Կանխարգելիչ ստուգումները՝ առողջության երաշխիք

Օնկոգինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելումը վերջին տարիներին ավելի մեծ նշանակություն է ստացել ամբողջ աշխարհում: Դա պայմանավորված է նրանով, որ ավելի մեծ թվով կանանց մոտ են ախտորոշվում չարորակ կամ բարորակ նորագոյացություններ: Ու քանի որ ուռուցքային փոփոխությունների կոնկրետ պատճառը դեռ հայտնի չէ, կանխարգելիչ աշխատանքները տարվում են ռիսկային գործոնների հետ: Հայաստանում օնկոգինեկոլոգիական հիվանդությունների բուժման ու կանխարգելման և ռիսկային գործոնների մասին է   Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, բ. գ. դ., պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանի խոսքը: 

-Ի՞նչ խնդիրներով է զբաղվում Ձեր բաժանմունքը, և բա՞րձր է արդյոք հիվանդության ցուցանիշը Հայաստանում: 

-Բաժանմունքը զբաղվում է արգանդի վզիկի, արգանդի մարմնի և ձվարանների չարորակ և բարորակ նորագոյացություններով: Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում դրանք լայն տարածում ունեն: Այդ են վկայում նաև վիճակագրական տվյալները: Մեր տվյալների համաձայն՝ չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում 100.000 բնակչության ցուցանիշով 2009 թ. արգանդի վզիկի քաղցկեղը կազմել է  16.2 %, իսկ 2013 թ՝. 16.2%, արգանդի մարմնի քաղցկեղը՝ 12.2%, 2013 թ.՝ 12.2%: Ձվարանների քաղցկեղը 2009թ. կազմել է 11.4 %, 2013 թ.՝ 12.3%: Ճիշտ է, այդ ցուցանիշները մեծ չեն, բայց համենայն դեպս նվազման միտում չի նկատվում: Իսկ ամենավատն այն է, որ հիվանդները հիմնականում դիմում են բարձիթողի վիճակում, ինչի արդյունքում էլ բարձր է մահացության ցուցանիշը: Բացի այդ, առողջության պահպանման առաջնային օղակներում հիվանդության վաղ հայտնաբերմանն ուղղված կանխարգելիչ ստուգումներ չեն կատարվում: Բարձիթողի վիճակ առավելապես հանդիպում է ձվարանների քաղցկեղի դեպքում, որի հայտնաբերումը վաղ շրջանում ավելի բարդ է: Խորհրդային Միության տարիներին պոլիկլինիկաներում գործում էին առաջնային զննողական կաբինետներ, որտեղ կինը, անկախ նրանից թե ինչ խնդրով է պոլիկլինիկա դիմել, պետք է պարտադիր ստուգվեր: Այդ նախնական զննումները ժամանակին լավ արդյունքներ էին տալիս: Կարծում եմ՝ պետք է վերականգնվեն այդ կաբինետները, դա դրական կազդի խնդրի վրա: 

-Անխուսափելիորեն հանգում ենք կանխարգելմանը: Ո՞րն է օնկոգինեկոլոգիական խնդիրների կանխարգելումը: 

-Կանանց սեռական օրգանների քաղցկեղի դեպքում կանխարգելումը լինում է առաջնային և երկրորդային: Առաջին հերթին կարևորվում են առողջ ապրելակերպը, առողջ ու կանոնավոր սեռական կյանքը: Կինը նաև պետք է հետևի իր քաշին, ավելորդ քաշը մյուս բոլոր հայտնի հիվանդություններից բացի, նաև կանանց սեռական օրգանների քաղցկեղի պատճառ կարող է դառնալ: Անկանոն սեռական կապերը տարբեր տղամարդկանց հետ ևս կարող են նպաստել քաղցկեղի, հիմնականում արգանդի վզիկի քաղցկեղի առաջացմանը: Ծխելը ևս նպաստում է արգանդի վզիկի չարորակ ուռուցքների առաջացմանը: Օնկոգինեկոլոգիական հիվանդությունները կանխարգելվում են նաև այն դեպքում, երբ ժամանակին հայտնաբերվում և բուժվում են բարորակ հիվանդությունները, որոնք չբուժելու կամ բարդանալու դեպքում կարող են կազմափոխվել և դառնալ չարորակ նորագոյացություններ: Ինչպես հասկանում եք, օնկոգինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելման համար ամենակարևորը պարբերական այցերն են գինեկոլոգին գոնե տարին մեկ անգամ: Միայն վաղ հայտնաբերումն ու բուժումը կնոջը կօգնեն կանխել օնկոլոգիական խնդիրները 100 %-ով, առողջ լինել, անգամ մայրանալ: 

-Մի՞թե քաղցկեղ ունեցող կինը կարող է մայրանալ: 

Այո, եթե դիմել է ժամանակին, և ուռուցքի չափերը մեծ չեն, հնարավոր է օրգանապահպան վիրահատություն կատարել:  Եթե մեծ է, իսկ պատահում է, որ մինչև 9 ամսական հղիության չափ ուռուցքներ են հեռացվում, անգամ բարորակ ուռուցքի դեպքում (միոմաներ, կիստաներ) հնարավոր չի լինի պահպանել արգանդը: Ամբողջ հարցն այն է, թե երբ են դիմում՝ անկախ նրանից ուռուցքը բարորակ է, թե չարորակ: Մինչդեռ երբեմն կանայք, անգամ այն դեպքում, երբ որովայնում ուռուցքն արդեն շոշափում են, զգում, նորից չեն դիմում բժիշկի, ամիսներով ու տարիներով կարող են այդ ուռուցքով ապրել, զբաղվել տան հոգսերով ու աշխատանքով, ու դիմել արդեն բարձիթողի վիճակում: Մենք չենք դադարում ահազանգել, հորդորել, հիշեցնել, որ կինը, եթե իրոք սիրում է իր ընտանիքն ու իր երեխաներին, նախ պետք է մտածի իր առողջության մասին, առողջ լինի, որ շարունակի խնամել նաև իր ընտանիքը, հոգ տանել երեխաների և ամուսնու մասին: 

-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ում մոտ արդեն քաղցկեղ է ախտորոշվել:

-Այն չընդունել որպես մահվան դատավճիռ: Քաղցկեղն էլ, ինչպես, ասենք, թոքաբորբը, գրիպը և այլ հիվանդություններ, ընդամենը հիվանդություն է, սովորական հիվանդություն: Բայց ինչպես յուրաքանչյուր հիվանդություն, չհետևելու, ժամանակին չբուժելու դեպքում, կարող է այն աստիճան բարդանալ, որ մահվան պատճառ դառնա: Եթե քաղցկեղը վաղ է ախտորոշվում, և բուժման համար ժամանակին են դիմում, այն լիարժեք բուժվում է: Մեր դիտարկումներում կան քաղցկեղով հիվանդներ, ովքեր բուժվել են, արդեն 10-15 տարի է ապրում են լիարժեք կյանքով, անգամ մոռացել են, որ ժամանակին չարորակ ուռուցք են ունեցել: Նորից եմ ասում՝ քաղցկեղը դատավճիռ չէ, այլ ահազանգ, որ կինը ուշադիր լինի, շուտ դիմի բժիշկի ու բուժվի:

-Օնկոգինեկոլոգիական հիվանդությունների բուժումը միայն վիահատությու՞ն է ենթադրում:

-Իհարկե ոչ: Մասնագիտացված օնկոլոգիական կլինիկաներում  և բաժանմունքներում նշանակվում է համալիր բուժում: Մինչև վիրահատությունը և դրանից հետո հիվանդը պարտադիր պետք է ստանա քիմիաթերապիա կամ ճառագայթային բուժում՝ լավագույն արդյունքի համար: Այն պետք է զուգորդվի նաև առողջական վիճակի մոնիթորինգով: Հիվանդը որոշ ժամանակ հսկողության տակ է գտնվում, անցնում համապատասխան հետազոտություններ: Ոչ մասնագիտացված կլինիկաներում այդ նախավիրահատական բուժման կուրսն անտեսվում է, ինչը հիվանդության կրկնության պատճառ է դառնում երբեմն: Մեր բաժանմունքում աշխատում են 6 բժիշկներ: Նրանք բոլորն էլ մասնագիտացված են բարորակ ու չարորակ նորագոյացությունների բուժման գործում և տիրապետում են ժամանակակից օնկոգինեկոլոգիայում կիրառվող վիրահատական բոլոր տեխնոլոգիաներին: Բաժանմունքում կատարվում են բոլոր տեսակի վիրահատությունները, որ հնարավոր է ժամանակակից օնկոգինեկոլոգիայում: Հիվանդին մեր բաժանմունքում վերաբերվում են այնպես, ինչպես կցանկանային, որ իրենց վերաբերվեն, եթե իրենք հայտնվեին հիվանդի տեղում: Հավանաբար պրոֆեսիոնալ մոտեցումից հետո դա երկրորդ պատճառն է, որ  գոհ են մնում մեր բաժանմունքի աշխատանքներից: Այդ են վկայում նաև բազմաթիվ նամակներն ու շնորհակալագրերը: 

-Այդ է վկայում նաև ձեր ստացած «Համազգային վստահություն» մրցանակը: 

-Այո՛, մրցանակի համար շատ ուրախ եմ: Հաճելի է այն միտքը, որ աշխատանքդ գնահատվում է: Այն ինչ-որ տեղ նաև պարտավորեցնում է, որքան որ դժվար է այդ վստահությունը շահելը, նույնքան դժվար է այն պահպանելը:

-Ձեր զավակներն է՞լ են այս բաժանմունքում աշխատում: 

-Աղջիկս մասնագիտացած է  էնդոսկոպիկ գինեկոլոգիայում, տղաս գալիս է իմ հետքերով՝ նախընտրում է  վիրաբուժությունը: Ընդհանրապես հորից որդուն մասնագիտությունը փոխանցելը ողջունում եմ, չնայած կան մարդիկ, ովքեր բացասական բան են տեսնում դրանում: Բայց չմոռանանք, որ դա հնում ավանդույթ է եղել, ու բավական ճիշտ ավանդույթ, որովհետև երեխան մեծանում է այդ մասնագիտական մթնոլորտում, նա արդեն ինտուիտիվ յուրացնում է գիտելիքներ, որոնք շատերը ձեռք են բերում ավելի ուշ՝ ուսման կամ պրակտիկայի ընթացքում: Այնպես որ՝ ուրախ եմ, որ երեխաներս այս ուղին են ընտրել:

 

Երևակ ամսագիր