Ազգային երգ ու պարից կտրվել, նույնն է թե ` երակ կտրել. Արթուր Շահնազարյան

Արթուր Շահնազարյանը մտահոգիչ է համարում այն, որ հայկական հեռուստաեթերից անընդհատ հեղում են թուրքական երաժշտություն, ընդ որում, թուրքերի ամենավատ երաժշտությունը: Նա նույնիսկ լուրջ կասկածներ ունի, որ որոշ հեռուստաընկերություններ կամ հեռուստատեսային ծրագրեր գաղտնի ֆինանսավորվում են Թուրքիայից, ինչը խիստ անհրաժեշտ է ստուգել, քանի որ դա արդեն ոչ միայն մշակութային, այլ նաև ազգային անվտանգության հարց է:

- Կա Շեքսպիր, ու կան նաև կադաստրի թղթեր, բոլորն էլ գրված են սևով սպիտակի վրա, բայց կադաստրի թղթերը չես կարող անվանել գրականություն: Նույնը` երաժշտության մեջ. ամեն մի նոտագրություն դեռևս երաժշտություն չի կարող կոչվել: Լավ երաժշտության մեջ կան անսահման շերտեր, որոնք բացահայտում ես ամեն լսելուց: Մեզանում երաժշտության բնականոն զարգացում տեղի չի ունեցել: Այդուամենայնիվ, շնորհիվ Կոմիտասի մենք պահպանել ենք մեր հազարամյակների երաժշտությունը, մեղեդիները, պարերը: Շատ հնագույն ազգեր էլ երաժշտությունը չեն պահպանել: Օրինակ` եգիպտացիները պահպանել են իրենց կերպարվեստը, գրականությունը, ճարտարապետությունը, բայց եգիպտական երաժշտություն չկա, «Գիլգամեշե էպոսը պահպանվել է, որն ամբողջությամբ երգվում էր, բայց շումերական երաժշտություն չկա, աքքադական, հեթիթական երաժշտություններ չկան: Հունական երաժշտություն չկա: Այն, ինչ այսօր ներկայացվում է, հին հունական երաժշտությունը չէ: Կարդացեք Հոմերոս և լսեք այսօրվա հունական երաժշտությունը, տեսեք, թե ինչ մեծ տարբերություն կա: Ակրոպոլիսի տաճարում երգեք այդ ժամանակակից հունական երգը կամ նվագեք երաժշտությունը և կտեսնեք, թե ինչ վիթխարի տարբերություն կա: Դա ստուգելու ձև է: Իսկ ահա մեր էպոսն ու երաժշտությունը տեսեք, թե ինչ համահունչ են: Մեկ երգը կարող է հավասար լինել մեկ բուրգի: Բնավ կապ չունի, որ բուրգը մեծ շինություն է, իսկ երգը` ոչ: Այդ երգը կարող է այնքան հզոր ազդեցություն ունենալ, որքան բուրգը` տեսնողի վրա:  

Մենք պահպանել ենք մեր երաժշտությունը, բայց կորցրել ենք նախաքրիստոնեական մշակույթի ահռելի մասը` բանահյուսության ընտիր նմուշներ, հնագույն ճարտարապետություն: Կոմիտասի շնորհիվ մենք ոչ թե միայն ուղղակի  երաժշտություն ունենք, այլ ունենք մեր հազարամյակների մշակույթը` երաժշտության լեզվով: Համենայնդեպս, մի լեզվով ունենք մեր ամբողջ մշակույթը: Կա պարի լեզու, կա գորգի լեզու, նախշի լեզու, քանդակի լեզու… Դրանք պատմում են մշակույթի մասին: Ասում են, եթե դու կորցրել ես քո մշակույթը մյուս լեզուներով, բայց գոնե մեկով պահպանել ես, ուրեմն` դու քո ամբողջ մշակույթն ունես: Այդ հսկայական ժառանգությունը մեր ամբողջ էությունն է: Ձայնային ալիքի տեսքով, փաստորեն, մենք ունենք մեր ամբողջ մշակույթը: Ձայնային ալիքը կարող է քո ամբողջ էությունը փոխանցել քեզ: 

Ես մի օր ասացի` եթե ուզում եք իմանալ, թե որն է հայ երաժշտությունը, հենց երգում են, մի թուրքերեն բառ ասեք` յախշի-յախշի, եթե համընկավ ու ներդաշնակվեց, ուրեմն` հայկական չէ: Այսօր ով ասես եթերից հանդես է գալիս որպես երգիչ կամ երգահան: Երեք նոտա չգիտեն, բայց հեռուստացույցով ասում են` երգ է գրում: Եվ ահա նրանք էլ իրենց ապաշնորհ միջամտությամբ փչացնում են ժողովրդական երգ ու երաժշտության ադամանդները: Չգիտես ինչու` բոլորի անունները «ոե-ով են վերջանում` էսինչո, էնինչո: Կարծես թե Խնկո Ապոր մկների ժողովը լինի` Խդո, Բդո, Մստո: Այնքան վտանգավոր է ձայնային ալիքը, որ այն կարող է հեռուստատեսության միջոցով մտնել երեխաների մեջ և բջիջներից սկսած քարուքանդ անել ողջ օրգանիզմը: Կա ձայնի ֆիզիոլոգիա հասկացություն. ձայնային ռեզոնանսով նույնիսկ պատ են փլում: Դե, պատկերացրեք, թե ձայնային սխալ ալիքներն ինչպես կարող են կազմալուծել մեր բջիջները, զոմբիացնել ուղեղը: Այդ մասին բոլոր ազգերը գիտեին: Օրինակ` գերմանացիները 19-րդ դարում ժողով էին գումարել ու մտահոգված էին, թե ինչպես փրկեն ազգի գենոֆոնդը: Եվ ընդհանուր հայտարարի եկան` ժողովրդի վրա ազդելու մի միջոց կա ընդամենը` երաժշտություն: Պլատոնն ասում էր` պետությունը պետք է կառավարել երաժշտությամբ: Հայրենական մեծ պատերազմում ինչքան ռուսական զենքը հաղթանակ բերեց, այնքան էլ` ոգեշնչող երգն ու երաժշտությունը: Ասում են` հայ աղջիկների անպտղության դեպքերը շատացել են, քանի որ փորը բաց են շրջում: Բայց չեն ասում, որ պատճառը կարող է նրանց լսած այլանդակ երաժշտությունը լինել: 

Ամենատխուրն այն է, որ մեր ժողովուրդն ուզում է լսել իր երաժշտությունը, բայց ամեն անգամ հայտարարում են, թե դրա պահանջարկը չկա: Վստահաբար ասում եմ` սուտ են ասում, հավատացեք, չկա մարդ, ով չուզի լսել մեր ժողովրդական երգն ու երաժշտությունը, որովհետև եթե լսողի երակներում մի գրամ հայի արյուն լինի, անմիջապես ներքին ձայնն արթնանում է: Պարզապես մի քանիսը, ովքեր ուզում են մեծ գումար աշխատել, ժողովրդին համոզում են, թե պահանջարկ չկա: Առաջներում թուրքերը մեզ կոտորում էին, արգելքի տակ պահում մեր մշակույթը, իսկ հիմա մենք կամավո՞ր ենք գնացել թուրք ջարդարարի երգը երգում: Շատ վիրավորական է: Օրինակ` Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում անցած տարի թուրք ոստիկաններն ինձ թույլ չտվեցին շարական երգել: Գալիս եմ իմ հայրենիք և տեսնում, որ այստեղ էլ Կոմիտասն է արգելված: Ամբողջ թուրքական մուղամը բերել-լցրել են մեր ականջների մեջ, միամիտ ջահելության մի մասն էլ գնացել տաշի-տուշի է անում այդ խայտառակության տակ: Դա անինքնասիրության վերջին ստադիան է:

Այսօր ամեն տեսակի երաժշտությունն էլ աղավաղվում է` և' դասականը, և' ջազը, և' եկեղեցական երգը: Գիտեք` տերտերները չե՞ն աղավաղում մեր հոգևոր երգերը եկեղեցում: Երբ խնդրում եմ հոգևոր երգ կատարել, հարցնում են` քաղցրացրա՞ծ երգեմ, թե՞ առանց դրա: Ասում եմ` դու տերտեր ես, գրաբար ես անցել, դու որ այդ օրին ես ընկել, բա էլ ժողովրդից ի՞նչ պահանջենք ու սպասենք: Մեր ժողովրդական երգի տեսակները շատ բազմազան են. կան աշխատանքային երգեր` տան, դաշտի, հացի արարման երգեր, վարուցանքի երգեր, խոտհունձի երգեր, բացի այդ ունենք ծիսական երգեր, օրինակ, հարսանյաց երգերը մեր ամենահին երգերից են: Կան պանդխտության, անտունի, գուսանական երգեր, կատակ-երգեր: Կոմիտասը շատ աշխույժ ու առույգ երգեր էլ ունի, որոնք, չգիտես ինչու, չեն երգում:

Երբ Գերմանիայում Կոմիտաս ես երգում, ասում են` դա ոչ մի ազգի երգի նման չէ, ոչ արևելք է, ոչ արևմուտք: Այդ գանձից մեր ժողովուրդը պետք է կրի իր մեջ թեկուզ մի քանի բջիջ: Դրա համար էլ մենք նախաձեռնել ենք «անտիվիրուսե կոչվող ծրագիրը, համաձայն որի` Կոմիտասի հինգ ամենապարզ երգերը` «Սոնա յարե, «Հոյ նազանե, «Դե զընգը-զընգըե, «Գնացեք տեսեքե, «Իմ չինար յարե, պարունակող ձայնասկավառակ է բաժանվելու դեղատներում, ծննդատներում: Այդ քայլը երաժշտական պատերազմ է` ընդդեմ կլկլոցների ու թուրքական երաժշտության: Աշխարհը հարգում է այն ազգին, որը գիտե հարգել իր արժեքները: Ի տարբերություն մյուսների, որոնք արգելում են իրենց թողարկած սկավառակները բազմացնել, մենք խրախուսում ենք այդ բազմացումը: Ծննդատներում Կոմիտասի օրորոցայինները տրվելու են մայրերին: Նոր ծնված երեխային հոգևոր ի՞նչ սնունդ կարող եք տալ, բացի երգից: Իհարկե, Նժդեհ չեք կարդալու: Այդ երգերի մեջ ամեն ինչ կա` Մաշտոց, Նարեկացի, բոլորը կան: Ուղղակի երաժշտությունը մշակույթի փոխանցման ամենապարզ բանաձևն է: Բա որ ասում են` հայրենասիրական երգեր: Ո՞վ ասաց, որ սիրո մասին երգերը հայրենասիրական չեն: Ո՞վ ասաց, որ աղջկան սիրելը հայրենասիրություն չէ: Ամենակարևոր հայրենասիրությունը, եթե կուզեք, հենց այդտեղ է: Ո՞ւմ է պետք մի հայրենիք, որտեղ սեր չկա:

Պարի ոգին ամենամեծն է: Կոմիտասն ասում էր` «Պարից մեծ բան չկա: Մատաղ սերնդի դաստիարակության լավագույն միջոցներից մեկը պարն է, և պարն է արտահայտում յուրաքանչյուրի քաղաքակրթության աստիճանը: Պարը կրթում է և' մարմինը, և' միտքը: Պարային շարժումները` որպես համակարգ, այնպիսի ինֆորմացիա են պարունակում իրենց մեջ, որ ամբողջությամբ կարող են կրթել մարդուն: 

Ես Պարարվեստի միության վարչության անդամ եմ, մենք աշխատանքներ ենք կատարում շրջաններում, ժողովրդական պարեր ենք սովորեցնում, հազարավոր երեխաներ այսօր պար են սովորում, թեև հեռուստացույցով դա չի քարոզվում: Պետությունը պետք է սատարի այդ գործին, պարը մեծ ուժ է: Չմոռանանք, որ Արցախում մեր տարած հաղթանակի մեջ իր նշանակալի դերն է ունեցել պարը: Օրինակ` ազատամարտիկ շաղափցի Էդիկն ասում էր, որ պարն է իրեն ուղարկել արցախյան մարտադաշտ:

 

Երևակ ամսագիր

 

Մխիթար Նազարյան