Մոդիլիանիի համախտանիշ

Փիրուզյան բժշկական կենտրոնի կողմից նախաձեռնված Medicine in Art մշակութային շարքը ներկայացնում է արժեքավոր ու հետաքրքիր փաստեր բժշկության մասին, որոնք մեզ են հասել հանճարեղ նկարիչների գործերի միջոցով:

 

Հեղինակ՝ Ա. Փիրուզյան

 

Դարեր շարունակ մշակույթն ու բժշկությունն ընթացել են միասին, որպես օրենք` համահունչ, հաճախ լրացնելով մեկը մյուսին, լավագույնս արտացոլելով տվյալ ժամանակահատվածին բնորոշ որոշ երևույթներ` գեղեցիկի ընկալում, ճաշակ, մարդկային թերությունների և հիվանդությունների հանդեպ որոշակի վերաբերմունք: Գիտության պատմության սլովենացի հայտնի մասնագետ Միռկո Գռմեկը 1960-ականներին առաջարկեց մի նոր տերմին`պաթոցենոզ (Pathocenose), որը բնութագրում է մի որոշակի հիվանդության տվյալ աշխարհագրական վայրում տվյալ պատմական ժամանակահատվածում տարածվածության աստիճանը: Միջնադարյան հայտնի նկարիչների մեծ մասը բացի բծախնդիր դիտորդներ լինելուց նաև մարդու մարմնի համաչափությունների և անատոմիայի լավ գիտակներ էին: Բժշկության աչքերով նրանց կտավների հետազոտությունն արժեքավոր տվյալներ է տալիս պաթոցենոզի ճիշտ գնահատման համար:

Խպիպը` վահանաձև գեղձի մեծացման արդյունքում պարանոցի առաջային հատվածի դեֆորմացիան (ուռածությունը) արդեն հայտնի է հազարամյակներ ի վեր: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների խպիպի ամանահաճախակի հանդիպող պատճառը սննդում յոդի քանակի անբավարարությունն է: Դեռևս մ.թ.ա. 1-ին դարում չինացի բժիշկները խպիպը բուժում էին յոդով հարուստ սարգասում (Sargassum muticum) կոչվող ծովային բույսով: Ըստ մեկ այլ չինական ֆարմակոպեայի, խպիպի բուժման համար Թանգ դինաստիայի (618 -907թթ) բժիշկներն օգտագործում էին կենդանիների յոդով հարուստ վահանաձև գեղձը հում կամ չորացված` փոշի վիճակում: Եվրոպայում առաջինը Պարացելսն էր (1493-1541թթ), որ կապ տեսավ խպիպի և խմելու ջրում հանքային աղերի `միներալների, պարունակության միջև: Նա դեռ չգիտեր յոդի մասին, քանի որ յոդը հայտնաբերվել է միայն 1811թ-ին:

 

Վերածննդի շրջանի մեծանուն նկարիչ Կարավաջիոյի (Michelangelo Merisi da Caravaggio, 1571-1610թթ) գործերում հաճախ են հանդիպում մեծացած, դեֆորմացված վահանաձև գեղձով կերպարներ: Կա մի կարծիք, որ Կարավաջիոն իր կտավների հերոսների համար բնորդներ գտնելու նպատակով բարձրանում էր լեռնային հեռավոր գյուղերը: Ապենինյան թերակղզին ժամանակակից պատկերացումներով գուցե  շատ մեծ չէ, սակայն նրա լեռնային գյուղերը միջնադարում բավական կտրված էին ծովեզերքից և գյուղացիները յոդով հարուստ ծովային սնունդ հազվագյուտ էին օգտագործում

2014թ-ին Ֆրանսիայում դասական կտակարանային մոտիվներով մի միջնադարյան կտավ հայտնաբերվեց ` Յուդիթը գլխատում է Հոլոֆերնեսին, որը շատերի կարծիքով Կարավաջիոյի վրձնի գործն է: Մասնագետները դեռևս վիճում են: Մի մասը պնդում է , որ այն հարյուր տոկոսով Կարավաջիոյինն է, և վերագրում է այն 1600թ-ին, իսկ մյուս մասը գտնում է, որ այն հավանաբար պատկանում է ֆլամանդացի, Բարոկկոյի շրջանի հայտնի նկարիչ Լուիս Ֆինսոնի (Ludovicos Finsonius ) վրձնին` ստեղծված 1580թ-ին կամ էլ 1575-1617թթ ընթացքում: Բարոկկոյի և Վերածննդի դարաշրջաններում այս թեմայով շատ կտավներ էին ստեղծվել: Անկախ նրա հեղինակից սա մի հրաշալի կտավ է: Վիճաբանության հիմքում գուցե  նրա արժեքն է, և եթե հաստատվի, որ կտավը Կարավաջիոյինն է, աճուրդներում այն մոտավորապես կարժենա 150-180 միլիոն ամերիկյան դոլար: Սակայն նկարի մեջ մեզ ավելի շատ հետաքրքրում է տարեց կնոջ պատկերն իր արտահայտված հանգուցավոր խպիպով

“Judith beheading Holofernes” 1600, Caravaggio.

 

2015թ-ին Ամերիկյան վիրաբուժական ամսագրում իտալացի վիրաբույժ Անտոնիո Ստառպետտին մի հետաքրքիր աշխատանք էր տպագրել, ըստ որի իտալական Վերածննդի շրջանի գործերում խպիպով կերպարների քանակը շատ ավելի է, քան պետք է լիներ ըստ պաթոցենոզի, և այդ երևույթը հնարավոր չէ բացատրել միայն յոդի դեֆիցիտով: Պ Ստառպետտին պատահականության սկզբունքով Վերածծննդի շրջանի վեց հարյուր ստեղծագործություն էր վերցրել և այդ գործերում մանրակրկիտ  ստուգել մեծացած վահանաձև գեղձի հանդիպման դեպքերը: Ըստ նրա և մի շարք այլ հեղինակների` միջնադարյան նկարիչները մեկ այլ , մի յուրահատուկ իմաստ են դրել այս նկարներում: Դեռևս Վերածննդից շատ տարիներ առաջ տկար, հիվանդ կամ տարբեր մարմնական արատներով անհատները համարվում էին աստծո կողմից ընտրյալներ: Արատը սրբության, սրբությանը մոտ կանգնած լինելու կամ սրբության կողմից պաշտպանված լինելու մի դրոշմ էր:

 

 

 

Diffuse goiter of the right lobe of the thyroid, St. Catherines Monastery, Mt. Sinai (7th century)

 

Նույնիսկ Հիսուս Քրիստոսը կամ Սբ.Մարիամ Աստվածածինը շատ որմնանկարներում և կտավներում պատկերված են խպիպով: Արդյոք սա պատահականություն է, թե հատուկ նպատակ է հետապնդում: Միջնադարյան նկարիչները, միգուցե, հետևել են ավելի վաղ շրջանի սրբապատկերների ավանդույթներին: Իսկ եթե իրոք Հիսուս Քրիստոսը խպիպ է ունեցել... Հնաբանության մեջ մի սկզբունք կա` փաստերի բացակայությունը դեռևս բացակայության ,ժխտման փաստ  չէ

Christ Pantocratoras, Big nodular goiter, Athens (early14th century)

“Jesus among the Doctors” 1506, Albrecht Durer

Կերպարվեստի մեծ վարպետների ներքին զգայականությունն (ինտուիցիա) ու երևույթների նուրբ երանգներն ընկալելու և պատկերելու նրանց հմտությունը հաճախ առաջ են ընկել այդ երևույթների գիտական բացատրությունից: Միջնադարյան նկարիչները, դեռևս չիմանալով վահանաձև գեղձի դերի և ֆունկցիայի մասին, նկատել էին խպիպի և մարդու հոգեհուզական վիճակի, աչքերի յուրահատուկ փայլի ու մտավոր զարգացման միջև եղած կապը: Ըստ 12րդ  դարի ամենամեծ բժշկական հայտնի բառարանի Խորեզմի շահի անձնական բժիշկ Ալ-Ջուրջանին  (Zayn al-Din al- Jurjani ) է առաջինը հայտնաբերել խպիպի և սրտխփոցի, իսկ հետագայում նաև, խպիպի և ակնագնդերի արտանկման` էկզոֆթալմի,  միջև եղած կապը: Միայն շատ ավելի ուշ` 1835 թվականին, իռլանդացի բժիշկ Ռոբերտ Ջեյմս Գրեվսը նկարագրում է էկզոֆթալմով ուղեկցվող խպիպի մի դեպք, որը հետագայում նրա պատվին կոչվեց Գրեվսի հիվանդություն: Գերմանացի բժիշկ Կառլ Ադոլֆ Բազեդովը նրանից անկախ նույնը նկարագրում է 1840 թ-ին , այդ իսկ պատճառով կոչվում է նաև Բազեդովի հիվանդություն: Գրեվսի, Բազեդովի, Հաշիմոտոյի հիվանդությունները, սակայն, խպիպի միակ արտահայտությունները չեն: Կա նաև կեղծ խպիպ հասկացությունը, որը կարող է սխալմամբ ախտորոշվել որպես իրական խպիպ: Կեղծ խպիպը (Pseudo-goitre) պարանոցի առաջային հատվածի լցվածության արտահայտությունն է առանց վահանաձև գեղձի իրական մեծացման:

“Portrait of Elsbeth Tuchers “ 1499, Albrecht Durer

 

Պատճառները բազմազան են` հավելյալ ճարպային հյուսվածք, պարանոցային լիմֆադենոպաթիա, ողնաշարի ծռվածություն և այլն: Պարանոցային լորդոզի պատճառով (կարապի վիզ) կեղծ խպիպը կոչվում է Մոդիլիանիի համախտանիշ` ի պատիվ հայտնի նկարիչ Ամեդեո Մոդիլիանիի (Amedeo Modigliani, 1884-1920 թթ), որը հայտնի է իր բազմաթիվ կտավներով, որտեղ կանանց պարանոցները չափից ավելի ճկված են:

 

 

“Jeanne Hebuterne with Hat and Necklace” 1917, Modigliani   

Անշուշտ, Մոդիլիանիի համախտանիշ անվանումը ստանալուց դեռ շատ առաջ միջնադարյան գեղանկարչության մեջ կեղծ խպիպի արտացոլումը ևս բավականին տարածված էր: Ալբրեխտ Դյուռեռ, Բոտիչելի, Լեոնարդո դա Վինչի` մեծանուն դեմքեր, որոնց կտավներում իրական խպիպով անհատների կողքին կան նաև Մոդիլիանիի համախտանիշի արտացոլումներ: Թե պատմական տարբեր ժամանակահատվածներում նկարիչներն ինչ իմաստ էին դրել պարանոցի ձևի մեջ, արդյոք այն իրականության ճշգրիտ արտացոլումն էր, թե` մտացածին, հատուկ իմաստ արտահայտող գեղարվեստական մի հնարք, դժվար է հիմա ասել:

“Portrait of young woman” 1475, Sandro Bottichelli, Pallazzo Pitti, Florence

Սակայն, եթե նույնիսկ ընդունելու լինենք միջնադարյան որոշ նկարիչների դետալների արտացոլման ֆոտոգրաֆիկ ճշգրտությունը, միևնույն է իրական խպիպը կեղծ խպիպից տարբերակելը, , բավականին դժվար է առանց ֆիզիկական քննության և ուլտրաձայնային հետազոտության: Բացի այդ` մեր նպատակը բոլորովին էլ դա չէ:

“ The Descent from the Cross” fragment, 1435, Rogier van der Weyden, Museo del Prado, Madrid

 

Նկարներով հիվանդություններ ախտորոշելը կարող է թվալ միայն հետաքրքիր ու հաճելի ժամանց: Սակայն, իհարկե, այդպես չէ: Հատկապես 21րդ դարում, փաստերի վրա հիմնված բժշկությանը (Evidence based medicine) ձգտելիս, երբ բարձր տեխնոլոգիաները զարգանում են գլխապտույտ արագությամբ, թվում է, թե մարդու դերը, բժշկի դերը պակասում է: Սխալ ու մակերեսային մի պատկերացում: Ոչ մի կոմպյուտերային տոմոգրաֆ կամ թվային ռենտգեն ապարատ չի կարող փոխարինել կենդանի շփման ժամանակ բժշկի դիտողականությանը` արտաքին տեսք, մաշկի գույն, ձայնի երանգ, զգացմունքներ, անհանգստություն և այլ շատ կարևոր «մանրուքներ»: Անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածության, բժշկական մտածելակերպի և նշված «մանրուքների» հիման վրա է ձևավորվում նախնական ախտորոշումը, որն էլ հետագայում ճշտվում կամ հաստատվում է ժամանակակից տեխնոլոգիաներով: Կարելի է նայել և չտեսնել: Արվեստը, հատկապես նկարչական արվեստը, զարգացնում է տեսնելու ունակությունը: Բացի այդ արվեստի պատմությունը հարստացնում է բժշկության պատմությունը: Առանց հինը իմանալու նորին գնալը շատ դժվար է:

“The Madonna of the Carnation” 1478, Leonardo da Vinci

 

Medicine in Art շարքի մյուս բոլոր նյութերը կարող եք տեսնել այստեղ\