ՀՀ վարչապետներ. Ով ինչ արեց. Խոսրով Հարությունյան

(01.08.1992- 30.01.1993)

Վարչապետի պաշտոնում իմ վարած քաղաքականությունը գնահատելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ պայմաններում եմ ես աշխատել՝ ստանձնելով կառավարության ղեկը: Ես նշանակվել եմ վարչապետ 1992-ի օգոստոսի 1-ին: Օգոստոսի 4-ին փակվեց աբխազական երկաթգիծը, և Հայաստանը հայտնվեց խուլ շրջափակման մեջ, որին երկիրը պատրաստ չէր: Աբխազական երկաթգծի փակմամբ Հայաստանը զրկվեց վերգետնյա միակ կապի հնարավորությունից: Միակ հնարավորությունը օդային հաղորդակցությունն էր, սակայն այդ ոլորտում էլ մեր հնարավորությունները ստեղծված պայմաններին ադեկվատ չէին: Իրավիճակն ավելի էր բարդանում պատերազմի պարագայում, որը շատ խիստ պահանջներ էր դնում մեր առջև՝ վառելիքից սկսած մինչև փամփուշտ, հացից մինչև պարենային ապրանքներ ու դեղորայք: Այս ամենի հետ մեկտեղ հանրությունը կանգնել էր նաև լուրջ պրոբլեմների առջև՝ կապված նոր տնտեսական իրողությունների հետ: Բանն այն է, որ Ռուսաստանի վարչապետ Եգոր Գայդարը հայտարարեց, որ 1992թ. հունվարի 1-ից իր երկիրն անցնում է նոր տնտեսական քաղաքականության, և միանգամից կազատականացվեն բոլոր ապրանքների և ծառայությունների գները: Այսինքն՝ մենք մեր կամքից անկախ, քանի որ գտնվում էինք նույն ռուբլու գոտում, հայտվեցինք որակապես նոր, բոլորիս համար անսովոր և անծանոթ տնտեսական, իրավաքաղաքական պայմաններում: Պատկերացրեք՝ հացի կամ այլ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները բաց ենք թողնում այն պայմաններում, երբ գնագոյացման առաջարկ-պահանջարկ շուկայական ինստիտուտը ընդհանրապես չի գործում, հանրության ճնշող մեծամասնությունը պատրաստ չէ ինքնուրույն բիզնես անելուն, սեփական պատասխանատվությամբ տնտեսական որոշումներ կայացնելուն: Նման իրավիճակներում սկսում է ծաղկել սպեկուլյացիան՝ որպես կանոն պետական չինովնիկների անմիջական հովանավորությամբ, և կարգուկանոն հաստատելը դառնում է պետության համար մեկ խնդիրը: Ես տնտեսական բարեփոխումներով չեմ զբաղվել, որովհետև աշխատել եմ հընթացս: Ի՞նչ տնտեսական բարեփոխում, եթե դու հաց չունես, երբ քո բոլոր բեռները մնացել էին Վրաստանի սահմանում և թալանվում էին: Պատվիրակությունը պատվիրակության հետևից էինք ուղարկում, որ կարողանայինք գոնե մի քիչ բենզին, կերոսին բերել բանակի և տնտեսության համար, երբ ամիսը մի քանի անգամ պայթեցվում էր Վրաստանով անցնող գազատարը: Իմ առաջ դրված էր մեկ խնդիր. պատերազմական պայմանններում երկրում կարգուկանոնն ապահովել և թույլ չտալ խուճապ: Իմ առաջին քայլերից մեկը այն էր, որ ես մտցրի առաջին անհրաժեշտության սննդամթերքի՝ շաքարավազի, կարագի, ծխախոտի բաշխման տալոնային համակարգը: Դա հնարավորություն էր տալիս մի կողմից ամենաանհրաժեշտ ապրանքների ոլորտում սանձել սպեկուլյացիան, մյուս կողմից պետությունը ստանձնում էր կենսական կարևորության ապրանքների՝ յուրաքանչյուրին երաշխավորված մինիմումի ապահովման պարտավորությունը՝ նպաստելով պետության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Մնացած ամեն ինչը շուկայում կար, խնդրեմ, կարող էին գնալ ու սեղանիկներից գնել: Եթե դուք այդ հնարավորությունը չունեք, ապա ապրելու համար ապրանքների այն անհրաժեշտ մինիմումը, որը թույլ չէր տա ձեզ ընչաքաղց վիճակում հայտնվել փողոցում, պետությունն ապահովում է: Սա էր այդ նախաձեռնության փիլիսոփայությունը:

Հաջորդ քայլը արտաքին շուկաների հետ վստահելի օդային կապ հաստատելն էր: Մենք չունեինք բեռնատար ավիացիա: Հաշված շաբաթների ընթացքում Հյուսիսային Կովկասի քաղաքներում (Անապա, Մինվոդի, Պյատիգորսկ) ստեղծվեցին ապրանքային պահեստներ: Մեր ապրանքները գալիս էին նշված քաղաքներ, պահեստավորվում էին և ապա փոքր, կարճ թռիչքներով ներկրվում Հայաստան: Մի՞թե դա ամենահրատապ խնդիրը չէր: Միայն այդպես կարելի էր բանակը պահել:

 Բայց ամենածանր խնդիրը, որ կանգնած էր մեր առջև, հացի խնդիրն էր, ընդ որում հացը տնտեսական խնդիր չէր, հացը սոցիալական և քաղաքական խնդիր էր: Թեպետ Հայաստանը Եվրամիությունից ստացել էր 38,0 մլն էքյու վարկ միջազգային շուկաներից հաց գնելու համար, սակայն սահմանված ընթացակարգերով այդ վարկի իրացումը պահանջում էր շատ ժամանակ, որը մենք ուղղակի չունեինք: Իսկ հացի հերթերը գնալով սարսափելի մասշտաբների էին հասնում: Դեֆիցիտի պայմաններում կար հացի սպեկուլյացիայի իրական վտանգ: Սա էր պատճառը, որ սեպտեմբերին տեսնելով, որ հաց ձեռք բերելու բոլոր հնարավորությունները սպառված են, որոշեցի դիմել ծայրահեղ և անհավանական թվացող քայլի՝ բանակցել Թուրքիայի իշխանությունների հետ եվրոպական վարկի դիմաց Հայաստանին հաց տրամադրելու շուրջ: Իսկ ինչու՞ Թուրքիայի հետ, որովհետև դեպի Հայաստան մեծաքանակ հաց ներկրելու այլ վերգետնյա ճանապարհ, քան Կարս-Գյումրի երկաթգիծն էր, մենք չունեինք:

Այն ժամանակ ես հավատում էի, որ դա լավ հնարավորություն է նաև հայ-թուրքական երկուստեք շահեկան համագործակցության սկիզբը դնելու համար և լավ առիթ ապացուցելու, որ կարելի է պատմական ինչ-որ կարևոր պահի նույնիսկ համագործակցել: Եվ միայն այն բանից հետո, երբ Թուրքիայից ստացվեց նախնական դրական արձագանք և տեղի ունեցավ հեռախոսազրույց իմ և Դեմիրելի միջև, ես այդ ամենի մասին զեկուցեցի հանրապետության նախագահին և ներկայացրեցի հանրությանը: Դժվար է նկարագրել, թե ինչ աղմուկ բարձրացավ թե՛ իշխանության ներսում և թե՛ ընդդիմության շարքերում: Շատերն ինձ նույնիսկ մեղադրեցին դավաճանության մեջ: Իմ պատասխանը այդ մեղադրանքներին շատ պարզ էր՝ ինձ մեղադրելու փոխարեն հաց բերեք: Թուրքական կողմը մեր առաջարկին համաձայնություն տալու վերաբերյալ որոշումը կայացրեց այն բանից հետո, երբ տեղի ունեցավ հեռախոսազրույց նաև նախագահ Տեր-Պետրոսյանի և վարչապետ Դեմիրելի միջև: Նոյեմբերի 3-ին թուրքական ցորենով բեռնված առաջին վագոնները մտան Ախուրյան կայարան: Մինչ այդ հացի սկզբնական պաշարների ձևավորմանը օժանդակեց նաև Սիրիայի նախագահ Հաֆես Ասադի օգնությունը՝ ի պատասխան հանրապետության նախագահ Տեր-Պետրոսյանի խնդրանքին, որի արդյունքում ցորենով բեռնված ութ բեռնատարներ Թուրքիայով հասան Հայաստան: Նոյեմբերի 16-ին ամբողջ հանրապետությունով մեկ ներդրվեց տալոններով հացի բաշխման համակարգը, և հաջորդ օրն արդեն հացի հերթերը վերացան: Հացի առևտրի տալոնավորման համակարգը գործեց մինչև 94-ի դեկտեմբերը, մինչև կայունացավ հացի շուկան:

 Իմ և քաղաքական մեծամասնության միջև տարաձայնությունները բյուրեղացան 1993թ. բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում: Վեճը անցումային շրջանում կառավարության տնտեսական քաղաքականության առանց-քային հարցադրման շուրջ էր՝ շոկային թերապիա, թե՞ կառավարելի շուկա: Ես դեմ եմ եղել շոկային թերապիային, մերժել եմ և հիմա էլ մերժում եմ անկառավարելի շուկայի «հրաշագործ» անտեսանելի ձեռքի տեսությունը և գտնում էի, որ պետք է առաջնորդվել պետության կողմից կարգավորվող շուկայական տնտեսական քաղաքականությամբ: Այդ էր հուշում նաև որոշ երկրների, մասնավորապես հետպատերազմյան Գերմանիայի փորձը: Առավել քան ակնհայտ էր, որ միայն հողի և արտադրության միջոցների նկատմամբ մասնավոր սեփականության կիսատ-պռատ ձևավորված ինստիտուտի առկայությունը գործարարության և տնտեսական պատասխանատու որոշումներ կայացնելու փորձառության մասսայական բացակայության, պահանջարկի և առաջարկի հիման վրա գործող գնագոյացման համակարգի ձևավորված չլինելու պարագայում, առողջ շուկայական հարաբերությունների ձևավորման համար անհրաժեշտ այլ գործոնների բացակայության պայմաններում անկառավարելի շուկային անցումը բերելու էր տնտեսությունը կաթվածահար անելուն, մասսայական անգործության, աղքատացման և սոցիալական անասելի դժվարությունների և, որն ավելի կարևոր է, հանրային կյանքում ծնելու էր այնպիսի արատներ և ձևախեղումներ, որոնք կարող էին կործանարար լինել պատերազմող Հայաստանի համար: Այսօր մենք քաղում ենք անցած 20 տարիներին իրականացրած այդ անիմաստ, անհեռանկար, անպտուղ տնտեսական քաղաքականության արդյունքները: Մեր պայմաններում շոկային թերապիան ենթադրում է պասիվ և նվազ պատասխանատու կառավարություն: Մինչդեռ անցումային փուլում կառավարությունը պետք է լիներ շատ նախաձեռնողական և լուծեր իր գերխնդիրը՝ աստիճանաբար, զգուշորեն ներդնել տնտեսական նոր համակարգի հիմնարար ինստիտուտները, օգնել հանրությանը սովորել սեփական գույքային պատասխանատվությամբ տնտեսական որոշումներ կայացնել և գործել նոր տնտեսական պայմաններում, դրան զուգահեռ պետության անմիջական մասնակցությամբ նպաստել արդյունաբերական լոկոմոտիվների կայացմանը, որոնք ունակ կլինեին իրենց հետևից տանելու տնտեսության ամբողջ ճյուղեր: Իսկ մենք «Նաիրիտի» պես հզոր «լոկոմոտիվը» փոշիացրինք: Պատճառը քվազիշուկայական հեղափոխականությունն էր: Անցումային փուլում կառավարությունը պետք է լիներ շուկայի ակտիվ և պատասխանատու կառավարիչը: Այսպիսին էին իմ տնտեսական քաղաքականության հայեցակարգային մոտեցումները, որոնք տրամագծորեն տարբերվում էին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Բագրատյանի ղեկավարությամբ մշակած բյուջեի նախագծի հիմքում դրած տնտեսական քաղաքականության սկզբունքներից և հակասում էին քաղաքական մեծամասնության դիրքորոշմանը:  Հասկանալի էր, որ այդ տարաձայնությունները չէին կարող հաղթահարվել գործադիր իշխանության շրջանակում, և քանի որ վեճը վերաբերում էր երկարաժամկետ քաղաքականության անկյունաքարային հիմնադրույթներին և ուներ հասարակական-քաղաքական լրջագույն կարևորություն, ապա ակնհայտ էր, որ քաղաքական այդ բանավեճի իրական արբիտրը կարող էր լինել միայն Գերագույն խորհուրդը՝ իր բազմակուսակցական ներկապնակով: Ահա թե ինչու, սկզբունքորեն դեմ լինելով 1993թ. բյուջեի նախագծին, այդուհանդերձ ես որոշեցի հարցը ներկայացնել Գերագույն խորհրդի դատին՝ փորձելով վեճի առարկան դուրս բերել իշխանական կուլիսներից և դարձնել բաց հանրային քննարկման առարկա: Գերագույն խորհրդում բյուջեի նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարը: Ես՝ որպես վարչապետ, իմ կարծիքը հայտնեցի քննարկումների վերջում՝ քվեարկությունից անմիջապես առաջ: Ես հայտարարեցի, որ չեմ կարող ստանձնել այդ բյուջեի և այն ապահովող տնտեսական քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև դեմ եմ այդ քաղաքական կոնցեպտին: Նույն օրը երեկոյան հրավիրվեց անվտանգության խորհրդի նիստ, որում ես հանրապետության նախագահին դարձյալ ներկայացրի իմ անհամաձայնությունը առաջարկվող տնտեսական քաղաքականությանը և հայտարարեցի, որ չեմ ուզում շարունակել իմ պաշտոնավարությունը: Չգտնելով որևէ հարմար ձևակերպում՝ հանրապետության նախագահն ինձ պաշտոնանկ արեց էթիկայի կանոնների խախտման համար: Ավելի քան պարզ է, որ էթիկայի կանոնները խախտելու համար վարչապետին պաշտոնանկ չեն անում:

Որևէ արդարացում չունի և երբևէ չի կարող ունենալ  հողի՝ գյուղատնտեսության զարգացման հեռանկարների հետ որևէ աղերս չունեցող վայրի սեփականաշնորհումը, որի արդյունքում հանրապետության գյուղատնտեսական հողերի ողջ զանգվածը վերածվեց շուրջ մեկ միլիոն երկու հարյուր հազար մանր-մունր կարկատանների, որոնց վրա բարձր արտադրողական գյուղատնտեսական արտադրություն կազմակերպելն ուղղակի աներևակայելի է: Սա մի դանդաղ գործողության ական էր, որը դրվեց տնտեսության այդ ռազմավարական ճյուղի հիմքում և, որը մինչ օրս չենք կարողանում «ականազերծել»: Իսկ ինչպե՞ս որակել գյուղատնտեսական մեքենաների և տեխնիկայի սեփականաշնորհումը, եթե ոչ՝ հանցագործություն: Չէ՞ որ, արդյունքում այդ տեխնիկան հայտնվեց առանձին մարդկանց ձեռքին, իսկ գյուղացիների ճնշող մեծամասնությունը մնաց իր սեփական ֆիզիկական ուժի, բահի ու եղանի հույսին: Այդ ձևով գյուղատնտեսություն զարգացնել հնարավոր չէր: Ժողովուրդը շատ դիպուկ բնութագրեց այդ քաղաքականությունը՝ հողի սեփականաշնորհմամբ ոչ թե հողը տվեցին գյուղացուն, այլ գյուղացուն տվեցին հողին: Ակնհայտ էր, որ իրավիճակը մեղմելու ճանապարհներից մեկը նոր ձևավորված գյուղացիական տնտեսությունները գյուղատնտեսական փոքր տեխնիկայով ապահովելն էր: Այդ նպատակով ես պայմանավորվել էի Ռուսաստանի կառավարության հետ 45 մլրդ ռուբլու ապրանքային վարկի վերաբերյալ, և նախատեսվում էր այդ վարկի հաշվին ներկրել ռուսական արտադրության գյուղատնտեսական փոքր տեխնիկա և մատչելի պայմաններով վարձակալությամբ տրամադրել գյուղացիական տնտեսություններին՝ հետագայում հետ գնելու իրավունքով: Արդյո՞ք այդ մոտեցումը կարող էր լուծել ոլորտի բոլոր խնդիրները. դե, իհարկե, ոչ: Բայց որ կարող էր էապես մեղմել վիճակը և բարենպաստ միջավայր ստեղծել ոլորտում, համոզված եմ: Մինչդեռ ինձ քննադատում էին պետության արտաքին պարտք ձևավորելու հարցում:

Հանրապետության համար ռազմավարական կարևորության մեկ այլ խնդրում նույնպես կառավարության նախաձեռնությունը վիժեցվեց: Բանն այն է, որ տնտեսության հեռանկարը նախագծելու խնդրում պետք էր ելնել այն իրողությունից, որ շրջափակումը կարող է լինել տևական, և տնտեսական կյանքի բնականոն ընթացքը ապահովելու հրամայականը պահանջում էր հիմնել հայրենական բեռնատար ավիացիա: Եվ մեզ հաջողվեց համաձայնության գալ Կույբիշևի ՕԿԲ-ի հետ երկու «Ռուսլան» տիպի խոշորածավալ բեռնատար, իսկ Տաշքենդի ավիացիոն գործարանի հետ 4 հատ «ԻԼ-67» միջին բեռնատարության ինքնաթիռների ձեռքբերման շուրջ: Այդ գործարքի ընդհանուր գումարը կազմում էր 27մլրդ ռուբլի, և վճարումը պետք է կատարվեր դարձյալ Ռուսաս-տանից ներգրավվող վարկի միջոցներով: Մի՞թե դա վատ ծրագիր էր: Համոզված եմ, որ ոչ: Սակայն պարագաների հեգնանքով՝ այդ գործարքը կնքվեց իմ հրաժարականի օրը: Կառավարությունից իմ հեռանալուց հետո այն ուղղակի մատնվեց հանցավոր անուշադրության և առանց որևէ հիմնավորման ընթացք չստացավ: Ինձ քննադատում էին օտարերկրյա վարկեր վերցնելու համար, սակայն ինձնից հետո 1993թ. բյուջեով նախատեսվեց Ռուսաստանից ներգրավել 204 մլրդ ռուբլի վարկ, որի առյուծի բաժինը տրվեց մանր ձեռներեցներիին իբր թե ձեռներեցությունը աշխուժացնելու համար: Արդյուն-քում 1993թ. օգոստոսին ինֆլյացիան հասավ մինչև 1058%: Նման հիպերինֆլյացիա հետխորհրդային տարածքում չի եղել երբեք:

 Ի դեպ, անկեղծ լինելու համար նշեմ, որ այդ շրջանում երբեմն մտածում էի, որ միգուցե իրենք են ճիշտ, և փորձում էի խորհրդարանում կառավարության գործունեությունը քննադատելիս զերծ մնալ կոշտ և կոպիտ որակումներից: Ավելին, ես հիմա էլ համոզված եմ, որ այդ շրջանում մեր շատ ու շատ սխալներն ու վրիպումները նաև արդյունք էին մեր անփորձության, որակապես նոր քաղաքական տնտեսական իրողություններում ճիշտ և որակյալ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ գիտելիքների պակասի: Նման պարագաներում մենք դատապարտված էինք սխալներ գործելուն: Ուղղակի խնդիրն այն էր, որ պետք էր այնպիսի սխալներ թույլ չտալ, որոնց արդյունքում ժողովուրդն ու նորաստեղծ պետությունը կարող էին հայտնվել անդառնալի կո-րուստների առջև: Այս պարագան ենթագիտակցորեն զգում էինք բոլորս:

Այդ տարիներին դրվեցին մեր իրականության ամենաարատավոր գործելակերպի՝ քաղաքականության և գործարարության համատեղման հիմքերը, որը մեզանում դարձավ իշխանության այլասերման, կաշառակերության և հովանավորչության ինստիտուցիոնալիզացման հիմնական պատվարը: Մեր բոլոր տնտեսական ձախողումների պատճառը 93-ի կառավարությունն է՝ իր անհեռատես տնտեսական քաղաքականությամբ: Ինձ հակառակը ոչ ոք չի կարող համոզել, ինչպիսի «պերճախոս» կիսատ-պռատ թվեր էլ բերեն: Հիմա՝ 20 տարվա հեռավորությունից, դա ավելի քան տեսանելի է: Շրջափակման և պատերազմի պայմաններում, առաջին անհրաժեշտության ապրանքների համատարած դեֆիցիտի պարագայում մեզ հաջողվեց երկիրը դուրս բերել штопор-ից՝ պահպանելով անհրաժեշտ կայունություն և համախմբվածություն: Թող ինձանից հետո եկողները ավելին անեին:

Իսկ եթե խոսեմ այսօրվա մասին, ապա ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ ինքնակարգավորվող շուկային ապավինելը երկարաժամկետ հատվածում կարող է առաջացնել ինստիտուցիոնալ պրոբլեմներ: Եթե ինձ պատիվ ընձեռվի մեկ անգամ էլ ղեկավարելու կառավարությունը, հավատացնում եմ, որ ամենահիմնական քայլը, որը ես կկատարեմ, ձեռնամուխ լինելն է պետության ակտիվ մասնակցությամբ տնտեսական համակարգերի ստեղծման, ձևավորման քաղաքականությանը: Սա չի նշանակում, որ կառավարությունը, պետությունը կփորձի փոխարինել տնտեսվարողին: Սա ընդամենը նշանակում է, որ մենք կգանք տնտեսվարողին ներդաշնակ փոխլրացնելու ակնկալիքով:

 

Հռիփսիմե Ջեբեջյան