Գրագետ մոտեցում պարարվեստում

Պարային ամենամեծ կառույցն աշխարհում հայտնի է IDO (International Dance Օrganization) անվանմամբ: Այն իր շարքերը ոչ մեկին հեշտ չի ընդունում, միայն այն դեպքում, երբ պարողն անցել է վարպետության բոլոր քննությունները: Այդ կազմակերպությունում Հայաստանը ընդամենը երկու հոգի են ներկայացնում: Գեորգի Զոհրաբյանին միջազգային այս կառույցը դարձրեց  միջազգային կարգի մրցավար: Իսկ արդեն 9 տարի է՝ նրա ղեկավարած «Էնջլս» պարային համույթը միջազգային մրցույթներից վերադառնում է մրցանակներով, օլիմպիադաների չեմպիոնի տիտղոսով: Եվ այս ամենը՝ Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի առաջին հարկի երկու փոքրիկ սենյակներում:   

-Սովորաբար երեխան ընտրում է պարի որևէ ուղղություն, սակայն Ձեր բեմադրած պարերը կարծես սինթեզ լինեն: 

-Սա Հայաստանում եզակի պարային ստուդիաներից է, որտեղ զարգացնում ենք նման քանակի ուղղություններ՝ սկսած հայկական պարերից մինչև  բրեք դանս, հիփ-հոփ և այլն: Ես բեմադրում եմ պարային շոուներ, որոնք ներառում են տարբեր ուղղություններ, ունեն պարային սկիզբ և ավարտ: Այսինքն՝ երեխան ոչ թե վարժություն է կատարում, այլ ամբողջական պարով ցույց է տալիս բեմադրություն: Ժամանակակից ուղղությունների մեջ իմպրովիզներ ենք անում, ստեղծում այլ էլեմենտներ, ինչպես ռեժիսորը՝ ֆիլմ ստեղծելիս:

- Որակը զտելու ի՞նչ չափանիշներ ունեք:

-Գրագետ մոտեցումը: Մեզ մոտ ավանդույթ կա երեխային տանելու երգի կամ պարի, բայց հաճախ չգիտեն, թե ուր են տանում իրենց երեխային: Ես ծնողին թույլ եմ տալիս մասնակցել առաջին դասին, որպեսզի հասկանա, թե որտեղ է պարել սովորելու իր երեխան: Դա շատ կարևոր է: Հաճախ ստուդիաներում ֆիզիկական պատրաստվածությանը, պլաստիկային անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում: Երեխային միանգամից սովորեցնում են տարբեր պարային շարժումներ, երբ մարմինը դրան պատրաստ չէ: Առաջին քայլը պետք է լինի մարմին ու կեցվածք կառուցելը: Եթե հիմքը պատրաստ չլինի, նա ոչինչ չի կարող անել: 

Մեր ստուդիայում ընդունելությունը սկսվում է երեք տարեկանից: Երկու տարի անցնում են պարային ռիթմիկա, խաղեր, էներգիան ճիշտ ծախսելու տեխնիկա, դառնում են ֆիզիկապես ճկուն:  Այդ  տարիքից արդեն պետք է կոմպլեքսից ազատվեն և ընտելանան խմբին: 

Մեր երեխաները տաղանդավոր են, բայց ունենք մի գերխնդիր. դա բարդույթն է, որը դրված է ընտանիքներում երեխայի դաստիարակության մեջ: Եթե կարողանում ենք դա հաղթահարել, այդ դեպքում մեր երեխաները լավագույնն են դառնում: Իսկապես ցավալի է. երեխայի հետ տարիներով աշխատում ենք, մեծ հույսեր կապում, որ նա պետք է ամենալավը ներկայացնի մեր երկիրը, հանկարծ խանգարում է հենց մենթալիտետ կոչվածը, ծնողների, հատկապես հայրերի միջամտությունը, թե երեխան չպետք է բեմ դուրս գա, բեմական հագուստ հագնի: Միջավայրը շատ է խանգարում հատկապես տղաներին, և տասից մեկն է գալիս պարի: Եվ երբ տարիքն անցնում է, երբ արդեն ուշ է, նոր են հասկանում, թե ինչ են բաց թողել: 

- Աշխատասիրությունից ու տաղանդից բացի ի՞նչ է պետք առաջ գնալու համար:

Ընդունակությունները բնականաբար տարբեր են: Շատ բան կախված է հենց ծնողներից: Օրինակ՝ եթե ռուսական որևէ խումբ 4-5 տարի անընդմեջ մասնակցում է մրցույթներին ու ոչինչ չի շահում, այդ երեխաների մայրերը այնպես ճիշտ են կարողանում ներշնչել, ուղղորդել և պինդ պահել նրանց: Իսկ մեզ մոտ երեխան, ասենք, լացելով դուրս է գալիս, թե՝ դասատուն կտրեց, մայրը փոխանակ հանգստացնի նրան և բացատրի, որ պետք է շատ պարապել, երեխայի ձեռքից բռնած ներս է մտնում ու սկսում կռվել երեխայի ներկայությամբ, թե՝ գիտեք, իմ երեխան ինչ տաղանդավոր է... Իսկ ովքեր հասկանում են, գիտեն, որ ժամանակ է պետք արդյունքը տեսնելու համար:  Հետո՝ մեր մայրերը ուզում են միանգամից ամեն ինչ ու չեն ստանում ոչինչ: Ուզում են, որ երեխան հա՛մ լավ պարի, հա՛մ նվագի, հա՛մ նկարի: Արդյունքում երեխան ոչ մի բան չի կարողանում լավ անել: Ես ունեմ պրոֆեսիոնալ խմբակ, որտեղ երեխաներն ամեն ինչից կտրված են՝ բացի դպրոցի դասերից: Պարային տվյալներից բացի մեզ մոտ շատ խիստ դրված է կարգապահության հարցը: Խումբ հասկացությունը առաջնահերթ է, որպեսզի երեխաները միասնական լինեն: 

-Ձեր հաջողությունները միջազգային բեմերում արդյո՞ք ձեզ աջակիցներ չեն բերում: 

- Հայաստանում պարին քիչ ուշադրություն են դարձնում: Սակայն պարը կարևոր է այնքան, որքան մշակույթի ցանկացած ճյուղ: Հայաստանը իր մշակույթի բոլոր ճյուղերով պիտի ներկայանա աշխարհին: Մենք շատ տաղանդավոր պարողներ ունենք, ովքեր աշխատում են դրսում: Եթե մեր երկիրը կարողանար պայմաններ ստեղծել, որպեսզի  նրանք գան Հայաստան, հրաշալի կլիներ: Մեր բոլոր խնդիրները ինքներս ենք հաղթահարում, բայց երբ երկրից դուրս Հայաստանն ենք ներկայացնում, ցանկալի է, որ մեր պետությունն այդ ժամանակ մեր կողքին լինի: Դա, պատկերացնու՞մ եք, ոնց կոգևորի և ուժ կտա երեխաներին: Բայց ամենամեծ խնդիրը ֆինանսավորումն է, միայն բարոյական աջակցությունը քիչ է: Մենք մեր պատրաստվածությամբ կարող ենք մասնակցել ցանկացած միջազգային մրցույթին, բայց այդքան ֆինանսավորում չունենք, մեր միջոցներով հիմնականում ԱՊՀ երկրներ ենք կարողանում գնալ: Երեխաները պետք է նաև շատ տեսնեն: Ես ինքս 28 տարի պարում եմ, 18 տարի՝ բեմադրում, բայց սովորում եմ ամեն օր և կարևորում եմ փորձի փոխանակումը թե՛ հայ, թե՛ արտերկրի իմ կոլեգաների հետ: Իսկ ընդհանրապես, կողմ եմ համագործակցության ցանկացած կազմակերպության կամ  անհատի հետ, որոնք կցանկանան աջակցել մեր ծրագրերին