Մշակույթը որպես աշխատող բիզնես. Հարություն Խաչատրյան

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն
Որևէ նյութ, նկար, ֆիլմ եթե հանճարեղ է, ապա կոմերցիոն է: Բայց այդպիսիք շատ քիչ են լինում, որոնք և՛ ազգի համար են կարևոր, և՛ կոմերցիայի համար: Մի դեպքում են դրանք միանում. եթե հանճարեղ գործ է: Օրինակ՝ ինչպես ստեղծվեց այս փառատոնը: Հայ կինոն ամբողջովին կործանվել էր. բոլորը դիտում էին սերիալներ, էկրաններին հայկական ֆիլմ չէիր տեսնի: 17-18 տարեկան երիտասարդներ կային, որ երբեք էկրանին ֆիլմ չէին տեսել, շրջաններից էլ շատ քիչ մարդիկ էին գալիս կինոթատրոն, ինստիտուտներ ընդունվում էին երիտասարդներ, ովքեր ուզում էին բանակից ազատվել, իսկ աղջիկներին դիպլոմը օժիտ տանելու համար էր պետք: Այնպես որ, դժվար էր ակնկալել, թե նրանցից լուրջ ռեժիսորներ դուրս կգան, դժվար էր պատկերացնել, որ առանց վարպետների, առանց լուրջ մասնագետներ ընդգրկելու կարելի էր կինոն զարգացնել: Պետք էր կինոարտադրությունը զարգացնել, ստեղծել կինոաուդիտորական կենտրոն կամ կրթական կենտրոն, որը կկարողանար կրթել և ֆիլմեր նկարելու հնարավորություն կտար: Դա չէինք կարող անել մենք՝ հասարակական կազմակերպություններս, որտեղ ընդգրկված մարդիկ մտածում էին ազգային կինոծրագրերի ու կինոկրթության կամ կինոմթնոլորտ ստեղծելու մասին, համաշխարհային կինոգործերին ծանոթացնելու մասին: Մենք որոշեցինք սկսել դրանից. առաջին հերթին հետաքրքրություն առաջացնել համաշխարհային կինոյի հանդեպ, հանդիսատեսների, կինոդիտողների մի բանակ հոգևոր և մշակութային ֆիլմերի հանդիսատես դարձնել և հետագայում երիտասարդների շրջանում ստեղծել որոշակի կրթական պրոցեսներ: Հիմա մենք հասել ենք մի կետի, որ պետք է ունենանք կենտրոն, որովհետև պետական կինոֆինանսավորումը միանգամայն ուրիշ բան է: Աշխարհում երևի 15-20 ֆիլմ կա, որոնք իրենց գումարը ետ են բերում. դա կոմերցիոն կինո է, դա ուրիշ աշխարհ է, ուրիշ հարաբերություններ են, որոնք կապ չունեն իրական կինոմշակույթի լեզվի հետ: Կհամարձակվեմ ասել, որ նույնիսկ Ֆելլինիի, Փարաջանովի նման մեծագույն մարդիկ եթե այսօր լինեին, կարող է՝ չնկատվեին: Փառատոնները հայտնաբերում են այդպիսի մարդկանց, նրանց ֆիլմերը: Եթե այդ փառատոնները չլինեին, ապա կկորչեին մարդիկ, քանի որ փող չէր լինի: Հայաստանում, ասում են, չկա վարձույթ, բայց 7 օրվա ընթացքում փոքրիկ Հայաստանում հավաքվում է 50000-70000 հանդիսատես. մեզ համար դա շատ լուրջ թիվ է: Սա նշանակում է մարդկաց լուրջ հետաքրքրություն դեպի իսկական, հոգևոր, մշակութային կինոն:
Հաջողության համար մի քանի գործոն է պետք. մեծ նվիրվածություն, հավատ քո գործին, համբերություն: Վերջինը ամենակարևորն է Հայաստանում: Հետխորհրդային, հետպատերազմյան շրջանում ոչ մեկը ժամանակ չունի բաժանելու ասպարեզները, ոչ մեկը ժամանակ չունի իրենց դարակների մեջ դնելու՝ որն է ազգայինը, որն է ժամանցայինը, որը մշակութայինը, որովհետև մենք անընդհատ պատերազմի մեջ ենք, մշակութային պատերազմի մեջ ենք, ընդ որում՝ ոչ միայն դրսի հարձակումից, երբ մշակույթ են ներմուծում, այլև ներսի օջախների, որոնք արագ դա մարսում են և ներկայացնում ազգային մշակույթի հետ խառնված ինչ որ բան, որը գրավում է հանդիսատեսին, որը դատարկ է, կրթված չէ, և նրանցով զբաղվող մեկը չկա, որը կբացատրի՝ որն է որակյալ արվեստը: Ազգային ծրագրերի անհրաժեշտություն կա նախկին մակարդակը վերականգնելու համար: Դա պետք է անել նման երկարատև ծրագրերով, ցույց տալ, հետաքրքրություն առաջացնել և արտահանել: Դա բարդ պրոցես է: Մեր հեռուստաընկերություններից ոչ մեկը գրեթե իրական արվեստը բարձրացնելու գործով չի զբաղվում, որովհետև ամեն մեկն ունի իր էգոիստական շահը, իր կոմերցիոն նպատակները: Նրանք հնարավորություններ չունեն այնպիսի մի գործ ստեղծելու, որը կվաճառվի արտերկրում, նրանք չեն ցանկանում 10 տարի աշխատել, և 11-րդ տարում նոր շահույթ ստանալ: Եթե սպանության, բռնության կադրերը մեծ դիտում են ապահովում, ապա նրանք ընտրում են հեշտ տարբերակը:
Ինչու՞ ենք մեր սեմինարների ընթացքում երիտասարդներին սովորեցնում փող գտնելու արվեստը. ինչպես կազմել պրոյեկտ, ինչպես այն ներկայացնել միջազգային ֆոնդերին, ինչպես փող ստանալ դրա համար, նաև իրենց պրոյեկտը պաշտպանել ենք սովորեցնում: Եվ ոչ միայն Հայաստանում են սեմինարի մասնակցում, այլև նրանց տանում ենք արտերկիր՝ այնտեղ տեսնելու և սովորելու համար: Մենք տանում ենք ոչ միայն ռեժիսորներին, այլ նաև պրոդյուսերներին: Եթե 12 ռեժիսորից և 6-7 պրոդյուսերից 2-ը դուրս գան ճիշտ ուղու վրա, դա արդեն մեծ հաղթանակ է: Տեղում հնարավոր չէ ձևավորել մեծ պրոդյուսերներ. միգուցե մեծ արվեստագետներ ստեղծես, որովհետև դա տաղանդի հետ է կապված, ոչ թե պրոֆեսիոնալիզմ ձեռք բերելու: Մեր պետությունը չի կարող այդ հարցով զբաղվել, քանի որ դրա ժամանակը չունի: Եթե Մշակույթի նախարարությունը զբաղվի դրանով, ապա պիտի ստեղծի առանձին հիմնարկ, իսկ դա աշխատատար է, ու պետական հիմնարկներում գործը դանդաղ է ընթանում. եթե ուզում ես երազանքդ ոչնչանա, պետք է այն իրականացնող պետական հիմնարկ ստեղծես: Ես ի սկզբանե չեմ դիմել պետական մարմիններին, նախարարությանը, որպեսզի համոզեմ, որ սա լավ պրոյեկտ է և կարող է մեծ օգուտ տալ: Առաջին 3 տարում մենք ինքներս մեզ համոզելու կարիք ունեինք, այնուհետև դիմեցինք նրանց և սկզբում ստացանք մեր բյուջեի 5%-ը, ապա՝ 10%-ը, իսկ այժմ՝ 20%-ը. ի տարբերություն արվեստի մյուս ճյուղերի՝ կինոյին բավական գումար հատկացվում է: Ինչպես օգտագործել այդ գումարը. ճիշտ կլինի, եթե գործեն միջազգային փորձի հիման վրա: Մարդիկ չեն ուզում սովորել, նրանք չգիտեն, թե ինչպես կարելի է միջազգային ֆոնդերից գումար ստանալ, իրենց պրոյեկտները հաստատել, մինչև հիմա ծանոթների միջոցով են իրենց սցենարները հաստատում ու պաշտպանում, գումար ուզում:
Պետք չէ համեմատել կոմերցիոն ֆիլմերը լուրջ կինոարտադրության հետ: Ներքին շուկայում որակյալ ֆիլմեր ցուցադրող չկա: Ինչու եմ ասում, որ պետք է կինոկենտրոն հիմնել, որը դահլիճներ կունենա. որպեսզի ֆիլմ արտադրողը չմտածի շտապ մեծ քանակությամբ հանդիսատես հավաքել, որպեսզի կարողանա աշխատողների գումարը տալ: Այլ մոտեցում է պետք. 1-ին տարին կգա 20 մարդ, 2-րդ տարին՝ 50 մարդ, հաջորդ տարի՝ 500 հոգի, ապա դա կվերածվի արդեն նաև բիզնեսի: Կինոյի հաջողության համար պետք է լինեն իրենց գործին հավատացող խելագարներ, և այս խելագարները պետք է փորձեն մյուսների, պաշտոնյաների հետաքրքրությունը գրավել:
Երևակ ամսագիր