում են՝ ես գեյ եմ: Միայն թե բանակում չծառայեն: Եթե 1994 թվականին մենք բանակում տարեկան ունեցել ենք սպանության 40 դեպք, ապա հիմա ունենք տարեկան 600-ից ավելի դեպք. 20 տարվա ընթացքում 1500%-ով աճ: Սա է այն իրավիճակը, որը հիմա կա Հայաստանում: Պետական մարմինները պետք է ակտիվորեն աշխատեն այս ուղղությամբ: 

-Ո՞վ է ավելի շատ մեղավոր, երիտասա՞րդը, ով ցանկացած գնով չի ուզում ծառայել բանակում, թե՞ պետությունը, որն իրականում ստեղծված իրավիճակի մեղավորն  է:

-Մենք մեղադրում ենք պաշտպանության նախարարությանը, և այն անշուշտ իր թերացումն ունի այս հարցում, բայց ես չեմ մեղադրի պետությանն այնքանով, որ դա անմիջապես նրանից չի սկսվում: Բոլոր այդ բացթողումները սկսվում են դպրոցից, ծնողներից… Եթե երեխան մեծանում է փողոցում, ուրեմն նա  բանակում պետք է փողոցի օրենքներով ապրի: Այսինքն զորամասում նույնն է, ինչ որ պետական համակարգում: Շատ դեպքերում պետք է դաստիարակել նաև վերադասին, որովհետև  նա մտածում է՝ ինձ մոտ «չեպե» չլինի, ինչ ուզում է թող լինի: Երևի առաջին հերթին մեր մենթալիտետը պետք է փոխվի:

-Փաստորեն ամեն ինչ ի վերուստ պետության ձեռքում է, և ցանկացած հարցի լուծում միայն նրանից պետք է պահանջել:

-Այո, բայց անհնար է, որ մեկը դուրս գա պետության դեմ, ու նրա ձայնը չկարողանան կտրել: Ցանկացած մարդու բերանը փակելը մեկ անգամ մեկ է պետության համար: Ամբողջ հարցն այն է, թե որքանով է ձեռնտու պետության համար լուծել այդ խնդիրները: 

-Պետության  ձեռքերը երբևէ  Ձեզ հասե՞լ են:

-Ես իմ գործունեությամբ փորձում եմ որքան հնարավոր է պետական մարմիններից հեռու մնալ: Եթե ես կառավարվեի պետության կողմից, ապա ես կդառնայի ընդամենը պատվեր կատարող: Ճիշտ է, այդ դեպքում գործերս միանգամից կլավանային, բայց ես իմ ինքնատիպությունը, իմ ես-ը կկորցնեի:

-Այդ դեպքում, ինչպե՞ս վարվել, որ և՛ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները ողջ մնան:

-Գիտե՞ք, որ մեր ազգի 40%-ը պոտենցիալ կալանավոր կարող է լինել: Նայեք հարկային դաշտին: Հարկային փող գանձելու միակ մեխանիզմը տեղում մարդու վրա գործ հարուցելն է: Ով հիմնարկի տնօրեն է, այդ թուրը ճոճվում է նրա գլխի վերևում: Լրատվամիջոցներն այսօր իրազեկելու գլխավոր միջոցն են, բայց ինչպես ասում են, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Ես շատ քիչ եմ տեսել լրատվամիջոց, որը անկախ լինի: Հայաստանում այսօր կա մի հոգու կուսակցություն, որը 400.000 մարդ է ներառում իր մեջ: Եթե այդ մի հոգին չլինի, ապա այդ 400.000-ը ի՞նչ պետք է անեն: Այսինքն, ստեղծվում է ամեն ինչ, որ մարդը ինչ-որ մի օլիգարխից կախման մեջ լինի: Խնդիրը մեկն է՝ այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա օրենք խղճի, կրոնի ազատության մասին, չկան մասնագետներ, որ կարողանան հստակ գործել, չկան ռեալ գործոններ, որ այս ամենը շտկվի: Մենք  միշտ ուզում ենք բռնել, իսկ խորհրդային տարիներին, ԿԱԳԵԲԵ-ի գլխավոր նպատակը ոչ թե բռնելն էր, այլ պրոֆիլակտիկան: Այսօր հակառակն է տիրում ՝ բռնել, բռնել, բռնել... որքան շատ մարդ բռնենք, այնքան ավելի լավ, իսկ ցանկացած մարդու կախվածության մեջ գցելը դժվար բան չէ: Չկա մարդ, ով մշակման չի ենթարկվում:

 

Երևակ ամսագիր