Առաջընթաց հնարավոր է միայն առողջ մրցակցությամբ

Բիզնես միջավայրում առանձին ընկերությունների ճկուն կառավարումն ու կայուն զարգացումը մեծապես նպաստում են ընդհանուր տնտեսության բնականոն աճին: Այս ուղղությամբ համակողմանի և հետևողական աշխատանքները կարևոր նախապայման են ժամանակին համընթաց քայլելու համար: Իսկ որո՞նք են այն դժվարությունները, որ բացասական ազդեցություն են ունենում փոքր և միջին ձեռնարկությունների վրա, և ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել այդ խնդիրների արդյունավետ լուծման համար:

 Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ «ՎԱԿ Գրուպ»-ի հիմնադիր Արման Հարությունյանից:

 

-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ գործոններ են նպաստում կամ խանգարում բիզնեսի զարգացմանը Հայաստանում:

-Կարող եմ ասել, որ վերջին տարիներին բավականաչափ դրական քայլեր են եղել` ուղղված բիզնես միջավայրի զարգացմանն ու բարելավմանը Հայաստանում: Խթանող քայլեր նկատվում են, բայց, իմ կարծիքով, դրանք մակերեսային են: Այսինքն` ակնհայտ տեսնում ենք կատարվող քայլերը, բայց արդյունքը դրանց համարժեք չէ: Պետք է ասել, որ բոլոր ուղղություններում էլ ինչ-որ տեղ ինչ-որ բան կիսատ է մնացել, և լրացնելու կարիք կա: Սա է պատճառը, որ խնդիրներ, այնուհանդերձ, դեռ կան: Սակայն շատ կարևոր է հաշվի առնել նաև մեկ այլ հանգամանք. ես նկատում եմ, որ այժմ ցանկություն կա ինչ-որ բան փոխելու, նույնիսկ կան բնագավառներ, որտեղ արմատապես են փոխել, իսկ դա արդեն կարելի է ձեռքբերում համարել: 

-Հայաստանում առողջ մրցակցության համար պայմաններ կա՞ն:

-Ինձ թվում է` ոչ միայն մեր, այլև մյուս բոլոր ոլորտներում խանգարող հանգամանքներ շատ կան: Ամենալուրջ խնդիրն այս պահին բևեռացումն է: Ցավով պետք է նկատել, որ շատ հաճախ բիզնեսը կենտրոնացվում է որոշ մարդկանց ձեռքերում, ինչն անբարենպաստ պայմաններ է ստեղծում առողջ մրցակցության համար: Այս իրավիճակը կարգավորելու բազմաթիվ ձևեր կան, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում: Կարիք կա, և, կարծում եմ, ժամանակն է, որ Հայաստանում ևս մշակվի համակարգ, որը հավասար իրավունքներ կտա բոլորին հանդես գալու բիզնեսում և փորձելու դիմակայել մրցակցությանը: Իսկ հավասար պայմաններ ասելով պետք չէ հասկանալ, օրինակ, հավասար հարկային տոկոսադրույքներ բոլոր տիպի բիզնեսների համար: Ես ամենևին կողմ չեմ ներկա գործելաոճին: Միջավայրում արդեն գոյացել են ‹‹հսկաներ››, ովքեր հեշտությամբ վճարում են սահմանված հարկերը, սակայն փոքր և միջին բիզնեսի համար դա խնդիր է: Այս մասին պետք է մտածել և հարկերը սահմանելիս առաջնորդվել նաև այն փաստով, թե բիզնեսը փոքր է, միջին, թե մեծ: 

-Ըստ Ձեզ՝ ինչու՞ այս սկզբունքն արդյունավետ չի գործում Հայաստանում:

-Կարծում եմ` եթե ցանկություն լինի կիրառել իրավունքների հավասար պայմաններ բոլորի նկատմամբ, բայց հարկատեսակների դեպքում, օրինակ, լինեն պրոգրեսիվ շահութահարկեր, ապա կգնանք առողջ մրցակցության: Մոտ ապագայում, ըստ իս, այս հարցը ևս կարող է որոշակի իմաստով կարգավորվել:

-Նման պայմաններում Ձեր ընկերությունն ի՞նչ մոտեցում է ցուցաբերում, որպեսզի կարողանա դիմակայել մրցակցությանը, աշխատել և զարգանալ:

-Նախ կարևոր է այն հանգամանքը, որ մեր ընկերությունը հիմնադրվել է ընտանեկան շրջանակներում. սա ընտանեկան բիզնես է: Կան փոխվստահություն, համերաշխություն և աշխատասիրություն: Շարժիչ ուժը միշտ հենց դրանք են եղել: Պակաս կարևոր չէ նաև ցանկությունը ձգտելու ավելիին և կատարելագործվելու: 

Ընդհանուր առմամբ նկատելի է, որ աշխատանքը ժամանակի թելադրանքով օրեցօր բարդանում է: 10-15 տարի առաջ շուկան ճաքճքած էր, կարելի էր հեշտությամբ մուտք գործել այնտեղ, աշխատել, այնինչ հիմա շուկան հագեցած է, հետևապես մրցակցությունն էլ մեծ է, և բարդ է դիմակայել, առավել ևս՝ առաջ անցնել: 

-Արտաքին նման ազդակներով պայմանավորված` Ձեր գործունեության մեջ ի՞նչ փոփոխություններ են եղել: Արդյո՞ք ստացվել է քայլել ժամանակի պահանջներին համընթաց:

-Մեր ընկերությունը հիմնադրվել է 2002թ.: Սկզբնական փուլում միայն մանրածախ առևտրով էինք զբաղվում, այն է՝ վերավաճառք տեղական շուկայում, իսկ հետո սկսեցինք ներմուծել նաև այլ երկրներից: Սա առաջին լուրջ ձեռքբերումն էր: Կարելի է ասել, որ կտրուկ աճ եղել է մինչև 2008թ.: Հետո հասկացանք, որ ժամանակն է կանգ առնել, մի փոքր ուսումնասիրել շուկան և ամրապնդել այն հիմքերը, որոնց վրա մենք կանգնած ենք: Վերանայեցինք մեր ռազմավարությունն ու շարժվեցինք առաջ: Այժմ մենք մոտավորապես 3000 և ավելի անուն ապրանքատեսակ ենք ներկրում, իսկ մեր սպասարկման սրահներում առկա է շուրջ 25 հազար անուն ապրանքատեսակ, որոնց թվում հայտնի ապրանքանիշեր են: Մեր շուկան առանձնապես հետաքրքիր չէ արտասահմանցի արտադրողներին, հետևապես ինքներս ենք փնտրում, գտնում նրանց ու փորձում աշխատել: Այս ամենը հաշվի առնելով` կարող եմ ասել, որ, այո, մեզ երևի հաջողվել է հասնել մի տեղ, որը ցանկալի է գուցե շատերի համար: 

-Ինչպե՞ս եք ընտրում այն մասնագետներին, ում հետ Դուք պետք է աշխատեք:

-Մասնագետների հարցն այսօր բավական լուրջ է: Մենք ունենք կարևոր մի խնդիր. Հայաստանում չի խրախուսվում միջին մասնագիտական կրթությունը, այնինչ նման մասնագետների կարիք մենք շատ ունենք: Յուրաքանչյուր տարի բուհերի տնտեսագիտական ֆակուլտետներն են ավարտում մոտ 10 անգամ ավելի շատ ուսանողներ, քան պետք են ոլորտին, քանի որ ընտրություն կատարելիս նրանք մտածում են` կա՛մ ստանալ բարձրագույն կրթություն, կա՛մ մեկնել արտասահման աշխատելու: Եթե ընտրում են կրթվելու տարբերակը, ապա ավարտելուց հետո նորից նույն հարցն է` աշխատել մասնագիտությա՞մբ, թե՞ մեկնել արտերկիր: Եթե միջին մասնագիտական կրթությունն ավելի շատ պրոպագանդվեր, ապա մենք չէին ունենա երիտասարդներ, ովքեր անգործ են, որովհետև ունեն բարձրագույն կրթություն և կարծում են, թե իրենց վայել չէ աշխատել որպես վաճառող:

-Տեղական արտադրողների հետ համագործակցու՞մ եք:

-Միշտ ուրախանում եմ, երբ դրսից ինչ-որ բան ներկրելը դադարում է: Եվ պատճառն, իհարկե, այն է, որ հենց մեզ մոտ է արտադրություն սկսվել: Սա միշտ ոգևորության առիթ է: Մենք անմիջապես համաձայնում ենք աշխատել: Այժմ չկա տեղական մի արտադրանք, որը բացակայի մեր ցուցափեղկերից: Դրանով փորձում ենք նպաստել տեղական արտադրությանը: Այն փաստը, որ շինարարական նյութերի արտադրություն է հիմնվում Հայաստանում, անչափ ուրախալի է:

-Ի՞նչ սկզբունքով եք ընտրում Ձեր արտասահմանյան գործընկերներին:

-Հիմա մարդկանց պահանջները գնալով խստանում են` կապված հատկապես որակի հետ: Սա ևս լուրջ խթանող հանգամանք է: Մենք և, կարծում եմ, մյուսները ևս փորձում ենք կատարելագործվել, գնորդին առաջարկել միայն լավագույնը, ուստի համագործակցության շրջանակներն էլ բավական լայն են` կախված այն հանգամանքից, թե որ շինարարական նյութերը որտեղ են ավելի որակյալ և վստահելի: Մենք ներմուծում ենք Ռուսաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Իրանից, Դուբայից և Չինաստանից

-Կարծում եք, որ զարգացումը նաև գնորդի պահանջների՞ց է կախված:

-Այո, իհարկե: Եթե գնորդը պահանջի լավ ապրանք, ապա ներմուծողը ստիպված կլինի բավարարել այդ պահանջները: Եվ հակառակը. եթե լավ որակ ներկայացնես, եթե դու նրան առաջարկես ու սովորեցնես օգտագործել լավը, նա կանի դա: Կարևորն այս դեպքում վստահությունն է դիմացինի նկատմամբ, ինչը պետք է ձեռք բերել տարիների աշխատանքի ու ջանքերի արդյունքում: Գնորդ-վաճառող հարաբերություններն այս դեպքում վճռորոշ նշանակություն ունեն: 

-Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը կարո՞ղ է նպաստել բիզնեսի զարգացմանը: 

-Իհարկե կարող է: Մոտ ապագայում մեր էկոնոմիկան Գերմանիայի էկոնոմիկայի մակարդակից կարող է ‹‹թռիչք›› կատարել դեպի բելողազախական էկոնոմիկայի մակարդակ: Ես նկատի ունեմ Մաքսային միությանն անդամակցելու ընտրությունը:

-Նոր ստեղծվող բիզնեսի համար ինչպիսի՞ նախապայմաններ են անհրաժեշտ: Ի՞նչը կարող է այն դարձնել հաջողակ և հեռանկարային:

-Կողքից ամեն ինչ կարող է թվալ շատ պարզ և հասկանալի: Շատերը փորձում են հասնել արդյունքների առանց որևիցե դժվարության, ուզում են միանգամից ստանալ այն, ինչը տարիների աշխատանք ու եռանդ է պահանջում: Դա գրեթե անհնար է: Երբեք պետք չէ կրկնօրինակել. դա է գլխավորը: 

 

<Երևակ> ամսագիր