Պատասխանատվությունը ՝ բիզնեսի հիմնական պայման

«Սնառտ» շինարարական ընկերությանը իր բնագավառում գիտեն շատ լավ: Ընկերության հեղինակությունը ավելի մեծացնում է պատվիրատուների քանակը և զգոն դարձնում մրցակիցներին: Կարծես թե բոլորը գործում են բիզնեսի և շուկայի նույն պայմաններում ու միջավայրում: Խնդիրները հաճախ նույնն են, լուծման ճանապարհները տարբեր: «Սնառտ» ընկերությունը մշտապես իրավիճակին տիրապետելու իր մեխանիզմներն արդեն վաղուց մշակել է: Դա որքան պայմանավորված է ընկերության անհատական քաղաքականությամբ, նույնքան էլ բիզնեսի գրագետ վարման համընդհանուր կանոններով: Դրանց մասին խոսելու իրավունքը ընկերությունը վաստակել է հաջողությամբ գործելու ավելի քան 10 տարվա փորձառությամբ:

Բիզնեսի առավել նպաստավոր միջավայր ստեղծելու վերաբերյալ զրուցեցինք «Սնառտ» ընկերության գործադիր տնօրեն Մհեր Ղահրամանյանի հետ:

«Դժվարություններն ու խնդիրները միայն մեր ժամանակներին չէ, որ հատուկ են, դրանք եղել են միշտ և վաղն էլ են լինելու: Դրանք ընդամենը տարբեր են՝ առաջադրված տարբեր ժամանակների թելադրանքով: Պետք է պարզապես գնալ այն ճանապարհով, ինչ ճանապարհով որ թելադրում են տվյալ ժամանակաշրջանն ու շուկան: Այդ խնդիրներից դժգոհողների պակաս երբեք չի զգացվում: Բայց խնդիրները միշտ էլ լուծելի են, լուծման տարբերակները միշտ էլ հնարավոր է գտնել: 

Ես ավելի կոնկրետ կարող եմ խոսել մեր՝ շինարարության բնագավառի մասին: Ժամանակի հետ այստեղ պահանջները անընդհատ մեծանում են, և ավելի բարձրանում չափանիշները: Պատվիրատուի համար կարևոր է, որ իր համար արված աշխատանքը լինի լավագույնը: Լավագույն ասելով՝ այսօր հասկանում ենք նաև կարճ ժամանակահատվածում կարողանալ ապահովել բարձր որակ: Դրան գումարվում է նաև գնային ճկուն քաղաքականությունը: Հենց դրանով է պայմանավորված շատ խնդիրների լուծումը: 

Թեև, ինչ խոսք, կարևոր է, թե գործունեության ծավալման համար մեր բիզնես միջավայրը որքանով է նպաստավոր: Այս հարցին միանշանակ գնահատական կամ պատասխան տալը դժվար է: Իրավիճակը ժամանակ առ ժամանակ փոխվում է: Եվ դա կախված է ոչ միայն մեր ներքին խնդիրներից, այլ արտաքին քաղաքականությունից: Ուստի օբյեկտիվ պատճառներից խուսափելը դժվար է: 

Շինարարությունը Հայաստանում այն ոլորտն է, որը երբեք չի դադարի գոյություն ունենալ: Պարզապես դրա ծավալները կարող են նվազել կամ շատանալ: Մեծ ծավալների դեպքում ոչ միայն շինարարն է շահում, այլ հնարավորություն է ստեղծվում այլ արտադրական ուղղություններ ևս զարգացնելու: 

Եվ ոչ միայն մեր, ցանկացած այլ բնագավառում եթե ուզում ես ընդհանուր դաշտը դարձնել ավելի նպաստավոր, ապա պետք է սկսես քո ներքին կազմակերպման հարցերը կարգավորելուց, ազնիվ աշխատելուց: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես ինքդ կազմակերպում քո աշխատանքը: Թե չէ արտաքին գործոններն այսօր չեն խանգարում բիզնես գործունեությանը: Արտաքին գործոն ասվածը նաև պետական մարմինների հետ աշխատանքն է: Շատերի դժգոհությունը հենց դրանց է վերաբերում: Բայց պետք է նշել, որ այսօր բավական հեշտացել ու պարզեցվել է աշխատանքը թե՛ հարկային, թե՛ մաքսային կառույցների հետ: Համակարգը բավական պարզեցված է: Իհարկե, օրենսդրական դաշտը թերություններ ունի, որովհետև բոլոր օրենքներն էլ ժամանակի ու հարաբերությունների փոփոխման հետ մեկտեղ վերանայելու կարիք ունեն: Աշխատանքի տարբեր փուլերում մանր խնդիրների անընդհատ հանդիպում ենք, բայց այնպիսի, որոնք հեշտ լուծելի են: Իսկ գլոբալ առումով որևէ խոչընդոտ այսօր չկա բիզնես դաշտում: Իհարկե, եթե գործարարը թափանցիկ չի աշխատում, ապա խնդիրները նրա համար բազմաթիվ են, ինչպես նաև բազմաթիվ են դժգոհելու առիթները: Բայց դժգոհելուց առաջ պետք է մտածել՝ արդյո՞ք ինքդ որևէ բան արել ես այդ խնդիրները լուծելու և թերությունները շտկելու համար:

Մենք շատ հաճախ աշխատում ենք խորհրդային շրջանի իներցիայով և մոռանում ենք, թե մեզանից ինչ է պահանջում մեր ժամանակը՝ ինչ արտադրել, ինչպես կառուցել: Պետք է ուսումնասիրել դաշտը, զարգացնել ըստ պահանջարկի, ներդրումներ կատարել, գործընկերներ ձեռք բերել: Պետք է կարողանալ ճկուն լինել՝ տեղավորվելու համար այսօրվա շուկայում: Հաջողությունը կախված է շատ աշխատելուց և լավ աշխատելուց, որի համար պետք է շատ ռեսուրսներ ներդնել: Ամեն ինչ փոխադարձության օրենքի վրա է հիմնված:  

Մենք կարողանում ենք մեր տեղը կայուն պահել ոչ միայն որակյալ աշխատանքի ու ժամանակին համընթաց գործելու շնորհիվ, այլև համալիր մոտեցման: Եվ դա էլ պայմանավորված է շուկան շատ լավ ուսումնասիրելու և առաջարկի ամենաօպտիմալ տարբերակ մշակելու ջանքերով: Նախագծումը և շինության կառուցումը մեր աշխատանքի հիմնական և երևացող մասն են: Բայց դրան զուգահեռ արտադրական ուղղություններ ենք հիմնել, որոնց պահանջարկը բավական լայն է: Թեև դրա նպատակը նախևառաջ սպասարկելն է հենց մեր ընկերության շինարարական աշխատանքին: Արտադրությունն ընդգրկում է շինարարական կոնստրուկցիաներից մինչև ներքին ձևավորման ու կահավորման պարագաներ: Այսինքն՝ ներդնելով առավելագույն ռեսուրսներ՝ շահում ենք վստահություն ու մրցունակություն: Մենք զբաղվում ենք նաև մայրուղային գազատարների, ջրագծերի կառուցման աշխատանքով, և մոտեցումը նույնն է՝ ժամանակակից նյութատեխնիկական բազայի համալրում, բարձր որակի ապահովում կարճ ժամկետներում և մրցունակ գին:

Շինարարության բնագավառում այսօր մեծացել է որակի հանդեպ վերահսկողությունը: Խոսքը և՛ շինանյութերի որակի, և՛ կառույցի՝ չափորոշիչներին համապատասխանելու մասին է: Եվ գիտե՞ք՝ բիզնեսի մի կարևոր օրենք պետք է հասկանալ. որակական ստանդարտները և ազնիվ մոտեցումը պահպանելով ավելի կշահես, քան դրանք շրջանցելով: Պատասխանատվությունը շատ կարևոր է զարգացման համար՝ թե՛ սեփական բիզնեսի, թե՛ ամբողջ ոլորտի և թե՛ կարևորը՝ երկրի»:

 

<Երևակ> ամսագիր