Եվրոդենտ. հետբուհական կրթություն, միջազգային դիպլոմ, անհրաժեշտ գիտելիքներ

Բարձրագույն բժշկական՝ ստոմատոլոգիական կրթություն ստացած երիտասարդ բժիշկներն այսօր արդեն մասնագիտական կրթությունը լիարժեք դարձնելու ևս մեկ՝ այլընտրանքային հնարավորություն ունեն. կլինիկական օրդինատուրան կարող են անցնել «Եվրոդենտ» միջազգային կրթական հետբուհական շարունակական ակադեմիայում՝ ստանալով կայուն տեսական և անհրաժեշտ գործնական գիտելիքներ:

Հետբուհական ակադեմիա ստեղծելու գաղափարը հիմնադիրները հղացել են դեռ վաղուց: Հիմնադիր-ռեկտոր Լևոն Գրիգորյանը 1999 թվականից աշխատում է այդ համակարգում, և տարիների փորձը հանգեցրել է այն բանին, որ մեր երկրում անհրաժեշտություն է հետբուհական շարունակական ակադեմիա ստեղծելը, որը կզբաղվի ստոմատոլոգների հետբուհական կրթության ապահովմամբ: «Ծրագրերը, մոտեցումները, դրվածքը, որ գործում են մեր հանրապետությունում, կարծում ենք, ենթակա են փոփոխման, պետք են նոր մոտեցումներ ու գաղափարներ: Աշխարհն առաջ է շարժվում, վաղուց ժամանակն է, որ մեր ստոմատոլոգիան էլ հրաժեշտ տա մուրճով պատրաստված պրոթեզներին ու թունավոր նյութերին»,-ասում է «Եվրոդենտ» ատամնաբուժական կլինիկայի տնօրեն, հետբուհական ակադեմիայի ռեկտոր Լևոն Գրիգորյանը:

«Եվրոդենտ»  հետբուհական ակադեմիան ստեղծվել է ստոմատոլոգիայի և դասավանդման գործում հարուստ գիտելիքներ ու փորձ ունեցող չորս գիտության դոկտորների և ութ թեկնածուների գաղափարների հիմքով՝ նպատակ հետապնդելով լրացնել ոլորտում առկա բացը և ավարտողներին հնարավորություն տալ աշխատել իբրև լիցենզավորված մասնագետներ:

Լինելով իր տեսակի մեջ առաջնեկը տարածաշրջանում՝ «Եվրոդենտ»դարձել է Ռուսաստանի Մ. Ֆ. Վլադիմիրսկիի անվան Մոսկվայի շրջանի գիտահետազոտական կլինիկական ինստիտուտի մասնաճյուղը: Իսկ դա նշանակում է, որ շրջանավարտներն այսուհետ ստանում են միջազգային դիպլոմ՝ հնարավորություն ունենալով աշխատել և ստացած գիտելիքները կիրառել նաև արտերկրում: Ինչպես արձագանքներն են ցույց տալիս՝ «Եվրոդենտ» միջազգային կրթական հետբուհական ակադեմիան անհրաժեշտություն էր ոչ միայն մեր երկրի համար: Այստեղ սովորելու ցանկություն են հայտնել Վրաստանից և Իրանից, համագործակցության առաջարկ են ստացել նույնիսկ Չինաստանից: Ու պատահական չէ, որ ուսուցումն ակադեմիայում իրականացվում է ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն և անգլերեն:

Տեսականն ու գործնականը՝ ձեռք ձեռքի:  Ինչպես ակադեմիայի ստոմատոլոգ-դասախոսներն են հավաստիացնում՝ բացի տեսականից պահանջվում է նաև պրակտիկ գիտելիքների մշտական թարմացում և զարգացում: Ակադեմիայում դասախոսություններին զուգահեռ «Եվրոդենտ» ստոմատոլոգիական կլինիկայում անցկացվում են ֆանտոմ կուրսեր, որոնց  ժամանակ ուսանողներն աշխատում են մուլյաժների վրա՝ սովորելով մշակել ատամները, խոռոչները, հաշվարկ անել և այլն: Ասիստենտի օգնությամբ ինքնուրույն բուժում են հրավիրված հիվանդների ատամները, տեղադրում իմպլանտներ, կատարում փոքրիկ վիրահատություններ: Այժմ Եվրոդենտում ձեռք են բերում համապատասխան նոր սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան ուսանողներին աշխատել և ուսումնառության երկու տարվա ընթացքում ձեռք բերել համապատասխան գիտելիքներ:

Ակադեմիան համագործակցում է Հայաստանում մի շարք առաջադեմ կլինիկաների հետ՝ հնարավորություն տալով սովորողներին՝ օգտվել տվյալ կլինիկաների բազկաթոռներից և նորագույն սարքավորումներից, իսկ բժիշկները նրանց փոխանցում են իրենց գործնական հմտությունները:

Աշխարհին համաքայլ՝ մաստեր կլասերի օգնությամբ: Եվրոդենտում համաշխարհային նորամուծություններն ավելի քան հասանելի են ուսանողներին: Երեք ամիսը մեկ այստեղ կազմակերպվում են սեմինարներ, որոնց ժամանակ արտերկրից հրավիրված մասնագետները դասախոսությունների և գործնական  մաստեր կլասերի ժամանակ ակադեմիայի ասիստենտներին սովորեցնում են անհրաժեշտ ստոմատոլոգիական նոր գիտելիքներ, ծանոթացնում արդիական տեխնոլոգիաներին: Ասիստենտները հետագայում ուսանողների հետ աշխատում են նորագույն տեխնոլոգիաները և գիտելիքները կիրառելով: Այլևս յուրաքանչյուր բժիշկ ստիպված չէ մեծ գումարներ վատնել և վերապատրաստվել արտասահմանում: «Օրինակ՝ վերջերս մեր հրավիրած մասնագետը սովորեցրեց թե ինչպես կարելի է լոսկուտային վիրահատություններով հեռացնելով միայն ատամի վնասված հատվածը՝ վերականգնել այն այնպես, որ իմպլանտի տեղադրման կարիք չլինի: Հիվանդին առաջարկվում է և՛ մատչելի, և՛ որակյալ տարբերակ՝ սեփական ատամի հաշվին: Այդ տեխնոլոգիաների, նոր գաղափարների ներդրումը, մարդկանց համար մատչելի բայց բարձրակարգ ծառայությունների մատուցումը մեր ակադեմիայի հիմնական գաղափարն է»,-ասում է Լ. Գրիգորյանը:

Վերապատրաստում և վերաորակավորում:  «Եվրոդենտ» հետբուհական ակադմիայում կլինիկական օրդինատուրայից բացի գործում են նաև վերապատրաստման և վերաորակավորման կուրսեր: Այլևս գործող բժիշկ-ստոմատոլոգները ստիպված չեն 5 տարվա լիցենզիա ստանալու համար մասնակցել բազմաթիվ կոնֆերանսների: Եվրոդենտի 1.5 ամիս տևողությամբ վերապատրաստումները ապահովում են նրանց հինգ տարի աշխատելու հնարավորությունը: Վերապատրաստումներն իրականացվում են մաստեր կլասերի եղանակով, որոնք թե՛ վերապատրաստման կուրսին մասնակցողների, թե՛ դասախոսությանը ներկա լինելու ցանկություն ունեցող բժիշկների համար են:  Ակադեմիայում գործում են նաև on line վերապատրաստումներ: Ապրելով արտերկրում և ինտերնետի միջոցով մասնակցելով կուրսին, ավարտին հանձնելով on line ստուգարք՝ հնարավոր է ստանալ վկայական:

Իսկ ահա 4 կամ 6 ամիս տևողությամբ վերաորակավորման կուրսերին մասնակցելը հնարավորություն է տալիս բժշկին զբաղվել նոր գործունեությամբ: Այն է՝ թերապևտը կամ ընդհանուր պրակտիկայի բժիշկը, մասնակցելով Եվրոդենտի վերաորակավորման կուրսերին, թույլտվություն է ստանում, օրինակ, զբաղվել իմպլանտոլոգիայով: Կուրսերն իրականացվում են տարին երկու անգամ՝ հունվարին և հուլիսին:

Միջին բուժանձնակազմի գրագիտությունը պակաս կարևոր չէ: Որքան կարևոր է բժշկի գրագիտությունը, այնքան էլ՝ նրա հետ աշխատող բուժքրոջ, տեխնիկի, ռենտգեն-լաբորանտի և մինջին բուժանձնակազմի մյուս ներկայացուցիչների բանիմացությունը: Եվրոդենտում դասընթացներ են իրականացվում վերջինների մասնագիտական պատրաստվածությունն ապահովելու ուղղությամբ:

Ընդունելության քննություններ չկան, կարող են սովորել բոլոր ցանկացողները: Դիմումներն ընդունվում են հունիսից: Երկամյա ուսուցումն ակադեմիայում կազմակերպվում է անհատական եղանակով: Դասախոսությունները ձայնագրվում են, տպագրվում և թարգմանվում վերոնշյալ լեզուներով: Մեկ տարվա դասախոսությունները տարեվերջին տպագրվում են գրքի տեսքով: Ամեն թեմայի ուսուցումից հետո լինում են թեստեր: Ուսանողները թրեյնինգներից հետո հանձնում են թեստեր՝ քննություն:

Եվրոդենտում սովորող լավագույն ուսանողները հնարավորություն ունեն աշխատանքի անցնել ակադեմիայի հետ համագործակցող լավագույն կլինիկաներում, քանի որ անհատապես աշխատելով և տեսնելով ուսանողի գիտելիքները, կարողությունները՝ ասիստենտները հաճախ իրենք են նրանց հրավիրում աշխատանքի:

Մեր օրերում՝ գլոբալացվող աշխարհում ոչ մի մասնագետ չի կարող ենթադրել, թե վաղն առավոտյան որ երկրում կարող է ծավալել իր գործունեությունը: Ահա թե ինչու պահանջված գիտելիքներից բացի մեծ դեր ու նշանակություն ունի Եվրոդենտ միջազգային կրթական հետբուհական ակադեմիայի միջազգային դիպլոմի առկայությունը: