Կրթություն. Էլեոնորա Թումանյան

Կրթական համակարգում կարևոր բարեփոխում էր ավագ դպրոցի ներդրումը: Բայց այս համակարգի հանդեպ անհրաժեշտ է ձևավորել վստահություն, քանի որ այն դեռևս կայանալու խնդիր ունի: Մի կողմից` մենք դժվարությամբ ենք ընդունում ցանկացած նորը, մյուս կողմից` դեռ լիարժեք պատկերացում չի ձևավորվել կրթության երրորդ աստիճանի` ավագ դպրոցի առաքելության կարևորության և նպատակների վերա­բերյալ: Իննամյա կրթությունը շատերին միանգամայն բավարար է, ովքեր ամենևին կարիք չունեն ուսումը ավագ դպրոցում շարունակելու: Այս նույն սխալը գործում էին նաև խորհրդային շրջանում. բարձր դասարաններում ուսումը շարունակում էին այնպիսի երեխաներ, ովքեր անելիք չունեին այդտեղ, բայց փոխարենը հաջողությամբ կարող էին իրենց տեղը գտնել այլ ասպարեզներում:  Մեր ազգին բնորոշ հատկանիշներից է ձգտումը դեպի բարձրագույն կրթությունը: Բայց սա, իր դրական կողմով հանդերձ, շատ ան­գամ հակառակ ազդեցությունն է թողնում, երբ չեն խորանում երեխայի նախասիրությունների մեջ: Ծնողները նախ նրանց ստիպում են գնալ ավագ դպրոց, որտեղից էլ, բավարար գիտելիքներ ձեռք չբերած, պարտադրում են բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել` ցանկացած գնով: Եվ այստեղ դպրոցն իր առաքելությունն ունի. աշխատել ծնողի հետ` երեխային ճիշտ կողմնորոշելու համար: 

Խնդիրն, իհարկե, այսքանով չի սահմանափակվում: Դպրոցի բարե­փոխումների և զարգացման ծրագրերի հաջողությունն ու արդյունավետությունը մեծա­պես պայմանավորված են ման­կա­­­վարժների մասնագիտա­կան պատ­րաստ­­վածությամբ, բարձրա­­կարգ կրթա­­կան նվաճումները կյանքի կոչելու պատ­­­­րաստակա­մությամբ: Ուստի` բարե­փոխումներ կատարելիս պետք է դիտար­կել այնպիսի գործոններ, ինչպիսիք են ուսուցչի կարիքները, արժեքային հա­մա­կարգը և պատրաստվածության աստի­ճանը: Աշխատանքային սովորական պայ­մաններում ուսուցիչներն իրենց հան­գիստ են զգում, բայց վախենում են ցանկացած նորամուծությունից: Ուսու­ցիչ­­ների մեծամասնությունը պետք է գի­տակցի, որ ուսուցման գործընթացի բարե­լավման գործում նոր գաղափար­ների անհրա­­ժեշտություն կա: Հանրակրթա­կան դպ­րոցներում ուսուցիչները լիովին պատ­րաստ չեն դասավանդելու 17-18 տարեկան պա­տա­նիների և աղջիկների: Սա իսկապես խնդիր է.  փորձում ես պահպանել աշա­կերտի կերպարը, երբ նրանք արդեն այդ կերպարից դուրս են եկել: Բացի այդ, եվրոպական արժեքներին ինտեգրումը առաջին հերթին այս սերունդի մեջ է ձևավորվում, նրանք շատ հաճախ ուզում են նմանվել արտասահմանյան «high school»-ի աշակերտներին` ազատ շփվել, ազատ հագնվել, ազատ հաճախել: Իսկ դրան պատրաստ չէ ուսուցիչը, մանավանդ խորհրդային տարիներից դասավանդող ուսուցիչը: Եվ հարց է` նա սխա՞լ է, թե՞ ճիշտ: Փաստորեն, անջրպետ է առաջացել ուսուցչի և աշակերտի միջև: Այսօր աշակերտ­ների հետ պետք է շփվել իբրև հավա­սարը հավասարի հետ` ապահովելով ուսուց­ման և դաստիարակության ներդաշ­նակ միջա­վայր, պահպանելով սովորող­ների իրավունքները պետական կրթա­կան չափանիշներին համապատաս­խան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անընդհատ մշակվում են ուսուցման ժամանակակից բազմաթիվ մեթոդներ, և մանկավարժական կազմի` ներկայումս կիրառվող մեթոդները չեն կարող տալ ցանկալի արդյունք. անհրաժեշտ է ուսուցիչներին պարբերաբար ներգրավել վերա­պատրաստման` համակարգչային գի­տելիքների ձեռքբերման, անգլերենի իմացության ամրապնդման դասըն­թաց­­ներին: Անհրաժեշտ է ստեղծել բարեն­պաստ պայմաններ մանկա­վարժ­ների ինք­նակր­թության համար: Ինչպե՞ս կարող է ուսուցիչը դասավանդել ամեն ինչ իմա­ցող երեխային միայն չոր ու ցամաք իր գիտելիքով: Որևէ թվային տեխնոլոգիա չի կարող փոխարինել գրքին, բայց որպեսզի այսօր երեխաները մոտենան գրքին, նախ ուսուցիչները պետք է մոտենան ինտերնետին: Այս հարցում մենք իսկապես մեծ բաց ունենք: 

Դպրոցի հետագա զարգաց­ման հա­մար անհրաժեշտ է բարձրաց­նել հա­մա­­­­կարգչայնացման մակարդակը. ավե­­­­լա­ց­նել համակարգիչների, ինտեր­ակ­­­տիվ գրատախտակների և այլ սար­քա­­վո­րումների քանակը: Կարևոր է բարձրաց­նել «ինֆորմատիկա» առար­­կայի դասավանդման որակը: Պետք է ներդնել հետաքրքրաշարժ և նորա­րար ուսումնական մեթոդներ, մշա­կել և ավելացնել էլեկտրոնային ուսում­նական պաշարները: Դպրոցին շատ անհրա­ժեշտ են արդիական ուսումնական լաբորա­տորիաներ և այլն:

12-ամյա կրթության հարցը քննենք մեկ այլ տեսակետից ևս: Որքան էլ համակարգը լավն է, այն ունի չհստակեցված խնդիր, որը շատ է խանգարում: Խոսքը դասագրքերի մասին է, դրանք դեռևս կատարյալ չեն, ընթացքի մեջ են: 12-րդ դասարանում ևս երեխան պետք է գիտելիք ձեռք բերի: Բայց մենք մի ամբողջ կիսամյակ թեմաների կրկնություն ենք անցնում: Մինչդեռ դպրոցում ուսուցումը պետք է լինի դինամիկայի մեջ: Հաջորդը` ես ամենևին պարտադիր չեմ համարում գնահատականի համակարգը դպրոցում: Պետք է մշակել այն մտածելակերպը, որ աշակերտները գալիս են գիտելիք ստանալու, և ոչ թե ուղղակի դպրոցի շենք, որտեղ իրենց գնահատականն արդեն նշանակված է: Ավագ դպրոց աշակերտները պետք է գան հստակ նպատակով և մասնա­գիտական կողմնորոշմամբ: Այդպիսիք քիչ չեն, բայց շարժվել նույն ուսումնական ծրագրով` շատերի համար ծանր է ու ձանձրալի: Եվ եթե ավագ դպրոցը կարող էր տալ լիարժեք գիտելիքներ կոնկրետ մասնագիտական ուղղվածությամբ` բուհ ընդունվելու համար, ապա իրականում դա տեղի չի ունենում, և արդյունքում բոլորը դժգոհ են մնում: Երեխայի հետ խորացված պետք է աշխատել այն առարկայից, որի ունակությունները նա ունի: Պետության հզորության երաշխիքը լավ մասնագետն է, ուստի այդ կարևոր գործը պետք է սկսվի հենց ավագ դպրոցից:

Երևակ ամսագիր