Հայկական գորգագործության ավանդույթներով

«Մեգերյան կարպետներ» ընկերությունը ձեռագործ գորգերի արտադրության ոլորտում ունի գրեթե մեկդարյա պատմություն, սակայն Հայաստանում արտադրությունը սկսել է միայն 2000-ական թվականներին։«Առաջին արտադրամասը բացվել է Նյու Յորքում 1917 թվականին, ապա նոր արտադրամասեր բացվեցին նաև Պակիստանում, Եգիպտոսում, Չինաստանում, Ռումինիայում, Աֆղանստանում, Հնդկաստանում»,-նշում է ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Հայկ Այվազյանը։ Մեգերյանների ջանքերով Հայաստանում թարմացվում և վերազինվում է «Հայ գորգ» ընկերությանը պատկանող գործարանը, որն էլ մինչ այժմ զբաղվում է անտիկ և ձեռագործ գորգերի արտադրությամբ և վաճառքով։
Ընկերությունն իր հաջողության գաղտնիքը տեսնում է աշխատասիրության և յուրօրինակ արտադրանքի մեջ
Հայկ Այվազյանը «Մեգերյան կարպետ»-ի հաջողության գաղտնիքը համարում է նախ և առաջ աշխատողների և տնօրինության նվիրվածությունն աշխատանքին։ «Ներկայում կիրառվող տեխնոլոգիայի մշակման վրա աշխատել ենք գրեթե հինգ տարի։ Ոչ մի արտադրող իր տեխնոլոգիայի գաղտնիքները չի ասում մեկ ուրիշին, իսկ սեփական տեխնոլոգիայի մշակումը բարդ և ժամանակատար գործընթաց է։ Գորգագործությունը, ընդհանրապես, աշխատատար և երկար գործ է։ 1 քմ գորգ պատրաստելու համար մեկ անձը պետք է աշխատի ավելի քան երեսուն օր։ Սակայն դրանով չի ավարտվում պրոցեսը։ Այնուհետև հարկավոր է մի քանի անգամ լվանալ պատրաստի գորգը, խուզել արտաքին շերտը, մշակել հատուկ նյութերով և այլն»,-մանրամասնում է Այվազյանը։ Նրա խոսքով՝ այդ ամենի համար անհրաժեշտ է աշխատասիրություն և համբերություն, բացի այդ` լավ ճաշակ և ստեղծագործ միտք։
 
Գորգի հումքը տեղական է, սպառման շուկան ձգվում է մինչև Վատիկան
«Մեգերյան կարպետներ»-ն արտադրության մեջ օգտագործում է տեղական հումքը։ Գյուղացուց գնված բուրդը, տորոնի արմատներն ու ընկույզի կեղևը արտադրության հիմնական բաղադրիչներից են։ Հայկ Այվազյանը նշում է, որ հումքի ձեռք բերման հետ կապված խնդիրներ գրեթե չեն լինում։ Խնդիրները հիմնականում կապված են սպառման հետ: Դրանք սրվել են հատկապես Համաշխարհային ճգնաժամից հետո, երբ ձեռագործ գորգի արտադրությունն անկում ապրեց։ Չնայած դրան՝ Հայկ Այվազյանը հպարտությամբ է նշում, որ հայկական ձեռագործ գորգեր են գնել այնպիսի անուններ, ինչպես Նորման Ռոքվելերը, Բիլի Ջոնսը, Վատիկանի կարդինալները։ Հայկական արտադրության գորգեր կան նաև ԱՄՆ-ի գրեթե բոլոր դեսպանատներում։
 
Հայկական ձեռագործ գորգը տարբերվում է ինչպես տեսակով, այնպես էլ որակով
Մեգերյանները գորգի արտադրության մեջ օգտագործում են կրկնակի հանգույցի հայկական տեսակը, որը տարբերվում է 1,5-անոց հանգույցից։ Բացի այդ` վերականգնվել է նաև գորգերի ներկման բնական եղանակը, որի ժամանակ օգտագործվող յուրաքանչյուր բույսից ստացվում է մի գույն. տորոնի արմատ` կարմիր, անթառամ` դեղին, ընկույզի կեղեւ`շագանակագույն և սեւ, նռան կեղեւ` սեւ եւ թութունի գույն ստանալու համար։ Հայկ Այվազյանի խոսքով՝ հայկական արտադրության գորգը բոլորովին չի զիջում միջազգային շուկայում եղած արտադարանքին, ավելին`որակապես տարբերվում է Պակիստանի կամ Թուրքիայի արտադրանքից, որոնք ավելի մեծ ուշադրություն են դարձնում քանակին։ «Հայաստանում գորգագործությանը նպաստելու համար Կառավարության որոշմամբ գորգագործներն ազատվեցին ավելացված արժեքի հարկից եւ շահութահարկից, ինչը բավականին մեծ օգնություն էր»,-նշում է Այվազյանը։
Գորգագործությունը արտադրության հեռանկարային ճյուղ է դեռևս զարգացող պետություններում
Խոսելով գորգագործության զարգացման հեռանկարների մասին՝ Հայկ Այվազյանը ընդգծեց, որ զարգացած պետություններում այս ճյուղն առանձնապես տարածված չէ, և այն ավելի բնորոշ է զարգացող երկրներին։ «Քանի որ գորգագործությունը շատ ջանք ու եռանդ պահանջող, բայց ցածր վարձատրվող արհեստ է, ապա զարգացած երկրներում այն կարծես թե զիջում է իր տեղը այլ ոլորտների»,-նշում է Այվազյանը։ Նա նաև այն կարծիքին է, որ գորգի արտադրությունը ճկուն չէ, և յուրաքանչյուր ճգնաժամ և ֆինանսական խնդիր կտրուկ դանդաղեցնում է գորգագործության աճի տեմպերը։ Դա բացատրվում է նրանով, որ գորգի արտադրության ցիկլը շատ երկար է, իսկ գորգերից յուրաքանչյուրը ՝յուրօրինակ նմուշ։
Գորգագործության գիտակները խորհուրդ են տալիս ոլորտի սկսնակներին`
Նախքան բիզնես սկսելը ամբողջապես ծանոթանալ գորգագործության պատմությանը, ավանդույթներին և տեխնոլոգիաներին, չվախենալ փորձարկումներից և իմպրովիզներից, ներկայանալ յուրօրինակ արտադրանքով: