Վարիկոզ. ի՞նչն է նպաստում ու ի՞նչ անել

Երակների վարիկոզ լայնացումը հաճախ հանդիպող պաթոլոգիական  պրոցես է, որի ժամանակ ախտահարվում են երակները, առաջանում են  վարիկոզ «հանգույցներ»: Ավելի հաճախ  հանդիպում են ստորին վերջույթների վարիկոզ լայնացումները, որոնց դեպքում ի հայտ է գալիս ստորին վերջույթներում ծանրության զգացում, մաշկի տակից երակներն են դուրս ցցվում, ձևավորվում են մազանոթային ցանցեր: Այսօր արդեն նման խնդիրներն ունեն բուժման ժամանակակից մեթոդներ: Երակների վարիկոզ լայնացումը ինքնուրույն երբեք չի բուժվի: Մեկնաբանում է Վլ. Ավագյանի անվ. բժշկական կենտրոնի Լազերային և անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար վիրաբույժ Տիգրան Քամալյանը:

 

-Ի՞նչն է պատճառը, որ անոթային հիվանդություններն ավելանում են:

-Բժշկության մեջ կա մի տերմին՝ գիտատեխնիկական առաջընթաց: Եվ գրեթե բոլոր հիվանդությունների առաջացման պատճառը կարելի է գտնել այդ գիտատեխնիկական առաջընթացի մեջ: Բացի այդ, մեր ազգը տեսավ պատերազմ, երկրաշարժ, սթրեսներ, որոնք նպաստում են սիրտ-անոթային հիվանդությունների ավելացմանը: Իսկ կոնկրետ երակային հիվանդությունների առումով մեծ դեր ունի գենետիկ կոդը: Որպես հինավուրց ազգ՝ մեր գեները, այսպես ասած, «ծերացել են», բնականաբար, քանակապես ավելանում են գենետիկական նախատրամադրվածություն ունեցող հիվանդությունները, այդ թվում և՝ վարիկոզ հիվանդությունը:

-Իսկ որո՞նք են վարիկոզ հիվանդության գանգատները:

-Վարիկոզ հիվանդությունն արտահայտվում է շուտ հոգնածությամբ, ոտքերի շրջանում ծանրության զգացումով, այտուցներով, գիշերային մկանային կծկումներով, արտաքինից պարզորոշ երևացող լայնացած երակներով, սկսած մանր մազանոթներից մինչև հսկայական չափերի հասնող վարիկոզ հանգույցները, ավելի ուշ ստադիաներում մաշկի գույնի և որակի փոփոխությամբ, նաև տրոֆիկ խոցերով:

-Հաճախ մազանոթները պայթում են և առաջ են բերում ցավի ու տհաճության զգացում, դա վարիկոզ հիվանդության ախտանի՞շ է:

-Մազանոթների առատությունը արդեն երակային անբավարարությունն է փաստում: Դա կարող է ունենալ տարբեր աստիճաններ: Մազանոթների մեծ քանակությունը երակային անբավարարության առաջին աստիճանն է: Դրանք կարող են զարգանալ մինչև վեցերորդ աստիճան, երբ ի հայտ են գալիս տրոֆիկ խոցեր:

-Բարձրակրունկ կոշիկները կարո՞ղ են նպաստել երակային հիվանդությունների առաջացմանը:

-Ոչ միայն բարձրակրունկները, այլև լրիվ տափակ կոշիկները ևս նպաստում են դրան: Վերջիններս ստեղծում են արհեստական հարթաթաթություն: Ցանկալի է կրել մինչև 5 սմ բարձրությամբ և հարմարավետ կրունկով կոշիկներ: Կարևոր է ոտքը ձգող հագուստ չկրել, պետք է խուսափել ոտքը ոտքին գցելուց: Դրանք մակերեսային անոթները սեղմում են, և արհեստականորեն առաջ է գալիս երակային արյան ճնշման բարձրացում: Պետք է խուսափել փորկապությունից, ավելորդ քաշից, երկար ժամանակ ոտքի վրա անշարժ կանգնելուց, շատ տաք ջրով լողանալուց: Պետք է զբաղվել սպորտով՝ լողով, հեծանվասպորտով և այլն:

-Կանանց մոտ հատկապես հղիությունից և ծննդաբերությունից հետո են ի հայտ գալիս արտահայտված երակներ: Ո՞րը պետք է լինի կնոջ առաջին քայլը խնդիրը հայտնաբերելուց հետո:

-Հղիությունն ու ծննդաբերությունը պարզապես նպաստող պայմաններ են: Դրանք վարիկոզ հիվանդության պատճառ չեն կարող լինել: Գենետիկորեն երակների թույլ պատեր ունեցող կանանց մոտ են դրանք ի հայտ գալիս, երբ հղիության ընթացքում գումարվում են մի քանի նպաստող գործոններ. արգանդի ծանրությունը, որը սեղմում է կոնքերի երակներին, հորմոնալ ֆոնի, ծանրության կենտրոնի, հագուստի փոփոխությունը: Այս ամենից խուսափելու համար հղիները պետք է կիրառեն կանխարգելիչ միջոցառումներ: Պետք է հետևել մի քանի խորհուրդների. կրել էլաստիկ տրիկոտաժ, կատարել որոշակի վարժություններ, հսկողության տակ պահել արյան մակարդելիությունը:

-Ո՞րն է ձեր առաջին քայլը, երբ հիվանդի մոտ ի հայտ են գալիս վարիկոզի նախանշաններ:

-Բուժման կամ կանխարգելման տեսակները կախված են նրանից, թե հիվանդության որ փուլում է հիվանդը դիմում մեզ: Եթե նախնական փուլում է հիվանդությունը, պարզապես խորհուրդներով ենք փորձում օգնել: Եթե խորհուրդներով կամ միայն դեղորայքով օգնել հնարավոր չէ, փորձում ենք առաջարկել ավելի ակտիվ միջոցներ՝ լազերային թերապիա մազանոթային ցանցը վերացնելու համար, սկլերոթերապիա՝ միջին տրամագծի անոթները վերացնելու համար, և վիրահատություն, երբ վնասված են հիմնական ցողունները: Վիրահատությունն իրականացվում է ժամանակակից լազերային սարքավորումներով:

-Թույլատրելի՞ է ինքնաբուժումը, հիվանդը կարո՞ղ է որևէ քսուք վերցնել դեղատնից և օգտագործել:

-Մեր ժողովուրդը շատ է սիրում զբաղվել ինքնաբուժությամբ: Դրան նպաստում են նաև դեղատների աշխատակիցներն իրենց խորհուրդներով: Բայց դա ցանկալի չէ, որովհետև կարելի է շփոթել պայթած մազանոթը և տրոմբոֆլեբիտը: Եթե դա իսկապես մազանոթի խնդիր է, ապա կարելի է մեկ քսուքով բուժել, բայց եթե պարզվի, որ դա տրոմբոֆլեբիտ է, ապա ինքնաբուժումը դառնում է վտանգավոր, և շտապ անհրաժեշտ է մասնագիտական զննում: