Հայաստանը մեծ քայլեր չի արել իր սահմաններից դուրս հայերին միավորելու համար

— Պրոֆեսո՛ր Մենսոյան, Հունգարիայից ադրբեջանցի մարդասպանի արտահանձնման և հերոսացման օրերին, երբ աշխարհը քննադատեց դա, Դուք կարծիք հայտնեցիք, որ դա հնարավորություն է, որը բաց թողեցին Հայաստանն ու Սփյուռքը: Ի՞նչ նկատի ունեք:

— Դա ցույց տվեց հակասությունը Ադրբեջանի կառավարության ու Արցախում ձևավորված կառավարության որակների միջև: Արցախը խաղաղասեր է. միայն այն փաստը, որ նրանք ունեն ֆուտբոլի ազգային հավաքական՝ այդքան դժվարություններով հանդերձ, դրական է խոսում նրանց մասին: Բայց մենք բաց թողեցինք հնարավորությունը: Կարծում եմ՝ նախագահ Սերժ Սարգսյանը արեց այն, ինչ պարտավոր էր անել: Չեմ կարծում՝ դրանից ավել որևէ բան արեց: Սա Հայաստանի կառավարության համար հնարավորություն էր տարբեր նախարարների, արտգործնախարարի կամ ցանկացած այլ ներկայացուցչի միջոցով խոսելու Արցախի և Ադրբեջանի միջև տարբերությունների մասին:

—  Նկատի ունեք՝ կառավարմա՞ն տեսանկյունից:

— Ոչ միայն կառավարման տեսանկյունից, այլև խոր արմատավորված ատելության, որ Ադրբեջանի կառավարությունն ունի հայերի ու հայկական մշակույթի նկատմամբ: Ես չեմ խոսում ժողովրդի մասին: Եվ այս ամենը տեսնելով, որի ապացույցը Սաֆարովի դեպքն էր, անհնար է, որ որևէ ազգ հավատա, որ արցախահայությունը կարող է նորից ընդունել Ադրբեջանի իշխանությունը:

— Մենք հաճախ քաղաքական իրավիճակը համեմատում ենք ընտանեկան բռնության հետ: Աշխարհը չի ակնկալում, որ ընտանեկան բռնության զոհերը հետ վերադառնան իրենց ծեծողների մոտ: Ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ նույնիսկ Սաֆարովի գործից հետո մենք անկարող ենք բացատրել, որ սա այն հարաբերությունը չէ, որ կարող է ղարաբաղցիներին առաջարկել ապահովություն կամ մարդու իրավունքներ: Այսինքն, եթե Ղարաբաղը լիներ Ադրբեջանի իշխանության տակ, դա կնշանակեր, որ արցախահայության ապահովությունն ու մարդու իրավունքները պաշտպանված չեն: Ինչպե՞ս կարող ենք սա հասկացնել աշխարհին:

— Պետք է բացատրել աշխարհին, որ արցախահայերի կյանքը Ադրբեջանի իշխանության օրոք վտանգված էր, մարդու իրավունքները չէին գործում, հայերին այնպես չէին վերաբերվում, ինչպես ադրբեջանցիներին: Եվ որ դա իսկական հիմք էր Արցախի հայության համար անկախություն հռչակելու համար:

— Իսկ ի՞նչ կարող էր անել Սփյուռքը այս դեպքում:

— Սփյուռքի մասին խոսելիս մենք ենթադրում ենք, որ Հայաստանից դուրս գտնվող այս յոթ միլիոն հայերը իրոք ուզում են հայ լինել: Դա առաջին սխալն է: Երկրորդ՝ սփյուռքահայերի գիտելիքները ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի մասին խղճուկ են: Պետք է գործադրվեին թե՛ քաղաքական, մարդասիրական և թե՛ բարեգործական մեծ ջանքեր՝ Սփյուռքի հայերին տեղեկացնելու այս մասին: Մենք խոսում ենք մեր շրջանակի մարդկանց հետ, որոնք հասկանում են՝ ինչ է կատարվում, սակայն Հայկական սփյուռքի 85-90 տոկոսը կա՛մ հետաքրքրված չէ, կա՛մ ապատեղեկացված է, կա՛մ էլ պարզապես ցանկություն չունի տեղեկացված լինելու: Մենք չենք արթնացրել հայկական այդ ոգին, և չեմ կարծում՝ Հայաստանը ևս ինչ-որ մեծ քայլեր արել է այդ ուղղությամբ՝ Հայաստանի սահմաններից դուրս այս հայերին միավորելու համար:

Զրուցել է Սալբի Ղազարյանը

Սիվիլնետ.ամ