Գողական, թե խուլիգանական բարքեր

Իրականում այս հարցադրումը կարող է պայմանական լինել ու փոխարենը հնչել՝…թե՞ քաղաքական... կամ մեր իրականության որևէ այլ ոլորտ: Իսկ որտե՞ղ իրականում պետք է սկսվեն և ավարտվեն գողական բարքերն ու դրանց աշխարհը:
«Երևակի» զրուցակիցն է քրեագետ Սերգեյ Գալոյանը:
-Գողական աշխարհ: Ի՞նչ է դա:
-Սովետական Միությունում 1920-ական թթ. ձևավորվեց մի աշխարհ, որը հենց սկզբից կոչվեց գողական աշխարհ: Բայց եթե մյուս երկրներում դրանք ինքնաբուխ էին առաջանում, ապա Խորհրդային Միությունում վերևների, կոնկրետ Ստալինի հրահանգով ստեղծվեց:
-Ստալինի ինչի՞ն էր պետք պետության մեջ այդպիսի խմբավորում ունենալը:
-1908թ., երբ նա Բաիլովյան բանտում նստած էր, նրա դեմ մահափորձ էին ուզում կատարել, ըստ պատմաբանների, որպես ԽՄԿԿ հեղափոխականի, իսկ իրականում մեծ գումարների գողության համար: Ստալինը կրիմինալ աշխարհից էր՝ Կոբա մականունով: Այդ ժամանակ նա հանդիպեց մի ծերուկի, որը նրան փոխանցեց երեք-չորս թղթի կտոր: Դրանց վրա գրված էին հանցագործ խմբավորումների ստեղծման նպատակները և ձևը: Դա հետաքրքրեց Ստալինին, և մտածում էր, որ այդ սիստեմով կարելի է ոչ միայն հանցագործ խմբավորումներ, այլ երկիր ստեղծել: Իսկ 1928 թվականին Ֆրենկել անունով մեկը նամակով ինչ-որ նախագիծ է ուղարկում նրան: Առաջարկում էր Միությունում գոյություն ունեցող հարյուր հազարավոր բանտարկյալներին, որոնք պետության հաշվին են սնվում, աշխատեցնել եթե ոչ ձրի, ապա չնչին կոպեկներով: Գաղափարը դուր եկավ Ստալինին, կանչեց Դերժինսկուն, մշակվեց ամբողջ ծրագիրը, ու ստեղծվեց գողական աշխարհ կոչվածը, որը պետք է վերահսկեր բոլոր բանտարկյալներին. սովետական միլիցիան էդքան ուժ չուներ: Օրենքով գողերը, փաստորեն, նրանց կողմից էին: Բանտարկյալների բանակն օգտագործելով՝ ճանապարհներ կառուցեցին, երկաթուղագծեր անցկացրին, նույնիսկ ջրանցք կառուցեցին: Այդպես՝ մինչև 1939 թիվը: 1934-35 թթ-ից էս աշխարհը փորձեց ինքնուրույն շարժվել: Սկսվեց մի պատերազմ հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որը քրեական պատմության մեջ հայտնի է «Սուչյե վայնա» անունով: Ստեղծվեցին երկու հիմնական խմբավորումներ. նրանք, ովքեր ուզում էին առանձնանալ, պետության հովանավորությունից դուրս գալ, և նրանք, ովքեր ուզում էին մնալ պետության հովանու տակ: Հաղթեցին առաջինները: Մշակեցին իրենց օրենքների պարտադիր կետերը: Սակայն 1985 թվականից, երբ քանդվում էր ԽՄ-ն, քանդվեցին նաև նրանց կանոնները: Այդ կանոններից մեկը պարտադրում էր չունենալ սեփական կարողություն: Բայց որոշ գողեր ուզում էին հարկի տակ գցել ցեխավիկներին: Սկսեցին ընկերություն անել և՛ ցեխավիկների, և՛ հարուստների հետ, բայց աշխատում էին գոնե պետական օրգանների հետ չառնչվել:
-Հայ օրենքով գողեր: Ի՞նչ հիմնական դեմքեր են եղել:
-Օրենքով հայ առաջին գողը ես համարում եմ Կամոյին, որը Թիֆլիսի բանկն էր թալանել, փողը տվել էր Լենինին, նա էլ սեփական կարիքների համար էր ծախսել և ոչ թե կուսակցության: Իսկ էս մեր տղեն եղել է հիմարի մեկը, չէր հասկանում, որ փողերը մարդ ու կին էին ծախսում, մտածում էր, թե հեղափոխության համար է: Կամոյի հետ կապված ընդհանրապես մութ պատմություններ կան: Նա ամեն տեսակ գործարքների մեջ մտել է: Նրա հեղափոխական գործունեության մասին 5-6 գիրք է հայերեն տպագրվել: Միայն ռուսերեն է տպվել Ստեփան Շահումյանի որդու՝ Սուրեն Շահումյանի գիրքը: Չի թարգմանվում հայերեն, որովհետև շատ փաստեր ջրի երես են դուրս գալիս: Շահումյանը նկատել է, որ նրա շատ հանցագործություններ մնացել են ուղղակի որպես հանցագործություն և արդյունքում հեղափոխությանը չեն ծառայել: Կամոյի մասին բավականին նոր նյութեր գտնվեցին, որոնք իսկապես բացահայտեցին, որ էս մարդը պարզապես գող ու ավազակ է եղել, իսկ բոլշևիկները նրան օգտագործել են: Եվ ուրիշ ոչինչ: Նա սիրում էր Երևանը: Բոլոր ավանտյուրիստները էդպես են. ես սիրում եմ, որ ձեզանից խելոք երևամ: Եվ օգտագործեցին, այնքան ժամանակ, ինչքան իրենց պետք էր: Հետո սպանեցին: Հեծանիվով իջնելիս մեքենան հետևից խփեց: Մարդ սպանելը հեշտ բան է:
Հաջորդ մեծ ֆիգուրը եղել է Սվո Ռաֆը արդեն 1950-ականների վերջին, 1960-ականների սկզբին, երբ 30-32տարեկան էր: Իսկական անունն էր Ռաֆայել Մկրտչի Բաղդասարյան: Ծնվել է Երևանում, ծնողները Հոկտեմբերյանից են: 6-րդ դասարանում դպրոցը թողել է, փախել տնից, և խառնվել էդ տեսակ գործերի մեջ: Նորմալ ընտանիքից էր: Հայրը համեստ, շատ հարգված մարդ է եղել:
Բազմաթիվ դեպքեր կարելի է պատմել նրանից: Նրա հրամանով երբեք թաց գործ չի եղել, և իր ձեռքով առավել ևս ոչ մի մարդ չի սպանվել: Սվո Ռաֆոյի հետ կային Իվանկով, Սալոնիկ, Վասկա Բռիլյանտ, էն հազվագյուտ մարդկանցից մեկը, որ նստել է Բելի լեբեդ բանտում, իսկ Բելի լեբեդը ամենասարսափելի բանտն էր Սովետական Միությունում, Քվանթիշվիլի եղբայրներ կային՝ Վախթանգը և Օթարին, հետո Ջանշիևն եկավ:
-Հիմնական ուղղորդող ուժերն ովքե՞ր էին:
-Սլավոնական խմբավորումներն էին, Յապոնչիկն էր հիմնականում: 1995 թվականին իմ ձեռքն ընկավ մի ցուցակ, որը վերցված էր պետանվտանգության արխիվներից. 255 օրենքով գող էր հաշվվում Սովետմիությունում: 2008 թվականին արդեն կար 790-ից ավելի օրենքով գող:
-Այսինքն՝ 10 տարվա ընթացում ավելի քան 3 անգամ թիվն ավելացել է: Այստեղ չենք կարող որակական շեղումներ չունենալ: Փողո՞վ էին առնում:
-Փողով օրենքով գող էին դառնում: Դա վախեցնում էր մարդկանց: Սովետական Միությունը բռնատիրական երկիր էր, և ամեն մի պոռթկուն բնավորություն ազգային հերոսի էր նմանվում, ազատատենչ, ազատասեր մարդու կերպար էին դառնում: Նրանցից ամեն մեկն ուզում էր իր կերպարը ստեղծել: Ի վերջո հանցագործ են, չպիտի մոռանանք: Շատ հետաքրքիր, առանց սպանելու, արյուն թափելու մեծ գողություններ էին անում: Բայց դե գողություն էին անում՝ լիներ պետությունից, թե մասնավոր անձից:
- Ժամանակին շատ խոսվեց Սվո Ռաֆոյի թաղման մասին…
-1993թ. հունիսի 23-ին նա սպանվեց Լեֆորտովոյի բանտում: Բայց մահվան եզրակացության մեջ գրված է ներքին արյունահոսություն: Շատ դեպքերում է էդպես գրվում: Իր ամենամտերիմ ընկերը՝ Դեդ Հասանը, թաղման ամբողջ արարողակարգը կազմակերպեց: Վերցրեց կարդինալ տիպի դագաղ, որով Սովետական Միությունում թաղվել է միայն Բրեժնևը: Դա բավականին թանկարժեք, բայց ունիկալ դագաղ էր: Կափարիչը հաջորդ օրը առավոտյան կորավ: Գողացան, տարան: Անմիջապես նորը սարքեցին: Մասնակցում էր հսկայական բազմություն: Երևանը, որ այդ տարիներին հովհարային անջատումներով էր հոսանք ունենում, 3 օր հոսանք ուներ: Եվ դա արել էին ադրբեջանցի օրենքով գողերը, որոնք, պատերազմի մեջ լինելով Հայաստանի հետ, գնացքներով մազութ էին հասցրել, որպեսզի Երևանը հոսանք ունենար: Նրան բերեցին իր հիմնական տունը` Ալավերդյան փողոցի վրա, որտեղ ծնվել է, էդտեղից էլ տարան թաղեցին Թոխմախի գերեզմանատանը: Դա մեծ, հզոր թաղումներից մեկն է, որ եղել է Երևանում:
- Ո՞ւմ դուր չէր գալիս նա գողական աշխարհում:
-Նա ավելի շատ սլավոնական թևին էր հարում, Յապոնչիկի հետ մոտ բարեկամներ էին: Յապոնչիկն ասում է. «Ես միշտ նրան զգուշեցնում էի՝ հեռու մնա չեչեններից: Դու շուկաներ ես տալիս նրանց, աչք ես փակում նրանց նվաճումների առաջ, չի կարելի, նրանք արնախում մարդիկ են: Եվ նա չլսեց ինձ, և չեչենները նրա գլուխը կերան»: Չեչենները նրան օգտագործեցին, որոշ բռնատիրական կազմակերպություններ օգտագործեցին ինչքան որ պետք էր ու վերացրեցին:
Հաջորդ անունը, որ ես կարող եմ տալ, Ասլան Մուսոյանն է` Դեդ Հասանը, թեև ոչ հայ, բայց հայկական կրիմինալ աշխարհի ներկայացուցիչ էր:
-Սվո Ռաֆոյի մահից հետո հայկական թևի ոչ ֆորմալ ղեկավարումը իր վրա վերցրեց Դեդ Հասանը:
-Ոչ միայն հայկական, այլև շատ ավելի հզոր կազմակերպության, որտեղ ոչ միայն հայեր կային, այլև վրացիներ, եզդիներ, ռուսներ:
Դեդ Հասանի հետ շատ էր շփվում էջմիածնեցի Հարութիկը` Հարություն Ռոստոմյանը, բավական ճանաչված մարդ էր այդ աշխարհում: 1998 թ. նստեց Երևան-Մոսկվա ինքնաթիռը ու անհետացավ: Ես տեղեկություն ունեմ, որ 1998- 2003 թվականներին նա ողջ է եղել, բայց պետք է ճշտվի:
Մենք այդ ժամանակ ունեցել ենք Ալիկ Մինալյան, որը Դեդ Հասանի, Յապոնչիկի մտերիմն էր, Սոչիին մերձ շրջանի «նայողն էր», նրան սպանեցին Մոսկվայում:
Մյուս ինձ համար կարևոր ֆիգուրը Ռոբերտ Սարգսյանն է` Պրոֆեսորը: Ապրում էր Մոսկվայում: Այդ աշխարհում նա հարգված էր, և նրա խոսքը մեծ հեղինակություն ուներ: Բայց Պրոֆեսորին որևէ մեկը չի կարող որևէ մեղադրանք ներկայացնել, որովհետև նա ոչ մի գործի չէր մասնակցում: Դե արի ապացուցիր, որ այսինչ գործը, թալանը մանրամասն նա է մշակել:
Հիմնական երևացող դեմքերն այսքանն էին:
-Այսօրվա օրենքով գողերից Հայաստանում ու՞մ կառանձնացնեք:
-Այդպիսի ֆիգուր չեմ կարող առանձնացնել. Արտյոմ կար՝ Ուրբանը, որ մահացավ: Այդ սերունդը արդեն մաքրվում է:
-Օրենքով գողը ազգություն չունի՞:
-Չէ չունի: Օրինակ՝ Սվո Ռաֆի աջ ձեռքն է եղել Ջիքրեթ Մահերամով անունով ադրբեջանցի: Նա ժամանակին 150 միլիոն դոլար Բաքվով անցկացրեց Ստեփանակերտ:
-Դա ի՞նչ փող է:
Փող է, որ տրվել է մեր ազատամարտիկներին:
-Ո՞ր թվին է բերել:
1991 թվականն էր: Սա բացառություն է, նրա աջ ձեռքը ադրբեջանցի էր, ում միջոցով Ստեփանակերտ 150 միլիոն դոլլար բերվեց: Դրան գումարած՝ Սվո Ռաֆոն մսի վեց ֆաբրիկա էր աշխատեցնում, ամբողջ միսը պահածոյացնում, ուղարկում էր այստեղ: Դա հազվագյուտ դեպք է: Տեսեք՝ Կամոն փողը գողանում էր, ճիշտ է, ոչ հայերից, այլ վրացիներից, ռուսներից, տալիս էր Լենինին, սա ուղիղ հակառակն էր անում:
-ԽՄ-ից հետո՝ անցումային փուլում, ի՞նչ կատարվեց:
-Նախևառաջ խախտվեցին նրանց հիմնական կանոնները, չգրված օրենքները խախտվեցին: Եվ երկրորդ հիմնական ու ամենավտանգավոր երևույթը՝ նրանք արդեն մտան ֆինանսական, նյութական գործարքների մեջ:
-Պետության ու բիզնեսի՞:
-Նախ՝ բիզնեսի, նոր՝ պետության: Որովհետև նրանք նախ փող են ուզում սարքել, հետո պետք է պետությանը օժանդակեն կամ չօժանդակեն: Էլի պետության հետ մկան ու կատվի խաղ են խաղում: Հիմա սպանությունները փողի, ֆինանսի համար են:
-Այսինքն, հիմա գործ ունենք հանցագործ մի մարմնի հետ, որը մոդիֆիկացնում է կիսաօլիգարխիկ, կիսապետական, կիսախուլիգանական դրսևորումներ: Նրանք իրենց օրենքներով իրար չեն հակասում:
-Անպայման: Բայց կա նաև մի բան. համագործակցության միջոցով իշխանությունները կարողանում էին հասնել իրենց ուզածին, եթե շատ խելոք համագործակցության մեջ են մտնում, որովհետև նրանց ձեռքին հսկայական միջոցներ կան:
-Օրինակներ կան, որ նրանք արտաքին քաղաքականության մեջ են նաև հարց լուծում:
-Այդպես էլ է եղել. ամերիկացիները իտալացի մաֆիոզներին ուղարկեցին Սիցիլիա ու հանգիստ, նավերով և ինքնաթիռներով Սիցիլիան գրավեցին ընդամենը մեկ ժամվա ընթացքում:
- Մենք գործ ունենք մի սիստեմի հետ, որին բացարձակապես ձեռք չի տալիս, որ պետությունը լինի ուժեղ, իրավական, ժողովրդավար:
-Ոչ, ձեռք չի տալիս, ի վերջո, այն բռնատիրական սկզբունքներով է աշխատում:
-Մենք ուղիղ կարո՞ղ ենք ասել, որ որևէ օլիգարխ չի կարող օլիգարխ դառնալ առանց գողական աշխարհի հետ համագործակցության:
-Դրա պատասխանը կարող է կոպիտ հնչել, որովհետև օլիգարխը այն մարդն է, ով մաքուր փողեր չի աշխատում: Մեր էս տղերքին, որ իրանց օլիգարխ են համարում, բոլորին անուն առ անուն գիտենք: Պետական անձեռնմխելիություն ապահովելու համար դառնում են պատգամավոր կամ այլ պետական պաշտոնյա:
-Ըստ էության գողական աշխարհն այնքան է դեգրադացվել, որ վերածվել է քրեաօլիգարխիկ ու խուլիգանական աշխարհի:
-Որով հակասում են հենց իրենց սկզբունքներին, այն սկզբունքներին, որոնցով պետությունից առանձնացան:
Երևակ ամսագիր