Կրծքագեղձի քաղցկեղը ախտորոշում է, ոչ թե դատավճիռ

Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշումն ամեն օր ստանում են հազարավոր կանայք՝ իրենց մասնագիտական, սոցիալական և անձնական կյանք բերելով հուսահատության մութ երանգներ: Լավագույնը, որ նրանք ակնկալում են կրծքագեղձի հեռացմամբ քաղցկեղի բուժման հույսն է: Բայց ժամանակակից ուռուցքաբանությունը որակական լուրջ առաջընթաց է գրանցել այս ոլորտում: Վիրաբուժական նոր ուղղության՝ կրծքագեղձի օնկոպլաստիկ պահպանողական վիրահատությունների զարգացումը կանանց թույլ է տալիս ակնկալել ավելին. ազատվել չարորակ ուռուցքից՝ պահպանելով կրծքի արտաքին տեսքը: Այս նոր վիրահատական միջամտությունները փորձ է արվում ներդնել մեր երկրում և զարգացման լուրջ հեռանկարներ ունի: Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի արդիական վիրահատական մեթոդները հաջողությամբ նաև ներդևվել են «Արթմեդ»  բժշկավերականգնողական կենտրոնի ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքում:

Կրծքագեղձի քաղցկեղի տարածվածությունն ու հատկապես պրեմենոպաուզալ (նախադաշտանադադարային շրջանի) կանանց մոտ հաճախակի հայտնաբերման տեմպերը  նպաստեցին օնկոպլաստիկայի զարգացմանը ամբողջ աշխարհում: Հայաստանում այն համեմատաբար նոր մոտեցում է կրծքագեղձի քաղցկեղի վիրահատության մեջ, որովհետև մեծամասամբ այստեղ դեռ իրականացվում են ագրեսիվ վիրահատական միջամտություններ՝ հիմնականում կրծքագեղձի ամբողջական հեռացմամբ: Այնինչ ամբողջ աշխարհում կրծքագեղձի պահպանողական վիրահատությունները ավելի ու ավելի լայն կիրառում են ստանում:  Այսինքն՝ հնարավորության դեպքում ուռուցքը հեռացնել այնպես, որ պահպանվի կրծքագեղձը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա որպես երկրորդ փուլ  իրականացնել կրծքագեղձի վերականգնում: Միայն թե պետք չէ շփոթել կրծքգեղձի օնկոպլաստիկան մամոպլաստիկայի հետ.  «Մամոպլաստիկա ասելով հասկանում ենք միայն ու միայն էսթետիկ նպատակով իրականացված կրծքագեղձի զանազան վիրահատական միջամտություններ (փոքրացում, մեծացում, ձգում):  Մենք կատարում ենք կրծքագեղձի օնկոպլաստիկա, այսինքն՝ուռուցքաբանական պլաստիկա: Օգտագործելով պլաստիկ վիրաբուժության մոտեցումները՝դրանք ծառայեցնում ենք մեկ նպատակի. ապահով և պացիենտի առողջության համար անվնաս կերպով հեռացնել ուռուցքը՝ միևնույն ժամանակ էսթետիկ կողմը պահպանելով»,- ասում է վիրաբույժ-մամմոլոգ Ներսես Բերբերյանը:

Կրծքագեղձի պահպանողական օնկոպլաստիկ վիրահատական մեթոդը ընտրվում է ելնելով քաղցկեղի փուլից, ուռուցք/կուրծք չափսերի հարաբերակցությունից և քաղցկեղի կենսաբանական բնութագրից:  Եթե քաղցկեղը հայտնաբերվել է վաղ փուլերում, բազմաօջախային չէ,  կուրծքն էլ միջին կամ միջինից մեծ չափս ունի, ուրեմն հնարավոր է իրականացնել կրծքագեղձի պահպանողական վիրահատություն. հեռացնել միայն ուռուցքը և անհրաժեշտության դեպքում թևատակի ավշային հանգույցները՝ պահպանելով կրծքագեղձը և նրա արտաքին տեսքը: Ավելի ուշ փուլերում հայտնաբերված քաղցկեղի դեպքում երբեմն անհրաժեշտ է լինում նախավիրահատական քիմիաթերապիայով ուռուցքի չափսերի փոքրացում կատարել, որից հետո հնարավոր է լինում ուռուցքի հեռացումը: Իսկ այն դեպքում երբ ուռուցք/կրծքագեղձ չափսերի հարաբերակցությունը մեծ է այն թույլատրելի սահմանից, որը հնարավորություն է տալիս հեռացնել ուռուցքը առանց կրծքագեղձի դեֆորմացիայի, կամ առկա է կրծքագեղձի բազմաօջախային ախտահարում, ապա իրականացվում է մեկ այլ պահպանողական վիրահատություն. կրծքագեղձի ենթամաշկային հեռացում` պահպանելով պտուկ-արեոլա կոմպլեքսն ու մաշկը: Հեռացված կրծքագեղձի տեղում տեղադրվում է ժամանակավոր էքսպանդեր (իմպլանտի մի տեսակ է, որը աստիճանաբար մեծացվում է), պացիենտը ավարտում է բոլոր բուժումները և դրանից հետո էքսպանդերը փոխարինվում է մշտական իմպլանտով:

Հաճախ նմանատիպ վիրահատությունները իրականացվում են երկկողմանի` հնարավորինս գոհացուցիչ էսթետիկ արդյունքներ ստանալու համար: Կրծքագեղձի վերականգնողական վիրահատությունները իրականացվում են այն դեպքերում, երբ հնարավոր չի լինում կրծքագեղձը պահպանել: Օգտագործվում են սեփական հյուսվածքները. Հիմնականում մեջքի լայն մկանի (լատ.՝ musculus latissimus dorsi) մաշկամկանային լաթ, ավելի քիչ կիրառում ունեն նաև որովայնի ստորին հատվածի հյուսվածքները, հարկ եղած դեպքում անհրաժեշտ չափսը ստանալու և մյուս կրծքագեղձին համապատասխանելու համար իմպլանտ է դրվում: Տեղային որ հյուսվածքը ընտրել, իմպալնտ դնել թե ոչ կախված է հիվանդի կազմվածքից: