Հայաստանը տարածաշրջանային գործընթացներից դուրս. Սերգեյ Մինասյան

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագիտական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար

 

Ինպիսի՞ն է եղել Հայաստանի և իր հարևան երկրների փոխհարաբերությունների դինամիկան, ի՞նչ ունենք մենք այսօր:

Խորը վերլուծություն կատարել պետք չի՝ հասկանալու համար, որ Արցախյան հակամարտության պատճառով մենք ունենք հայտնի հարաբերություններ Ադրբեջանի հետ, դրա հետ կապված նաև համարժեք հարաբերություններ Թուրքիայի հետ՝ սկսած 1993թ-ից.: Ըստ էության՝ Թուր-քիայի հետ ցամաքային սահմանը երբեք էլ բաց չի եղել, և եթե չհաշվենք մեկ անգամ Եվրոպայից ու Սիրիայի Հայաստան ուղարկված բավականին մեծ ծավալի օգնությունը, որը բերվել է Թուրքիայի տարածքով, մնացած բոլոր դեպքերում այդ սահմանը փակ է եղել: Վրաստանի դեպ-քում ամեն ինչ պարզ է՝ մեր արտաքին բեռնափոխադրումների 70-80 տոկողն անցնում է այդ երկրի տարածքով, ու այն հանդիսանում է արտաքին աշխարհի հետ մեզ կապող հիմնական ուղին: Մնացած ծավալի ապրանքաշրջանառությունը կատարվում է Իրանի տարածքով: Կա նաև օդային ճանապարհը նույնպես հիմնականում Վրաստանով, Իրանով և մասամբ նաև Թուրքիայով: Պատճառները, կարծում եմ, պարզ են. սա ոչ թե Հայաստանի ընտրությունն է, այլ հետևանքն է այն քաղաքականության, որն իրականացնում են Տարածաշրջանում Ադրբեջանն ու Թուրքիան՝ նպատակ ունենալով տնտեսական, քաղաքական ու հոգեբանական ճնշում իրակա-նացնել Հայաստանի նկատմամբ:

Որո՞նք են տարածաշրջանի երկրներն ընդգրկող տարաբնույթ նախագծերից Հայաստանի մեկուսացվածության պատճառները:

Աշխարհագրությունն ու աշխարհաքաղաքականությունը այն հիմնական գործոններն են, որոնք ազդում են այս կամ այն պետության զարգացման վրա կամ պայմանավորում են տարատեսակ կոմունիկացիոն նախագծերին մասնակից լինել-չլինելու հարցը:

Արդյո՞ք հնարավոր է այս պայմաններում ինչ-որ բան անել, փոխել իրավիճակը: Հնարավոր է, եթե, ենթադրենք, Հայաստանը Արցախի հարցում գնար միակողմանի զիջումների, ինչը մենք չտեսանք, իսկ եթե որոշ շրջանակներում նույնիսկ առկա էին այսպիսի մոտեցումներ, ապա դա ընդունելի չեղավ Ադրբեջանի համար, և խնդիրը նախկինի պես մնաց չլուծված: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի իրականացումից առաջ՝ դեռևս 1990-ական թվականների վերջից, նմանատիպ գաղափարներ կային, բայց դրանք պրակտիկ իրագործում չստացան:

Հայաստանը ոչ սովետական շրջանում է հանդիսացել կոմունիկացիոն լուրջ ուղի, ոչ էլ այս պահին է այդպիսին: Հետևաբար տարածաշրջանում Հայաստանի իրադրությունը հիմնականում պայմանավորված է հայ-ադրբեջանական և նաև հայ-թուրքական հարաբերություններով, որտեղ մեծ դեր են խաղում թե՛ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը և թե՛ այն պատմական կնճիռները, որ առկա են հայ-թուրքական հարաբերությունների մեջ:

Ընթացքի մեջ է հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը և որոշակի գումար կա արդեն այդ ծրագրի իրականացման համար: Իհարկե, Հայաստանի համար ցանկալի կլիներ ունենալ և՛ ավտոճանապարհ, և՛ երկաթգիծ, սակայն հասկանալի է, որ այստեղ ռեսուրսների հարց է: Ավ-տոմոբիլային ճանապարհի կառուցումը շատ ավելի մատչելի է, և հուսով եմ առաջիկա մի քանի տարիների ընթացքում այդ ճանապարհի շինարարությունը կիրագործվի: Ինչ վերաբերում է Ի-րան-Հայաստան երկաթգծին, ապա դա չափազանց թանկ հաճույք է, և ոչ մի կողմ չի ցանկանում ֆինանսավորել դա: Դրա արժեքը մոտ 3-5 մլրդ. դոլար է, և կարծում եմ, որ տնտեսական լուրջ շահագրգռվածություն այս հարցում ոչ մի կողմ չունի: Անգամ Հայաստանի համար. հաճախ ես մտածում եմ որ տնտեսական առումով ավելի էժան կլինի Նախիջևանը գրավելը, քան Իրան--Հայաստան երկաթուղու կառուցումը, հատկապես, որ այդպես մենք կլուծենք նաև ռազմավա-րական նշանակության կարևոր հարցեր: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը, չգիտեմ, թե ինչու, բայց չի ցանկանում կառուցել մի երկաթուղի, որը հեռու կլինի իր սահմաններից, Իրանը, թեև շահագրգռված է և անգամ պատրաստ է կառուցել այն մինչև իր սահմանը, գուցե մի փոքր էլ ավել, սակայն 3-5 մլրդ. դոլար չի ներդնի այդ նախագծի իրագործման մեջ: Իրանի համար այն կենսական անհրաժեշտություն չունի, նամանավանդ, որ շուտով գործելու է Ադրբեջանի հետ երկաթուղին: Այս նախագիծը տնտեսական ռեալ շանս ոչ մի կողմի համար չի ներկայացնում, ան-գամ Հայաստանի, որի համար այս երկաթուղու կառուցումը ավելի շատ կարող է ունենալ աշխարհաքաղաքական նշանակություն, բայց ոչ մի կերբ չի կարող արդարացնել այդ չափի ներդ-րումները:

ԵԱՏՄ-ին անդամակցությունը որքանո՞վ կարող է բարձրացնել Հայաստանի տնտե-սական գրավչությունը տարածաշրջանային երկրների հետ համագործակցության տեսանկյունից:

ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ 2013, 2014, 2015թ-ի որոշումներն ու գործընթացները ամբողջովին պայմանավորված են եղել ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական և տնտեսական գործոններով: Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, որովհետև այդպես ցանկացավ Ռուսաստանը: Ռուսաստանը դա ցանկացավ ոչ թե Հայաստանի տնտեսական շահի հեռանկարով պայմանավորված, այլ ուղղակի ցանկացավ Հայաստանը միացնել աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող մի պրոյեկտի, դարձնել այն այդ նախագծի մի մասը՝ միաժամանակ փորձելով խոչընդոտել Արևելյան գործընկերության ծրագրերի իրականացմանը մեր տարածաշրջանում: Եթե անգամ ընդունենք, որ 2017թ-ի դրությամբ մենք այդ միությունից որոշակի տնտեսական օգուտներ ստացել ենք, միևնույն է՝ լուրջ, շոշափելի տնտեսական օգուտ ԵԱՏՄ-ից Հայաստանը չունի: Որոշ չափով տնտեսական օգուտ Հայաստանը, որպես ԵԱՏՄ-ի մաս, ստանում է մի շարք ապրանքների էժան գներով ներկրման մեջ, մասնավորապես էներգակիրների և գազի գնի հարցում, սակայն իր ամբողջության մեջ այն քաղա-քական նշանակություն ունի, ոչ տնտեսական: Հայաստանը որոշակի հետաքրքրություն կարող է ունենալ հարևան Իրանի ու Վրաստանի համար՝ որպես դարպաս Եվրասիական շուկա մուտք գործելու առումով: Բայց անգամ այս դեպքում ես չեմ կարծում, որ այս բոլոր գործոնները կարող են չափից ավել բարձրացնել Հայաստանի տնտեսական նշանակությունը։