Հակառակաբերդի առեղծվածը

Հակառակաբերդ հասնելու համար պետք է գեղեցկության hետևից գնալու կիրք ու համարձակություն ունենալ, բայց առանց տեղացիների կամ տեղանքին քաջածանոթ մարդու ուղեկցության այն պարզապես իսկական թակարդ կդառնա այցելողների համար: Հակառակաբերդ տանող ճանապարհ չկա, կա ընդամենը մի փոքրիկ կածան, որն ամեն անգամ պետք է բացել, քանի որ այն տարվա մեջ ընդամենը մի քանի անգամ է կենդանանում: Կածանըը թավ անտառի միջով բարձրանում է դեպի լեռնագագաթը, այնքան թավ, որ տեղ-տեղ ծառերի սաղարթները չեն թողնում՝ երկինքը երևա, իսկ արևի ճառագայթները ծառերի բարձր բների արանքով հազիվ են թափանցում: Լանջերի թեքությունը որոշ տեղերում անգամ ձիուն է խեղճացնում: Թվում է, թե մեկ սխալ քայլ, և վայրկյաններ անց արդեն անդունդը կգահավիժես: Իհարկե, կա նաև վտանգը շրջանցելու և առավել ապահով վայրով անցնելու ճանապարհ, որը, սակայն, ավելի երկար է և ժամանակատար:
Հակառակաբերդը գտնվում է պատմական Խաչեն գավառի տարածքում` Մարտակերտի շրջանի Չափար գյուղից մի քիչ վերև: Հակառակաբերդ բարձրանալու համար պետք է այդ տարածքի ամենաբարձր լեռան գագաթը հասնես: Ծովի մակերևույթից մոտ 1500 մ բարձրության վրա է այդ հին բերդատեղին, բայց ով լսել է նրա հրաշքի մասին, կանգ չի առնում ճանապարհի դժվարության առաջ: Իսկ օտար նվաճողներին դարեր շարունակ բերդը գրավելու ցանկությունն է բարձրացրել այս լեռները: Բերդի հյուսիս-արևմտյան կողմում մոտ երեսուն մետր բարձրությամբ անմատչելի ժայռ է, իսկ հարավ-արևելյան կողմով ձգվող պարիսպներն ունեն ավելի քան մեկ մետր լայնություն և միանում-ձուլվում են ժայռերին, ժայռերն էլ՝ ներքև՝ անդնդախոր ձորերին: Բերդի անմատչելի դիրքը այդպես էլ թույլ չի տվել գրավել այն, սակայն ժամանակը արել է իրենը: Հակառակաբերդը այսօր արդեն վեր է ածվել ավերակի, և պարիսպներից բացի մնացել է միայն բնության հրաշքը, որը միշտ էլ կարելի է աչքով տեսնել, բայց այս դեպքում այդ հրաշքը ունի այն ձևը, որը նրան տալիս է ընդերքը:
Բերդի տարածքում կա ժայռափոր մի թունելախորշ՝ մոտ երեք մետր երկարությամբ, երկու մետր լայնությամբ և նույնքան բարձրությամբ: Թունելախորշի մեկ քառորդը մշտապես լցված է թարմ ու քաղցրահամ ջրով: Ջուրը «անշարժ» է: Փաստորեն՝ թվացյալ անշարժ: Բայց թե որտեղից է լցվում ջուրը և ուր է արտահոսում, ոչ ոք այդպես էլ չի տեսնում: Փորձելու համար նույնիսկ դույլերով դատարկել են ջուրը, սակայն այն որոշ ժամանակ անց հավասարվել է նախկին մակարդակին, ու դարձյալ հանդարտ ջրի շարժը ոչ ոք չի տեսել: Բնության այդ հրաշքի մեկնաբանությունը գտնելու համար մասնագետներ են եկել-հասել Հակառակաբերդ, սակայն դեռ ոչ ոք չի կարողացել բացատրել Հակառակաբերդի ջրի հրաշքը: Հատուկենտ այցելուներից ու տեղի բնակիչներից բացի՝ քչերը գիտեն այդ հրաշքի մասին:
Նոր ու հետաքրքիր վայրերի սիրահարներին, հնամենի հուշարձանների գաղտնիքները բացահայտելու ցանկություն ունեցողներին հրավիրում ենք այցելել Հակառակաբերդ՝ դիմելով sanman@mail.am էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարելով +37493204400 հեռախոսահամարով:
Երևանից Հակառակաբերդ կմեկնենք պատմական Քարվաճառի շրջանով` այցելելով նաև Դադիվանք, Թարթառ գետի հովտով, որտեղ Ճանապարհը այնքան գեղեցիկ է, որ մեկ անգամ չէ, որ ստիպում է մարդկանց մեքենայից ցած իջնել: Հետադարձ ճանապարհը Գանձասար, Շուշի, Լաչին, Գորիս-Տաթև երթուղին է: